(Իմ մաեստրո պապիկին` Տ.Մ.)
***
Որսը և որսորդը շտապում են`
իրարանցելով աշունը:
Երկար ճամփորդության համար
անհրաժեշտ ամեն ինչ ամբարած
հյութեղ մեղրատանձն իր ծառին
վայելում է արևը աշնանային առավոտվա:
Վերջն այնքան անսպասելի է գալիս,
որ որսն ու որսորդը չեն հասցնում բաժանվել:

 

 
***
Կուշտ սարդն անձրևից կաթ է որսում –
զվարճանում է:
Սարդն իր վերջին սարդոստայնին
ողջ Աստի աստղածորն է շարահյուսել:
Այլևս չսովելու հեռանկարը
այնկողմնային կապույտն է մշուշի:
 
***
Հնարավոր չէ սիրել առանց ունենալու ցանկության
և… հնարավոր չէ ունենալ:
Հնարավոր է միայն երազել
վերածվելու ուղղությունը:
 
***
Ջուրը հասնում է ջրին –
պղտորվում է… ծովի կանխազգումից:
 
***
Աշնան ամպ ու զամպին կորցրածս ճանապարհը
երևակայում եմ… շոշափելով
հրեշտակի պորտից երեք մատ ներքև
Ջրհոսի համաստեղության նշանակը…
Տեղորոշումն անհնար է առանց երկինքը կարդալու:
 
***
Ցուրտ համակարգում
բոլոր տաք բաները փնտրում են իրար…
Տաքանալն ու տաքացնելը
նույն բնությունն ունեն:
 
***
Աշունն անցնում է լալահառաչ թափորով `
քթի տակ շվշվացնելով տխուր ձայնանիշեր
անվերադարձ բաների մասին:
Ես էլ եմ տխրում  արդեն սովոր ձևով
ու պատրաստվում հրաժեշտի:
Մի քիչ մեռնելը միշտ լավ է առողջության համար:
 
***
Այն ամենն ինչ խանգարում էր ինձ ապրել`
ինձ սովորեցրել էին:
Հիմա գրեթե լսում եմ լռությունը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն