* * *
Երբ տերևները փաթաթվում են ծնկներիդ,
կամուրջներն ընկնում են ոտքիդ տակ,
թռչուններից մնում են ծեր ագռավներն ու կաչաղակները,
այդժամ աչքերիդ մեջ երկինք է,
ուր քամիները հայացքդ պտտում են շուրջս
ու ինձ մեխում ամպերից այն կողմ,
առնվազն քեզանից հեռու,
ես ընկնում եմ փշալարերի ու ճահիճների համաստեղություն,
ուր թրջված այտերս կարոտում են
զգոնությունդ թուլացնող հպումները,
ու երբ ափիս կարկատանների մեջ դուռ ես փնտրում,
ինձ թվում է, որ դու այն լույսն ես,
որը ծնվել է տերևաթափ քաղաքում`
թևաթափ մենությունս լուսավորելու համար:
* * *
Լռությունը կոտրում է շնչառությունս,
ու փորձում եմ մտքերս հավաքել:
Մոտենում եմ պատուհանին,
աչքերս լցվում են աստղերով,
որից արթնանում ես ու հենվում վարագույրին,
ապա շոշափում ես սրտիս զարկերը
ու մոլորվում երակներիս մեջ:
Գիտեմ, որ ավելորդ է շքեղությունն առանց քեզ,
բայց դու հատում ես հասարակածը,
երբ կասկածները ծամում են նյարդերս.
քեզ գրավում են ծիածանի գույները,
ինձ` մոլորեցնում,
երբ ճամփաները սեղմում ես ափիդ մեջ
և ներկան վանում քեզանից:
Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1