Հոսոն կերպար էր, թեպետ այդ մասին ինքը չգիտեր: Աստված թեկուզ իրենից հին էր, բայց չէր կերպավորվում:
Հոսոն այդ ամենի մասին ավելի գիտեր, քան ես, որ փորձում էի նրան կերպար համարել:
Մինչ մարդիկ փորձում էին կերպար որոնել ու մինչ նույն մարդիկ դրա անարդյունավետությունն էին մատնանշում` դասականների հետ համեմատվելով, նախապես ու մտովի մարդկանց ոչ տիպականներին Կենտկոմ էին քարշ տալիս, որը հետո իրականություն էր դառնալու կերպար ստեղծելու ճանապարհին:
Ես տարբերությունս վաղուց գիտեի, ինչպես Հոսոն չգիտեր իր կերպար լինելը, սակայն անտարբերության դրսևորումներով էի սարքել իմ «ոճը»:
Լավ գիտեի, որ «ոճը» տողերիս ներսում է, որից դուրս ոչ ոք ոչինչ չի որոնի, ինչպես Հոսոն:
Հոսոն չգիտեր իմ բնույթի մասին. նա չէր էլ մտածում ինձ հետ մեկ անգամ հանդիպել, սակայն ժամանակն ընթանում էր իր հունով և ցույց տալիս, որ Հոսոյի և Աստծու հանդիպումն ամբողջովին ինձանով է պայմանավորված: Այնուամենայնիվ, ես նրանց չհանդիպեցրի, քանի որ հանդիպման ֆաբուլան ինքս պիտի ստեղծեի, իսկ ես կենսական հարցերն աղավաղել չեմ սիրում, ինչպես հայրս չի սիրում, որ ես պատմվածքներումս իր անունը փոխում եմ կամ իր անունն եմ տալիս:
Թեպետ Հոսոյին փորձում էի կերպավորել, սակայն նա այդ, անկախ ամեն ինչից, ինքնըստինքյան իր առավելությունն էր համարում և ընդհանրապես չէր վստահում իրենից անկախ գոյություններին: Ահա` ինչո՞ւ ես նրա մասին գրում եմ այն, ինչը կա` մնացածը թողնելով իր խղճին:
Ճիշտն ասած` Հոսոյից վիրավորված եմ. անում է այն, ինչ խելքին փչում է, իսկ ես նրան ոչինչ չեմ կարող սովորեցնել, որովհետև կա ժամանակ ու միջավայր, որ ինձանից դուրս է: Ասեմ, որ շատ հաճախ միջավայրի տիրապետումը մարդկանց ժամանակի տիրապետման պատրանք է ծնում:
Երկարացրի կարծես թե… Ո՞վ է Հոսոն ի վերջո…
Հոսոն, չգիտես ինչու, փորձում էր կերպար դառնալ, թեպետ ինձ հետ որևէ առնչություն չուներ: Եվ հենց այս կերպար դառնալու նրա անընդհատ մղումն ինձ ձիրք թվաց, և փորձեցի նրան կերպավորել` հույս ունենալով, որ Աստված, իրոք, լուրջ հարցերի նկատմամբ անտարբեր է:
Ես հիմա փորձում եմ մտաբերել իրադրություններից այն ամենակարևորը, որն ավելի շատ կբնորոշի Հոսոյին, և այն պատմությունը, որն առավելագույնս մեզ ի ցույց կդնի Հոսոյին, սակայն այդպիսի իրավիճակներ ես միայն կարող էի ցույց տալ վեպեր գրելով, իսկ ես վեպեր չեմ կարողանում գրել, ուստի Հոսոյի կերպարը կարող է մակաբույծ լինել:
Աստծուց և ինձնից մերժված Հոսոն, այնուամենայնիվ, կերպավորվելու իրավունք ուներ, և նա, ինձնից ու Աստծուց անկախ, կարելի է ասել` բնազդաբար, սկսեց իրեն դրսևորելու և կերպավորելու տեխնիկան յուրացնել:
Նա, որ ինձնից ու Աստծուց անկախ սկսեց սովորել իրեն ներկայացնելու արվեստը, անընդհատ անհանգստանում էր իրեն Կենտկոմում անհրաժեշտ տեղը հատկացնելուս համար, իսկ ես, որ վեպեր գրելուց հուսահատվում էի, քանի որ իմ կերպարի նման անձնազոհ չէի, որոշեցի Հոսոյին ձևավորման փուլում սպանել:
Որպես գաղտնիք` ասեմ, որ անձնապես ես չեմ Հոսոյի մահվան պատճառը. Հոսոն ինքը ինքնասպան եղավ, քանի որ նրա վրա չկար ո՛չ իմ, ո՛չ Աստծու ձեռքը:
Հոսոն կերպար էր` ամեն ինչից անկախ: