Մենք հաղթեցինք պատերազմում,
Սակայն պարզվում է՝ պարտվեցինք…
Մեսչյան
Դառը հողը ամպերից իջնում էր վրաս, աչքերս թարթում էի ու կորում, կորում սեփական կտրտած մարմնիս վրայից։ Աղիքներս դուրս էին եկել, աչքերիս մեջ դեռ կրակ էր վառվում։ Մաշկս սլացիկ պոկվում էր, էպիթելային, հյուսվածքային, բջջանյարդային համակարգս խառնիխուռն բաբախում էր, սիրտս ամենուր էր, ես ամենուր էի` Աստծո նման, քարի, ավազի, հողի, կեղտոտ ջրի, թունավորված ջրի, ընկերոջս արյան, ընկերոջս աղիքների, կտրտած ուղեղի, ծակծկված ոտքերի, տիֆի, փտած մարմնի, մի ոտանի կատվի, սատկած շան, կիսված նկարի, թելով կարած վերքի, սիրելիի անունը գրած փամփուշտի։
Մարմինս սկսեց շարժվել:
Վերցրին:
Հայրս է:
Հա՞յրս է…
Եկել է, կպնում է աղիքներիս, արցունքները ընկնում են մարմնիս, աղիքները հավաքում, դնում է տեղը, կարծես` ես լեգո խաղալուց լինեմ։ Փոքր ժամանակ մտածում էի, երբ հավաքեմ իմ լեգոն, նա կկենդանանա. հայրս էլ է տենց մտածում։ Հիմա ես լեգոյի եմ նման, հայրս՝ ամենանհավանական երեխայի, որ հավատում ա իր երազին։ Պա, թող, վազի, գնա, փրկի քեզ, փրկի էս դատարկությունից, աղիքներիս տեղը շորերս կդնես, էն շորերս, որ շատ էի սիրում հագնել։ Էն մի ընկերոջս էլ կվերցնես, վիրավոր է, հեր չունի, որ չօգնես՝ կնեղանամ: Հա պա, ստեղ էնքան հեշտ ա նեղանալը… Ասում էին պարտվելու ենք, բայց ինչ է պարտվելը, մենք մեռածներս պարտված չենք, դուք եք պարտված, որ զգում եք էդ։ Պա, ընկերոջս մարմինը չմոռանաս, սիրտը դեռ բաբախում է, մի մինուճար մեր ունի, ասում էր, որ հետ գնամ՝ մորս ծաղիկներ եմ առնելու, հիմա, եթե չտանես` մերն ա ծաղիկ դնելու տղու շիրիմին։ Ողջերի մասին մտածեք, հողերի, որ դեռ կվերածնվեն… Ամեն ինչ ուրիշ ա ստեղ, պա, ես ձեզ տեսնում եմ, բայց չեմ կարող խոսել, ստեղի օրենքները չեն թողնում։ Ստեղ բոլորը իրար հետ համերաշխ են, ստեղ բոլորը հաղթած են, պա։
Մեռածները հաղթած են, պա…
Շարժվում ենք
Օդը չի հերիքում, պա
Ոչինչ չի հերիքում
Ոչ ոք չի հերիքում
Ընկերներս կողքս են, ոնց առաջին օրերին, մարդիկ կլոր հավաքված են՝ վերևից նայում են, գլուխս պտտվում է։ Ինչի՞ եք սենց նայում վրաս։ Գիտեմ, որ մեռել եմ, բայց գիտակցությունս չկա, որ ընկալի, թե ինչ է մահը։ Մահը էս ամենը տենալն է, պա։ Մահը ոչնչի մեջ ոչինչ լինելն է, պա։ Դու եկար, բայց շատ ուշ էր, մշտապես ուշանում եք, մեզ ամեն օր ասում էին՝ ձեզ փոխարինողները ճանապարհին են, ձեզ փոխարինողները ճանապարհին են, ճանապարհին են, ճանապարհին, ճա…
Շարժվում ենք
Հասանք
Սիրում եմ բոլորիդ, պա
Կհանդիպենք, բարևի ողջերին ու ասա, որ իրանց մեղավոր չզգան։ Ընդհանրապես ոչ ոք թող ոչինչ չզգա։ Տենց հեշտ ա, պա, տենց հեշտ ա…