Շնչիր
Դրախտի ճանապարհը սկսվում է դժոխքից: Կիսալուսինը գրկել էր ամպերը, աստղերը եկել-հավասարվել էին ինձ, ձյան ճռճռյունը լսվում էր, երբ անգամ չէի քայլում. ուրիշի քայլերի ձայնը իմ քայլերի ձայնով էր համակվում: Մեզ բաժանում էր հիսուն մետր շառավիղ, քայլում էի, որպեսզի ժամանակս անցնի, ու էլ աստղերին այսքան մոտիկից չտեսնեմ. վերջինն էր, վերջին գիշերը, որ ձնառատ ու կայծակնային հասել էր ոտքերիս մոտ: Ասում են` եթե ձյուն է գալիս, ուրեմն կայծակ չի լինի, եթե աստղեր կան, ապա ձյուն չի լինի, բայց այստեղ, երբ բոլորից բարձր ես, հնարավոր է ամեն ինչ…
Ամպերը ինձնից ներքև էին, մարդիկ, քաղաքները, անգամ Աստված ինձնից ներքև էր, ես սարի վրա էի, որտեղ ևս մի սար կար, որի վրա նույնպես մի սար էր գոյացել, ամեն ամիս սարը մեծանում էր, մենք` բարձրանում: Չգիտեմ` որտեղ կլինի այս Բաբելոնի վերջին կետը…

Արտաշնչիր
Զգո՞ւմ ես ցուրտը. գարուն է ներքևում, իսկ այստեղ դժոխային ցուրտ, ոտքերս այնքան են սառել, որ մատներիս ծայրերը չեմ զգում, մարմինս չեմ զգում, քայլում եմ ուղիղ տասնհինգ մետր առաջ, հետո ուղիղ տասնհինգ մետր հետ, այսպես ժամուկես, այսպես անդադար: Աստղերը գնալով շատանում են, ամպերը` խտանում, ձեռքերս` սառում, իմ սարքած ձյան հետքերով առաջուհետ եմ անում: Քայլելիս մեկ-մեկ երազ եմ տեսնում, իսկ մեկ-մեկ էլ` կրակոց լսում, մեկ-մեկ հոգիս ելնում է ու իջնում բակ, մայրս գալիս, սուրճ է տալիս, հայրս` մազերս կտրում, հիշողությունը դանդաղ տաքացնում է ինձ, շուտով կիջնեմ, բան չմնաց, շուտով կիջնեմ…
Հորանջում եմ, քայլքիս մեջ ուզում եմ հետաքրքրություն գտնել, հայացքս գցում եմ Խրտվիլակին: Բարև Խրտվիլակ, ինչպե՞ս ես, չես մրսո՞ւմ, անշարժ ես, կապված, ո՞ւմ ես վախեցնում, երբ նայում եմ քեզ, մտածում եմ, թե ինչ լավ կլիներ խրտվիլակ լինեի, հիմա քո տեղը կանգնած, ինչ-որ մեկի շորը վրադ, տեսնես ո՞ւմ շորն են փաթաթել մարմնիդ. անզգա, անհայացք, բայց այստեղ այնքան բան ես տեսել, որ կարող ես մի երկուսը ականջիս ասել, անգամ եթե սկսեմ լսել քեզ, չեմ զարմանա, որովհետև այստեղ մարդ չկա, ես եմ ու դու ու հիսուն մետր հեռավորության վրա ինչ-որ անծանոթ: Երեկ քեզ հաց էի բերել, բայց կներես, տեսա, որ չկերար, ես էլ սոված էի… դու միշտ այս աստղերի տակ, հրանոթների, սպանող հայացքների հետաքրքիր պատմություն ունես, աչքերդ պլշած նայում են ինձ, դու բոլորի մեջ թշնամի ես տեսնում, կանգնել ես, որ ինչ-որ մեկին կանգնեցնես: Ես շնչում եմ, այնքան ծանր է ամպերից վերև շնչելը, երեկ ջուրը վերջացավ, ձյունն էինք հալեցնում, որ խմենք, մեզնից մեկը թունավորվել էր, կեղտոտ ձյուն էր, չգիտեմ ինչ եղավ նրա հետ, երբ եկան ետևից, արդեն ուշ էր, տարան մի ուրիշ տեղ` որպես խրտվիլակ օգտագործելու…

Շունչ
Արտաշունչ
Մեկուկես ժամ շունչս պահած եմ ման գալիս, ամպերը նորից խտանում են, կայծակի ձայնը կրակոցի ձայնի պես մտնում է մեջս ու տաքացնում, վախը տաքացնում է, վախը անկենդաններին կենդանացնում է, հոգիդ` լարում, աչքերդ` ուժեղացնում, մարմինդ` ձգում, հաջորդ հանդիպումը ցավն է, երբ տաքությունը անցնում է… ախ, ժամանակս կանգնել է այստեղ, Խրտվիլա՛կ, վերցրու ինձ ու տար քո անտարբերության մոլորակ, այնքան բան եմ պատմել քեզ էս տարիուկես է, որ նայում եմ դեմքիդ, ամբողջ հիշողությունս մեջդ է, դու կարողանում ես հիշել դեպքերը, բայց չես խոսում, չես շնչում, դու որ չլինեիր, ո՞ւմ հետ էի կիսվելու:
Արտաշնչիր, թող թոքերդ զգան, ինչ ծանրություն կա վրադ, տեսնես ներքևում հիմա ի՞նչ են անում, մա՞, քնե՞լ եք, պապային ասա, որ ձեր տղան շատ լավ Խրտվիլակ է, ասա, որ շատ է կարոտել ձեզ, գիտեմ, հիմա մտածում ես իմ մասին, ես էլ ձեր մասին եմ մտածում, այնքան շատ բան եմ սկսել արժևորել, այս վայրը ստեղծված է, որ արժևորես անգամ տան մոծակին, որովհետև այստեղ մոծակները չեն կծում, այլ ուտում են, բոլորը արյուն են ծծում, անգամ այս Խրտվիլակը, որ անտարբեր հայացքով նայում է ինձ: Մա, վախենում եմ անտարբերությունից, վախենում եմ, որ գամ տուն, ամբողջ մարմինս սառած մնա, ոնց հիմա է, կամաց-կամաց զգում եմ, թե ինչպես է Խրտվիլակը իր հայացքով ինձ կուլ տալիս, ամեն օր ես շնչում եմ նրան, նրա տված հայացքը ու…
Հիշողություն, հիշողություն, հիշողություն, հիշողություն… Խրտվիլակ, սառել եմ: Հիշողության տեսակներ կան, որ շատ են տաքացնում ինձ, բայց նրանք սպառվել են, մա, էլ չեմ կարողանում ինչ-որ հիշողությունով տաքանալ, գիտեմ` բան չի մնացել, բայց շան պես կարոտել եմ ձեզ, շուտով հերթափոխիս ժամանակն է, միշտ չեմ սիրել ժամին նայել, ավելի արագ է անցնում, երբ չեմ նայում սլաքներին, մա, կայծակը այնքան գեղեցիկ է այստեղ, երբ երկար նայում եմ, ձեզ բոլորիդ տեսնում եմ, աստղերի մեջ էլ եք դուք, ամպերի ու մթության մեջ էլ, ամեն տեղում դուք եք, դու, ընկերներս, բոլոր-բոլորը, ովքեր կյանքումս ինչ-որ բան են նշանակում: Մա, մի Խրտվիլակ ընկեր ունեմ, մենակ ինքն է, որ ինձ հասկանում է, ինքը, մեկ էլ հիսուն մետր էն կողմ գտնվող անծանոթը, մենք մեկ-մեկ նայում ենք իրար ու անձայն կարոտներով փոխանակվում: Ոտնաձայներս կտրվում են, ես ավելի բարձր եմ, քան ինքը, մենք նույն ժամի ենք դուրս գալիս այստեղ, նա ևս Խրտվիլակ ընկեր ունի, որի հետ կիսվում է, ինձ հետ չի ուզում, մենք չենք հասկանա իրար, մենք իրար անծանոթ ենք, մա, բայց իմ ոտնաձայները նրան հուշում են, որ ես նրան հասկանում եմ, հա, մա, ես այստեղ ամեն ինչ եմ հասկանում, անգամ Աստծուն եմ հասկանում, աստղերին, կենդանիներին, երկարատև լռությունը հասկացվում է…

Շնչիր, խորը շնչիր
Արտաշնչիր
Անպետք լռություն էր տիրել, անգամ աստղերը դադարել էին խոսել, միայն մտքերս էին փսփսում, կայծակի ձայն, ես արդեն անհաղորդ եմ, մոտեցա, որ նայեմ անծանոթին, ուշադիր զննում էի, հետևում նրա ոտնաձայներին, ձյունը այնքան առատ էր, որ գիշերը գիշերի նման չէր, ամեն ինչ երևում էր, մի պահ ինձ թվաց` ամբողջ մարմինս տաքացել է, մի պահ ինձ թվաց` տուն եմ վերադարձել, ընկել էի գետնին ու սողում էի: Իջնեմ, ժամանակն է, ոչ ոք իմ հետևից չի գալիս, ժամանակս լրացել է. հաջող, Խամաճիկ, սա իմ վերջին օրն էր, որ քեզ հետ էի կիսվում, շնորհակալ եմ, որ ինձ տաքացնում էիր: Ես գլորվելով իջա, բացեցի հանգստի սենյակի դուռը, այնտեղ դատարկ էր, մարդ չկար, բոլորը վաղուց հանգստացել էին, քնել, ես չկայի այնտեղ, ո՞ւր եք, ո՞ւր եմ, տղե՞րք, եկել եմ, փոխարինեք ինձ, ամբողջ դրսի սառնությունը լցվել էր պատերի մեջ, կարծես միայն դուռն էր, որ դրված էր, իսկ ներսում նաև դուրսն էր, առաջ շարժվեցի, նկար կար կախված, սարդոստայնով փակվել էր, ձեռքով մաքրեցի, նայեցի նկարին` ես էի, ես էի նկարի մեջ, ես էի, ես էի, ես էի, ես էի, ես էի, ես էի, ես էի, ես էի…

Շունչ
Արտաշունչ

Մա՞, նկարի մեջ ես էի…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն