ԱՇՈւՆ
Չմոռանաս դեմքերը,
լսո՞ւմ ես,
տերև բռնողների…
Մարդիկ հիշում են
իրենց տան տեղը,
փողոցի տեղը,
իսկ ընդհանրապես
շատ բան հիշում են:
Բոլոր բառերին
դեմքով ճանաչում են:
Նախորդ դեմքերից
մնում են դալաններ,
դալանների տակ`
սպիտակ բեղ-մորուքով
գունավոր թելեր վաճառող
մարդիկ կիսակռացած:
Կրկնվող կոշկակարների
դալաններում
մարդիկ հիշում են
իրենց հին շենքերը:
Կիսատ ճանապարհին
մարդիկ շարունակ
կրկնում են վերջը
ինչ-որ կրկներգի,
ինչ-որ տողեր են անգիր անում…
Չմոռանաս կրկնել
բանաստեղծությանդ
սկիզբը վերջում,
որ հիշեն,
և ուրեմն,
չմոռանաս դեմքերը
տերև բռնողների…

***
Լռությունը փարատել պետք չէ
հին բառերի վրայով անցնելիս:
Նրանք
բռնեցին բառերն ու սկսեցին
թափահարել, թափահարել
և բղավեցին,
թե բոլորը գոհ են ու երջանիկ,
և «ու» տառը կոկորդներում ձգվեց:
Մեխանիկորեն
բարձրացրին ձայնը,
բայց ձայնը ոչ մի կապ չուներ,
ու չփոխվեց ոչինչ:
Եվ նրանք ծիծաղեցին, ծիծաղեցին
ու ծափ տվին նորին
կամ մնացին այնպես,
ինչպես որ էին,
կամ թափ տվին ուսերը
նրանք
բոլորը,
ովքեր
այդպես էլ մոլորված մնացին
ու չբացեցին գորգերը,
ովքեր մնացին տանը
ու ստիպված
պետք է պարծենային,
ովքեր դարձել էին սառը-սառը,
ովքեր վախենում էին ծիծաղելուց,
ովքեր իրար մասին
լավ բաներ էին երազել…
Նրանք բոլորը
հին բառերի վրայով անցնելիս…

***
Երբ մոլորակները
ծիրից դուրս են գալիս
ու դառնում են թափառող մոլորակ,
տան բոլոր քառակուսիները
սկսում են հրել.
կլորները գլորվում են,
մամոնտի ատամների
արանքից
կանաչ ծիլ է ընկնում,
փորձում ես հավաքել բոլոր սիրուն բաները,
շրջանցել սրտիդ զարկերը,
անընդհատ թեքվել`
սև ուրվականների
չբախվելու համար,
նայել հետապնդող
հայացքներին
(երբեք չես իմանա`
քեզ ով կճանաչի),
պարբերաբար ընդմիջվող
հայելիներին նայել,
չորացնել լոգարանի
պատերին փայլող ջուրը,
որ կլոր կաթիլներով
գլորվում է,
բռնել վայր ընկնող
նարինջները,
սրբել ճակատդ,
բռնել բազրիքը…

Մինչ այդ`
այն ընթացքում,
երբ նարինջն ապրում էր
իր սեփական կյանքով,
փափկեցնող կրեմը կերտում էր ձեռքերս…

***
Չընկնես ժամանակի հետևից,
չհուսաս,
հրաշքի չսպասես,
չնստես կոճղին,
գաթան չուտես…

…Ընդգրկվեց-մնաց կես ճամփին…

 

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն