***
Ասում են` իրենց հորը նման աղջիկները
բախտավոր են լինում:
Ինձ հիմա չեն վախեցնում
ոչ մութը, ոչ լույսը,
Քամին տարուբեր է անում տերևը.
այն լուռ է:
Այգում մեկը (մի նորածին)
հորանջում է ծառի տակ,
մյուս կողմում մի զույգ
փորձում է համբուրվել,
բայց չգիտի, թե ինչպես.
առաջին անգամն է,
իսկ ինձ հուզում են միայն
տախտակամածի վրա
թպրտացող ձկները.
գուցե նրանք էլ են ինձ պես
աղջիկներ,
ու կարող է, չէ՞, պատահել,
որ  նրանք էլ բախտավոր լինեն:

* * *
Ես սիրում եմ ձյունը,
երբ նստում է քո ուսերին.
հեքիաթը քայլում է քո մեջ
քո սև վերարկուով,
ես շարունակում եմ հիանալ ու հավատալ քո հեքիաթին…
Նայում եմ ավտոբուսի ապակուց,
երբ լռության մեջ գալիս է ձյունը,
շարունակվում քո վերարկուի վրա,
և այդ ժամանակ
գլուխս դնում եմ ուսիդ,
ու բոլոր բառերն
անցնում են մտքովս,
սակայն նրանցից ոչ մեկը չեմ համարձակվում ասել,
որպեսզի չխախտեմ լռությունը ձյան` քո վերարկուի ուսերին…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն