«Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուի առիթով

Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» (Երևան, 2007) ժողովածուի կարևոր արժանիքներից մեկը կառուցվածքային-բովանդակային ավարտունությունն է, որը միևնույն ժամանակ վկայում է հեղինակի հստակվող-համակարգվող մտածողության մասին: Ի տարբերություն առաջին` «Թռչող հեծանիվ» գրքի բովանդակային-ոճական տարտղնվածության, երբ մեկ կազմի տակ պարզապես ի մի էին բերվել մինչ այդ հրատարակված գրեթե բոլոր բանաստեղծությունները, այստեղ գործ ունենք պոետական միասնական մտածողության հետ, որի «դրդմամբ» ժողովածուն հատկանշվում է բովանդակային-ասելիքային զարգացող անցումներով ու թիրախային սևեռումներով: Ժողովածուի երեք բաժիններին` «Ճեպընթաց մինչև Արևը», «Երևանյան և համամարդկային ընդվզումներ», «Հպանցիկ մտքեր, Աֆորիզմներ», հեղինակային մաս անվանումը (Մաս առաջին, Մաս երկրորդ, Մաս երրորդ), վկայում է բանաստեղծական ներքին զարգացումները վիպական տարերքով կառուցելու նպատակադրման մասին, որտեղ հուզականզգացական անցումների, հրապարակախոսական հարցադրումների հետ մեկտեղ առաջնային է դառնում որոշակի զարգացող գործողության և, ինչո՞ւ չէ, նաև կերպարային ընդգրկումների առկայությունը: Վերջին պարագային` կերպարային գործառույթն իրենց վրա են վերցնում մեր ժամանակների ճանաչված գործիչները, ովքեր հիշատակվում են թե’ հանվանե, թե’ որոշակի փոխաբերությունների տեսքով, ինչպես նաև հասարակական որոշակի խավերի ներկայացուցիչներ, ովքեր ներկայանում են սոցիալական ընդգծված նշանների միջոցով` «խելքի համեմատ չափազանց մեծ գլխով // ատամստամոքսավոր», «կույր աչքերով, որ զատում են միայն կանաչը», «Խուփ ականջներով, որ լսում են միայն աղերսները // փառքի» (էջ 105) և այլն:
Վահե Արսենի առաջին` «Թռչող հեծանիվ» գրքին նվիրված գրախոսության մեջ Հայկ Համբարձումյանը նկատում է, թե` «մարդ տեսակը ժողովածուում չկա: Հեղինակը, շատ տարվելով սեփական ներհակություններում, մոռացել է մարդուն սեփական տողերի «խառնաշփոթ, անանցանելի սահանքներում»… ինչը սյուրռեալիզմից եկող ապամարդկայնացման ավանդույթի արձագանքն է»։Նոր գրքում շատ դեպքերում կրկին «տարվելով սեփական ներհակություններում», այնուամենայնիվ, հիմնական մասով Վահեն կանխում է քննադատի դիտողության կրկնության հավանականությունն ու հրապարակախոսական տարերքի հոսքով մխրճվում արդի մարդու սոցիալական, քաղաքական խնդիրների մեջ` արձանագրելով համընդհանուր քաոսի մեջ հայտնված մարդ-արարածի այլակերպման ու անդեմացման դրաման: Ի դեպ, Վահեի գրքում յուրովի և հեգնանքի որոշակի երանգով արձագանքվել է Հայկ Համբարձումյանի քննադատական դիտողությունը.
Ես չէի նկատում ոչ մեկին և ոչինչ…
…ոչ մարդուն,
որի անհետացումը վավերագրում եմ ամեն րոպե,
սակայն քննադատները դատեցին ինձ`
փորձելով գրիչս անգույնով ներկել… (էջ 78)
Սա քննադատբանաստեղծ ուշարժան երկխոսություն է, որը որքան էլ զարմանալի է, երկուստեք ճշմարտություններ է ի ցույց դնում: Կարելի է ասել, որ այս դեպքում էլ, մեծ հաշվով, Վահեի պոեզիայում մարդը չկա, սակայն սա արդեն ընկալման իմաստով բոլորովին ուրիշ հարթություն է. բանաստեղծը ոչ թե մոռացել է մարդուն, այլ ժամանակների քաոսային հոսքի մեջ պարզապես չի գտնում նրան: Ժողովածուում քանիցս մարդու նախաստեղծ տեսակի փնտրտուքի, կարոտի մասին է խոսվում` «որոնում եմ ոչինչ կամ մարդ» (էջ 53), կամ`
փնտրում եմ այն հին մարդուն,
ում սրտում կդատարկեմ սիրտս,
կամ ուղղակի «մարդ»,
ով խցկեց իր թեթև ձեռքով ամենը կարմիր գրքի մեջ… (էջ 92)
Մարդու անհետացման դրամայի անձնական-անհատական փորձընկալումը հանգեցրել են նրան, որ Վահեի հրապարակախոսական ընդվզումները ներքին տարածության մեջ քնարականության, ողբերգական ապրումի երանգներ են կրում: Ընդ որում` քնարականությունն ու ներքին դրամատիզմը դրսևորվում են ոչ միայն ապրում-զգացողություններում, այլև պատկերային կառուցումներում: Այլ խոսքով` որդեգրելով քաղաքացիական կեցվածք, արձագանքելով ժամանակի ամենահրատապ թեմաներին, Վահե Արսենն աշխատում է չկորցնել իր մեջ ապրող բանաստեղծին, թեպետ հասկանում է, որ ներաշխարհային պոռթկումները այնքան էլ հարիր չեն նոր ժամանակների տրամադրություններին. «Ներաշխարհ կոչվածը երբեմն սկսում է հոսել, // հոսել դուրս… // ուր նրան ոչ մեկը չի սպասում…» ( էջ 21): «Ազնավուր, Ազնավուր» բանաստեղծության մեջ Վահե Արսենն այդ հակադրությունը ներկայացնում է առօրյա իրականության, շուկայական հարաբերությունների ճղճիմ պատկերի և ռադիոյից հնչած Շառլ Ազնավուրի մի երգի առթած պոետիկ-քնարական տրամադրության հոգեբանական բախման միջոցով.
Մի՞թե կա իմաստ ինչ-որ բան վաճառելու և գնելու…
…հատկապես, երբ հնչում է Ազնավուրի երգը… (էջ 36)
Վահե Արսենի պոեզիայում յուրաքանչյուր ընդվզում-բողոք, որոնք սոցիալական, քաղաքական խորը ենթաշերտեր են կրում, անպայմանորեն ուղեկցվում են բանաստեղծական խոսքի պատկերավոր ընդհանրացումներով, որոնք առօրեական, նույնիսկ կենցաղային փաստը վերածում են պոետական իրողության.
Մուրացկանը քարշ է տալիս ետևից
իր ներաշխարհը`չորս անիվների վրա,
Պոռնիկը քարշ է տալիս ետևից իր
չծնված երեխային` զույգ կրունկների վրա… (էջ 56)
Մարդ տեսակի անդեմացումն ու անհետացումը Վահե Արսենն արտացոլում է հետաքրքիր մի հնարքի կիրառությամբ, որը թեպետ շատ տարածված է գրականության մեջ, սակայն այս դեպքում երևույթների փոխատեղման շնորհիվ ինքնատիպ գծեր է ձեռք բերում: Սովորաբար, այլաբանությանը գրականության մեջ դիմում են երևույթները, առարկաներն ու իրերը անձնավորելու, այլ խոսքով` մարդկայնացնելու նպատակադրումով: Վահե Արսենն, այնինչ, բոլորովին հակառակ միտումն է որդեգրում` ցույց տալու արդի մարդու հոգևոր-բարոյական, զգացական-մտածական դաշտի աղքատացումն ու նրա ձուլումը իրերի ու առարկաների անհոգի աշխարհին, երբ արտաքին ձևը բացարձակապես զուրկ է բովանդակությունից:
Մարդ` ննջասենյակային սևեռումներով,
և նկրտումներով զուտ խոհանոցային,
մարդ-մեքենա, մարդ-ամառանոց, մարդ-աթոռ,
մարդ-մարմին, մարդ-կին, մարդ-բռնցքամարտիկ,
տիկ-տիկ, մարդ-տիկնիկ… (էջ 114)
Այս պարագային զարմանալի չէ, որ մարդու հանդեպ մարդու գործած հրեշավոր արարքը` սպանությունը, Վահեն մատուցում է իբրև արարչական գործողություն.
Այսօր ես մարդ սպանեցի,
քրտնած,
ուղեղիս ամուր ամրացված ձեռքերով
ես բռնեցի նրա երակների առատությամբ ընդգծված կոկորդը
և ինձ Աստված զգացի մի պահ… (էջ 23)
Ընդհանրապես` երևույթների, հասկացությունների փոխատեղումը շատ հատկանշական է Վահե Արսենի նոր ժողովածուի համար: Սա, ըստ էության, փոխված արժեքային համակարգի, իր շավղից դուրս եկած ժամանակի, աբսուրդ իրականության ընդարձակ մետաֆորն է, որը գոյավորվում է մասնավոր տարածությունների մեջ, այնուհետև ի մի բերվում-ընկալվում իբրև բանաստեղծության նշան. «Ինքնասպան լինողին ես ասացի. // -Փրկի’ր կյանքս… (էջ 43), կամ`«Վերադարձի ճամփին փոքրիկ մի Արև // խնդրեց կրակս, // որ ծխախոտն այրեր…» (էջ 48): Այս իմաստով` ուշագրավ է «Այլաբանություն» վերնագրով բանաստեղծությունը, որտեղ սեփական բանաստեղծական ես-ի ընդգծումը, որի հոգու թաքնաշերտերում նստած է սիրո երգը, այսինքն` բուն իրականությունը, Վահե Արսենը ստիպված է ներկայացնել իբրև այլաբանություն, քանզի քաղաքականացված ժամանակներում փոխվել է նաև պոետի առաքելությունն ու երգի բնույթը: Ազդեցիկ ու նաև ողբերգական է բանաստեղծի` սեփական ինքնությունն ի ցույց դնելու ճիչը`
կներես,
այդ ես եմ`
Վահե Արսենը…
…ես կարող եմ գրել սիրո մասին…( էջ 8)
Ընդհանրապես` մեր ժամանակների կոնկրետ նշանները Վահե Արսենի բանաստեղծության էատարրերից են: Դրանք, ինչ խոսք, «օգնում» են բանաստեղծության արագ հնանալուն, քանզի որոշ ժամանակ անց չեն ընկալվում իրենց պարագրկումների ամբողջ խորությամբ: Այսօր, օրինակ, արդեն քչերն են հիշում Սահմանադրության հանրաքվեի ժամանակ իրենց խամաճիկային գործողություններով աչքի ընկնող «Այո»-իկներին ու «Ոչ»-իկներին, կամ` ո՞վ է հիշում, որ «Թաքնվելն անհնար է» արտահայտությունը Samsung ապրանքանիշի գովազդն էր: Վահեն նույնպես շատ լավ գիտակցում է այդ պարագան, և ժողովածուի մասերից մեկի վերնագրում առկա երևանյան և համամարդկային մասնավորումները դրա վկայությունն են: Միևնույն ժամանակ` բանաստեղծը սրանով ընդգծում է քաղաքացու իր կեցվածքը, որին երբեմն և կարելի է զոհել բարձր ու մնայուն պոեզիան: Մանավանդ որ` «Օ~, Արարիչ» բանաստեղծության մեջ Վահեն մտային տպավորիչ խաղարկումով ցույց է տալիս, թե ինչպես բանաստեղծական վերացականության պատճառաբանությամբ կարելի է խուսանավել իրականության ճիշտ պատկերը ներկայացնելուց.
Սակայն
Երգողին չնկատեցի:
Կարծում եք խեղկատա՞կ էր,
Ամենևին:
Երգեցնողներին չնկատեցի,
Կարծում եք խեղկատա՞կ էին,
Ամենևին:
Խեղկատակ էր նա,
ով ոչ երգիչ է,
ոչ երգեցնող,
ով ձեռքերը գրպանները`
անցավ նրանց կողքով:
Կարծում եք ե՞ս անցա.
Ամենևին… (էջ 77-78)
Ժողովածուի երրորդ մասը` «Հպանցիկ մտքեր, Աֆորիզմներ», զուտ կառուցաբանական առումով լիովին արդարացնում է Վահեի որդեգրած վիպական այսպես ասած` ֆորման, քանզի, ինչպես բնորոշ է վիպական ֆաբուլայով կառուցված երկերին, նախընթաց մասերում նկարագրված-պատկերվածի հանգուցալուծումը կատարվում է վերջին մասում: Այս առումով` երրորդ մասում լակոնիկ ոճի մեջ Վահե Արսենը փորձում է ընդհանրացնել-ձևակերպել է այն հիմնականը, որի մասին բանաստեղծում էր նախորդ մասերում: Սակայն պետք է նկատել, որ զուտ բանաստեղծական առումով դա գրքի ամենաթույլ հատվածն է: Հարցն այն է, որ Վահե Արսենը այսպես ասած` երկար շնչի, ընդարձակ բանաստեղծական տարածության պոետ է, երբ յուրաքանչյուր ընդհանրացում ձևավորվում է իբրև դատողությունների, պատկերների, խորհրդածությունների շղթա, իսկ ահա ամփոփ, թեկուզև խորիմաստ միտքը ընկալվում է մի տեսակ օդի մեջ, հենքից զուրկ:
Այդուհանդերձ, «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուն վկայում է, որ Վահե Արսենը մեկ քայլ առաջ է գնացել, նաև այն իմաստով, որ ինչպես մի հոդվածում նկատում է Սուրեն Աբրահամյանը` «նրա պոետական ուղին [արդեն — Ա.Ն.] դուրս է ազդեցությունների արտաքուստ ծանոթ թվացող ոլորտից»։Ինքնացման նշաններն այստեղ, իրոք, զգալի են ու մղում են առավել ուշադիր հետևել Վահե Արսենի բանաստեղծական նոր երևումներին:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն