Գարնանային Երևանի հորիզոնները բացվում են որպես վերքի վրա ծավալվող արյուն: Եվ այդ Երևանում ամեն բան առաջին անգամ ճաղատ է, ինչպես վերքը խնամելու համար սափրվող գլուխը: Այլևս աչք չէ, որ պիտի ունենաս տեսնելու համար: Այս գարունը մարդկանց գարուն չէ: Եվ փողոցները մարդկանց փողոցները չեն: Եվ մարդիկ մարդիկ չեն, այլ դերակատարներ, որոնք միմյանց վրա դեր են «նաղդում»: Եվ երեխաները մարդկանց երեխաներ չեն, այլ` մանուկներ Երկնային Արքայությունից այստեղ չտեղափոխված, որոնք չեն դավաճանելու այդ արքայությունը, բայց որոնց դավաճանում են քաղաքացի կամ համակիր դարձնելով: Եթե ես քաղաքացի եմ, այլևս մարդ չեմ, եթե ես համակիր եմ, այլևս մարդ չեմ: Ես Ադամը չեմ: Ես տագնապի հեղեղատներով եկող ոտնակոխվածն եմ, ում ժամանակ տվեցին այգիները շրջանցելու, ում հրապարակները գրկեցին: Այն ժամանակ ես դարձա նրանցից մեկը, ում հիշելու են իբրև քաղաքացի: Հիմա ես ջուր եմ խնդրում ձեզանից, բայց ինձ ընդգրկում եք անունների մեջ, ես հրեշտակներ եմ ընտրում, իսկ ինձ առաջարկում եք թագավորներին: Ես ուզում եմ կարդալ գարունը, բայց ոչ իբրև գիր, այլ իբրև` փառք: Ես ուզում եմ օրհնյալ լինել ձեր ուշացող անվահետքերով, բայց ոչ իբրև առաջացող, այլ իբրև ձեր գլխապտույտների վերջը: Ես ուզում եմ թաքնվել ձեր ավարներից, քանզի իմն ինձ բաշխված է: Ես ուզում եմ լռվել իմ զորության մեջ, իսկ ինձ զինում եք: Ես յուրայիններ չունեմ, ես գարնան առաջնեկն եմ: Ես գալիս եմ ոչ ձեր գավիթներով, ես դեպի աղոթքն եմ գնում, տղերք, դեպի գարունը, որը սպիտակ է, ինչպես ձյուն: Ես իմ իմացած արծաթն եմ ընտրում իմ իմացած գներով և իմ իրավունքների որբերի դուռն եմ գնում, որտեղ ձեռք պիտի մեկնեմ իրենց մայրերի մահվան ճիշտ ժամը չիմացողներին: Ես գնում եմ դեպի ողորմածությունը Կայսեր թիկունքում, որտեղ ոչինչ իմացյալ չէ: Հիմա ո՞վ չէ Տեր այս քաղաքում, տղերք, որտեղ դիվապատկերների պես բարձրանում են հնազանդ լինելու հրամայականները, որտեղ պատրանքները սերում են դատավոր լինելու անհամբերությունից, որտեղ ցանկության օրը սարսափի օրվա հետ մատյան է դառնալու նոր որդիների, որտեղ հացի զորությունը կախարդի զորությունն է, որտեղ պատմվելու են բոլոր հերոսությունները` սղագրված բոլոր ձախորդություններից, որտեղ խաղողի առաջին ծիլը վերջին ծիլն է ձեզնից անկախ: Դուք փորձվածները չեք, դուք խղճմտանքի առավոտներով թևատարած եկողները չեք, դուք համրերի մտքում արված գնումների մանրն էլ չեք, տղերք, այս քաղաքն այլևս քաղաք չէ և այս գարունն այլևս գարուն չէ: Ձախ քաշվեք և տեղ տվեք ձեր տերերին, որոնք գլորվում են դեպի ասվածը` այսինքն, դեպի մարմարյա գերեզմանաքարը, ոչ` գերեզման: Նմանվեցեք նրանց, ովքեր իրենց վերապահված պատմության անգետներն են և չեն ձևում պատմությունը, քանզի ձևելու բան չկա այնտեղ, որտեղ մեկս մյուսի գիրն ենք` գրված ոչ մեր ձեռքով: Զգոն եղեք տղերք, որովհետև խնդիրը ամեն ինչում օգուտ փնտրելը չէ, խնդիրը գարունն է: Նրանից սկսիր: Նախ տես գարունը, որը չի գալիս: Եվ գալիս է ոչ քեզ համար: Այս գարունը խորհրդանիշներ չունի կտավները սնուցող, այսօր ամեն ինչ ճշմարտություն է, բայց բզկտված, հոգևարք է դեռևս չսկսված, մահ է արդեն անավարտ: Սա գարուն է, որը պատուհանների ոչ մի կողմում չէ: Սա քաղաք է, որտեղ ամենքը պանդուխտ է իր անցյալի մեջ: Եվ լուսաբացների բարձունքներով ամենքը բարձրանում է դեպի գարնան ամեն օրը կավատի պես յուրացնող մկների անդաստանները արև փնտրելու: Եվ ես, որ որպես թագավոր չեկա, այլ իբրև գերի ստրուկներին, նրանց հետ եմ: Գերիներով չգերված քաղաք` շպրտված իմ երեսին, որ քեզ ենթարկեցրիր հասցեներ չճանաչող գարնան ողջ ամոթխածությունը: Դու, որ միակ հասցեն ես ինձ պատժված զգալու… Դու, որ քո պատմության ավերակների վրա շինեցիր դպիրների տոհմերը, որոնք արև չփնտրեցին: Դու, որ արդարացված ես լոզունգների համար տեղանշան լինելով: Ո՞րն է օրենքդ: Ո՞րն է իշխանությունդ: Ո՞րն է Ավետարանդ, քաղաք: Չի ծառանում քո պատերի տակ իմ արդարությունը, քեզ չեն հնազանդվում գուժկանի իմ շուրթերը, քեզանով չի ընկալվում ոչինչ: Եվ նրանք, որ հարստացան քեզանով, իրենց չէ, որ հարստացրին: Եվ նրանք, որ ինձ տեսան փողոցներում, ինձ չէ, որ տեսան: Եվ նրանք, ովքեր քեզանով կցմցում են իրենց Հայրենիքը, քաղաք, նրանք են, ովքեր քեզանով տեսնում են «մեռելներ` մեծ ու փոքր»: Այլ է նրանց երկիրը և այլ` նրանց Հայտնությունը: Այլ է նրանց կանգնեցրածը և այլ` նրանց գտածը: Այլ է նրանց հնազանդությունը և այլ` նրանց աղաղակը: Այլ է նրանց սուգը և այլ` նրանց վախճանը: Այլ է նրանց Տաճարը և այլ` նրանց մարդիկ: Եվ նրանք ունեն իրենց ծարավածներն ու բարեբախտությունը նրանց հագեցնելու: Ունեն իրենց անկյալներն ու բարեբախտությունը նրանց բարձրացնելու: Ունեն իրենց մեռելներն ու բարեբախտությունը նրանցից ոչ մեկը չլինելու: Եվ նրանք ունեն իրենց գարունը, որը տարվա բոլոր եղանակներին իջնում է իբրև Նոր Երուսաղեմ` հատկապես հպանցիկ այս աշխարհի նրանց մի անկյունում ազդարարելու, որ մարդիկ նախ և առաջ «ծույլերն ու անհավատներն են, ոճրագորներն ու պոռնիկները, կախարդներն ու կռապաշտները, հմայողներն ու բոլոր ստախոսները», որոնք չտեսան շնորհը և խաղաղությունը: Եվ ահա գալու է օրը, երբ քամիներն են ուղղորդելու ամենքի սրտի խոսքը, երբ պապանձված լինելու համար համրությունը դեռ հանցանք է թվալու, երբ խեղված համբերությամբ վերագտնելու եք Նեղ դուռը, որը չի բացվելու, քանզի բացողներ չեն լինելու: Եվ այնուհետև կյանքին կյանք եք ասելու ու չեք ունենալու ոչ մի ապրում, Աստծուն Աստված եք ասելու ու չեք ունենալու ոչ մի հավատ, ճշմարտությանը ճշմարտություն եք ասելու և գտնելու եք միայն մահ: Եվ ի՞նչ է լինելու ձեր շահը, տղերք: Ասում եմ ձեզ` մարմինը տկար է, երբ անդ է իր ժամանակակցից, աչքերը փառոտ են, երբ կա հատկապես սիրտը, քանզի այդպիսով անգործ են աչքերը, անունը վերջավոր է, երբ եղածը Մարդն է: Այս գարունն արդեն ավիշ է դառնում բոլոր երակներում, որոնք այլ գարուն չունեն. եղածը եղած է, տղերք: Ես չեմ լինելու պատմության որդեգիր, ես խոսելու եմ այն ամենի անունից, որոնք հնչում են մինչև առաջին բառը, ես լռելու եմ այն ամենի անունից, որոնք գալու են ինձ շրջանցելով: Եվ ես սպասելու եմ, որ իմ առաջին առավոտը նույնանա ձեր այն օրերի հետ, որ վաղն է գալու: