Ժամն անցավ, ինչպես բոլոր ժամերն են անցնում։ Գրելու իմ բոլոր տարբերակներն արդեն սպառվեցին. գրեցի մի քանի ժամ ու դադար տվեցի։ Վլադն ինձ հետ էր՝ կողքիս նստած։ Գլուխը խոթել էր մի հաստափոր գրքի մեջ և ձևացնում էր, թե կարդում է, այնինչ աչքերն արդեն փակվում էին, և ինձ թվաց, թե նա ուր որ է աթոռից վայր կընկնի։ Տևական լռությունից հետո բարձրացրեց հայացքն ու ինձ նայեց։ Գլուխս տարուբերեցի, և Վլադը միանգամից հասկացավ, որ այսօր էլ գրեթե ոչինչ չգրեցի։ Նրա սենյակը, վերջին հաշվով, նման էր մի լքված գրադարանի, որտեղ ամեն ինչ ցաքուցրիվ արված էր։ Եթե մի փոքր համարձակություն ունենամ, կխոստովանեմ, որ այդպես է նաև նրա կյանքը, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ թույլատրելի է, քանի դեռ քսանչորս տարեկան ես։ Նրա տունը քաղաքի ծայրամասում է, և այդ իսկ պատճառով մշտապես ընկերակցում կամ վիճում է լռության հետ։ Ավելի շատ՝ վիճում։ Հազվադեպ է պատահում, որ նա գերադասի միայնությունը, իսկ ես՝ ընդհակառակը։ Մենք ծայրահեղություններ ենք, բայց դա չի խանգարում անկեղծ ընկերությանը։ Վլադն իր բնույթով մշտապես հակասական պայքարի մեջ է ինքն իր հետ։ Մի կեսով ընդունում և հաստատում է այն, ինչը մյուս կեսով մերժում է։ Սիրում է ապացուցել յուրաքանչյուր եզրույթ, իսկ որոշ ժամանակ հետո՝ գտնել հակափաստարկներ։ Իսկ ես ո՛չ ապացուցում եմ, ո՛չ էլ մերժում։ Բայց, անկեղծ ասած, չեմ էլ հարում Արիստոտելի այն դասական սկզբունքին, թե մարդիկ, ովքեր ընդունում են հակասությունները, ոչնչացնում են էության ու կեցության իմաստը։ Ընդհակառակը՝ ես ընդունում եմ ամբողջի ու միասնության գաղափարը առանց հակասությունների, մի տեսակ՝ ամեն ինչ հարմոնիայի մեջ։ Մեր ընկերության՝ չորսից ավելի տարիների ընթացքում հասցրել ենք գտնել միմյանց ընկալելու ամենապարզ եղանակը և դրա շնորհիվ կարողանում ենք ամուր պահել այն, ինչը երկուսիս համար էլ կարևոր է այս տարիքում։ Ու թեև մեր խաղաղ ընկերությունը անսասան է, միևնույն է՝ կա մի բան, ինչը միշտ բարկացնում է ինձ։ Դա նրա վերաբերմունքն է իմ մասնագիտության հանդեպ։ Հաճախ է ասում, որ չպետք է գրեմ, փոխարենը՝ երջանիկ լինեմ։ Երջանիկ գրողներ չեն լինում։ Եթե գրում եմ, ուրեմն՝ ներսումս կուտակված ցավ կա, ուրեմն՝ դեռ պետք է քայքայվեմ մինչև ոսկորներս։ Երջանիկները պատմվածքներ ու վեպեր չեն գրում. ընդամենը երկու էջանոց էսսե՝ ու սպառվում են։ Ասում է, որ չպետք է ինձ տանջեմ, կուտակեմ գլխումս։ Իմ ապրածն ու զգացածն իմ խնդիրն է։ Աշխարհը լի է անհոգ մարդկանցով, իսկ այդպիսի մարդիկ ցավերի ու զգացմունքների մասին չեն կարդում, իրենք են տևական զգացածի մասին սոցիալական կայքերում գրում, իսկ անհոգ գրողներ, այնուամենայնիվ, չեն լինում։ Կարծում է՝ անարդար է, որ կյանքիս լավագույն տարիները անցկացնեմ դատարկ էկրանի կամ թղթի դիմաց։
Ես բարկանում եմ, ներսից փքվում, որովհետև հոգուս խորքում ինչ-որ ճշմարտություն եմ տեսնում այս ամենի մեջ։ Բայց մեր մտերմությունը դեռ այն աստիճան սերտ չէ՝ խոստովանելու համար պարզ ճշմարտությունը, թե գրելուց բացի, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։ Կանցնեն տարիներ, և նա դա ինքնուրույն կհասկանա։ Չհասկանա՝ ոչինչ, գուցե մի օր անկեղծ կխոսենք։ Այսքանն ասելով՝ խոստովանում եմ, որ ինչ-որ հակասական բան էլ իմ մեջ կա։ Բայց եթե սկսենք վերլուծել աշխարհակազմությունն ու այդ օրից ձևավորված գաղափարական, փիլիսոփայական տեսությունները, կհամոզվենք, որ ամենուր էլ հակասություններ կան, ուրեմն՝ ամեն ինչ կարելի է։
Վերջապես որոշեցինք դուրս գալ քայլելու։ Իրիկնային վերջալույսի ու փողոցի հոգնեցուցիչ աղմուկի մեջ հազիվ կարողացա լսել Վլադին։ Խանդավառված՝ ինչ-որ բան էր պատմում վերջին դիտած ֆիլմի, դառը վիսկիի և հարևան Անժելի մասին, որոնք բոլորն էլ բարդ ստորադասական նախադասության սկզբունքով հայտնվել էին նույն մտքի հոսքի մեջ և տրամաբանորեն լրացնում էին միմյանց։ Փողոցն, այնուամենայնիվ, չէր մասնակցում զրույցին և ապրում էր իր կանոններով։ Լուսացույցի կանաչ լույսի մարելն ինձ թողեց փողոցի մյուս մայթեզրին, այնինչ Վլադն արդեն անցել ու ինձ էր սպասում։ Անձրևը շտապելով սկսեց լցվել ասֆալտափոսերի մեջ։ Երբ հասա Վլադին, արդեն ամբողջությամբ թրջվել էի։ Պատսպարվեցինք մի ծաղկի խանութի նախասրահում։ Քիչ հետո, երբ դադարեց, դուրս եկանք։ Անձրևափոսերի երեսին տերևներ էին լողում, այնինչ դեռ կեսօրին քաղաքի տարեցները, սովորության համաձայն, հավաքել էին տերևները և այրել։ Բայց աշունը մաքուր փողոցներ չի սիրում, ես նույնպես. տերևներ պետք է լինեն։ Դեռ մանկուց սիրել եմ խշխշացնելով քայլել չորացած տերևների միջով։ Վլադը երկար լռելուց հետո վերջապես հարցրեց, թե ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ավարտական վիպակի համար մեկ այլ թեմա ընտրեմ։ Ես տարուբերեցի գլուխս, ու նա հիշեցրեց, որ չեմ հասցնի։ Այնուամենայնիվ, նոր բան մտածել չեմ կարողանում, իսկ այն, ինչ կա գլխումս, չի կապակցվում, բոլոր բառերը, որոնցով պետք է սկսեմ ու շարունակեմ, անհետացել են, և ես չեմ գտնում։ Գրում եմ, ու ամեն ինչ իմ մյուս գործերի նման է ստացվում, իսկ ես պետք է մի նոր բան գրեմ։ Մտորումներից սթափվելուց հետո միայն նկատեցի, որ արդեն իմ տան մոտ ենք։ Վլադը տեղում կանգնած դողում էր։ Երկուսս էլ, ինչպես նա էր սիրում ասել, մինչև հոգու խորքը թրջվել էինք։ Հրաժեշտի պահին նա ինձ ասաց, որ գուցե մենք էլ նամակներ գրենք, և որ դա երևի կօգնի։ Ուրեմն՝ ամբողջ ճանապարհին իմ վիպակի մասին էր մտածել։ Հիշեցի, որ մի անգամ խոստացել էր ինձ շատախոս դարձնել, իսկ հիմա հակառակն է։ Ժպտացի ու թոթվեցի ուսերս։ Նա խոժոռվեց, ուրեմն՝ չհասկացավ։ Դա բնական է. մեր օրերում ավելի շատ խոսել է հարկավոր, իսկ ես դրան ունակ չեմ։
Տուն մտա ու մտածեցի, որ այսօր չորեքշաբթի է, վաղը դասեր չունեմ, կքնեմ, քունս կառնեմ։ Գիրքը պետք է սթափ ուղեղով գրել. այդպես մեզ համալսարանում են սովորեցնում։ Այնինչ երբեք էլ ոչինչ սթափ չգրեցի։ Միայն գրողը գիտի սեփական փոթորիկների ու հոգեվարքների մասին։ Իսկ Վլադի առաջարկի մասին պետք է լուրջ մտածել։
Ինձ տարիներ առաջ պատմել են մի ավանդազրույց, որի գործողությունների կամ ժամանակագրության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ ինչ-որ պատերազմի ժամանակ զինվորներից մեկը, որ երազում էր գրող լինել, շրջել էր ռազմաճակատներով և լսելով գրի էր առել բոլոր զինվորների երազանքները։ Ինձ պատմողը ծեր կին էր, որ ամեն ինչ շատ վատ էր հիշում։ Նա չկարողացավ ասել, թե որտեղից է ծագել ավանդազրույցը կամ ումից է լսել այն։ Դա, իհարկե, կարող էր լինել Օհայոյի շրջանում, Դենվերում, Արևմտյան Պրուսիայում, Աղդամի շրջանում կամ էլ Նագոյայի արևելքում. արդեն կարևոր չէ։ Զինվորը պատմությունը սկսում էր հետևյալ նախադասությամբ. «Բարև… երբ պատերազմն ավարտվի, Ես…»։ Դրանք ավելի շատ երազանք-նամակներ էին, որոնց հեղինակները նշում էին հասցեներ, թե ում պետք է ուղարկվեն, եթե իրենք տուն չվերադառնան։ Զինվորը երկու օրինակ էր գրում. մեկն՝ իր համար, մյուսը՝ հասցեատերերի։ Նա ցանկանում էր մորը ապացուցել, որ գրելու տաղանդ ունի ու չի դադարելու գրել նույնիսկ պատերազմի թեժ պահին։ Հետո նամակների երազանքները մեկ ամբողջական գրքով կտպագրեր, իբրև մարդկային գոյության պարզ ու ազնիվ դրսևորում՝ պատերազմի մռայլ օրերին։ Ամենասկզբում մի տարեց տղամարդ է գրելու միտքը զինվորին տվել։ Այդ մարդը կորցրել էր ձեռքերը, և իր զավակներին նամակ գրելն անհնար էր դարձել։ Նա խնդրել էր զինվորին, որ իր փոխարեն գրի առնի, թե ինչ կցանկանար անել, եթե տուն վերադառնար։ Թելադրելու ընթացքում տղամարդը մահացել էր, իսկ երիտասարդը նամակն ուղարկել էր հասցեատիրոջը։ Դեպքից հետո բոլոր զինվորները ցանկություն են հայտնել իրենց հարազատներին պատմել, թե ինչ կլիներ պատերազմից հետո, պատերազմից առաջ, պատերազմ չլինելու դեպքում։ Քանի որ երազելն ու երազանքներ ունենալը պատերազմներ չեն հանդուրժում, ապա սավառնում են ամենուր։ Կինը պատմում էր, որ այդ օրերին զինվորը խոստովանահոր նման նստում էր բլինդաժում և հերթով ընդունում զինվորներին, լսում նրանց երազանքների մասին, գրի առնում։ Նա՝ Դենվերում, Արևմտյան Պրուսիայում, Աղդամի շրջանում, Վլադիվոստոկում կամ գուցե Նագոյայի արևմուտքում, հավաքել էր վեց հազարից ավելի երազանքներ։ Այդ ժամանակ ռազմաճակատում շշուկներ էին տարածվում, թե ուր որ է հակամարտող կողմերը կսեղմեն միմյանց ձեռքն, ու բոլորը կվազեն իրենց երազանքների ետևից, որոնք այնքան պարզ ու մարդկային էին։ Օրինակ՝ ինչ-որ մեկը ցանկանում էր մարգարտյա ականջօղեր գնել կնոջ համար, մյուսը՝ համտեսել մոր պատրաստած տաք ապուրը, մեկ ուրիշն ուսման մասին էր մտածում, չորրորդը՝ ընդամենը տաք լոգանքի։ Միասին որոշել էին, որ եթե տուն գնան, կհավաքեն երազանքների այդ թղթերը, որտեղ ամեն ինչ գրված էր գեղարվեստական ու հուզական ոճով, մի վերջին անգամ կկարդան, կայրեն և կտաքանան։ Կգնան տուն ու իրենց խոստովանահոր կերպարը ստացած զինվորի համար նոր երազանքներ ու պատմություններ կգրեն, որոնք նրան հետագայում կօգնեն գրող դառնալ։ Բոլորն անկեղծ սրտով երազում էին այրվող թղթերի հետ վերջացող պատերազմի մասին, որն իրենց պետք չէր։ Պետք չէր նաև դիմացի խրամատում պառկած ու տևական լռության մեջ երկնքի աստղերով հիացող զինվորներին։
Անցել էին ժամեր, ինչպես բոլոր ժամերն են անցնում։ Կնքվել էր հրադադարը, ղեկավարները մեկմեկու ձեռք էին սեղմել, կարմիր գինի չէր գտնվել, և բացել էին դառը վիսկին, շրխկացրել էին միմյանց բաժակները, ինչ-որ թղթեր ստորագրել։ Հետո դեմքի միանման ջղաձգություն ունեցող ղեկավարները կանգնել էին տեսախցիկների դիմաց, փոխել ձայները, սանրվածքը, թուլացրել ժպիտը և պատմել հրադադարի կամ պատերազմի ավարտի մասին։ Իսկ այնտեղ՝ հյուսիսում, հարավում, արևմուտքում կամ էլ արևելքում, մեռյալ լռության մեջ, երբ փոշին հասցրել էր պարել օդում ու պատրաստվում էր վար իջնել, իր հետ գետնին էր իջեցրել վեց հազարից ավելի թղթե երազանք։ Զինվորը գրող չդարձավ, նամակները հասցեատերերին չհասան, միայն քամին ոռնաց նրանց՝ ուր որ է փոշի դարձող դիակների վրա։ Ապստամբություն կար այդ ոռնոցում, բայց ում դեմ՝ ոչ ոք չիմացավ։
Հիմա պետք է կարողանամ հավաքել մտքերս ու սկսել շարադրել այս պատմությունը։ Պետք է ճիշտ վերնագիր գտնել, հերոսներին դեմք տալ, այն դեպքում, երբ դրա կարիքն ամենևին չկա, մտածել անուններ, գուցե՝ ժամանակաշրջան, օրինակ՝ միջնադար, դեռ չգիտեմ։ Պետք է մտածել Վլադի առաջարկի մասին։ Վաղը չորեքշաբթի է, երկար չեմ կարող քնել, Վլադի տուն կգնամ, այնտեղ լուռ է՝ ոչ ոք հաց ուտելու առաջարկ չի անում, ու փողոցի աղմուկի ձայնը պատուհանից ինձ չի հասնում։
Անձրևը, որ սկսել էր տեղալ գիշերվանից, լուսաբացի հետ կամաց-կամաց նոսրանում էր։ Կուտակված ամպերը գնացին, երկինքը, որ դեռ մուգ ագաթյա էր խորքում, անձրևից հետո ավելի էր մաքրագործվել։ Ժամերն էի հաշվում, որպեսզի դուրս գայի սենյակի ճնշող խոնավությունից։ Իմ տանը ստեղծագործելը անտանելի է թվում, այս պատերի ներսում կուտակված աղմուկներ կան, որոնք արդեն երեք տարի է՝ շատախոսում են։ Վլադը դեռ քնած է, բայց դա ինձ չի խանգարում նրա տուն գնալ ու գրավել գրասեղանը։ Ի դեպ, նախևառաջ պետք է տաք փքաբլիթներ ու սուրճ գնել, հետո գնել մի լավ գիրք նրա համար։
Աշխարհում ոչինչ այնքան չէր երջանկացնում նրան, որքան նոր գրքերը, թեև վստահ գիտեմ, որ հազվադեպ է կարդում։ Ասենք՝ նրա ընկերները, սպորտը և շատախոսությունը մշտապես խլում են կարդալու ժամանակը, բայց այն, ինչ նա կարդում է, մանրամասն ու ճշգրտորեն պատմում է ինձ։ Լինում են նաև դեպքեր, երբ ինձ համար է կարդում, բայց դա պոեզիային է վերաբերում, և այն դեպքում միայն, երբ հասցրած է լինում մի շիշ լավ գինի դատարկել։ Այսօր անպայման պիտի գրեմ, ներքին վախ ունեմ, որ չեմ կարողանալու ամբողջությամբ տեղ հասցնել պատմության գաղափարը, բայց մի անգամ Վլադի հարևան Անժելը մեզ ասաց, որ ամենամեծ վախը սեփական վախերից փախչելն է։ Ասում էր՝ պետք է չվախենալ սեփական գոյությունը արդարացնելուց, ինչ եղանակով էլ որ դա լինի։ Նա էլ է սիրում շատախոսել, և, ի ուրախություն ամբողջ աշխարհի, Վլադը դեռ այստեղ է։ Կարող են ամեն օր հանդիպել, փիլիսոփայել, անցնել առաջ։ Լավ է, որ Անժելը կա։ Ամեն դեպքում՝ կինն իրավացի է, չպետք է վախենալ փորձելուց։ Երևի մի օր ես էլ իմ մտքերը կգրեմ, ու դրանք մյուսները կհիշեն։ Իսկ այսպիսի երեխայական մտքերը պարտադիր պտտվում են գլխումդ, երբ լռությանը պատմելու ոչինչ չունես, ավելի ճիշտ՝ ունես, բայց չգիտես՝ ինչպես։ Լավ է, որ քաղաքն արդեն արթնացել է, ուրեմն՝ կարելի է գնալ։
Մտա նրա տուն, հավաքեցի հատակին թափված գրքերը, սուրճը դրեցի մահճակալի կողքին, սկսեցի գրել, բայց մինչ այդ՝ նախորդ օրվա գրածս կարդալով ու ջնջելով։ Ժամեր անց հասկացա, որ այսօր էլ ոչինչ չի ստացվում, գուցե իսկապես ուրիշ բան գրեմ։
Երեկոն մոտենում է։ Վլադը հասցրել է ամեն ինչ անել՝ իր օրվա հետ կապված, ու կողքիս նստած՝ կարդում է գրածս նախաբանը։ Հարցրեց՝ ջնջելու եմ թե չէ։ Թոթվեցի ուսերս։ Լռեց, նոր միայն տկտկոցից նկատեցի, որ նրա սենյակում ինչ-որ ժամացույց է ավելացել։ Մտածեցի, որ անիմաստ ժամանակ եմ կորցնում։ Վլադը հիշեցրեց իր նախորդ օրվա առաջարկի մասին։ Այսինքն՝ սկսենք մենք էլ նամակներ գրել մեր քաղաքի զինվորների համար, ում անունները գիտենք։ Վլադը վերցրեց թուղթ ու գրիչը և նստեց գրասեղանի դիմաց։ Ասացի, որ սկսենք Խաչիկից։ Նա մեր ընկերն էր։ Կախեց հայացքը, աչքերը սառեցին։ Քիչ հետո վեր կացավ ու մի շիշ գինի բերեց։ Ամբողջ գիշեր գրեցինք։ Նամակներ մեր ընկերների մասին, պատմություններ ու երազանքներ, որոնք այլևս ոչ ոքի պետք չեն։ Փոխարենը՝ ես առավոտյան գտա վիպակս գրելու ճիշտ եղանակն ու սկսեցի։ Երբ դուրս եկանք, գլխումս մեխանիկորեն տեքստը սկսեց շարադրվել, հերսներն արդեն իրական էին, ապրել ու խոսել էին ուզում, իսկ ինձ քնել էր պետք։
Այնուամենայնիվ, ամբողջ գիշեր գրեցի։ Պատուհանից այն կողմ ձյուն էր տեղում, իսկ դա վկայում էր, որ նոյեմբերը մոտենում է ավարտին։ Աշունն իր վերջին հրաժեշտն է տալիս, և որքան էլ հաճելի էր աշնան վերջին արևը, միևնույն է՝ ձմեռը գալիս է ամեն ինչի փոխարեն։
Մեկ ամիս անց, երբ արդեն հունի մեջ էի ընկել ու կարողանում էի գրել, Վլադը որոշեց հեռանալ։ Ավելի ճիշտ՝ այն երկրում, որտեղ ծնվել ու մեծացել էր, պատերազմ էր սկսվել։ Որոշեց, որ պետք է գնա, իր հարազատների ու ընկերների կողքին լինի։ Դա նշանակում է, որ այլևս երեկոյան միասին չենք թափառելու, գրքեր չենք կարդալու, չենք վիճելու, չենք հարբելու, չենք լռելու։ Հեռավորության վրա շփումն ավելի սահմանափակ է, մի տեսակ արհեստական։ Երկուսս էլ դա չենք սիրում։ Վլադը մինչև մեկնելու վերջին օրը չհավաքեց իրերն ու չդասավորեց տունը. այնպիսի տպավորություն էր, ասես չէր մեկնելու։ Վերջին անգամ դուրս եկանք զբոսնելու, ճանապարհի կեսից ինչ-որ բան հիշեց ու տուն վազեց՝ իր հետ բերելով մեր գրած երազանքների թղթերը։ Բարձրացանք ամենաբարձր շենքի տանիքը։ Վլադը թղթերից ինքնաթիռներ պատրաստեց։ Միասին երազանքները դեպի երկինք նետեցինք։ Ինքնաթիռները սահուն վայրէջք կատարեցին երկրի վրա։ Փողոցով անցնող մի երեխա վերցրեց, բացեց, կարդաց, հետո ցույց տվեց մորը։ Մայրը թուղթն իր հետ տուն տարավ։ Արդեն ուշ ժամին, երբ քայլում էինք քաղաքի փողոցներով, մարդիկ, թղթե ինքնաթիռները ձեռքներին, զրուցում էին։ Քաղաքը աշխուժացել էր, միավորվել։ Խոսում էին զինվորներից, մեզ համար զարմանալի կերպով հաստատում էին նրանց երազանքներն ու պատմությունները։ Վլադը խոստովանեց, որ այսօր միայն ճանաչեց այս քաղաքը, մարդկանց, նրանց ձայները։ Մեր ինքնաթիռները մինչև կեսգիշեր հասան հասցեատերերին, իսկ առավոտյան Վլադը մեկնեց։
Սարսափելի են պատերազմը, խախտված հրադադարները։ Վլադի մեկնելուց մի քանի օր անց խախտված հրադադարի պատճառով փողոցում սև ժապավեն ավելացավ, իսկ հետո սավառնող թղթե ինքնաթիռ գտա։ Անուն գրված չէր, ասենք բոլորս էլ գիտեինք. միայն երազանք էր։ Այդ օրվանից ինքնաթիռները սովորություն դարձան մեր քաղաքում, հետո գյուղերում, նույնիսկ մայրաքաղաքում։ Ինձանից բացի շատերը գրեցին թղթե ինքնաթիռների մասին, բայց ավանդազրույցի սկզբնապատմությունը այդպես էլ անհայտ մնաց։ Հետո Վլադն ինձ ուղարկեց լուսանկարներ իր քաղաքում թռչող թղթե ինքնաթիռների մասին, իսկ դրանից հետո ինքնաթիռները սկսեցին սավառնել աշխարհի տարբեր ծայրերով։ Անուններն ու հասցեները շատ տարբեր էին, գտնողները դրանք կամ տուն էին տանում կամ թողնում ճակատագրին, ոչ ոք երբեք դեն չէր նետում։ Մարդիկ վերցնում էին, կարդում և երկինք թռցնում։
Ես հիմա մտածում եմ, որ ծեր մայրս երկար վիճելուց հետո հաստատ կհամաձայներ իմ ու եղբորս՝ գրող լինելու որոշման հետ, եթե եղբայրս պատերազմից տուն վերադառնար։ Նրա հիշողությունը առաջվա պես չէ։ Հաճախ ասում է, թե տան պատերը շատախոսում են։ Իսկապես, մայրս հիմա հաճախ է մոռանում, թե նա որտեղ էր ծառայել, կարծում եմ՝ հիշեցնելու կարիք էլ չկա։ Պատերազմը երկու ամիս չտևեց, բայց մայրս քսան տարով ծերացավ։ Ժամանակն, իրոք, շատ արագ անցավ, ինչպես անցնում են բոլոր ժամանակները, երբ ապրում ես ցավի հետ ընկերացած։ Գուցե Վլադը ամեն դեպքում ճիշտ էր՝ պետք չէր գրող լինել, երջանիկ լինելը հերիք էր։ Ավարտական աշխատանքը ներկայացնելիս այդ մասին խոսեցի, հազիվ զսպեցի, որ լաց չլինեմ։ Վլադը ռազմաճակատ մեկնելուց առաջ ինձ իր երազանքների մասին պատմեց և ցանկացավ, որ ես գրեմ։ Գուցե ոչ մի հակասական բան չկա սրա մեջ, բայց ես երջանիկ լինել չեմ ուզում։ Վլադը՝ նույնպես. երևի, իրոք, ապրելն էլ հերիք է։ Շուտով երկաթյա ծանրաքաշ ինքնաթիռը երկինք կբարձրանա. ինձ մնում է միայն մառախլապատ Պետերբուրգում գտնել ամենաբարձր տանիքը։ Հիմա կարծում եմ, որ ընկերության ամենակարևոր պայմանը խոսել կարողանալն է, հետո գրելը ոչ ոքի պետք չէ։
Շատ հուզիչ և շատ հետաքրքիր պատմվացք
Ապրես Մերի ջա գերազանցեր պատմվացքը