Ժամանակին ընկերություն էի անում տարօրինակ մի մարդու հետ, որը բանաստեղծություններ էր գրում: Գիշեր-ցերեկ հետևիցս ընկած ամեն ինչ անում էր, միայն թե ես իր բանաստեղծություններին հայացք նետեմ և գնահատեմ: Գրվածքներն, անշուշտ, գովում էի… դժվար չէր, մանավանդ որ քննարկումն անցկացնում էինք որևէ սրճարանում կամ ռեստորանում: Գերազանց հյուրասիրություններ էին, սեղանին միշտ պեծին էր տալիս գարեջուրը կամ մթին էր տալիս գինին, ախորժալի բուրում էր ապխտած պանիրը: Հաշիվը միշտ նա էր փակում: Եվ անասելի երջանկանում էր, երբ հաջողվում էր ինձնից գովասանք կորզել: Իսկ ես միանգամից չէի գովում. մատնանշում էի նրա գործերի թույլ կողմերը, ինչ-ինչ գաղափարներ էի ասպարեզ նետում: Մեր մեջ ասած, նրա բանաստեղծությունները բացարձակապես անգույն ու տաղտուկ էին: Նա ինքը դրանք «բարբաջանք» էր անվանում, ամենայն հավանականությամբ ամբողջովին չհասկանալով այս բառի իմաստը: Այն ամենը, ինչը հնարավոր չէր լինում հասկանալ կամ պարզաբանել՝ բացատրվում էր նրա կողմից հորինված այդ ձևակերպումով: Իսկ երբ ես, արդեն ալկոհոլի ազդեցության տակ՝ շաղված դատողություններ անելիս կմկմում էի կամ լեզվի սայթաքումներ թույլ տալիս, նա աչքերը բազմանշանակ հառում էր առաստաղին և արտաբերում. «Այ, իսկական բարբաջանքը էդ էր»:
Տարիքով նա մեծ էր ինձանից, չնայած իրեն ջահելավարի էր պահում: Սրճարանների ծխակորույս ու կրքահարույց միջավայրերում կանանց աչքերը երկուսիցս անմիջապես ինձ էին ընտրում, և ինձ թվում էր, որ նա դրանից միշտ տառապում է: Ես ամեն ջանք գործադրում էի՝ ցույց չտալու համար, որ դա նկատում եմ: Բանաստեղծի համար նա ծեր էր… սկսնակ բանաստեղծի: Եվ ո՞ւր էր նա այսքան տարիներ իր բարբաջալից ոտանավորներով: Ինչո՞ւ պոկ չի գալիս ինձնից: Ասենք, ինձնից բացի ուրիշ էլ ո՞վ ժամանակ կկորցներ ոչ մեկ տասնամյակ փոշոտ գզրոցներում պահած նրա բանաստեղծությունների վրա: Ուզածդ խմբագիր ձեռքն ու գրիչը կկոտրեր դրանց իմաստ գտնելու փորձերի վրա: Բառախաղեր բառարմատներով, կատարյալ հանգերի փնտրտուք, երկակի իմաստի դրսևորումներ այնտեղ, որտեղ բացարձակապես այն բացակայում է… Տեր Աստվա՜ծ, միթե պոետական ներշնչանքը կարող է այսպիսի այլանդակ դրսևորումներ ունենալ:
Ժամանակի ընթացքում մեր շփումները ձեռք բերեցին հիվանդագին կապվածության բնույթ: Արդյունքում՝ նա սկսեց ավելի լավ գրել: Դարձյալ նա ձգտում էր ցույց տալ ինձ իր գրվածքները, բայց արդեն երբ տրամադրված էր կամ փող ուներ: Դիտողություններիս արդեն շատ քննադատաբար էր վերաբերում, անմիջապես դրանք չէր ընդունում, բաժակս էլ գինի էր լցնում ոչ նախկին հաճկատարությամբ: Ընդ որում, տեղի-անտեղի հայտնում էր, որ այսինչ կամ այնինչ բանաստեղծն իր գործերի մասին ասել է այս կամ այն: Նրան ավելի շատ հետաքրքրում էր իմ արձագանքը՝ բավականին հարգարժան գրողների կողմից իր ստեղծագործությունների մասին հայտնած կարծիքներին: Բարեկամս արդեն անվերապահ չէր ընդունում իմ խոսքերը, իսկ հաշիվը փակելիս հապաղում էր՝ ժամանակ տալով ինձ, հավուր պատշաճի, բաճկոնիս գրպաններում էքսկուրս կատարելու համար:
Ամենազարմանալին այս պատմության մեջ այն էր, որ ես սկսեցի նկատելիորեն վատ գրել: Իսպառ անհետացել էր նախկին ներշնչանքս: Հանգերի հոսքը չէր ճախրում, փլուզվել էր մտքիս կառուցիկությունը, բթամիտ բարբաջանքը ավելի ու ավելի էր պարուրում ասելիքս: Թեթևաթռիչք մուսաներն այլևս չէին ոգեշնչում ինձ. ասես ինչ-որ անբացատրելի պարտավորվածությամբ ես կաշկանդված լինեի բութ ու ապաշնորհ մեկ այլ ուժի կողմից:
Իսկ գրական մամուլում արդեն հաճախակի հայտնվում էր բարեկամիս լուսանկարը և նրա մասին խոսում էին եթե ոչ հիացմունքով, ապա որպես մեծ հույսեր ներշնչող պոետի մասին: Նա ավելի ու ավելի հազվադեպ էր զանգում ինձ, ավելի ու ավելի քիչ էր խոսում իր «բարբաջանքի» մասին, ավելի ու ավելի հաճախ էր կես խոսքից ընդհատում ինձ՝ ավելի ու ավելի չկամորեն բաժակս գարեջուր լցնելով:
Ես չէի կարողանում հասկանալ՝ ո՞ւր կորավ իմ ստեղծագործական ազարտը, ինչո՞ւ են իմ գործերը դարձել գորշ ու բարբաջալից: Փորձում էի ինքս ինձ համար բացատրություն գտնել՝ իբր ես արդեն պատանյակ չեմ, կյանքի փորձ ունեմ և իմ ստեղծագործություններն ավելի հասուն են դարձել: Բայց և հիանալի զգում էի, որ այդ բացատրությունը իրական հիմք չունի: Սարսափում էի ինքս ինձ խոստովանել, որ բարեկամիս հիմար «բարբաջանքն» է զավթել գիտակցությունս… որ փորձելով կարգի բերել նրա կցկտուր մտքերի ու տողերի խառնաշփոթը՝ ինքս խճճվեցի, այդ կպչուն սարդոստայնում թողնելով իմ ստեղծագործական մտքի լավագույն մասը:
Իսկ բարեկամս արդեն գրական մրցանակներ էր ստանում և ինձ այլևս չէր զանգում…
Մի անգամ, երբ համառորեն ինձնից վանելով այդ կպչուն, մաղձոտ «բարբաջանքը» և անմարդկային ճիգեր գործադրելով փորձում էի գրել հերթական բանաստեղծությունը, հնչեց հեռախոսի զանգը: Բարեկամս էր… գերազանց տրամադրության մեջ ինձ հրավիրեց շքեղ ռեստորան: Նախորդ օրը երկրի նախագահն անձամբ էր նրան պարգևատրել գրականության մեջ ներդրած մեծ ավանդի համր: Լավ ուտել-խմելու հեռանկարը միանգամից վերջ դրեց իմ ստեղծագործական տվայտանքներին և ես հաճույքով համաձայնեցի: Նրա ուղարկած տաքսու դեղին խորանարդիկներով սև մեքենան ինձ տարավ անծանոթ փողոցներով: Ոսկեզօծ ռեստորանի փայլն ու վառ լույսերը աչք էին կուրացնում: Սեղանների արանքով դես ու դեն էին սլանում բարեկազմ մատուցողներն ու հմայիչ մատուցողուհիները: Մեզ համար սեղան էր պատվիրված: Բարեկամս իրեն անկաշկանդ էր պահում և իր ստեղծագործությունների մասին իմ կարծիքն այլևս չէր հարցնում: Ներկաների ուշադրությունը միայն նրան էր սևեռված… նրան ճանաչում էին, նա փառքի գագաթնակետին էր: Բարեկամս պատմում էր, թե ինչ արագությամբ գրականության մեջ առաջ գնաց և հիմա արդեն միջազգային ճանաչման է հասել: Անշուշտ, իմ խոսքը նրա համար ևս կարևոր է, այլապես իրեն չէր ծանրաբեռնի նման բարեկամությամբ: Ինչ-որ բան նրա խոսքերում ինձ ավելի ու ավելի դուր չէր գալիս: Մենք շամպայն խմեցինք, կերանք… Հետո ես ասացի՝ իսկ ի՞նչ անեմ էն «բարբաջանքի» հետ, որ նա թողել է ինձ մոտ և հետ վերցնելու միտք էլ չունի: Սկզբում նա ծիծաղեց ու ձևացրեց, իբր չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Բայց ես արդեն բավական խմել էի և բութ համառությամբ պահանջում էի, որ նա ազատի ինձ իր «բարբաջանքից»… Ինձ ու ինձ էլ մտածում էի՝ մեկ էլ տեսար հաջողվի տաղանդս հետ բերել: Նա կարծես կարդաց մտքերս… հանկարծ գունատվեց՝ ռեստորանային վառ լուսավորության ներքո դառնալով ճեփ-ճերմակ: Այդ պահին ես տեսա ու հասկացա, որ նա մեծ է ինձանից մի ամբողջ հավերժություն:
Ճմռթած անձեռոցիկը ափսեի մեջ նետելով՝ նա ինձ դուրս կանչեց: Մենք դուրս եկանք այգի, որտեղ խենթություն էր անում սառը քամին: Ես գրեթե սթափված էի, բայց նորից սկսեցի «բարբաջանքի» մասին խոսակցությունը: Հանկարծ նա ձեռքը թափով առաջ բերեց ու հարվածեց դեմքիս: Ձեռքերս տարա դեմքիս… արյունոտվեցին: Նա հայտարարեց, որ վերջ մեր ընկերությանը, ինքն այլևս ինձ չի զանգի և պահանջեց, որ ես երբևէ չհամարձակվեմ անհանգստացնել իրեն: Կատաղությունից ինքս ինձ կորցրի, գետնից մի քար վերցրի ու խփեցի նրա գլխին… Եվ այլևս ոչինչ չեմ հիշում:
Հաջորդ օրը ռադիոն և հեռուստատեսությունը միայն այն մասին էին խոսում, որ անհայտ մոլագարի կողմից սպանվել է մեծ բանաստեղծը…