***
Ալեկոծումն ափ չունի,
և ծփացող ծովը իմ պատուհանագոգից փողոց է թափվում`
որպես կեղտաջուր:
Ես հավատս կախել եմ պարանից,
որ բորբոսից ժամանակի չորանա…
Այդպես Հուդան է իր հոգին փրկել դրախտից…
***
Երբ կարոտը
թմբկահարում է կուրծքս և մերկ շրջանակը կոնքերիս,
քո մատներն ինձ փրկում են անմեղությունից…
…դանդաղորեն մաքրում եմ շիկնանքը այտերիս
և խոնարհվում շուրթերիդ տապին…
Ներիր, Տե՛ր,
անկարող եմ կին լինել և սուրբ` միաժամանակ…
***
Հուսալքությունը ծաղրանկար է` իմ տան պատից կախված`
ինչպես Հուդան` ծառից,
լուսաբացը` երեք աքլորականչ`
դժոխքի մեջ` վերին և քո աչքերի…
իսկ ես կարոտ չունեմ,
ինչպես Հուդան` հարություն դժոխքից.
նա պարանի մեջ իր կյանքն է կորցրել,
ես` շուրթերս` այլ մաշկերի ու համերի մեջ`
մինչ քեզ էի փնտրում…
***
19:00… Լուրերի հատուկ թողարկում.
գեր մսավաճառի սերմնահեղուկը
ժայթքել է մուրացկանուհու բռերի մեջ,
հարսանեկան շքերթն ուղեկցել է մահվան թափորին,
շինարարական մեքենաները քանդրտել են նորակառույց երկնաքերները,
քամին օդ է հանել մանկասայլակները դատարկ,
դիակիզարան են տարել գերեզմանաքարերն անգամ…
պետք է պայթեցնեն բոլոր կուսաթաղանթները,
որ պառաված օրիորդները չխելագարվեն,
պետք է բռնաբարեն բոլոր մայրերին`
վրեժխնդիր լինելով արտերկիր մեկնած ամուսիններից,
պետք է պղծեն բոլոր սրբավայրերը նրանք,
ովքեր չեն ներել Հովսեփին`
իր տեղը սուրբ հոգուն զիջելու համար…
Տեր,
թո՛ւյլ տուր ընդդիմանամ այս աղմուկին…
***
Մանկան պես
հայացքդ կախվում է իմ փեշերից
և քաշում վա՛ր… վա՛ր…`
անզոր մերկացնելու ազդրերը ձիգ…
կոնքերը նաև…
Մի՛ հետապնդիր այդպես տիրական…
***
Ժամանակը զսպում է տիեզերքի ճիչը,
ես` ատում եմ սլաքների քայլքը և վայրկենաչափերը մայթեզրի,
որ հավիտենականությունը կլանում են վերջից սկիզբ…
Փշե ապարանջան կրեմ թերևս,
որ ճիչս առաձգական լինի,
անանձնական նաև…
***
Սողացող անիվները
ջնջում են հետքերը իմ քարքարոտ փողոցների
ոտնաթաթերիս հիշողությունից…
Բառերի հեռավորությունից դատարկվում են շուրթերս
և մելամաղձիկ կարոտը ծեփում կաշվե ներբաններին…
Լռե՛ք,
երբ առավոտը բարձրահարկերի տանիքին հոշոտում է անցյալի դին,
երբ սպիտակ սավանը` ինչպես տենդ,
պղտորում է հյուսվածքները պիրկ մարմնի
և լաթի պես նետում աղբամանը….
Ես մասնատում եմ մարմինս`
ադամական ձևից ազատվելու համար,
և աղաղակում փայտե կողի մասին…
***
Մանուկներ,
որ ժայթքում են ցեխոտ գետնուղիներում,
միզահոտից խունացած սալահատակների արանքում,
տեղ-տեղ ծեփը թողած պատերի երկայնքն ի վար,
տապից խունացած ասֆալտին…
Եվ շիկացած կույսեր,
որ ամեն օր դատարկություն են վիժում,
և չորացած արգանդի փշուրներ…
Ընկերքի մեջ հոխորտացող այս աշխարհի
ցավը ես սեղմում եմ ափերիս մեջ
և օրոր ասող վարժ մոր պես փարում կրծքիս…
Տե՛ր, ների՛ր, եթե կարող ես…
***
Ես մահն ընդմիջել եմ իմ ծնունդով`
որպես կորած ցեղախմբի վայրի մնացորդ,
որ լուսաբացը իմ փեշով ծածկեմ
և պտտեմ իմ կոնքերի սկավառակը մայրամուտի երկայնքով:
Տե՛ր,
թո՛ւյլ տուր հրաժարվեմ հարությունից,
քանզի պաշտում եմ մութի մեջ գալարվող մարմինն արու,
որ տոթը փնչացնում է տաք ռունգերով
և կլանում շուրթերս…
***
Ես կորցրել եմ անունս, նաև քավարանի հասցեն.
մեղքեր ունեմ որոշ ակնաբիբերիս և բաց կրծքերիս շրջանակի մեջ,
որ չեն ուզում լքել մարմինս`
ինչպես հավատարիմ շունը` տիրոջը…
Եւ բորբոսը քերում եմ անցյալից,
որ մաքուր է` ինչպես Մարիամը Մագդաղենացի…
(Ձեզնից անմեղը թող քարեր նետի իմ
պատշգամբին, երբ ես քնած եմ):
Հավիտենությունը սահմանափակ է
և ուղղությունը կորցրած գնացքի պես
դրախտի մեղավորներին տանում է … գեհեն:
-Բարև՛, թերևս…
***
Գարշահոտը գլորվում է վեր
և գինդերի պես ծանրանում ականջիս.
սո՛ւս, լսում եմ`
լեշերը պատառոտվում են սուրացող անիվների տակ
և ձուլվում ասֆալտի տապին,
մսեղ զանգվածները մարդկային քրտնաբույր են թորում,
կեսօրվա տապը մոլեգնում է գերեզմանաքարերի շարասյան մեջ
և աղտոտում օդը մեռելաբույր ներկայությամբ,
գոյի արտանետումները երկրային դժոխք են գծագրում հողագնդի վրա…
Տե՛ր, լսո՞ւմ ես,
թե այս աշխարհն ինչպես է հանգչում ականջներիս…