էսսե

Իմ կռիվը բառերի հետ է: Նրանք են իմ թշնամիները. մարդկանց հեշտությամբ կարող եմ գրողի ծոցն ուղարկել, իսկ բառերի դեմ մարտնչելը գրեթե անհնար է: Սա քաջ գիտակցում է գրով ապրող ամեն ոք: Ասում են` լուսահոգի Խեչոյանը ամիսներով կարող էր մի բառ փնտրել կոնտեքստը լիարժեք ներկայացնելու համար: Երևի բառերը մեր՝ կիսախելագար գրողներիս աստվածներն են: Նրանք ճանաչում են մեզ ավելի լավ, քան մեր հարազատները, սիրելի կանայք, սիրուհիներն ու ընկերները: Ըստ իս, իրական գրականությունը անկեղծ բառագրություն է: Ինքս ինձ բառագիր եմ համարում: Երբեմն ինձ թվում է, թե բառերը (գրողը դրանց տանի) ընթերցում են մեզ, մեր ճղճիմ կյանքը, նրանք սողոսկում են ենթագիտակցական ամենաանտեսանելի շերտերը: Սկսվում է զգայական փոթորիկ: Բառերը ամենաարդյունավետ զինատեսակներից են: Գոյություն ունեն օրգանական և ոչ օրգանական բառեր: Առաջինները մենք արտաբերում ենք մեր կյանքի առաջին տասնամյակում` սկսյալ թոթովանքներից: Հետո սկսվում է շաբլոն բառերի փուլը` դպրոցական լեքսիկոն, բակային հայհոյախառն սլենգ, սիրային պաթետիկ ֆրազներ: Հաջորդ փուլն ավելի հասուն է. բառերը սկսում են հստականալ ու դառնում են ֆորմալ, բառամթերքի պաշարը ընդլայնվում է՝ հասարակական պահանջմունքներից ելնելով: Մյուս փուլում, եթե կարելի է այդպես ասել, բառերը պարտադրված կյանքի արգասիք են: Կգամ, կբերեմ, կհասցնեմ, կսիրեմ… Ընտանեկան պարզունակ մոդելը մեզ սովորեցնում, երբեմն էլ պարտադրում է անցնել պարկեշտության բառապաշարի: Անհատը քամելեոնի պես կլանում է սոցիալական նորմերի ամբողջական փաթեթը, որը գրողի ծոցն է ուղարկվում շատ շուտով: Պոռթկումները անհատի մեջ ծնում են ազատության մարմաջ, ինքնաճանաչողության պահանջ: Կոնֆլիկտները ձևավորում են ինքնապաշտպանական մեխանիզմներ, ճիշտ ընտրված բառերը բանալի են դեպի հաջողություն: Իրականում մարդկանց մեծամասնությունը նման է չգործածվող բառերի: Չգիտեն իրենց արժեքը, նշանակությունը և մնում են աննկատելի դոմինանտ բառերի կողքին: Հաջորդ փուլում սկսվում է տարածական բառերի ժամանակահատվածը, մենք կորչում ենք բառերի քաոսում, չստացված բաղձանքների համար գտնում ենք մեղավորների: Հետո երևան է գալիս սպառվող բառերի վերջին ժամանակահատվածը. վատնում ու սպառում ենք մեր բառափոշու ողջ պաշարը, կառչում ենք բառի հիշողությունից՝ փնտրելով ժամանակի անողոք հայելում մեր թավշե մաշկն ու ծաղկուն երիտասարդությունը, ու մեզ գալիս են փրկելու սփոփող բառերը: Մահը հիշում է բոլորիս անունները. նա հայտագրում է մեր վախճանները նախօրոք: Մահը միակ բառն է, որի համար մի կարգին հոմանիշ չգտնվեց: Ժամանակը մոռացության վիհերում թաղում է բառի հանճարներին, բայց բառերը ունեն մի հրաշալի, անդավաճան սիրուհի ու դաշնակից. դա երաժշտությունն է, ու նրա շնորհիվ փրկվում և անարգելք շրջանցում են ժամանակի մակընթացությունը: Տիեզերքի սկզբնակետը հնչյունն է, իսկ բառը աշխարհի արձագանքն է: Այժմ բառերի էվոլյուցիայի ճիշտ ժամանակն է, ոչ օրգանական բառերի դարաշրջանն է, մետաֆորների ու միֆերի այս քաոսում բառը շարունակ տրոհվում է մարդկային ու տիեզերական անըմբռնելի պարադոքսների մեջ: Հիմա ցանկացած հիմար կարող է զարմացնել ու տպավորել մի հետաքրքիր բառով կամ մի բարդ տերմինով: Իմացականության բախում կլինի շուտով, բայց միշտ կհիշվեն ու կարտաբերվեն ամենապարզ ու սպասված բառերը` բարև, ների՛ր, սիրում եմ: Ուզում եմ մի հարց տալ ձեզ: Հավատո՞ւմ եք այն ամենին, ինչ կարդացիք այս էսսեում: Այն, ինչ կարդացիք, իմ սուբյեկտիվ բառերից կազմված դատողություններն էին: Չեմ ասի, թե ստում էի, բայց խնդրում եմ չմոռանալ` բառերը ստեղծվել են հերքվելու համար:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն