Այնտեղ արդէն զղջումը անօգուտ է։
Մեսրոպ Մաշտոց
Մի քանի ամիս ձգվող ստեղծագործական անգործությունից դուրս գալու ու մի քիչ էլ շարժվելու ցանկությամբ որոշեցի կինո նկարել նարդի պատրաստող ընկերներիս մասին. մտածեցի, որ տղերքի հետ կշփվեմ, կնկարեմ ու կարող ա մեջս ինչ-որ բան շարժվի, էս կլանող անգործությունը մի ձև մաշացնեմ՝ տեղը ընկնեմ։ Մինչև էդ մտքին հանգելն անընդհատ մամուլ էի կարդում, ինչ ասես, tv mol-ից բռնած մինչև «Բազմավեպ»։ Էդ ինչ-որ ներքին հանգստություն էր տալի, իբր ինչ-որ բան անում եմ. հեչ որ չէ, գոնե նյութ եմ հավաքում ապագա վեպի համար, ինչ-որ տեղից դուրս կգա. բայց դե անցավ երկու տարի, ինչ բանակից էկել եմ ու մի տեսակ չի գրվում, մի տեսակ լռվե մնացել ա, դե, երևի, էդ էլ ա պետք։
Մի խոսքով ընկերոջ՝ sony-ն վերցրեցի ու գնացի նարդու ցեխ՝ Չորրորդ գյուղ։ Նախկին Օրբիտա գործարանի առաջի հարկում էր ցեխը, տղեքը լավ էին, օպտիկայից հուշտ չէին լինում, ասում-խոսում էին, բայց դե եսիմ լավ դոկ կհելնի՞ որ, չգիտեմ. դե էդ հեչ, էդ չի, որ ինձ բրդեց էնտեղ, էդ օրը մի տեսակ մռայլ էր, մի տեսակ հոգի խառնող օրեր, դուրս շպրտող օր ու եթե չշարժվեի տեղիցս, երևի արձան կդառնայի։ էդպես տղեքի հետ շփվեցի ում չէի ճանաչում ծանոթացա, հետո հելա գործարանի վերևի հարկերը, ասեցին զգույշ լինեմ պահակները չտեսնեն. շառ բոզի տղեք են, էն օրը մեկին բռնել են ահագին բան են վզին թողել: Ավերակների գեղեցկություն, տպագրական մեքենաներ, հին ջերմուկի ու կոլայի շշեր, սովետական կահույք, գրասենյակային գույք, մեխանիզմներ, ոնց որ ռադիո էին սարքել էստեղ կամ տենց մի բան, Լեոնտևի նկարներ կպցրած պատին մտածեցի. «Կարելի ա էստեղից սկսել կինոն, էդպես Լեոնտևի դեմքից դանդաղ իջնել ոտքերիս տակ՝ Rotmans ի բաց բերանին, ապա մի քիչ աջ անել որ փոշու մեջ կորած ԻՐԱՎՈՒՆՔ թերթի վրա Զորի Բալայանի միջինասիական ժպտուն դեմքը երևա ու կողքի գրածը` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆ Չէ, տակի խաչբառը` Լեհերեն պարոն… Սիրո կասկած… Զևսը ազգությամբ… Նավի խոհարար… Սիրեկան… էս բառերը կցցվեն մի քիչ ու կսկսեմ ֆռֆռալ, խոշոր-խոշոր նկարել ավերումն ու քայքայումը, առանց տեսախցիկն անջատելու, առանց ինչ-որ հստակ ձև բռնած, ոնց ստացվի, արանքում խոշորացնելով մի ձև կհասնեմ նարդու ցեխ. յանի կյանքը, մեկ ա, վերջում խաղ ա դառնում, ինչքան էլ լուրջ բան ուզում ես լինես, քայքայվելու դառնալու ես տախտակին աջուձախ շպրտվող զառ»։ Տենց մի փիլիսոփայություն կուզեի ստանայի, բայց դե, էդ հեչ, կտրտելու հարց ա, չնայած ի՞նչը կտրտելու հարց չի որ։ Լավ ֆռֆռացի գործարանում` հոգնեցի, իջա տղեքի հետ հաց ուտելու, Թաթուլի «Բանալի» երգն են դրել, բոլորս մի տեսակ սիրահարված ենք թվում, ու սովից փախածի պես երշիկ, պանիր ուտում։ Տղեքից մեկն էլ մանանեխ ա սարքել, լրիվ բոմբ՝ թոքերը ծափ են տալիս (տենց մի բան էլի), հետո նկարում եմ` ոնց են փորում, ներկում, լաքում, Մասիս, կարիճ, առյուծ, եկեղեցի, վագր, Խոր Վիրապ, վասմի. տենց բաներ էլի, էն, ինչ ծախվում ա, էն, ինչ սիրող, հարգող ունի։
Էդպես մտքումս ինչ ասես գծում եմ, թե ոնց կարելի ա տեղը գցել էս նկարածը, էլի կադրեր են պետք երևի, մի քանի անգամ էլ պետք ա գալ, բայց դե համ էլ ներքուստ գիտեմ, որ դժվար թե խորանամ. մեկ ա էս ինչ-որ քողարկված փախուստի փորձ ա, մի ծեծված ու ի սկզբանե դատապարտված փորձ, բայց դե գոնե կցրվեմ. պիվա, արաղ կխմեմ տղեքի հետ, կյանքի պատմություններ կլսեմ, առօրյա բոցեր, քֆուրներ… տենց մի քանի օր էլ կանցնի, մի բան կբացվի. հո չի մնա էսպես։ Էդպես անորոշության մեջ աջուձախ էի անում ցեխում, մեկ էլ ընկերս ձայն տվեց. պապու թողած Քանաքեռի չսեփականացրած հողը ծախող ա գտել, պիտի գնա Կվարտալ, տենա էդ մարդկանց, հազիվ կպել ա ոնց որ։ Ուզեցի հետը գնալ. բան չկար անելու, մութն էլ ընկել էր, նարդու ցեխում էլ չէի կարում մնալ. շունչս կտրվում էր փայտափոշուց։ Տաքսով հասանք Կվարտալի Սիթիի մոտ, զանգեցինք, եկան, դիմավորեցին մեքենայով։ Խուճուճ տեղերով հասանք շենքի բակ, մտանք նկուղային հարկ, որ, պարզվեց, արվեստանոց ա, բայց էնպես կոկիկի մեջ` ամեն ինչ իր տեղում, անփոշի, տեղով արվեստագետի արվեստանոց էլի, մաքուրի մեջ, ձեռք չտված, չներկոտված, նկարներն էլ թարախ գույներով, անճաշակ բաներ` ինչ-որ ցցված մազերով կնիկ, որի ակնոցներում ատոմային ռումբ ա պայթում, թարախ կարմիր ֆոնի վրա սևամորթի դիմագիծ կամ լողափին պառկած մերկ աղջիկ, տակն էլ ժպտացող շնաձուկ. էդ իր Թիֆլիսի քաձն էր, լավ աղջիկ էր, պռոստը դայաղ, էն, որ գնա գալիս եմ դայաղ, դրա համար էլ ակուլա ա իրան ասել, — խիշնի՛կ էլի, բռա՛տ, խիշնի՛կ։ Ընկերոջս պապը Քանաքեռ գեսի մոտ լավ հողեր ա հետ գցել, բայց հավես չի արել սեփականաշնորհել։ էս ընկերս էլ գրին ա շահել, վիզ փոխ ա պետք ու ծախում ա։ Էս պոնչո նկարիչն էլ իրանց էնտեղի հարևանն ա ու իր ծանոթինա ա բերել, որ առնի։ Տենց խոսում են բան, գին են հանում գցում, մեկումեջ պոնչոն մատով ցույց ա տալիս իր հավաքածուի կողմը, նկարներից ա պատմում՝ թե ում ինչքանով ինչ ա ծախել, դարակներում լիքը արժեքավոր բաներ ունի, հին թրեր, գրքեր, արձանիկներ. մենակ իրա նկարներն էին փչացնում մթնոլորտը, բայց դե համ էլ ինչ-որ ռաբիս կայֆ էին տալի։ Խոսակցության մեջ իմացավ, որ գրող եմ. — «Բռա՛տս, ես հայերեն գրել, կարդալ չգիտեմ, Թիֆլիս եմ ծնվել մեծցել, բայց, որ իմ պատմությունը ասեմ, գրես Բեսթսելլեր կդառնա, պրոստը չեմ կարա էսպես ափաշքյարա ասեմ, պիտի առանձին գաս մոտս. ես ասեմ դու գրես էլի: Ապե դե նայի. ինչքան նանար կա նկարած, սրանց սաղին ճամփել եմ, բայց էդ պատմությունը ուրիշ ա, մի չորս հարյուր էջ կդառնա, էդի ո՞նց ասեմ ընգերս, որ ջոկես, յուվիլեռնի ա էլի, էն որ՝ գնացեք, մեզ էլ երբ տնգեց կգանք էլի»։ Էդպես առանց սպասելու պատասխանիս՝ թեման փոխվեց թղթաբանությունից խոսեցին, մեկ էլ պոնչոն մտավ. «Բա տղեք, սաղ թամամ ա, ձեռ ձեռի տանք ոնց պայմանավորվանք: Բա հետո ախպերներս տունը անտիկվար բաներ չունե՞ք, դրա գործն եմ անում էլի, հին գրքեր էլի` Նարեկ ա, բան ա։ Էն օրը մի հատ վագրի մորթի ծախի, բայց գանգով էլի, չերեպը վրեն էլի, էդ թանկ ա մինչև 30 հելնում ա, բայց դե մեկից 500-ով էի վերցել, վիզ պետք էր էդ տղուն ես էլ շատ չմտա. էրկուսով տվի, գնաց էլի, եթե ունեք լավ վեսովի բաներ, կզանգեք հարմար գներով ատկանցա դականցա անենք»։ էդպես հետո շատախոսության մեջ ընկավ, սկսեց իրա հավաքածուն ցուցադրել։ «Էսի մի հատ հայ կար է, որ Մայակովսկու հետ ա տվե առե, 100 ուզում էին էն օրը չտվի, Դուդուշ էր անունը, ինչ էր, հեսա, նայի՛»։ Նայում եմ։ ԿԱՐԱ ԴԱՐՒԻՇ ԴԷՊԻ Նոր Բարձունքներ ԿԵՆԱՑ ԲԱԺԱԿԸ Հրատարակություն «ՇՐԷՇ»։ Ինչ ասես ուներ պոնչոն, բուդդաներ, հնատիպ գրքեր, թրեր, բայց դե իրա պատմությունն էր հետաքրքիր։ Ուզում եմ խոսեցնեմ, պատմի վերջը էդ ինչ թեմայա, էլ հավես չկա մի անգամ էլ մոտը գալու. վերջը էլի թեման գցեցի էդ կողմ, ասի. «Բա էդ ինչ ա է, պատմի մի էրկու բառով, հետաքրքրիր ա, կգամ, կգրեմ քո համար ջիգ ջան, բայց գոնե ասա էլի, որ կողմի վրա էս տանում»։ Էփում եմ, որ ասի. մեկ էլ հելավ տեղից. «Ապե բայց անուն-մանուն չըլնի մեջը կամ ուրիշ կդնես ամուսնացած մարդ եմ, բայց, ընգե՛րս, էս, որ գրես կբոմբես, կտաս, կավիրես սաղին, մանդարին սպիտակ քարին կանես»։ Տենց իրա ծանոթն էլ հավեսի ընկավ. բա թե պատմի, արդեն մեջներս հետաքրքրություն ես մտցրել։ «Չէ, ախպերներ, էդ մի այլ կարգի անձնական ա էլի, վաղը կգա ախպերը կպատեմ, ներող էղեք»:
Ընկերոջս հետ քայլում ենք, հիշում ա, որ էրեկ Նկարիչը զանգելա ասել. «Ախպերս, շան սիրահար եմ, մի հատ շուն եմ տեսել 200 դոլար։ Էս իմ քյոմագը որ ըլնի վաղը, եթե կարաս 200 տաս էլի, գնամ վերցեմ էդ շանը, գժի պես սիրտս կպելա»: Ընկես էլ. «Հա բա ոնց»։ Էդպես էլի բոցեր ա պատմում, ես էլ մի քիչ խմած, լավատեսության գիրկն եմ ընկնում, մտածում եմ վաղը կգնամ կպատմի, կարող ա լավ բան լինի էլի, հետաքրքիր փորձ ա. շատ էլ, որ գրողին գրագրից չի տարբերում, կարևորը պահն ա, էնպես բան կարաս բռնես, որ ամեն ինչ տեղը գցի, բայց դե վաղը էկավ իր հետ ինչ-որ անհասկանալի անշարժություն ու հիասթափության պես բան բերեց ոսկորներս ծանրացան, չգնացի նկարչի մոտ բեսթսելլերը բերելու ու էդպես երևի ձեռքիցս բաց թողեցի համաշխարհային ճանաչում ստանալու հնարավորությունը, բայց դե գոնե մի բան էղավ՝ մի էջուկես պատմվածք գրեցի, որ գոնե ինչ-որ չափով մեղմեմ բաց թողածի անդառնալի զգացումը։