Ինչպե՞ս կարող է ստեղծվել նոր մի աշխարհ, առանց որի բանաստեղծությունը հիմնավորի այս աշխարհը: Եթե լույսը պիտի ճեղքի խավարը, եթե տեսիլքը պիտի հիմնավորի և դասավորի քաոսը՝ երգը պիտի ներկա լինի…
Կոստան Զարյան 
Նստում ենք իրար դիմաց,
ձեռքերիդ մեջ ծաղկած
ժամանակի խորանից
սուրճի գոլորշու տեսքով
բարձրացող լռությունս
մագլցում է հայացքիդ
անհանգրվան հեռուները,
բառերն էլի
լուսանցքում են մնում… [1]
Պոեզիայի գեղարվեստական չափանիշները տարբեր ժամանակներում բազմաթիվ գրախոսությունների, հոդվածների պատճառ են հանդիսացել: Այնուամենայնիվ, ամեն ինչից զատ բանաստեղծության գնահատողն ու արժևորողը բոլոր ժամանակներում մնում է նախևառաջ ընթերցողը: Եթե տողը, բառը դիպչել է ընթերցողի սրտին ու հոգուն, դարձել է նրա հիշողության մասը, ուրեմն՝ գրող-ընթերցող կապը, հեռակա հանդիպումը կայացել է: «Ստեղծելու» շնորհը տրվում է ի վերուստ: Այդ շնորհը ստեղծագործության տեսքով գլխավոր հասցեատիրոջը՝ ընթերցողին հասցնելու ճանապարհը գրողինն է: Ռազմիկ Գրիգորյանն արդեն երկու բանաստեղծական ժողովածուների հեղինակ է («Քո բացական», 2013թ, «Հասկից մինչև հաց», 2017թ):
Սիրո, ապրումների, կարոտի, խոհերի, սեփական հույզերը բնության երևույթների հետ միաձուլելու, ապրելու, հերոսի ներաշխարհի նույնացումները բնության հետ, նրա հետ երկխոսելու, խոստովանանքի նկարագրությունները, որոնք բխում են գրողական անկեղծությունից նրա գեղարվեստական աշխարհը բնորոշող կարևոր առանձնահատկություններից են, որոնք ինքնատիպություն են հաղորդում նրա բանաստեղծական գրչին: Տարբեր գեղարվեստական միջոցների փոխաբերությունների, այլաբանությունների համեմատությունների կիրառմամբ բնությունը շունչ է առնում, կերպավորվում: Բացվող առավոտի մեջ սիրած էակի աչքերի մեջ տեսնել «մեռնող գիշերը», շուրթերին՝ «ծաղկող լույսն այգաբացի», այնուհետև «բռնել մազերի մեջ հոսող քամին», «աչքերի մեջ շոշափել Աստծուն». այս բոլոր նկարագրություններում տեսնում ենք սերը իր արտահայտությամբ. «Ամեն վայրկյան լինելու չափ շատ հոսել քեզանում//և սերմացու ցորենի պես//սպառվել քո մեջ՝ սրտումդ ծլելու համար…» (էջ 105): Ապրված հույզը, որ վերածվում է բառի, բանաստեղծական տողի, զերծ է արհեստականությունից:
Նրբորեն հյուսված բառերը բնության մասնիկն են կարծես դառնում: Գարունը սիրած էակի պատկերով սենյակում «ձմեռներ է կարկատում պատերին», իսկ «մենությունը ձյունե կանաչ պատառիկներից զմրուխտ է հյուսում,//արձակում եմ անցյալի բոլոր կոճակները՝//ներկաս փրկելու համար…» (էջ 59):
Նկատելի է հողի, ծննդավայրի ազդեցությունը գրողի ստեղծագործական գրչի վրա, որոնք իրենց արտահայտությունն են գտնում նրա հայրենիքին, մանկությանը նվիրված բանաստեղծություններում: Ահա, տատի կերպարը վերհուշի ձևով հառնում է ամեն գիշեր երազի մեջ ու մտովի տանում հերոսին դեպի մանկություն.
Ճաշակում եմ տատիս գոգնոցի
Մաշված գրպանի խնձորները,
Ու մանկությունս կրկին ջուր է խմում
Խաչքարակերտ աղբյուրից: (էջ 132)
Հիշողություններն իրեն ծնունդ տվող, սնող հարազատ մարդկանց, վայրերի, գյուղի, տան մասին ամուր թելերով ներհյուսված են հայրենի երկրի հետ, որի ներկայությունը նա զգում է սրտում.
Երբ ծնողներս սեփական հողում
վաստակած մի կտոր հացը
գերադասեցին օտար երկրում
բախտ որոնելու հաճույքից,
աշխատանքից կոշտացած հորս ձեռքերում
մորս թխած լավաշի մեջ
տեսա քեզ ու սրտումս զգացի ներկայությունդ
հայրենիք…[2]
Սիրո դրսևորումների, մտահոգությունների հետ մեկտեղ հերոսը իր էությամբ ապրում է նաև տագնապները, կորստի վախը ու խոստովանում, որ «քեզ կորցնելուց հետո ոչ ոք ոչ մի տեղ//չի կարողանում գտնել և վերադարձնել ինձ//այլևս.. »[3]:
Մեկ այլ բանաստեղծության մեջ նրա հոգեկան ապրումներն են հնարավոր արտագաղթից, որոնք զուգակցում է բնապատկերների նկարագրությունների հետ. «Օրեցօր մաշվող և լեռների գրկում բազմած գյուղի գլխին//կախվել է մի կտոր արև և դողում է ցրտից//ոտքերիս տակ սահող փոքրիկ հողակտորը//արտագաղթից վախենում է այնպես,//ինչպես հասկը կարկուտից…» (էջ 79): Լռությունն ավելի է սաստկացնում սպասումը ու «փակ դարպասներին ժանգի հետ նստած ժամանակը» տաղտկալի դարձնում:
Բնության հետ քնարական հերոսի հուզական միաձուլումը ու դրանից ծնվող ներդաշնակությունը իրենց արտահայտությունն են գտնում նրա մի շարք բանաստեղծություններում: Բնությունը կերպավորվում է հայրենի երկրի շնչով: Բանաստեղծի խորազնին հայացքը ներթափանցում է բնության ամենանուրբ երևույթների մեջ՝ փնտրելով լույսը: Ահա գարունն ինքն է «կռանում հողն համբուրելու», Մասյաց ձյուներում «հայրենահոտ ծաղիկների բուրմունքն է եռում», այնուհետև «ծառերին բողբոջող ոսկեհամ արևը փարոսի պես//հալվում է գալիքի ճանապարհին՝//սերունդներին դեպի բարձունքն ուղեկցելով…
Վերևում նրանք են,
ովքեր երբեք չեն երազել բարձրերի մասին,
մնացողներին սակայն բարձունք կտակելու համար,
խավարը քողազերծելով, երկինք նավարկեցին՝
փրկելու լույսը… (էջ 76)
Մեկ այլ՝ «Արևի ոսկին» բանաստեղծության մեջ ահա «արևը ոսկի է կարում», «կայծակն արձակում է ամպի կոճակները», «մռայլ երկինքը անձրև է ասեղնագործում»: Հաջորդ դրվագում բառերի արանքում նկատվում է ժամանակի շունչը.
սառած մայթերին՝ քամուց քշված տերևների մեջ,
տրորվում է աշնան վերջին կտորտանքը,
հեռվում սպիտակ հորիզոնը բացում է
ձյունով ծրարված օրերը… (էջ 110)
Տեղ-տեղ նկարագրությունները գեղարվեստական միջոցների կիրառմամբ գրողի գրչի ու նրբազգացության շնորհիվ այնքան հմտորեն են շարադրված, որ բանաստեղծությունը նմանվում է գեղեցիկ գույներով վրձնած կտավի կամ հոգեպարար մեղեդու:
«Ուշացած ճամփորդ» բանաստեղծության մեջ մանկության հուշերը կենդանություն են առնում մայթերին թափված չոր, դեղին տերևների, «պար եկող» քամու, «հին տան անշուք պատերին թառած,//կտուրը իրենց ուսերին պահող գերանների» տեսքով, որոնցից կաթում է «մի բուռ մանկություն», ու թվում է՝ հերթով աչքիդ առաջ են գալիս պատկերները.
օրորոց,
հեքիաթ,
գրքեր,
հովվություն…[4]
Մենության զգացողությունները ամենևին չեն օտարացնում հերոսին շրջապատի ու բնության հետ, այլ արթնացնում են հուշերը, տրամադրությունները ներդաշնակում բնության խորհրդավորության հետ, դառնում մի յուրօրինակ անկեղծ զրույց ընթերցողի հետ կամ՝ միասին.
գիտե՞ս տերևները
կարապի պես են,
մեռնելուց առաջ
նրանց խշշոցը
երգի է նման:
Ճամփեզրին ընկած քարերի խռպոտ երեսին մանկության «փշրանքներն» են փայլում, իսկ «աշնան համբույրից» պտույտ գործող «ժամանակի փոշին» բարձրանում է լեռներից էլ անդին.
եկեղեցու գմբեթին նստած
պատարագ է մատուցում
սպիտակաթև աղավնին,
տատիս շնչառությունը
ծնունդ է առել իր շիրմաթմբին
աճած խոտի մեջ…
Թախծի, տրտմության տրամադրությունները չեն վերածվում անկումային հոգեբանական վիճակների, այլ՝ մղում են վերապրումի: Հոգեզգայական ներսույզ թափանցումներով բանաստեղծը քնարական հերոսի զգացածը, խոհերը վերածում է բառի, պատկերի:
Բնություն ու Աստված, որ ինքը սերն է, արտացոլված է նրա մի շարք բանաստեղծություններում: Սեր, որ շաղկապված է սեփական ծննդավայրի, ծնողների, սիրած էակի, հայրենիքի հետ: Սեր, որ օգնում է քնարական հերոսին անցնել հեռացումների, մենության, սպասումների, կարոտի, կորուստների, հիշողությունների միջով ու պահպանել հավատքը, որ «կրկին կժպտա արևը»: Հուզական անցումները, ենթարկվելով խոհական իմաստավորման, դառնում են մի յուրօրինակ ներբող՝ ուղղված նախաստեղծ բնությանը.
Երկինքը ծիածանածին կդառնա,
արևը՝ ծիածանագույն,
ջուրը՝ ծիածանահամ,
այգին՝ ծիածանամերձ,
քաղաքը՝ ծիածանակերտ…
Կբացես աչքերդ
ինձ քո մեջ տեսնելու պահին
կհասկանաս, որ անտեսանելին տեսնելուց հետո,
հնարավոր է լինում շոշափել նաև սերը… [5]
—————————
[1] Ռազմիկ Գրիգորյան, Հասկից մինչև հաց, բանաստեղծություններ, Երևան, հեղինակային հրատարակչություն, 2017, էջ 41 (այս ժողովածուից մեջբերում անելիս այնուհետև տեքստում կնշենք էջահամարը):
[2] Ռազմիկ Գրիգորյան, Քո բացական, բանաստեղծություններ, Երևան, Տիր հրատարակչություն, 2013, էջ 15:
[3] Նույն տեղում՝ էջ 15:
[4] Նույն տեղում՝ էջ 19:
[5] Նույն տեղում՝ էջ 43:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն