Ճգնաժամը եկավ հասավ երազներ:
Երազելու բան չի մնացել:
Միայն խռռոց, խռռոց ու խռռոց:
Խոռխ է կուտակվում:
Դատարկությունն անհաղթահարելի է:
Բորբոստանում մարդիկ համեմատում են ու համեմատվում: Նախանձը հյուրասեր է ու մարդամոտ:
Շնատյացները, Գինարբուքիները, Հացկերյաններն ու Նեխյալներն այն ընտանիքներն են, ում միավորում են արատավոր հանգամանքները:
Արատավոր են նաև բնությունը, ուրախությունը, լացը…Արատավոր է գոյությունը:
Մեծ ու մռայլ ու միայնակ կանգնած է դարպասը ` մեծ ու մռայլ ու միայնակ այգին փակող: Դարպասի ճակատին`ազգանունը`Գինարբուքի: Ծանր-ծանր կանգնած է հսկա տունը` մի տեսակ անգույն, մռայլ, մոռացված: Տան կողքին փռված է շունը` մեծ ու փրչոտ, ազնվական ցեղատեսակի, ալարկոտ ու ծարավ: Ջուրը նեխած է, կերը` փոշու ու հողի հետ խառնված: Բաց աչքերով, մեծ թաթը քթի վրա` սպասում է երկար ու անհույս: Ընտանիքի անդամներն արդեն որքան ժամանակ է քաղաքում չեն: Երբեմն, մեկ-երկու աղախին ու այգեպան են գալիս-գնում:
Աղախիններից մեկը Շնատյաց Քիսոն է:
Շունը անհավես ու կարճ գրմռաց: Փոշոտ լափը փոխարինվեց նորով: Պոչը շատ դանդաղ բարձրացավ վեր: Աղախնի բոլոր իրավունքներով` մտավ տուն, բայց ոչ մաքրություն անելու նպատակով: Տիկին Գինարբուքու պահարանում որոշ շորեր են մնացել: Հովազի նախշով երեկոյան հին զգեստն աղախնուն ստիպում է պահարանի դուռը ամեն անգամ բացել, հետո նույն ձևով փակել: Այս անգամ երկար բաց մնաց: Նայում է սառը աչքերով, անշարժ ձեռքերով, մաշած դեմքով ու կախ կրծքերով: Ցուցամատը թեթևակի շարժվեց, այնուհետև` միջնամատը, հետո հինգ մատները մի մարդու պես դանդաղ հավաքվեցին ափի մեջ` կազմելով մի նիհար բռունցք:
Զարդատուփեր տանը չեն թողել:
Սարդոստայնը աննկատ պարուրվեց նրա ոտքին: Նստեց փոշոտ բազմոցին, աչքը կպավ: Դատարկ պատկեր է գլխում` անգույն, անձայն, անկենդան: Փակ աչքերը չեն թրթռում:
Փակ պատուհանին է խփվում փոշոտ քամին: Երկար վարագույրները վեհանձն ձգվում են մինչև առաստաղ: Պատերը դեռ հպարտորեն կրում են հսկա կտավները: Պատի տակ բազմել է ահռելի չափերի բազմոցը` սպիտակ սավաններով ծածկված: Կաղնու սեղանը տախտակի դեմքով կանգնած է` անծաղիկ, անուտելիք, անխմիչք: Ցածր խռռոցի հանդարտ ռիթմը կենդանացնում է դատարկությունը:
Կենցաղը գլուխն է քորում մտահոգ:
Կարծես` կայծակ է `ամպրոպից խուսափող…
Այն նույն աղախինը ապրում է հացի փռի կողքին, որտեղ և գիշերներն աշխատում է որպես հացթուխ: Փռի տերը Հացկերյան Պոնչն է` բազմազավակ ու լիքոտ հայր, գրեթե հավատարիմ ու դիմանալու ամուսին: Նրա կինը սերում է Նեխյալների ընտանիքից: Նրանց հետ է ապրում նաև կնոջ ծեր մայրը` Ձնծաղիկը, ումից միշտ հին օծանելիքի հոտ է բուրում, ավելի շուտ` ծաղկամանի նեխած ջրի հոտ:
Պոնչի hացը երկար մնացել է փռին կից գործող խանութի ցուցափեղկում. սկսել է նեխել ու բորբոսնել: Պատճառը Բորբոսստանի հացաբուլկեղենի նոր խանութների ցանցն է, որը պատկանում է Գինարբուքիների դստեր եվրոամուսնուն` Հայնցին: Հասարակ չամիչով բուլկուն փոխարինել է դարչինով քաղցր, փամփլիկ մեկը, գաթային ` կրուասանը, աղի բլիթին` բռեցելը ` կարմրիկ, նրբակերտ, հյուսված ու խոշոր աղի հատիկներով պատված: Մատնաքաշն ու հրազդանը չեն էլ համեմատվում բագետի ու կիրակնորյա հացիկների հետ, որոնք երևի հատկապես համեղ են հենց կիրակի առավոտյան, անկողնում, առողջ սեքսից հետո, եվրոպական սուրճի հետ:
Շնատյաց աղախնի ապօրինի տասներկուամյա տղան առավոտյան նստած է Պոնչի փռի դատարկ բակում. սպասում է, որ մայրը նախաճաշի հացը տա, ու գնա տուն:
— Մի քիչ բորբոս կա վրան, կջոկես, նորմալ մասերը կուտես: Վաղը թարմը կառնեմ, եթե չտան: Դե գնա՜, գնա՜…
— Մա՜, տատին գժվել ա վերջնականապես:
— Վերջնականապես ու վաղուց: Գնա տուն ու քի՜չ խոսա տատուդ վրա:
— Հա, բա՛յց… էն Ձնծաղիկին պատուհանից տեսավ, ինչ ասես գոռաց հետևից… Այ պո…
— Չլսեցի՞ր `ինչ ասեցի: Գնա՜, արագացրու: Ես դեռ պիտի էն շան լափը տանեմ:
— Մա՜մ, մի բան ասեմ, չե՞ս ջղայնանա: Հայնցի կնգան տեսա…
— Համեղ ողորմությունը թող իրեն պահի: Տատդ մեռնի` չի ուտի դրանք:
Շնատյացների ցնդած տատը վագրային նախշով մի շալ ունի: Դրանով ծածկված է կախվում պատուհանից, կեղտոտ կատուն էլ`թևի տակ: Ձնծաղիկին ատում է դեռ երիտասարդ տարիներից: Չէ՜, տղամարդն այստեղ կապ չունի. մեղավորը` «պոսիլկեք» -ի օծանելիքներն են. Ձնծաղիկն այս հարցում միշտ առաջինն է եղել: Շնատյաց տատը ատում է նաև Գինարբուքիներին և մնացած` դեռևս գոյություն ունեցող ազգանուններին, որոնց անհասանելի այգիները թաքնված են մեծ ու մռայլ ու միայնակ դարպասների ետևում:
Պոնչը, լաքաներով պատված (իր կարծիքով գրեթե մաքուր) շապիկով, դուրս եկավ տանից ու քայլեց դեպի դեռևս միակ փողաբեր վայրը` հացատունը: Հանդարտ քորեց փորը, հետո գլուխը, հետո մի եղունգի օգնությամբ մյուս եղունգի տակից մաքրեց կուտակված յուղոտ թեփը: Վերջում հանեց հետույքի անցքը խրված վարտիքը:
Հինգ րոպե անց սեղմրտում էր նոր թխված հացերը:
— Չորոտ չե՞ն:
— Չորո՞տ:
— Սենց չի լինի: Կազատեմ: Տեսնեմ` ի՞նչ պիտի անեք:
— Ավելի փափո՞ւկ եք ուզում:
— Փափուկի հարցը չի: Պիտի ազատեմ: Ինչ-որ, շատ եք:
— Բայց պայմանագիր ունենք կնքած:
— Ոնց կնքել ենք, տենց էլ կխզենք: Հիմա արագացրեք, մեքենայի մեջ լցրեք հացերը, որ տանեն:
Աշխատողներն է՛լ ավելի բորբոսնած դեմքերով շարունակում են աշխատել: Դժգոհ շշուկներն ու փրփռող հոգոցները փոխանցվում են հացից հաց, տոպրակից տոպրակ, խանութից խանութ, տնից տուն: Փուռը դառնում է` փոքրիկ Բորբոսստանին մտահոգող կարևորագույն խնդիրը: Շշուկները վերածվում են մտովի ցույցերի, հոգոցները` ցածրաձայն հառաչանքների:
Հոտը գրգռում է:
Համը վերջապես հայտնվում է:
Արևկող ու մաքուր փողոցում բացվում-փակվում է մի դռնակ, որից կախված զանգակների զվարթ ձայնը հիշեցնում է անհասանելի ու մեծ երկրները: Հայնցի տաք բռեցելները քրտնում են թղթյա տոպրակիկներում, բուրում սոված քթերում, տարածվում միայնակ ու հսկա դարպասներից այն կողմ ու դարպասներին համառորեն ձգտող ցուցամոլ փորերում: Դատարկվում են ցուցափեղքերը, իսկ աշխատակիցների աչքերն ու ստամոքսներն արդեն հասցրել են կշտանալ:
Տարեց Ձնծաղիկը անուշ հոտերին անտարբեր չէր կարող մնալ: Բռնակը դանդաղ սեղմեց ցած, ու զգուշությամբ ներս մտավ: Նայում է չորս կողմը ու վախվորած քայլում, ասես` ականապատ դաշտի վրայով: Մի պահ կանգ առավ, բարձրացրեց դունչը, փոքր-ինչ թեքեց գլուխը և թոշնած,կնճռոտ շուրթերն իրար սեղմեց` խիստ ու քմահաճ հաճախորդի դեմք ընդունելով: Հասավ փամփլիկներին: Ապակու ետևում դրանք այնքան բարեկեցիկ են, այնքան ազնվական, այնքան ապահով: Աչքերը կկոցած` ցուցամատը սահեցնում է այս ու այն կողմ: Թրթռացող ճռռոցը դադարեց: Ընտրությունը կատարված է:
— Այս մեկը՞, տիկին:
— Այո՜:
— Վե՞րջ:
— Այո՜, դեռ միայն այսքանը… զուտ փորձելու համար:
— Խնդրե՜մ: Բարի ախորժակ: Կրկին համեցեք:
Ձնծաղիկը ոտքը փոքր-ինչ կախ է գցում, շարունակում է զննել: Այնուհետև զանգակների ներքո հպարտ դուրս է գալիս խանութից: Մաքուր փողոցի անկյունում տոպրակիկը մոտեցրեց քթին, աչքերը փակեց ու խորը շունչ քաշեց:
Շնչում է հսկան:
Գինարբուքիների դարպասը ավելի հաճախ է բացվում-փակվում: Նրանց աղջիկը վերջապես ամուսնու հետ վարձակալվող բնակարանից տեղափոխվում է այդքան ծանրացած հայրական դատարկ տունը: Պատուհանները բացվել են, վեհանձն վարագույրները լվացվել են, շունը գոհ է, կաղնու սեղանը մաքրող միջոցներով է լցված, իսկ պահարանի հին շորերը տեղափոխվել են մեծ արկղի մեջ: Քիսոն էլ բնականաբար արկղի կողմերն է պտտվում:
Ավլող-թափող աշխատակազմը արտահերթ ռեժիմով է աշխատում արդեն մի քանի օր:
Միջին տարիքի տղամարդու բազմաթիվ սպիտակ վերնաշապիկները, բարձր մեջքով տաբատները, երկնագույն շապիկներն ու բաց մոխրագույն գուլպաները պոռթկում են ճամպրուկից, որն անտեր շան նման գցած է պատի տակ:
Այսօր լոգարաններից ամենամեծը մի քիչ զարմացած է. բուրավետ ու ծիածանագույն պղպջակներ են ճախրում ու աննկատ պայթում` սալիկներին բախվելով:
Մահճակալի կյանքը նույնպես փոխվել է: Հաճախ ճռռում է արագ, բայց միապաղաղ ու ձանձրալի ռիթմով: Ձանձրալի են նաև զրույցները:
— Was it ok?
— Yes.
— Sex hält jung !
— Ի՞նչ:
— Young! With sex, remain!
— Հա՜, հա՜:
— Ha! ( Հիմար ժպիտով նայում է առաստաղին )
Չափազանց հիգիենիկ քրտինքի հոտ է լցված:
Գենետիկ հիշողության ցանկությունները:
Շնատյաց Քիսոն ու իր մեծ եղբայրը 12 տարուց ավել է, ինչ չեն շփվում, չեն էլ տեսնվում: Միայն ժամանակ առ ժամանակ հարևանության միջոցով հետաքրքրվում են միմյանցով, բայց դե` «Հենց այնպես, նրա կյանքը ինձ չի հետաքրքրում» տարբերակով: Այս բարձրահասակ, սևահեր, թուխ մաշկով երեսունհինգամյա տղամարդն աշխատանքի է ընդունվել Հայնցի հացատուն: Արկղեր է տանում-բերում, ալյուրի պարկեր ու այլ ծանրություններ:
Հայնցի կինը սկսել է ավելի հաճախ լինել հացատանը: Հետևում է աշխատանքին, կատարում հաշվարկներ, ողջունում հաճախորդներին, մի խոսքով կարոտ է ոչ հիգիենիկ քրտինքին` խառնված տաք հացի հոտի հետ, որը փայլում է նրա մերկ ուսերին ու շիկացած դեմքին…
Նեղ ու անհարմար կիսաշրջազգեստ, որն ընգծում է փեշի տակից դուրս եկող ուռուցիկ ծնկոսկրերը, բարակ ու նուրբ կրունկներ, որ կտկտում են պահեստ մտնելիս, հուշումներ տալիս, թեթև ու սավառնող ծիծաղ, որ թվում է` ծնվել է գինու երկրորդ գավաթից հետո, կիսաթափանցիկ բլուզ` թաքնված մոխրագույն ժիլետի տակ, որի վրա պառկել են բիգուդիի` գիշերվա ջանքերի խուճուճները…
Փախչող աչքեր, քրտինքից փայլող մաշկ, խոնավ մազեր, փոքր-ինչ ծռված ու գոհ ժպիտ, որ կարծես` ծնվել է անհարմար մտքերից, սպիտակ անթև շապիկ` ներքնազգեստ հիշեցնող, կոշտացած երկար մատներ, որ վաղուց կամ երբեք չեն դիպել սպա-կենտրոնից դուրս եկած մաշկի, կարճ ու անխնամ եղունգներ, սև գուլպաներ, որ երևում են ամառային հողաթափերի տակից…
Ողջ Բորբոսստանը խոսում է, խոսում ու խոսում…
Հայնցը շարունակում է ժպիտով նայել առաստաղին:
Բացվում է երազանքների արխիվը:
Կարծես` անձրև է:
Շնատյաց Քիսոն բակում կանգնած` մեկ ոտքին հենված, ցցել է կոնքը, որ մտել է այն հովազի նախշով հին զգեստի մեջ: Հարևանից հարցուփորձ է անում եղբորից, բայց դե` «Հենց այնպես, նրա կյանքը ինձ չի հետաքրքրում» տարբերակով: Ձնծաղիկն անցնում է ետին պլանում` քիթը մտցրած թղթյա տոպրակիկի մեջ: Կաթկթում է Պոնչի պարանից կախված չքամած շապիկը: Գինարբուքիների շունը երիտասարդ տիրուհու հետ դուրս է եկել մեծ ու մռայլ ու միայնակ դարպասներից այն կողմ, թեև կարող է կարիքներն այգում էլ հոգալ: Ճաքճքած հողը թրջվում է:
Հայնցը շարունակում է ժպիտով նայել առաստաղին:
Բորբոսստանում մարդիկ համեմատում են ու համեմատվում: