Վաղուց մարդիկ հաղորդակցվում են առանց նամակ գրելու, առանց մալուխի հեռախոսակապով, մի վայրկյանում պատկերով կապ են հաստատում և… Շատ ուրախալի է` մարդկությունը զարգացել է: Զարգացել է նաև գավառը, սակայն մի գյուղ կա, որտեղ ո՛չ բջջային ծածկույթ կա, ո՛չ ճանապարհ, ոչ էլ հեռուստատեսային ազդանշան, չնայած էս գյուղացիներն էլ իրենց հերթին են զարգացած ու դիտում են բացառապես արբանյակով հաղորդվող հեռուստատեսային ալիքները: Բոլոր գյուղերի պես գյուղ է նաև Ճ. գյուղը, միայն նշված մի քանի տարբե րություններն են, ու մեկ էլ էս գյուղում է ապրում Փառանձեմը: Ճ. գյուղացիներն էլ իրենց հոգիները կրակն են գցում և զավակներին ուղարկում են մայրաքաղաք` սովորելու ու մարդ դառնալու, չնայած քաջ գիտակցում են, որ նրանք միայն համալրում են գործազուրկների շարքերը: Զարմանալի խանդավառությամբ սովորելու են ուղարկում աղջիկներին (անհեռատես ներդրում): Կան ուսանողուհիներ, ովքեր իրենց արդարացնում են, կողմնորոշվում են և նույնիսկ աշխատանք են ճարում ու, միանշանակ, ուրախացնում են ծնողներին` թքած, որ էդ գործը պարզապես ճարպակալած շեֆին սուրճ եփելն է, մեկ էլ դպրոցում սովորածը մոռանալու, ինստիտուտում էլ ոչինչ չսովորելու միջոց: Բայց արի ու տես` բոլորը չեն, որ աշխատանք են գտնում, գտնում են նրանք, ովքեր իրենց գյուղից հեռանալիս հենց առաջին ոլորանում հանում են տատի գործած բրդե գուլպաները:
Ճ. գյուղի բոլոր ուսանողների պես Փառանձեմն էլ օգոստոսի երեսունին գնաց քաղաք, գուլպաները ոլորանում չհանեց, լավ էլ սովորեց, բայց դա տևեց մի տարի, քանի որ հաջորդ տարում կարկուտը տարավ Փառանձեմի ուսման վարձը: Աղջիկը պինդ մնաց, չհուսահատվեց, կրկին գուլպաները չհանեց ու վերադարձավ հայրենի գյուղ` պատրաստ երջանկացնելու անհատ-ձեռներեց` հովիվ Թելմանի կամ նորից անհատ-ձեռներեց` պայտար Հարությունի կամ ինչ-որ մեկի տղային: Գյուղի տարբեր ընտանիքներից եկան Փառանձեմի ձեռքը խնդրելու, սակայն աղջկա հայրը ընտրության մեջ չսխալվելու սկզբունքից ելնելով, տարբեր պատճառներ հորինեց ու մերժեց: Ընկալելի չէ. կրթություն առած աղջիկը չոբանի տուն հարս ինչպե՞ս գնա կամ պայտարի տուն գնա ինչո՞վ ապրի, վաղուց ձի չկա, որ պայտի ու փող վաստակի, չնայած Հարությունը օր ու մեջ պայտում է հարևան Վարդանի էշին` խեղճ էշ, հենց էնպես, հաճույքի, հնագույն մասնագիտությունը չմոռանալու համար: Փառանձեմը գուցե ա՜խ քաշեց էն օրը, երբ պայտար Հարությունը ընտանիքով տեղափոխվեց Շվեցարիա: Հայրը ուրախացավ, որ համագյուղացին հասնելու է Շվեցարիա ու Ճ-ա վարի պայտելու է էնտեղի ձիարշավարանի ազնվացեղ ձիերին: Աճող տարիներին զուգահեռ` նվազեց Փառանձեմի ձեռքը խնդրողների քանակը. տարվա մեջ երկու-երեք ուզնկան էին գալիս` էն էլ հարևան գյուղերից: Հայրն էլի պատճառներ էր հորինում, Փառանձեմն էլ հայր-իշխանի կամքին հլու` ծամը երկար պահած ենթարկվում էր: Ժամանակը միայն Փառանձեմի տարիքը չէ, որ անցկացրել էր երկու տասնամյակից, հորը կքել էր, ծերունի էր դարձել. հաստատ թոռներին սիրում էր, բայց էնքան էր ծերացել, որ գերադասում էր վերարկուն ուսերին առած, ցանկապատը թիկնակ դարձրաց ննջելը, քան թոռների հետ մանկանալը: Եթե առաջ տարին երկու-երեք ուզող էին գալիս, ապա արդեն երկու տարին` մեկ ուզող էր գալիս: Փառանձեմը կենցաղում օգնում էր եղբոր կնոջը և խնամում էր հորը, ով առանձնապես խնամքի կարիք չուներ. ամեն օր, երբ կեսօրն անցնում էր, ծերունին զբաղեցնում էր իր մշտական տեղը ցանկապատի տակ և մինչև երեկո ննջում էր:
Կովերի բառաչը ծերունուն հուշեց, որ երեկո է իջնում, քանի որ կովերը երեկոյան են արոտավայրից վերադառնում, ծերունին սա ընկալում էր իր կյանքը շրջապատող պայմանականություն… Հարսը կպավ սկերսրայրի ուսին և կիսախոնարհ եղած բան ասեց: Ծերունին փոքր-ինչ աշխուժացավ. պարզ էր, եկել էին Փառանձեմի ձեռքը խնդրելու: Խնամախոս կինը դժբախտ էր, միևնույն ժամանակ` երջանիկ: Նրա մեծ տղան յոթ երեխաներին անտեր թողել ու անհետ կորել էր, հարսը չդիմանալով էս ցավին` գնացել էր հոր տուն: Կինը դժբախտությունից անցում է կատարում երջանկությանը և ներկայացնում, որ մեծ ու ունևոր ընտանիք են, տասը կով են կթում, երկու հեկտար բանջարանոց են մշակում, յոթ երեխա են դպրոց ճանապարհում, պատրաստվում են նշել սկեսրայրի ու սկեսուրի ամուսնության յոթանասուն ամյակը: Հանկարծ երջանիկ պատմությունից վերադարձավ իրականություն և դիմեց Փառանձեմի հորը.
— Ուզում ենք փոքր տղայիս ամուսնացնենք,- դադար է առնում, ապա լեզուն ծոր տալով շարունակում է,- շատ տներում եղանք, բայց ոչ մեկին չհավանեցինք: Ձեր աղջկա գովքը շատ ենք լսել,- ոտից գլուխ չափում է Փառանձեմին,- իսկը մեր ուզածն է:
Ծերունին ջանք է գործադրում, որպեսզի հետաքրքրվածի տպավորություն թողնի.
— Ի՞նչ է ձեր ուզածը: Կինը գործնական տոնով արտաբերեց.
— Դե՜, լավ ցեղից: Ծերունին գլխով շնորհակալություն հայտնեց, իսկ կինը շարունակեց.
— Ձեր աղջկա պես հարս եմ ուզում ունենալ` անող-դնող, մեծի հանդեպ հարգանքով, հալալ կաթնակեր: Ծերունին հազի նոպան հաղթահարեց ու հետաքրքրվեց.
— Ինչ բանի է լինելու հարսդ:
Կինը հպարտորեն, սակայն մի քիչ զարմացած պատասխանեց.
— Առոք-փառոք ապրելու է, շեն տուն հարս է գալու, իսկն իմ ուզած աղջիկն է, տանեմ էնպես պահեմ, որ… Ծերունին ընդհատում է.
— Առանձին են ապրելու՞: Կինը վիրավորված պատասխանում է.
— Վա՜յ, ի՞նչ առանձին, էդ երեխեքին դպրոց ճամփե լու պատիվը տալու եմ հարսիս, յուղի գդալը նրա ձեռքն եմ տալու,- դադար է առնում, ապա ավելի վիրավորված ու պատրաստակամ շարունակում է,- ի՞նչ առանձին, թագուհի եմ սարքելու, իշխանուհի եմ դարձնելու: Տիրում է րոպեական լռություն, որը վերստին խախտում է խնամախոս կինը.
— Ինձ հարս է պետք, հարս, որ կովերը կթի, բանջարանոցը մշակի, երեխեքի հագուստները լվանա-արդուկի, լեզու չդարձնի, խոնարհ լինի, ես էլ կսովորեցնեմ պանիր պատրաստել,- խոսքը միանգամից կտրում և դիմում է ծերունուն.- Լավաշ թխել գիտի՞: Ծերունին բացասաբար շարժում է գլուխը: Կինը աչք փակելով արձագանքում է.
— Ոչինչ, բա ես ինչի համար եմ` կսովորեցնեմ: Ծերունին բազմոցի մեջ դիրքը փոխում ու հարցնում է.
— Տղադ ի՞նչ բանի է: -Տղաս քիթ սրբելու ժամանակ չունի, գարուն-ամառ սարում ոչխարներին է խնամում, աշնանն ու ձմռանը քաղաքում կաղամբ է ծախում: Ծերունին մռայլվում, ապա հեգնում է.
— Հարս տանում ես ի՞նչ անես, որ տղադ երեսը չի տեսնելու: -Ինձ հարս է պետք,- վճռական ասում է կինը: Ծերունին համաձայնվում է: Փառանձեմն ու հարսը սեղան են բացում: Սպասքի քանակից երևում ա է, որ կինը միայնակ չէ` նրա հետ են տղան ու ամուսինը: Փառանձեմը օգնում է հորը սեղանի մոտ տեղափոխվել: Հայրը տեղավորվելուց հետո իր տղային մոտ է կանչում և ականջին ինչ-որ բան շշնջում: Տղան դուրս է գալիս: Հյուրերը ճաշակում են Փառանձեմի պատրաստած մուրաբան ու գովում են: Սեղանի շուրջ տիրող լռությունը կրկին խախտում է կինը.
— Ինձ հարս է պետք, վաղը կգանք Փառանձեմիդ ձեռքը խնդրելու: Պարզվում է նրբանկատ էլ է, առաջին այցի ժամանակ միայն ակնարկեցին, հո չի վիրավորի աղջկա հարազատներին. մի քանի անգամ պիտի գնան-գան, կարգ է: Կինը ինքն իրեն պայմանավորվեց, որոշեց, որ վաղն էլ են գալու, ապա տղային ու ամուսնուն աչքով գնալու նշան արեց: Դուրս եկան պատշգամբ: Ծերունին ուղեկցում էր, աստիճանահարթակին կանգ առան միմյանց հաջողություն մաղթելու: Կինը դարձյալ կրկնեց իր բերանացի արած պարզ նախադասությունը.
— Ինձ հարս է պետք: Ծերունին ձեռքը դանդաղ մեկնեց բակում միայնակ սեթևեթող տանձենու կողմը, որից կապված էր պայտար Հարությունին կարոտած Վարդանի էշը.
— Ձեզ ա՜յ, էն է պետք: Փառանձեմը անհանգստացած նայեց հորը: Ծերունին դիտմամբ չորսալով դստեր հայացքը` հյուրերին ցույց տվեց աստիճանները և փնթփնթաց.
— Ձեզ հարս պետք չի, էշ է պետք, էշ…