***
Ճանճը սատկել է
պատուհանիս անկյունում՝
իր բաժին սարդոստայնը
դատարկ թողնելով…
Հրեշտակները վերևից
փոշի են շաղ տալիս
կողմնացույցիս ապակուն…
Ինձ փարձակենդանի եմ զգում`
տասներեք համարով
կնքված…
Դե՜,
տե՜ս,
մինչ օրը
հովհարն էր թափահարում,
ես արդեն մի կույտ ճանճ եմ
հավաքել
լուցկու տուփի մեջ…
Ես այսօր մի տեսակ
հավատացի
մահվան լեգենդին…
Վաղը երազելու եմ նրա մասին,
որովհետև
կամ
երևի
(մոռացա ինչ էի ուզում ասել)…
Քաղաքս – ուտոպիա…
Սայթաքում եմ…
***
Ապոկալիպտիկ
սիմֆոնիա էր՝
ծանր
էլեկտրոգիթարային ռիֆերով…
Դժողքն էր,
ուստի ասում եմ.
բարի՛ գալուստ
դրախտի մոլորակ,
ուր տարեց տարի
բարակում է օզոնի շերտը…
Խազված սկավառակներին
տեսագրած կինոն
դեռ նոր է սկսվում:
Տեղավորվի՜ր հարմար,
ու վա՜յ քեզ,
թե մոռացել ես
պոպ-կորն գնել…
…նախօրոք:
Սսսսսսսսսսս՛…
Սկսվում է…
…հենց այս պահից:
***
Ածելու ծայրով
ուզում եմ զգալ
խորությունը երակներիս…
Ճզմվում եմ
սենյակիս վեց հարթություններով…
Զզվելի է…
Այսօր հայելու արծաթից
ինձ քմծիծաղ տվեց
արձագանքս…
Ուզում եմ սպանել նրան…
Մակարդվում է արյունս
զուգարանի սալահատաին…
Մինչ վերջին շունչս
ատում եմ մտքերս
երկվորյակ…