ՉԱՐԵՆՑ ԵՎ ՌԵՄԲՈՅՀամաշխարհային գրականության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն Եղիշե Չարենցը և Արթյուր Ռեմբոն: Նրանց ստեղծագործությունները շրջադարձային ազդեցություն ունեցան դարաշրջանների բանաստեղծական մտքի, հատկապես գրական նոր լեզվաարտահայտչամիջոցների և տաղաչափական ձևերի զարգացման վրա` առաջ բերելով գրականագիտական նորանոր հետաքրքրություններ:
Ռեմբոյի գրական ժառանգության մեջ ուրույն տեղ ունեն սիմվոլիստական ոճով գրված բանաստեղծությունները` «Ձայնավորները» և «Հարբած նավը», որոնք հետագայում հռչակվում են որպես սիմվոլիստական պոեզիայի մանիֆեստ:
«Ձայնավորներ» (1883 թ.) սոնետում Ռեմբոն հետևել է Բոդլերին` փորձելով հաստատել «ձայների» և «գույների» համապատասխանություններ և նրանց հետ կապակցել է մի շարք զուգորդություններ.

Ա սևորակ, Է սպիտակ, դու` կարմիր Ի, կանաչ Ու,
Օ երկնագույն. ես կասեմ գաղտնիքը ձեր ծննդյան:
Ա-ն սեղմիրան է խավոտ այն ճանճերի հուրհրան,
Որոնք բզզում են զազիր գարշության մեջ
հարաճուն:
Է-ն ծոցեր է մշուշի, գոլորշի է ու վրան,
Արքաներ է սառցագահ, հովանոցներ թրթռուն,
Ի-ն ալ արյուն է հեղված և նուրբ շուրթեր է խնդուն`
Մոլեգնության տապի մեջ և կամ արբշիռ
քավության:
Ու-ն ծածանք է ծովերի` կանաչաթուփ ու անծայր,
Եվ խոնջանք է մարգերի, կնճիռների բազմածալ,
Որ դաջում է ալքիմիան տքնողների դեմքերին:
Օ-ն Շեփոր է բարձրագույն, տարօրինակ ու
կերկեր,
Լռություն է` համակած Հրեշտակներ, Երկրներ,
— Օ-ն` Օմեգան և կապույտ շողն է Նրա աչքերի:

Այստեղ բառը բաշխված է «ձայների» ու «գույների» միջև և դադարում է պայմանականորեն` դառնալով պոետի հանելուկային տեսիլքների սիմվոլը: Ավելի ուշ գրված «Խոսքի ալքիմիան» գլուխը, որը մտավ «Մի եղանակ դժոխքում» գրքի մեջ, պատկերացում է տալիս Ռեմբոյի որոնումների «բնութագրության» մասին, երբ ստեղծվում էր «Ձայնավորները». «Ես հորինեցի ձայնավորների գույները` Ա-ն` սև, Է-ն` սպիտակ, Ի-ն` կարմիր, Օ-ն` կապույտ, Ու-ն` կանաչ: -Ես կարգավորեցի յուրաքանչյուր բաղաձայնի ձևն ու շարժումը, և բնազդական կշռույթներով պարծեցա, թե հնարել եմ բանաստեղծական մի լեզու, որն օրերից մի օր ընդունելի կլինի մեր բոլոր զգայարանների համար… Գրի էի առնում լռությունը, գիշերները, նշում էի անարտահայտելին: Արձանագրում էի գլխապտույտները» (Ա. Ռեմբո, Բանաստեղծություններ: Երևան, 1991, էջ 98):
Բանաստեղծին այլևս հետաքրքիր չէ իրական աշխարհը, նա տարբերակներ է որոնում արտահայտելու այն, ինչը թաքնված է նրա ետևում: Նրա բանաստեղծությունները ավելի երաժշտական են, ունեն անկանոն ռիթմ, իսկ հանգերը հաճախակի են փոխարինվում նմանաձայնություններով: Ռեմբոն բաց է անում «գունավոր ձայնավորների» աշխարհը, ստեղծում է «մշուշապատ պոեզիա», որով էլ նրա բանաստեղծությունների իմաստը մնում է անհայտ, իսկ ձևը` հստակվում է` մոտենալով սիմվոլիզմին: «Ձայնավորներ» սոնետում Ռեմբոն չի ներդնում բովանդակություն: Այս բանաստեղծությունը սիմվոլիստների համար հանդիսացել է նշանակետ` արվեստում իրականությունն անուղղակի կերպով արտահայտելու համար:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Ձայնավորներ» սոնետն է բանաստեղծի «պայծառատեսության» սկիզբը: Ըստ Մ. Ի. Ժուկի` «Այդ «անկանոնությունը» նրա համար է հարկավոր, որպեսզի ձեռք բերի կարողություն` իրերն ընկալելու նորովի, անկանխակալ, անմիջականորեն և ազատ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, ինչը մինչ այդ անտեսանելի է մնացել: Միայն այդ ուղիներով պետք է փնտրել նոր բանաստեղծական լեզու, որը պետք է գար փոխարինելու «հանգավոր արձակին», Ռեմբոյի կարծիքով, փոխարինելով երկու հարյուրամյակների պոեզիան` Ռասինի ժամանակներից» (Жук М. И., История зарубежной литературы конца XIX – начала XX века. М., 2011, с. 151.):
Իսկ «Հարբած նավը» (1871 թ.) հեղաշրջիչ նշանակություն ունեցավ ամբողջ ֆրանսիական պոեզիայի համար: Այս բանաստեղծությունը, որը գրական ժանրի առումով ընդունված է անվանել բալլադ, տարբեր ժամանակներում վերլուծվել է գրականագետների կողմից: Այն արտացոլում է ազատության և ստեղծագործական որոնումների խոր իմաստ և բանաստեղծի շիկացած հոգու սլացքը, որով նա ամեն կերպ փորձում էր դուրս պրծնել անցյալի ու իր ժամանակի կապանքներից: «Հարբած նավ»-ով ֆրանսիական պոեզիայում սկզբնավորեց ազատ բանաստեղծության կիրառումը (վերլիբր): Մեկ տարի անց բանաստեղծը հասնում է իր ստեղծագործության ամենաբարձր կետին` զարգացնելով ազատ ոտանավորի գրական իր տեսությունը: Հրաժարվելով դասական տաղաչափության ձևերից, Ռեմբոն ստեղծում է նշանավոր, միաժամանակ իր վերջին երկու` «Պայծառացումներ» և «Մի եղանակ դժոխքում» ժողովածուները:
«Պայծառացումներ» (1872-1873 թթ.) արձակ բանաստեղծությունների շարքը Ռեմբոն ստեղծել է այսպես ասած իր ստեղծագործական «պայծառատեսության» փուլում: Նրանում Ռեմբոն հասու է դառնում պայծառատեսության և պահպանում է «տեսանողի» իր կարողությունը: Ծավալով փոքր այդ բանաստեղծական հատվածները, որոնք առերևույթ թվում են նկարներ, խտացած են, ներկայացված են հավաք կերպով և լակոնիկ ոճով: 1871 թ. նամակներից մեկում պոետը գրում է. «Ես ասում եմ` պետք է տեսանող լինել. ինքդ քեզ ՏԵՍԱՆՈՂ դարձնել: Բանաստեղծն իրեն տեսանող է դարձնում բոլոր զգայությունների երկարատև, անսահմանափակ ու գիտակցված խանգարումի միջոցով» (Ա. Ռեմբո, Նույն տեղում, էջ 146): «Պայծառացումներ» շարքի բանաստեղծությունները զգացողություններ են, պատկերներ, հիշողության դրվագներ, երաժշտություն, մտքի և տրամաբանության ցրիվ եկած բեկորներ, որոնցով բանաստեղծը բացահայտում է «անհայտը, անտեսանելին»: Այն պոետական հալյուցինացիաների չընդհատվող, անընդմեջ հոսք է: Նա ստեղծում է իր սեփական բանաստեղծական աշխարհը` կատարելով մի յուրատեսակ վիրահատություն, որին «մասնակից» են դառնում երկինքն ու ջրերը և բոլոր իրերի ու առարկաների կաղապարները` իրենց հիմքով և էությամբ:
«Պայծառացումներ» բանաստեղծությունների շարքը, որտեղ բազմաթիվ են բանաստեղծական պատկերներն ու մետաֆորները` չունի կոնկրետ բովանդակություն: Սակայն ժողովածուն աչքի է ընկնում իր ոճային առանձնահատկությամբ, որն էլ հետագայում մեծ ներգործություն ունեցավ սիմվոլիստական պոեզիայի զարգացման վրա: Ռուս գրականագետ Լ. Գ. Անդրեևի կարծիքով` «Ռեմբոյի պոեզիան առանձնանում է հազվագյուտ բառապաշարային հարստությամբ, որը վերցված է կյանքի ամենատարբեր ոլորտներից, կտրուկ հակադրություններով, թռիչքաձև ռիթմով» (Андреев Л. Г., и др. История французской литературы. 1987, с. 401.): Այդ բոլորը որոշում են նրա բանաստեղծության բազմահնչունությունն ու բազմաձայնությունը: «Ես փորձել եմ հայտնագործել նոր գույներ, նոր աստղեր, նոր լեզու»,- ասում է բանաստեղծը: Այդպիսով, «Պայծառացումներ» ժողովածուն իր նորարարությամբ համաշխարհային գրականության մեջ դառնում է արձակ բանաստեղծության առաջին օրինակներից մեկը` ստեղծելով բանաստեղծական հարուստ ու ճկուն լեզու:
Մեծ է Ռեմբոյի ներդրումը համաշխարհային գրականության և մշակույթի մեջ, ինչը անվերապահորեն նկատելի է նաև այսօր: Ռեմբոն ունեցավ բազմաթիվ հետևորդներ, որոնք հիմնականում օգտվելով նրա լեզվական բառապաշարի և ոճական ձևերի հարստությունից, հանդիսացան եվրոպական գրականության վիրտուոզները:
Հայ գեղարվեստական գրականության զարգացման ճանապարհին նոր երևույթ էր Եղիշե Չարենցը, որն իր բանաստեղծությունների և պոեմների նորարարական շնչով գրավեց ժամանակի գրականագետների և քննադատների ուշադրությունը. «Տեսայ մի նոր մարդ, նոր նիւթ, նոր վերաբերում եւ վարժ տաղաչափութիւն»,- գրել է Ն. Աղբալյանը (Գրական-քննադատական երկեր, Պէյրութ, 1959, էջ 329):
Չարենցի վաղ շրջանի ստեղծագործությունների վրա նկատելի է եղել Տերյանի ազդեցությունը, որը դրսևորվել է ինչպես նրա բառապաշարում և տրամադրության մեջ, այնպես էլ` նրա տաղաչափության: Հարկ է նշել, որ հետագայում Չարենցի ստեղծագործության լեզվաարտահայտչամիջոցները և գեղարվեստական խոսքը դարձան էլ ավելի հարուստ և խորունկ: Նա առատորեն օգտվել է անցյալի ու ներկայի հայ դասական քնարերգուներից` Նարեկացուց, Քուչակից, Սայաթ-Նովայից, Հ. Թումանյանից, Դ. Վարուժանից, Սիամանթոյից և Մ. Մեծարենցից: «Որպես օրինակ,- գրում է Ե. Չարենցը,- ես վերցնում եմ հայկական պոեզիան` նրա անցյալով և ներկայով, որովհետև վերջինս ինձ ավելի է ծանոթ, քան որևէ այլ ազգային գրականություն: Ես տեսնում եմ այնպիսի վարպետներ… որ չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, հարկավ ոչ նրանց հանճարեղության իմաստով, այլ գույների ու երանգների, ձևի և նյութի մշակման ինքնատիպության իմաստով» (Գրականության մասին, Եր., 1957, էջ166):
Չարենցի ստեղծագործական բազմազանությունը նկատելի է նրա ողջ գրական-ստեղծագործական կյանքում, որովհետև հեղինակը ձգտել է հեռու մնալ միապաղաղությունից ու միաձևությունից: Կարևորելով Չարենցի ստեղծագործական բազմազանությունը, Պ. Սևակն իր «Ե. Չարենցը և արդիականությունը» հոդվածում անդրադարձել է այդ խնդրին, ընդգծելով իր մեծ նախորդի «դիապազոնի ահռելիությունը…» (Պ. Սևակ, Երկերի ժողովածու, 1974, հ. 5, էջ 318): Ե. Չարենցի ստեղծագործությունը աչքի է ընկնում նաև պատկերավորման հարուստ միջոցների կիրառությամբ: Հ. Օշականը ընդգծելով բանաստեղծի առանձնահատուկ տեղը արևելահայ ու արևմտահայ պոեզիայի մեջ` գրում է. «Չարենցի նշանակութիւնը կը մեծնայ մանաւանդ գոյնի ու պատկերի տեսակէտներով… Եղիշե Չարենց մինակը տուած է արեւելահայ ոտանաւորին այնքան պատկեր որքան չէ ըրած ատիկա անոնց քերթողներուն ամբողջ շարանը, սկսելով Աբովեանէն» (Հ. Օշական, Եղիշե Չարենց, Հայրենիք, Բոստոն, 1925 թ., թ. 4, էջ 42): «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որը ոչ միայն հայրենիքի մասին գեղեցիկ տաղ է և «ազգի աղոթքը», այլև առանձնանում է իր լեզվի պատկերավորման միջոցների ու ոճական հնարանքների բազմազանությամբ: Բոլոր տեսանկյուններից Չարենցի ստեղծագործությունը միտված էր դեպի գրական նոր բարձունքների:
Չարենցի ստեղծագործության տաղաչափական զարգացումն ու փոփոխությունները ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ բանաստեղծը հմտորեն տիրապետում էր տաղաչափության տեսությանն ու նրա նոր ձևերի կիրառմանը պոեզիայի մեջ: Ըստ հուշագիր Ցական Շողենցի` Չարենցը տվել է նաև տաղաչափության դասեր. «Տաղաչափությունը ոչ մի րոպե բանաստեղծը չպետք է մոռանա, յուրաքանչյուր միտք պիտի արտահայտվի իրեն անհրաժեշտ չափով ու ձևով, թե չէ ստիխը կդառնա անդեմ ու անողնաշար… Միտքը չափածո ստեղծագործության իրանն է, իսկ խոսքի ռիթմն ու տաղաչափությունը` նրա թևերը: Հրաշալի իրանի հետ պետք են նաև ուժեղ և ամուր թևեր, որ ոտանավորը կյանքի երկնակամարում թռչի բազեի նման…» (Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի, 1997, էջ 137):
Արևմտահայ պոեզիայում ազատ ոտանավորի ձևը գործածել են Դ. Վարուժանն ու Սիամանթոն: Վերջինս, սակայն, հայ պոեզիայում ազատ ոտանավորի խոշորագույն վարպետն է համարվում: Ազատ ոտանավորով ստեղծագործել է նաև Ե. Չարենցը, որ զգալիորեն օգտվելով Սիամանթոյի պատումային բնույթի ոճից, ազատ ոտանավորի տարրերը զուգակցել է կանոնավոր ձևերի հետ` ստեղծելով տաղաչափական նոր որակ:
Դարաշրջանի հոգեբանությունն ու ժամանակների կարևորագույն իրադարձությունները արտացոլելու և այդ տրամադրությունները գեղարվեստական գույներով արտահայտելու առումով հատկանշական են նաև «Դեպի ապագան» և «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ստեղծագործությունները, որոնցում նկատելի են քաղաքացիական կյանքի անմիջական շունչն ու պատկերավորման առանձնահատուկ երանգները: Վերոհիշյալ ստեղծագործությունները ևս գրված են ազատ ոտանավորով: Չարենցը հավասարազոր ձևով էր ստեղծում իր պոեզիան` հարստացնելով ոչ միայն նրա բովանդակությունը, այլև տաղաչափական արտահայտչամիջոցները, երկու պարագայում էլ ցուցաբերելով բարձր վարպետություն:
Տաղաչափության առումով Չարենցի գրական նվաճումների բարձրակետն է «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Այդ տեսանկյունից այն ունի բովանդակային ներքին հարուստ կառուցվածք և հեղինակի անցած գրական ուղու նվաճումների և դասական ավանդույթների յուրօրինակ համադրությունն է: Նրանում Չարենցը տաղաչափական խոսքարվեստը բարձրացրեց զարգացման նոր աստիճանի` շաղկապելով կյանքի իրական պատկերների հետ` նոր ուղի հարթելով հայ պոեզիայի տաղաչափական ձևերի ստեղծման համար: Հարկ է նշել, որ Չարենցի ստեղծագործական մտքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ինչպես հայ, այնպես էլ` եվրոպացի նշանավոր գրողները:
Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի տաղաչափական արվեստի գնահատմանն է անդրադարձել գրականագետ Դ. Գասպարյանը: Ըստ նրա` «… Չարենցը, յուրացնելով Նարեկացուց մինչև Տերյան ստեղծած հայոց բանաստեղծության տաղաչափական փորձը, կարողացավ մինչև ինքը օգտագործված ձևերի տարատեսակները իմաստավորել նորովի և ստեղծել բազմաթիվ նոր ռիթմական նրբերանգներ: Չարենցը ուսումնասիրեց նաև համաշխարհային պոեզիայի` արևելյան քնարերգության, Դանտեի, Գյոթեի, Պուշկինի և շատ ու շատ ուրիշների, ինչպես նաև իր ժամանակակիցների փորձը և դա ծառայեցրեց իր ստեղծագործական նպատակներին» (Դ. Գասպարյան, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, 1979, էջ 225-226):
Իսկ Պ. Սևակը գրել է. «1500 տարվա ճանապարհ անցած մեր տաղաչափության մեջ նորություն բերելը համարյա անհնարին մի գործ էր, իսկ Չարենցի բերած նորությունները շատ էին այնքան, որ ստիպեցին Մ. Աբեղյանի նման մեկին հատուկ ուսումնասիրություն գրել այդ մասին…» (Պ. Սևակ, Նույն տեղում, էջ 328):
Մ. Աբեղյանն ուսումնասիրելով Չարենցի «տաղաչափության զարգացումը» նկատել է, որ հայ բանաստեղծության մեջ քիչ կան ազատ ոտանավորներ: Սակայն ազատ ոտանավորով է գրված Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը, որից բերենք մի հատված.
Հեռո՛ւ, մոտիկ / ընկերներին,-
Աշխարհներին, / արևներին, //
Հըրանման / հոգիներին: //
Բոլոր նըրանց,
Ում որ հոգին / վառվում է վառ, //
Բոլոր նըրանց / հոգիներին / արևավառ:- //
Կյանքի՛, մահի՛ / այս ամեհի աղջամուղջում //
Ողջակիզվող / հոգիներին –
Ողջո՛ւյն, ողջո‘ւյն // (Մ. Աբեղյան, Երկեր: 1971, հ. Ե, էջ 298):
Այդպիսով, հատկապես հեղափոխական շրջանի Չարենցյան ստեղծագործությունների համար հատկանշական են եղել այն բոլոր գծերը, որոնք, ըստ էության, գալիս են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական և եվրոպական պոեզիայի ազդեցություններից` կապվելով Շ. Բոդլերի, Ա. Ռեմբոյի, Պ. Վեռլենի, Է. Վերհարնի, Ա. Բլոկի և ուրիշների հետ: Միանգամայն իրավացի է ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը, որ 20-րդ դարի ճակատը պսակող բանաստեղծական պայծառ անունների մեջ` Գարսիա Լորկայի, Կիպլինգի, Ապոլիների, Ռիլկեի, Էլյուարի, Մայակովսկու, Եսենինի և Իսահակյանի կողքին տալիս է նաև Չարենցի անունը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն