Այս ճառը Բրոդսկին կարդացել է 1988-ին` Էրբորում գտնվող Միչիգանի համալսարանի շրջանավարտների համար: Թարգմանությունն իրականացվել է ըստ Joseph Brodsky: «On Grief and Reason…), 1995 hրատարակության:
Կյանքը բազմաթիվ կանոններով, բայց առանց մրցավարի խաղ է: Մենք ավելի շատ դիտարկելով ենք այն սովորում խաղալ, քան ինչ-որ գրքեր, այդ թվում նաև Սուրբ Գիրքը, քրքրելով: Հենց այս պատճառով էլ բնավ զարմանալի չէ, որ այսքան շատերն են անազնիվ խաղում, այսքան քչերն են հաղթում, այսքան շատերն են պարտվում:
Ցանկացած դեպքում, եթե սա իմ իմացած Միչիգանի համալսարանն է` Միչիգան նահանգի Էնն Էրբոր քաղաքում, ապա կարելի է վստահորեն ենթադրել, որ դուք` նրա շրջանավարտներդ, էլ ավելի քիչ եք ծանոթ Ավետարանին, քան, ասենք, նրանք, ովքեր նստած էին այս հանդիսահարթակներին տասնվեց տարի առաջ, երբ ես առաջին անգամ համարձակվեցի ոտք դնել այս դաշտ:
Իմ աչքերի, ականջների, ռունգերի համար սա դեռ Էնն Էրբորն է. այն կապտում է (կամ կապույտ է թվում) Էնն Էրբորի նման, նրանից Էնն Էրբորի հոտ է գալիս (չնայած պետք է խոստովանել, օդում հիմա ավելի քիչ մարիխուանա կա, քան առաջ էր, ու դա մի պահ շփոթեցնում է ծերուկ էննէրբորցուս): Այսպիսով, այն ունի նույն Էնն Էրբորի տեսքն, ուր ես անց եմ կացրել իմ կյանքի մի մասը, լավագույն մասը` ինձ թվում է, և որտեղ տասնվեց տարի առաջ էլ գրեթե ոչինչ չգիտեին Աստվածաշնչի մասին:
Երբ ես հիշում եմ իմ աշխատակիցներին, երբ գիտակցում եմ, թե ինչ է կատարվում համալսարանական կրթական ծրագրերի հետ երկրով մեկ, երբ ինքս ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ հսկայական ճնշում է այսպես կոչված «ժամանակակից աշխարհը» գործում երիտասարդության վրա, ես բաղձանքով եմ հիշում նրանց, ովքեր նստած էին ձեր աթոռներին մոտ տասը տարի առաջ, քանի որ նրանցից ոմանք գոնե կարող էին անգիր ասել տասը պատվիրանները, իսկ մի քանիսը նույնիսկ կարող էին թվել յոթ մահացու մեղքերը: Իսկ թե ինչպես նրանք հետագայում վարվեցին այս արժեքավոր գիտելիքի հետ կամ ինչպիսի հաջողության հասան խաղի մեջ` գաղափար իսկ չունեմ: Ինձ մնում է միայն հուսալ, որ ի վերջո մարդն ավելի հարուստ է, եթե առաջնորդվում է կանոններով ու տաբուներով, որոնք ավանդվել են մեզ անըմբռնելի վերերկրյա ուժերի կողմից, այլ ոչ թե միայն քրեական օրենսդրությամբ:
Քանի որ, ամենայն հավանականությամբ, ձեր մասին դեռ վաղ է եզրակացություններ անել, քանի որ հաջողության հասնելն ու լավ շրջապատ ունենալն այն է, ինչին դուք, ըստ երևույթին, ձգտում եք, ձեզ երևի չէր խանգարի ծանոթանալ պատվիրանների ու մեղքերի այդ ցուցակին: Միասին վերցրած դրանք տասնյոթն են, իսկ որոշներն անգամ համընկնում են: Իհարկե, դուք կարող եք առարկել, որ դրանք բխում են մի կրոնից, որն ինքը բավական դաժանություն է պարունակում: Ինչևէ, եթե խոսենք հավատքներից, այն առավել հանդուրժողական է երևում: Այն արժանի է ուշադրության գոնե այն պատճառով, որ ծնել է հասարակություն, որում մենք իրավունք ունենք կասկածի տակ դնել կամ ժխտել նրա արժեքը:
Բայց ես ինչ-որ առանձին կրոնի կամ փիլիսոփայության բարիքը քարոզելու համար չէ, որ այստեղ եմ, ու, ինչևէ, հաճույք էլ չեմ ստանում ժամանակակից կրթական համակարգի ու ձեր` նրա ենթադրյալ զոհերի վրա հարձակումներից: Նախ` ես ձեզ չեմ ընդունում որպես այդպիսիք: Երկրորդ` որոշ ոլորտներում ձեր գիտելիքները անհամեմատ ավելի խորն են, քան իմ կամ իմ սերնդի ցանկացած այլ ներկայացուցչինը: Ես դիտարկում եմ ձեզ որպես բանական-եսասեր երիտասարդների խումբ, որ գտնվում է իր երկար ուղու նախաշեմին: Ես փշաքաղվում եմ այդ ուղու երկարությունը պատկերացնելիս ու հարց եմ տալիս ինքս ինձ` ինչպե՞ս կարող եմ ձեզ օգտակար լինել: Արդյոք գիտե՞մ կյանքի մասին մի այնպիսի մի բան, որը կարող է օգնել ձեզ կամ ձեզ համար կարող է նշանակություն ունենալ, իսկ եթե գիտեմ էլ, իմացածս ձեզ փոխանցելու եղանակ կա՞ արդյոք:
Առաջին հարցի պատասխանը, կարծում եմ, «այո»-ն է ոչ այնքան նրա համար, որ իմ տարիքի մարդը պետք է ձեզանից յուրաքանչյուրից խորամանկ լինի գոյության շախմատում, որքան այն, որ իմ տարիքի մարդը պարզապես արդեն հոգնել է շատ բաներից, որոնց դուք, ամենայն հավանականությամբ, դեռ նոր-նոր եք ձգտում: (Միայն այդ հոգնածությունն արդեն մի բան է, որի լրիվ հաջողության ու պարտության ուղեկիցը լինելու մասին երիտասարդներին զգուշացնել է պետք. այդ կարգի գիտելիքը կարող է ուժեղացնել առաջինի պատճառած հաճույքն ու գեղեցկացնել երկրորդը): Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ես, անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել: Վերը նշված պատվիրանների օրինակը կարող է շփոթեցնել ցանկացած խրատող հռետորի, քանի որ ժամանակին հենց այդ տասը պատվիրանները խրատ են եղել, բառացիորեն՝ պատվիրումներ: Բայց սերունդների միջև գոյություն ունի թափանցիկ մի պատ, հեգնանքի երկաթե վարագույր, եթե այդպես եք ցանկանում այն անվանել, պատվար, որի միջով կարելի է տեսնել, բայց կենսափորձը փոխանցելու ամեն փորձ խափանվում է: Լավագույն դեպքում` հատուկենտ խորհուրդներ:
Այնպես որ, այն, ինչ ես հիմա կասեմ, դիտարկեք որպես մի քանի այսբերգների գագաթներ, այլ ոչ թե որպես Սինա լեռան կատարը: Ոչ ես եմ Մովսեսը, ոչ էլ դուք եք հին կտակարանային հրեաներ. ասածս ընդամենը դեղին տետրակում արված անկանոն նշումներ են ` խզբզված ինչ-որ տեղ Կալիֆորնիայում: Արհամարհեք դրանք, եթե ցանկանում եք, կասկածի ենթարկեք, եթե հարկ կա, մոռացեք, եթե այլ կերպ չեք կարող. ոչ մի պարտադրանք չկա այստեղ: Եթե, այնուամենայնիվ, ասածիս մի մասը ձեզ պետք գա հիմա կամ ապագայում, ես ուրախ կլինեմ: Եթե ոչ` չեմ բարկանա:
1. Ե՛վ այժմ, և՛ հետագայում, կարծում եմ, իմաստ ունի կենտրոնանալ ձեր լեզվի ճշտության վրա: Աշխատեք ընդարձակել ձեր բառապաշարը, դրա հետ վարվելով ճիշտ այնպես, ինչպես ձեր բանկային հաշվի հետ կվարվեիք: Շատ ժամանակ հատկացրեք դրան ու ձգտեք ավելացնել «մուծումները»: Սրա նպատակն այն չի, որ նպաստեք ննջասենյակում ճարտարախոսությանը կամ մասնագիտական հաջողությանը (չնայած հետագայում դա էլ է հնարավոր), ու ոչ էլ ձեզ հասարակության խելոքներից դարձնելը: Նպատակն այն է, որ հնարավորություն ունենաք առավելագույն հնարավոր է ամբողջությամբ և ճշգրտորեն արտահայտել ինքներդ ձեզ, մի խոսքով` նպատակը ձեր հավասարակշռությունն է: Քանի որ չասվածի, չարտահայտածի կուտակումները կարող են նևրոզի հանգեցնել: Ամեն օր մարդու ներաշխարհը փոփոխվում է, մինչդեռ արտահայտչամիջոցները հաճախ մնում են նույնը: Արտահայտվելու ունակությունը փորձից հետ է մնում, իսկ սա խորը հոգեբանական ազդեցություն է թողնում: Զգացմունքներ, մտքեր, շեշտադրումներ, ընկալումներ, որոնք մնում են չարտահայտված, չարտաբերված ու չեն տեղավորվում անորոշ ձևակերպումների շրջանակներում: Սրանք կուտակվում են անհատի ներսում ու կարող են հասցնել հոգեբանական պայթյունի կամ խանգարման: Սրանից խուսափելու համար պարտադիր չէ գիրք կրծող դառնալ: Պետք է ուղղակի մի բառարան ձեռք բերել և ամեն օր կարդալ, կարելի է նաև` բանաստեղծությունների ժողովածուներ: Ամեն դեպքում բառարաններն են, որ առաջնային կարևորություն ունեն: Ամենուր դրանք շատ են, ոմանց հետ անգամ խոշորացույց են տալիս: Բառարանները բավական էժան են, բայց նույնիսկ ամենաթանկերը (որոնց հետ խոշորացույց են տալիս) ավելի էժան են, քան հոգեբանի մոտ մեկ այցը: Այնուամենայնիվ, եթե որոշել եք այցի գնալ, ավելի լավ է բժշկին դիմեք բառարանային ալկոհոլիզմի ախտանիշներով:
2. Այժմ ու հետագայում աշխատեք բարի լինել ձեր ծնողների նկատմամբ: Ասածս շատ է հիշեցնում «Հարգիր քո հորն ու մորը», բայց ի՞նչ արած: Ուզում եմ ասել միայն` աշխատեք նրանց դեմ դուրս չգալ, քանի որ նրանք հավանաբար ձեզնից շուտ են մահանալու, դուք այսպիսով կազատվեք մեղքի, եթե ոչ վշտի այդ աղբյուրից: Եթե, այնուամենայնիվ, պետք է ընդդիմանաք, ընդդիմացեք նրանց, ովքեր այնքան էլ խոցելի չեն: Ծնողները չափազանց մոտիկ թիրախ են (նաև` եղբայրները, քույրերը, ամուսիններն ու կանայք). հեռավորությունն այնպիսին է, որ վրիպելը պարզապես անհնար է: Ծնողներից խռովելն իր բոլոր««ես ձեզանից ոչ մի կոպեկ չեմ վերցնի»-ներով իր էությամբ չափից դուրս բուրժուական է, քանի որ այն խռովարարին տալիս է բացարձակ բավարարվածություն, այս դեպքում` հոգեկան բավարարվածություն, որը գալիս է ներքին համոզմունքից: Ինչքան ուշ բռնեք այս ուղին, այնքան ուշ կվերածվեք հոգով բուրժուայի, այսինքն ինչքան երկար մնաք կասկածամիտ, սեփական գիտելիքներով չբավարարվող անհատ, այնքան լավ ձեր իսկ համար: Մյուս կողմից, այս «ես ձեզանից ոչ մի կոպեկ չեմ վերցնի» քաշքշուկը բավականին գործնական բնույթ ունի. ձեր ծնողները հավանաբար իրենց ողջ ունեցվածքը ձեզ են կտակում, ու հաջողակ ընդդիմադիրն ի վերջո կստանա ամենը: Կարճ ասած` խռովությունը ծնողների դեմ արդյունավետ դրամական ձեռքբերում է: Տոկոսադրույքը թերևս բացասական է, ու ես կասեի` տանում է դեպի կատարյալ սնանկացում:
3. Աշխատեք քաղաքական գործիչների վրա շատ հույս չդնել` ոչ այնքան այն պատճառով, որ նրանք խելացի կամ ազնիվ չեն, ինչպես հաճախ է պատահում, այլ իրենց աշխատանքի հսկայական ծավալների պատճառով, որոնք չափազանց մեծ են` նրանցից նույնիսկ ամենալավերի համար: Այնպես որ, պետք չէ հույս դնել այս կամ այն կուսակցության, քաղաքական կարգի, գաղափարախոսության ու դրանց ծրագրերի վրա: Լավագույն դեպքում դրանք կարող են մի քիչ պակասեցնել սոցիալական չարիքը, բայց ոչ վերացնել այն: Որքան էլ շոշափելի լինի բարելավումը, կգտնվեն այնպիսիք, առնվազն մեկ մարդ, ով ոչինչ չի շահի այդ բարելավումներից, այնպես որ վերջինս էթիկայի տեսանկյունից արհամարհորեն չնչին է լինելու: Աշխարհը կատարյալ չէ, Ոսկե դար չի եղել ու չի էլ լինի: Միակ բանն, ինչ կկատարվի աշխարհի հետ` մեծանալն է, այսինքն` այն ավելի մարդաշատ կդառնա` նույն չափերի մեջ մնալով: Որքան էլ ձեր ընտրած մարդը խոստանա գաթան արդար կիսել, միևնույն է, այն չի կարող մեծանալ, չափաբաժինները անպայմանորեն գնալով փոքրանում են: Այս լույսի տակ, կամ ավելի ճիշտ խավարի, դուք պետք է սովորեք հույսը սեփական տան շիլայի վրա դնել, այսինքն` ինքնուրույն կառավարել աշխարհը, առնվազն դրա այն մասը, որ ձեզ հասանելի է: Սակայն դա իրականացնելիս էլ դուք պետք է պատրաստ լինեք ծանր գիտակցմանը, որ ձեր սեփական գաթան չի բավականացնի, որ դուք ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք հավասարապես համտեսել և՛ շնորհակալություն, և՛ հիասթափություն: Ամենակարևոր դասն այն է, որ չհոգնեք խոհանոցից, քանի որ մի անգամ այն մատուցելուց հետո ձեզնից շատ ակնկալիքներ են ունենալու: Հարցրեք ինքներդ ձեզ` պատրա՞ստ եք արդյոք գաթաների այդ անընդմեջ մատակարարմանը, թե՞ հույսն ամեն դեպքում քաղաքական գործիչների վրա կդնեք: Կարո՞ղ է աշխարհը հույս դնել ձեր թխածի վրա: Ինչպիսին էլ լինեն այս ներքին պրպտումների արդյունքները, սկսեք արդեն պնդել, որ բոլոր այն ընկերությունները, բանկերը, դպրոցները, լաբորատորիաները, ուր երբևէ դուք կաշխատեք, և որոնք ունեն ջեռուցում ու օրը քսանչորս ժամ հսկվում են ոստիկանության կողմից, ներս թողնեն անտուններին հիմա, երբ դրսում ձմեռ է:
4. Աշխատեք շատ չառանձնանալ, աշխատեք համեստ լինել: Արդեն հիմա մենք շատ շատ ենք, և շուտով ավելի շատ ենք լինելու: Արևի տակ տեղ զբաղեցնելու քաշքշոցն անպայման նրանց հաշվին է, ովքեր դրանից մի կողմ են քաշված: Այն, որ դուք ինչ-որ մեկի ոտքերին եք կանգնում, դեռ չի նշանակում, որ պետք է գլխին էլ կանգնեք: Բացի այդ էլ` վերևից ձեր տեսածը կլինի մարդկանց ծովն ու ձեզ պես վերևում դիրք գրավածների աչքի ընկնող, սակայն բնավ ոչ ապահով դիրքը, որտեղից կտեսնեք նրանց, ում հարուստ ու հայտնի են կոչում: Սրան պետք է հավելել նաև այն փաստը, որ հարուստներն ու հայտնիները մեր օրերում բյուրավոր են, ու վերևում խիստ նեղվածք է: Այնպես որ, եթե ուզում եք դառնալ հայտնի կամ հարուստ, կամ էլ երկուսը միասին, դարձեք, բայց ոտքից գլուխ մի տարվեք դրանով: Ցանկանալ մի բան, որն ուրիշին է պատկանում, նշանակում է կորցնել սեփական եսը, բայց, մյուս կողմից, սա խթանում է զանգվածային արտադրողականությունը: Այնուամենայնիվ, քանի որ կյանքը մի անգամ է տրված, ցանկալի է հնարավորինս խուսափել ակնհայտ պիտակավորումներից: Ի նկատի ունեցեք, որ սեփական բացառիկության գիտակցումը նույնպես հարվածի տակ է դնում ձեր եսը, էլ չեմ ասում, որ նեղացնում է իրականության առանց այն էլ նեղ պատկերացումները: Շփվելը նրանց հետ, ովքեր իրենց եկամուտների ու արտաքինի (գուցե և զուտ տեսականորեն) հիման վրա պատկերում են իրենց անսահմանափակ հնարավորությունները, ավելի լավ է, քան ցանկացած ակումբում անդամակցությունը: Աշխատեք նմանվել ավելի շատ նրանց, քան թե նրանց ոչ նմաններին, աշխատեք գորշ գույներ կրել: Նմանակությունը սեփական յուրահատկությունը պաշտպանելու ձև է, այլ ոչ թե կործանելու: Ես ձեզ անգամ խորհուրդ կտայի ավելի ցածրաձայն խոսել, բայց վախենամ ասեք` թե դա արդեն չափազանց է: Միշտ հիշեք, որ ձեր կողքին ինչ-որ մեկը կա` ձեր մերձավորը: Ոչ ոք ձեզ չի խնդրում սիրել նրան, բայց աշխատեք շատ չանհանգստացնել ու ցավ չպատճառել, աշխատեք նրա ոտքերին զգույշ կանգնել: Իսկ եթե այնպես պատահի, որ կցանկանաք նրա կնոջը, հիշեք գոնե, որ դա կխոսի երևակայության ձեր պակասի մասին կամ չիմացության ու հավատի պակասի` առ կյանքի անսահման հնարավորությունները: Ծայրահեղ դեպքում փորձեք հիշել, թե որքան հեռվից` աստղերից, տիեզերքի խորքից կամ հնարավոր է դրա մյուս կողմից է մեզ հասել դա չանելու պատգամը, ինչպես նաև` մերձավորին սեփական անձի պես սիրելու գաղափարը: Հավանաբար աստղերն ավելի շատ բան գիտեն ձգողականության ու միայնության մասին, քանի որ դրանք ցանկության աչքերն են:
5. Ամեն կերպ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց: Ձեր մարմնի բոլոր մասերից հատկապես ուշադիր եղեք ցուցամատի նկատմամբ, քանի որ այն անընհատ ձգտում է մերկացման: Ցույց տվող մատը զոհի նշանն է` ի հակադրություն Victoria նշանի ձևով վեր բարձրացրած միջնամատի. այն հանձնվելու խորհրդանիշ է: Ինչքան էլ անտանելի լինի ձեր վիճակը, աշխատեք չմեղադրել դրսի ուժերին` պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասաներին, ծնողներին, լուսնային ցիկլին, մանկությանը, անժամանակ գիշերաթասին նստելուն0 և այլն: Ճաշացանկը ծավալուն է ու ձանձրալի, և այդ ծավալն ու ձանձրալիությունն արդեն իսկ բավարար են, որ միտքը ոտքի կանգնի դրանք օգտագործելուն դեմ: Մեղքն ինչ-որ բանի վրա գցելու պահին դուք կորցնում եք սեփական ուժերով հարց լուծելու վստահությունը: Կարելի է նաև պնդել, որ մերկացման ձգտող մատն այդքան վճռական էր դեսուդեն նետվում, քանի որ վճռականությունը բավականաչափ շատ չէր: Ի վերջո, զոհի կարգավիճակն էլ իր հմայքներն ունի: Այն առաջացնում է կարեկցանք, տալիս է բացառիկություն, և մի շարք երկրներ ու նաև մայրցամաքներ ամբողջությամբ վայելում են գիտակցական զեղչերի պարգևած փափկասուն կյանքը, ինչը ներկայացվում է որպես զոհի հոգեբանություն: Գոյություն ունի այս հոգեբանության մի ամբողջ մշակույթ` սկսած անձնական փաստաբաններից, վերջացրած միջպետական պարտքերով: Անկախ այս համակարգի բռնած նպատակից, դրա փաստացի արդյունքը ակնկալիքների նվազեցումն է, երբ խղճուկ առավելությունը հայտարարվում կամ ընկալվում է որպես արժեքավոր նվաճում: Իհարկե, սա թերապևտիկ է, ու, հաշվի առնելով միջազգային ռեսուրսների սղությունը, հավանական է` նաև հիգիենիկ, որ ավելի լավի բացակայության պատճառով պետք է բավարարվենք եղածով, սակայն աշխատեք ընդդիմանալ դրան:
6. Ինչքան էլ ակնհայտ ու անդառնալի լինի ձեր պարտությունը, ժխտեք այն, քանի դեռ ձեր գիտակցությունը տեղում է, քանի դեռ կարող եք “ոչ-ն արտաբերել: Ընդհանրապես սովորեք կյանքը հարգել ոչ միայն դրա գեղեցկությունների, այլև դժվարությունների համար: Դրանք խաղի մի մասն են, ու լավն այն է, որ սուտ չեն: Ամեն անգամ, երբ դուք տագնապի մեջ եք, երբ ձեզ մոտ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում, հիշեք. կյանքն է, որը ձեզ հետ խոսում է իրեն հասկանալի միակ լեզվով: Այլ կերպ ասած` աշխատեք մի քիչ մազոխիստ լինել. առանց ինքդ քեզ ուտելու համը զգալու` կյանքի իմաստը լիարժեք չէ: Եթե սա ձեզ ինչ-որ կերպ կօգնի, ապա փորձեք հիշել, որ մարդկային արժանապատվությունը բացարձակ հասկացություն է, այլ ոչ սակարկելի, հիշեք, որ այն անհամեմատելի է ինչ-որ հատուկ խնդրանքների հետ, որ այն գործում է ակնհայտի ժխտման հաշվին: Եթե այս փաստարկը դիպուկ չեք համարում, մտածեք գոնե անպատասխանատվության այն վակուումի մասին, որը հեշտությամբ լցնում են չարքերն ու դատարկախոսները. չէ՞ որ կաթվածահար կամքը հրեշտակներին սիրելի չէ:
7. Աշխարհը, ուր դուք պատրաստվում եք ոտք դնել, լավ համբավ չունի: Այն շատ ավելի լավն է աշխարհագրական տեսանկյունից, քան պատմական, այն շատ ավելի հրապուրիչ է արտաքնապես, քան սոցիալապես: Սա դրախտային գողտրիկ անկյուն չէ, ինչպես արդեն նկատած կլինեք, ու հազիվ թե ավելի հաճելի տեղ դառնա մինչ պահը, երբ դուք լքեք այն: Սակայն սա միակ գոյություն ունեցող աշխարհն է, այլընտրանքայինը չկա, իսկ եթե լիներ էլ, ապա չկան երաշխիքներ, որ այն շատ ավելի լավը կլիներ, քան մեր ունեցածը: Այնտեղ` դրսում, բառացիորեն և որն ավելի վատ է` մետաֆիզիկաբար, ջունգլիներ են, ու նաև անապատ, սայթաքուն բարձունքներ, ճահիճ և այլն: Բայց ինչպես ասել է Ռոբերտ Ֆրոստը` «Լավագույն ելքը միշտ միջով է»: Իսկ մեկ այլ բանաստեղծության մեջ նա ասել է, որ «հասարակության մեջ ապրել` նշանակում է ներել: Այդ «միջով անցնելու հետ կապված մի քանի նկատառումներով էլ ես կցանկանայի եզրափակել ելույթս:
Աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր կփորձեն դժբախտացնել ձեր կյանքը: Այպիսիք շատ կգտնվեն` թե նշանակովի, թե ինքնահռչակ: Դիմացեք, եթե չեք կարող նրանցից խուսափել, բայց հենց ազատվեք նրանցից` մոռացեք անմիջապես: Նախ և առաջ խուսափեք պատմություններից այն մասին, թե որքան անարդար են վարվել ձեզ հետ, խուսափեք, որքան էլ կարեկցող լինի ձեր լսարանը: Նման պատմությունները միայն երկարացնում են ձեր չարակամների գոյությունը. շատ հավանական է, որ նրանք հույս ունեն, որ դուք խոսկան եք ու պատմում եք ձեր փորձի մասին ուրիշներին: Որպես այդպիսին ոչ մի անհատ արժանի չէ անարդարության վարժանքի (ու նույնիսկ` ոչ էլ արդարության): Մեկը մեկին հարաբերակցությունը չի արդարացնում ջանքերը. արժեքավոր է միայն արձագանքը: Սա ցանկացած սահմանափակման գլխավոր սկզբունքներից է, լինի դա պետական, թե սեփական նախաձեռնությամբ: Այնպես, որ ցրեք կամ խլացրեք արձագանքը, մի թողեք, որ եղածը, ինչքան էլ այն տհաճ կամ կարևոր լինի, խլի ավելի շատ ժամանակ, քան անհրաժեշտ կլիներ:
Այն թե ինչ են անում ձեր չարակամները, իր նշանակությունն ու կարևորությունն է ստանում ձեր վերաբերմունքից: Այնպես որ վազեք, սլացեք նրանց միջով, կողքով, ասես նրանք դեղին լույսն էին, և ոչ կարմիրը: Մի սպանեք ժամանակը նրանց վրա մտովի կամ խոսքով կանգ առնելով, մի հպարտացեք այն բանով, որ ներել կամ մոռացել եք նրանց. նախ և առաջ մոռացեք: Այդպես դուք կազատեք ձեր ուղեղի բջիջներն անիմաստ հուզմունքից, այդպես գուցե դուք այն հիմարներին փրկեք ինքներդ ձեզանից, քանի որ մոռացված լինելու հեռանկարն ավելի փոքր է, քան ներված լինելունը: Փոխեք ալիքը. դուք ի զորու չեք դադարեցնել հեռարձակումը, բայց դուք առնվազն կարող եք իջեցնել դրա վարկանիշը: Այս որոշումը հազիվ թե դուր գա հրեշտակներին, բայց այն կհարվածի չարքերին, ինչը հիմա ամենակարևորն է:
Այստեղ ես ավելի լավ է կանգ առնեմ: Ուրախ կլինեմ, եթե ասածս օգտակար համարեք: Եթե ոչ` կպարզվի, որ դուք շատ ավելի լավ եք պատրաստված ապագային, քան կարելի էր ակնկալել ձեր տարիքի երիտասարդներից, ինչը կարծում եմ ուրախության, ոչ թե անհանգստության առիթ է: Ամեն դեպքում, լավ եք պատրաստված թե չէ, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ առանց այն էլ առջևում ձեզ տոներ չեն սպասելու, ու հաջողությունը ձեզ պետք կգա: Սակայն, կարծում եմ, դուք գլուխ կհանեք:
Ես գնչուհի չեմ ու չեմ կարող ապագան կանխատեսել, բայց անզեն աչքով էլ երևում է, որ ձեր օգտին շատ բան է խոսում: Նախ դուք ծնվել եք, ինչն ինքնին գործի կեսն է, ու դուք ապրում եք ժողովրդավարության մեջ` մղձավանջի և ուտոպիայի արանքում գտնվող այս տանիքի տակ, որը անհատի ինքնահաստատման ճանապարհին ավելի քիչ արգելքներ է դնում, քան այլընտրանքները:
Եվ վերջապես, դուք կրթություն եք ստացել Միչիգանի համալսարանում, որն ըստ իս երկրի լավագույն համալսարանն է զուտ այն պատճառով, որ տասնվեց տարի առաջ անհրաժեշտ հնարավորությունն ընձեռեց երկրիս երեսին ամենածույլ ուսանողին, ով անգլերեն կարգին չգիտեր էլ: Այդ ես էի` ձեր խոնարհ ծառան: Ես այստեղ դասավանդել եմ ութ տարի, լեզուն, որով ես խոսում եմ հիմա, այստեղ եմ սովորել, իմ աշխատակից ընկերներից շատերը դեռ ծառայում են ձեզ, մյուսները թոշակի են, ոմանք էլ հավերժ քուն են մտել Էնն Էրբորի հողի տակ, որի վրայով հիմա դուք քայլում եք: Հասկանալի է, որ այս վայրն ինձ համար ունի առանձնահատուկ հուզական նշանակություն, նույն նշանակությունն այն կունենա ձեզ համար մի տասը տարի անց: Այս չափով ես կարող եմ գուշակել ձեր ապագան. ես գիտեմ, որ դուք չեք կորչի, ավելի ճիշտ` ձեզ սպասում են մեծ հաջողություններ: Մի տասը տարի անց այս վայրի անունը հիշելիս ձեզ պատող ջերմությունը կնշանակի, որ դուք կայացել եք որպես մարդկային անհատներ` անկախ այն հանգամանքից` հասաք հաջողության, թե ոչ: Նախ և առաջ ապագայում հենց այս տեսակի հաջողություն եմ մաղթում ձեզ: Մնացածը կախված է ճակատագրից ու այնքան էլ կարևոր չէ:
Թարգմանությունն անգլերենից` Մարիաննա Վարդանյանի