***
Մրջյուն չսպանած տղան երեք փամփուշտ կրակեց,
Ու ճակատից կրակված՝ երեք թռչուն ընկան ցած,
Ծովի պես կապույտ երկնում կարմիր մի ամպ տրաքեց,
Ու տղայի աչքերից արցունք եկավ դառնացած…
Արյուն էին աչքերն առել, ու արյուն էր նա տեսնում`
Փրփրած ու չորացած, պատերին ու մայթերին,
Ու աղը արցունքների այրել էր մաշկը նրա,
Տաք ըսպիներ էր թողել եռման այտերին…
Մրջյուն չսպանած տղան երեք փամփուշտ կրակեց,
Կարմրեցին աչքերը, ու կարմրեց երկինքն էլ…
Հանարծ ամպը բոսորված արնակաթիլ անձրևեց,
Երեք թռչուն ընկան ցած, երեքն էլ ինքն էր…

***
Աչքերդ հավերժ վկայությունն են Աստծո գոյության
Եվ ապացույցն են, որ աշխարհը այս արարչակերտ է,
Ես կրոն չունեմ, բայց չհավատալ Աստծուն չեմ կարող,
Երբ քո աչքերում թունդ գիշեր կա ու աստղաշքերթ է…
Մարդն աստվածային է համարում բանը,
Ինչը որ դուրս է բացատրությունից,
Ինչպե՞ս հասկանալ ժպիտիդ ներքո անհպում այրումն աչքերիդ լուսե…
Իմ մեջ հավատը վերածնվում է քո ինձակործան գեղեցկությունից
Եվ ներսիդ Աստծուց, որ ես կոչում եմ ավելիչ տարերք, բնություն ու սեր…

***
Իմ երկրում նուռ է հասնում,
Արյանս պես՝ կարմիր-կարմիր,
Ու ես գիտեմ, թե ինչու է հենց այդ գույնը տրվել նրան…
Պատճառն այն է, որ նռնենու՝ թագապտուղ մեր այդ ծառի
Արմատները խառնվել են հանուն իրեն թափված արյանն ու
Ճյուղերով հիշողության բարձրացել են դեպի պտուղ,
Կարմրացրել հատիկները, բյուրեղները արցունքատես…
Բայց որքան էլ նուռը հատես,
Սերմը նրա մաքուր-մաքուր,
Սպիտակ է դեռ, անբիծ է դեռ
Ժողովրդիս սուրբ սրտի պես։

***
Ճերմակ հուշերը կմարեն հերթով
Հեռածրում թաղվող արևի նման,
Դու թռչունի պես կթևես, հոգի՜ս,
Կլքես սրտիս բույնը հարազատ,
Կարոտը քեզնից էլ բան չի թողնի,
Մի կապույտ փետուր կմնա միայն,
Եվ ես էլ կապրեմ այն խեղճ հավատով,
Թե կապույտներում ճախրում ես ազատ…
Դու եկար իբրև վառ գարնան ծաղկունք
Եվ աստվածային նվեր երկնաեկ,
Երազ իմ մաքուր, որ ամենախոր
Քնի մեջ նույնիսկ մնացիր անհաս,
Եվ ամենաբորբ երազում անգամ
Ես քեզ չտեսա բոլորովին մերկ,
Անաղարտ եկար ու անցար անեղծ,
Եվ իմ կարոտում սուրբ էլ կմնաս,
Կմնաս, որպես վերքն իմ անմրմուռ,
Երգն իմ թովչական՝ անցյալից հնչող,
Կմխաս իբրև անթեղ սրտի հուր,
Իբրև անհպում սերն իմ անմարմին,
Կմնաս որպես ճերմակաթույր էջ,
Որին այդպես էլ տողերն իմ սիրո…
Տողերն իմ սիրո ես չգրեցի,
Ու չկնքեցի համբույրով կարմիր…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն