ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ներածությունը, ֆրանսերենից թարգմանությունը և ծանոթագրությունները` Թոնդրակի
ԺԱԿ ԴԵՐԻԴԱ/ Jacques Derrida (1930-2004) — ֆրանսիացի իմաստասեր, գրականագետ և մշակութաբան:
Ծնվել է 1930թ. հուլիսի 15-ին, Ալժիրից ոչ հեռու` Էլ—Բիարում, սեֆարդի հրեական ընտանիքում:
Սկզբնապես հափշտակված էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մտադրությամբ: Հետո Ռուսսոյի, Ժիդի, Նիցշեի, Վալերիի, Քամյուի ստեղծագործությունների ազդեցությամբ որոշում է դառնալ գրականության ուսուցիչ: Սակայն հարդյունս Կյերկեգորի և Հայդեգերի ստեղծագործությունների ընթերցման, ի վերջո, վճիռ է կայացնում հօգուտ իմաստասիրության:
Ֆրանսիայում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սովորելու է անցնում Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյում, որտեղից էլ կրկին վերադառնում է Բարձրագույն մանկավարժական դպրոց(ինստիտուտ)` իմաստասիրության մասնագիտացմամբ (1952թ.), միևնույն ժամանակ դասավանդելով Լը Մանսում: Այս ժամանակ է ծանոթանում Լ.Ալտյուսերի, Մ.Ֆուկոյի, Պ.Բուրդյոյի և այլոց հետ:
1956-57թթ. ուսանում է Հարվրդի համալսարանում:
1957թ. Բոստոնում ամուսնանում է Մարգրեթ Օկուտյուրյեի հետ: Իսկ արդեն 1960-1964թթ. դասավանդում է Սորբոնում` Ս.Բաշլարի, Պ.Ռիկյորի, Ժ.Կանգիյեմի, Ժ.Վալի ասպիրանտի կարգավիճակով: Այս ժամանակ էլ առաջին հոդվածները «Քննադատություն» և «Տել Քել» հանդեսներում:
Իր առաջին իմաստասիրական հոդվածը մեծիմասամբ ֆենոմենոլոգիական բնույթի էր` նվիրված Հուսեռլի «Հաղագս երկրաչափության ծագման»-ը (այն Դերիդայի թարգմանությամբ լույս տեսավ 1962թ.): Շուտով դառնում է «Տել Քել» հանդեսի կարկառուն դեմքերից մեկը:
1965-1984թթ. Դերիդան արդեն Փարիզի Բարձրագույն մանկավարժական դպրոցի իմաստասիրության պրոֆեսոր էր:
1966թ. մասնակցում է Բալթիմորում կազմակերպված համաժողովին, որին մասնակցելու հրավերք ստացել էր Ռընե Ժիրարի կողմից (այն կազմակերպված էր Ջոն Հոփկինսի համալսարանի կողմից), որից հետո և ԱՄՆ-ում սկսում են ֆրանսիական մտավորականների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել: Այստեղ ծանոթանում է Պոլ դը Մանի և Ժակ Լականի հետ:
Իսկ արդեն 1967թ. գրեթե միաժամանակ լույս են տեսնում նրա «Ձայն և Ֆենոմեն», «Հաղագս Քերաբանության», «Գրություն և այլություն» գրքերը, որոնք աչքի են ընկնում տեքստի ընթերցման ապակառուցողական մոտեցմամբ (այս ժամանակներից սկսյալ նրա իմաստասիրության ազդեցությունը հաստատունորեն ծավալվում է ինչպես Ֆրանսիայում, այնպես և արտերկրում: Դասախոսություններ կարդալու բազում հրավերքներ է ստանում Եվրոպական և այլ երկրների կողմից, անդամակցում բազում ակադեմիաների):
Առաջին գրքում առաջադրված էր Հուսեռլի ֆենոմենոլոգիայի մեջ նշանի հիմնախնդիրը` բացելով նրա հիմնարար հարացույցների նախադրյալները: Երկրորդում` նշանի վերաբերյալ իր սեփական մոտեցումն էր զարգացվում, որը մեկնարկվում էր գրությունից: Իսկ երրորդում` այսպես ասած` այդ ամենի, նախևառաջ` ժամանակի ֆրանսիական մտքի հավասարակշռումն էր:
Ճամփորդություններ Եվրոպայում ու Եվրոպայից դուրս:
1972թ. խզում է հարաբերությունները Ֆ.Սելլերսի և «Տել Քելի»-ի խմբակի հետ: Լույս են տեսնում ևս երեք աշխատություններ` «Սփռում», «Լուսանցքներ հաղագս իմաստասիրության» և «Կեցվածքներ» ժողովածուները, որոնք շարունակում են դերիդայական ազդեցության ամրագրման գործընթացը:
1974թ. հիմնում է Ֆրանսիայում իմաստասիրական կրթության հետազոտական խմբակը:
1975թ., երկար տարիներ աշխատելով Ջոն Հոփկինսի համալսարանում, սկսում է դասավանդել Յելի համալսարանում, ուր այդժամ աշխատում էին Պոլ դը Մանը և Հիլլիս Միլլերը (հետագայում «Յելյան դպրոց» անվանումն ստացած ուղղության հիմնադիրները):
1979թ. առաջին անգամ մամուլում երևում են Ժ.Դերիդայի լուսանկարները (մինչ այդ նա ստիպված էր հաճախ մեկնաբանել, թե ինչու է ամեն ինչ անում, որ մամուլում իր լուսանկարը չհայտնվի):
1980թ. պաշտպանում է դոկտորական դիսերտացիան, իսկ 1981թ. դառնում Յան Հուսի Ասոցիացիայի վիցե-պրեզիդենտ:
1983թ. հիմնվում է Իմաստասիրության միջազգային քոլեջը, որի առաջին դիրեկտորն է ընտրվում Ժակ Դերիդան:
2003թ. Դերիդայի մոտ հայտնաբերվում է ենթաստամոքսային գեղձի ռակ, որը պատճառ է դառնում նրա ճամփորդությունների և հարցազրույցների դադարեցմանը:
Մահանում է 2004թ. հոկտեմբերի 8-ին, Փարիզում:
Հիմնարար աշխատություններից են` «Ձայն և Ֆենոմեն», «Հաղագս Քերաբանության», «Գրություն և այլություն» (1967), «Լուսանցքներ հաղագս իմաստասիրության», «Սփռում», «Կեցվածքներ» (1972թ.), «Հուղարկավորված ձայն» (1974թ.), «Խթաններ: Նիցշեի ոճը» (1978), «Փոստային բացիկ: Սոկրատեսից մինչ Ֆրոյդ և հետո» (1980), «Փսիքեա. ուրիշի հայտնագործումը» (1987), «Մարքսի տեսիլները» (1993), «Օրենքի ուժը, (1994), «Կենսավայր: Մորիս Բլանշո» (1998) և այլն:
Che cos’e la poesia?[1]
Թարգմանությունը ֆրանսերենից` Թոնդրակի
Այսպիսի հարցին պատասխանել երկու խոսքով, այդպես չէ՞, քեզանից պահանջվում է գիտելիքից հրաժարվել գիտենալ: Եվ լավ իմանալ` երբեք չմոռանալու պայմանավ. մասնատիր (demobilise) մշակույթը, բայց երբեք չմոռանաս քո գիտուն տգիտությունը, այն` ինչը զոհաբերելու ես ճանապարհն հատանցելիս[2]:
Ո՞վ կհամարձակվի ինձանից պահանջել այդ: Թեպետ այն այդպես չի էլ թվում, զի անհետանալը նրա օրենքն է` պատասխանն ինքն իրեն տեսնում է թելադրող: Ես թելադրող եմ. արտաբերիր պոեզիան, սովորիր ինձ սրտով/անգիր (par coeur)[3], պատճենահանիր, հսկիր և պահպանիր ինձ, նայիր ինձ` թելադրվածին`[հանց] ձայներիզ, wake[4], լուսնածիր, հուղարկավորության լուսանկար:
Նա այդ պատասխանն իրեն թելադրված է տեսնում պոետիկ լինելու համար: Եվ այսու` պետք է որևէ մեկին դիմի, հատկապես քեզ, բայց որպես գոյություն ունեցող ոմն, ով կորած է անանունության մեջ, քաղաքի և բնության միջև, մերկացված գաղտնիք է, միաժամանակ` հանրային և անհատական, բացարձակապես այս և այն, ազատագրված ներսից և դրսից, ոչ այս, ոչ այն, ճանապարհին նետված կենդանի, բացարձակ, միայնակ, ինքն իր մեջ կծկված գունդ: Ինքնին Հենց դրա համար էլ կարող է թույլ տալ ճզմել իրեն` ոզնուն, istrice-ին[5]:
Եվ եթե դու տարբեր կերպ` նայած իրավիճակի ես պատասխանում, հաշվի առնելով տարածությունը և ժամանակը, որոնք քեզ տրված են այդ պահանջի հետ մեկտեղ (արդեն իտալերեն ես խոսում), շնորհիվ այդ տնտեսման, ինչպես և քեզանից դուրս հատանցող որևէ անխուսափելիության, որով ուրիշ լեզուն վտանգի ես ենթարկում թարգմանության համար անհնարին կամ մերժված, անհրաժեշտ, բայց ցանկալի` հանց մահը, որ այս ամենն, ինքնին, ինչն արդեն զառանցեցիր, այդ պահից ի՞նչ ընդհանրություն ունի պոեզիայի հետ:
Ավելի շուտ պոետիկայի հետ, քանի որ դու պատրաստվում ես խոսել վասն փորձառնության, վասն ուրիշ խոսքի ուղևորության (աստ` պատահական երթուղի), վասն քառատողի, որը պտտվում է, բայց երբեք չի վերադառնում ոչ խոսքին, ոչ էլ ինքն իրեն, ծայրահեղ դեպքում` երբեք չհանդիպելով գրավոր, խոսակցական, անգամ տաղերգվող պոեզիային:
Այսու` չմոռանալու համար, անմիջապես ներկայացնենք երկու խոսքով`
- Հիշողության տնտեսում. քերթությունը պետք է լինի կարճ, զեղջված նշանակությամբ` ինչպիսին էլ լինի նրա առարկայական կամ ակնհայտ ընդլայնումը: Verdichtung-ի[6] և նվազումի գիտուն անգիտությունը:
- Սիրտը: Բայց ոչ ֆրազների միջի այն սիրտը` փոխանակումների մեջ առանց ռիսկի շրջանառվող և ցանկացած լեզվով իրեն թարգմանել թույլ տվող: Ոչ էլ սրտագրային արխիվների, ճանաչողության կամ թեքնիկայի, իմաստասիրական և կենսա-բարոյա-իրավաբանական տրամախոսության ենթակա սիրտը: Հնարավոր է և ոչ էլ Սուրբ Գրոց կամ Պասկալի սիրտը, անգամ (թեպետ սա քիչ ակնհայտ է) ոչ էլ այն, ինչը գերադասում էր Հայդեգգերը: Ոչ. «սրտի» պատմությունը քերթողաբար «apprendre par coeur» (սրտով/անգիր սովորել) իդիոմայով պարուրվելով, իմ կամ մի ուրիշ` անգլերեն (learn by heart) կամ արաբերեն( hafiza a’n zahri kalb) լեզվով` մեկն է բազում ճանապարհներից:
Երկուսը մեկի մեջ. երկրորդ աքսիոման լծորդվել է առաջինին: Պոետիկ, այդպես ասենք, կարող է լինել այն, ինչը ցանկանում ես սովորել, բայց ուրիշից, ուրիշի շնորհիվ և թելադրությամբ, սրտով/անգիր` imparare a memoria[7]: Մի՞թե սա արդեն քերթություն չէ, երբ առհավատչյան` իրադարձության գալուստը, տրված է նույն ակնթարթին, երբ թարգմանության անվամբ ճանապարհների հատանցումը նույնքան անհավանական է մնում, որքան դժբախտ պատահարը, ընդսմին, այդքան բաղձալի, պահանջված, անդ ինչ-որ մի տեղ, ուր միշտ նա խոստանում է, մնում ցանկալի: Ճանաչումն ինքնին մոտենում է դրան և կանխատեսում աստ իմացությունը` քո օրհնանքն առ գիտելիքը:
Հորինվածքը, որի մասին դու կարող էիր պատմել հանց քերթության պարգև, դա խորհրդանշական պատմություն է. ոմնը /գրում է, քեզ, քեզանից, քո մասին: Ոչ, քեզ ուղղորդված, հասցեագրված, թողնված և վստահված նշանն իրականում ինքնին հաստատվում է այդ կարգադրության մեջ, որն էլ իր հերթին քեզ է ստեղծում` նշելով քո ծագումը (origine) կամ քեզ տեղ հատկացնելով. ոչնչացրու ինձ կամ, ավելի շուտ, ապահովիր իմ անտեսանելի նեցուկը դրսից, աշխարհի մեջ (ահա արդեն բոլոր տարաբաժանումների ուրվագիծը, անդրանցականության պատմությունը) ամեն դեպքում ջանա անել այնպես, որ նշանի ծագումը մնա այսուհետ անգտանելի և անճանաչելի:
Խոստացիր, որ նա կաղավաղվի, կփոխակերպվի կամ կանորոշանա իր հանգրվանի մեջ, և դու այդ խոսքերի ներքո կլսես ուղևորման կայանը, ինչպես և այն բանախոսին, առ որին ձգտում է թարգմանությունը: Կեր, խմիր, կուլ տուր իմ գիրը (lettre), տար այն, տեղափոխիր այն քո մեջ, և հանց գրության օրենքն է, ինքնին գրությունը վերածիր քո իսկ մարմնին: Կարգադրության խորամանկությունը կարող է, նախևառաջ, ոգևորվել մահվան հասարակ հնարավորությամբ, այն վտանգով, որին փոխադրամիջոցն է ստիպում ենթարկվել ամենայն վերջավոր գոյի: Դու լսում ես մոտալուտ աղետը: Այսու` նույն այդ ուրվագծով դրոշմված, արտաբերվող մահացու ցանկությունը քո մեջ պոռթկում է առաջացնում (հակադրվելով դու կհասնես ինձ, կրկնակի մոլորման, թերահավատ հարկադրման) պահպանելով մոռացումից այդ առարկան, որը միաժամանակ ենթարկվում է մահվանն ու պաշտպանվում նրանից, միով բանիվ` ոզնու, հանց երթուղու վրա գլորվող գնդե կենդանու կողմից անտեսված ճարպկությունը:
Այն ցանկանում ես վերցնել քո ձեռքը, ճանաչել ու հասկանալ այն, պահպանել այն քեզ համար, քեզ մոտ: Դու սիրում ես պահպանել այն իր եզակի կերպով, ասել է` անփոխարինելի տառացի անվանումով. կարծես` խոսում ենք պոեզիայի, այլ ոչ միայն պոետիկայի մասին ընդհանրապես: Բայց մեր քերթությունը չի զետեղվում անունների տարածքում, անգամ բառերի մեջ: Նախ այն նետված է ճանապարհների ու դաշտերի մեջ, առարկա` լեզուներից անդին, անգամ եթե պատահի նրան հիշել այդ մասին, երբ նա կծկվում է, վերածվում գնդի, իր հրաժարման մեջ վտանգված ավելի, քան երբևէ. նա հավատում է, որ պաշտպանված է այդժամ ու կործանվում է [այդ հավատից]:
Տառացիորեն դու կուզենայիր սրտով/անգիր պահել բացարձակ եզակի կերպը, իրադարձը, որից անըմբռնելի բացառիկությունը չի զատում այլևս իդեալականը, իդեալական իմաստը, ինչպես ասում են, գրի մարմնից: Այս անբաժանելի բացարձակի, ոչ-բացարձակ բացարձակի ցանկությունից դու արտաբերում ես պոետիկականի սկիզբը (origine): Որից և` մշտնջենական հակադրությունը գրի փոխարկմանը, որը, սակայն, կենդանին պահանջում է արդեն իր անվան ուժով: Դա է ոզնու թախիծը (detresse): Ի՞նչ է ուզում անզորությունը, ինքնին վիշտը (stresse). խիստ ասած` stricto sensu-ն[8]: Այստեղից և կանխագուշակությունը. թարգմանիր ինձ, նայիր, մի քիչ էլ ինձ պահիր, փրկ[վ]իր, հեռանանք երթուղուց:
Այսու` քո մեջ ծնունդ է առնում սրտով/անգիր սովորելու երազանքը: Թույլ տալ թելադրողին անցնել քո սրտով: Միով բանիվ` դա և’ անհնարին է, և’ դա է քերթողական կենսափորձն: Դու դեռ չգիտես սիրտը, դու դեռ սովորում ես այն: Այդ կենսափորձից և այդ արտահայտությունից: Ես քերթություն եմ համարում միայն այն, ինչն ուսանում է սիրտը, այն, ինչը հորինում է սիրտը, ի վերջո, այն, ինչը «սիրտ» բառն, ըստ էության, նշանակում է և ինչն իմ լեզվում դժվարությամբ եմ զանազանում «սիրտ» բառից: Սիրտը` քերթության մեջ, «սրտով/անգիր սովորելը» (անգիր անելը) այլևս չի նշանակում սոսկ մաքուր ներտարածականություն, ինքնուրույն ինքնակամություն, ազատությունն ակտիվորեն ներազդում է սիրելի հետքի վերարտադրությամբ: «Սրտով/անգիր» հիշողությունը հավաստվում է հանց աղոթք, ավելի ճիշտ, ինքնաշարժի ինչ-որ արտաքին կողմով, հուշավարժանքի օրենքներով, այն պատարագով, որը մակերեսորեն նմանակում է մեքենային, ինքնաշարժի մեջ, որին զարմացնում է քո տառապանքը և ի քեզ գալիս որպես դրսից auswendig` «անգիր/բերանացի» (գերմաներենով):
Այսու` սիրտդ բախում է քեզ. ռիթմի ծնունդը` հակադրություններից, ներսից ու դրսից, գիտակից վերարտադրումից և լքված արխիվից անդին: Ինչ-որ սիրտն անդ` արահետների կամ երթուղիների միջև, քո ներկայությունից դուրս, խոնարհ, երկրին մերձ, ողջ ներքևում: Կրկնիր շշուկով` երբեք չկրկնել… Մեկ ծածկագրի մեջ քերթությունը (սրտով/անգիր սովորելը), հանց ժամանակը ճեղքող ռիթմը, միմյանց է ձուլում իմաստն ու գիրը:
Երկու խոսքով պատասխանելու համար. սղումն (ellipse), օրինակ, կամ ընտրությունը, սիրտը կամ ոզնին, ստիպված ես ջլատել (desemparer) հիշողությունը, մասնատել մշակույթը, գիտենալ գիտելիքը մոռանալ, հրդեհել պոետիկայի գրադարանը: Միայն այս պարագային է [հնարավոր] Քերթության անզուգականությունը: Դու պետք է մեծարես, դու պարտավոր ես նշանավորել հիշողության կորուստը (amnesie), վայրենությունը, անգամ «սրտով/անգիր» հիմարությունը` ոզնին: Նա շլացնում է: Փոխարկվելով գնդի, ցցելով խայթող ու վտանգավոր, հաշվենկատ ու չհարմարվող փշերը (զի նա գնդի է վերածվում` զգալով երթուղու վտանգը, նա իրեն ենթարկում է դժբախտ պատահարի): Առանց [դժբախտ] պատահարի (accident) չկա քերթություն, ոչ մի քերթություն, որը չբացվի որպես վերք, բայց և որը նմանապես չվիրավորի: Դու կանվանես քերթությունը լուռ հմայանք (incantation silencieuse), անձայն վերք (blessure aphone), որը ես քեզանից ցանկանում եմ սովորել սրտով/անգիր: Այն տեղ ունի, ըստ էության, անհրաժեշտաբար, առանց ստիպումի. նա իրեն թույլ է տալիս գործել առանց գործունեության, առանց դժվարության, ամենազուսպ խանդավառությամբ, խորթ ամենայն արգասիքի, հատկապես` ստեղծագործության: Քերթությունն արտահոսում է օրհնությամբ, գալով ուրիշից: Ռիթմ, բայց և անհամաչափություն:
Ամենայն պոեզիայից առաջ ուրիշ ոչինչ չկա, քան է քերթությունը: Երբ «պոեզիայի» հետ մեկտեղ ասենք «պոետիկա», պետք է և ճշտենք` «պոետիկական»: Կարևորը` թույլ չտալ ոզնուն կրկես կամ poiesis-ի ձիամարզարան տանել. ոչինչ չանել (poiein), ոչ զուտ պոեզիա, ոչ զուտ ճարտասանություն, ոչ reine Sprache[9], ոչ «ճշմարտության-արմատավորում»: Միայն տարասերումն (contamination) է այդպիսին և այդպիսին է խաչմերուկը, այդ [դժբախտ] պատահարը: Այդ դարձաշրջանը, այդ աղետի շրջաբեկումը:
Քերթության շնորհը ոչինչ չի մեջբերում, նա չունի որևէ խորագիր, ոչ մի թատերայնություն, այն գալիս է անսպասելի, նա խափանում է շնչառությունը (ներշնչանքը), խափանում [կապը] դատողական և հատկապես գրական պոեզիայի հետ: Այդ ծագումնաբանության մոխիրներից: Ոչ փյունիկ, ոչ արծիվ, այլ ոզնի’ — շատ ցածր, բոլորովին ցածր, երկրին մերձ: Ոչ վսեմ, ոչ աննյութական, հնարավոր է` հրեշտակային և ժամանակավոր:
Այսուհետ կանվանես քերթությունը եզակի դրոշմով, ստորագրությամբ որոշակի կիրք, որն իր սփռումն ամեն անգամ կրկնում է Բանից (Լոգոսից) անդին, անմարդկային, կիսաընտանի, չներառված ենթակայի կազմի մեջ. շրջափոխված կենդանու, վերածված գնդի, մեկզմյուսին փոխակերպված, միով բանիվ` և պարկեշտ, խոհական, երկրին մերձ, խոնարհ առարկա, ինչը դու կանվանակոչես, այսու` անվան մեջ քեզ կրելով անունից անդին, catachretique[10] ոզնի, բոլոր փշերը դրսից, երբ այդ տարիք չունեցող կույրը լսում է, բայց չի տեսնում մոտալուտ մահը:
Քերթությունը կարող է գնդի վերածվել, որպեսզի իր սուր նշանները դուրս շուռ տա: Իհարկե, նա կարող է արտացոլել լեզուն կամ խոսել պոետիկորեն, բայց երբեք նա չի կարող ինքնահարաբերվել, երբեք չի կարող տեղաշարժվել ինքնուրույն, հանց այդ մահաբեր մեքենան: Նրա իրադարձը ճանապարհից միշտ ընդհատում կամ հեռացնում է բացարձակ իմացությունը, ինքնաբավ գոյությունը (autotelie): Այդ «սրտի դևը» երբեք չի կուտակվում, այն, ավելի շուտ, մոլորվում է (զառանցանք կամ ցնորք), ենթարկվում է հնարավորությունը, և ավելի շուտ թույլ կտա իրեն մասնատել այն ամենին, ինչ իր մեջ է գտնում/ ինչից կազմված է:
Առանց սուբյեկտի. հավանաբար կա քերթություն և այն, որը տրվում է, բայց այդ ես երբեք չեմ գրի: Ինչ-որ քերթություն ես երբեք չէի ստորագրի: Ուրիշը կստորագրի:
Ես կամ լոկ այդ ցանկության` սրտով/անգիր սովորելու մերձության դեպքում: Ձգտելով ամփոփվել սեփական նեցուկի մեջ, այն է` առանց արտաքին նեցուկի, առանց սուբստանցիայի, առանց սուբյեկտի, ինքնին գրությունից ազատված, դա «սրտով/անգիր» թույլ է տալիս ընտրել իրեն մարմնից, սեռից, շուրթերից և աչքերից անդին, այն ջնջում է սահմանները, դուրս սահում ձեռքերից, դու դժվարությամբ ես լսում նրան, բայց այն մեզ սովորեցնում է սրտով: Ծագումը, ժառանգմանը վստահված ընտրության երաշխիքը, կարող է կառչել յուրաքանչյուր բառից, առարկայից` կենդանի թե ոչ, ոզնու անունից, օրինակ, կյանքի ու մահվան միջև, մայրամուտի, թե արևագալի, վախճանաբանության ծավալումից` սեփական կամ ընդհանուր, բացահայտ թե գաղտնի:
— Բայց Քերթությունը, որի մասին ասում ես, սխալվում ես` նրան երբեք այդպես չեն կոչել ոչ այդպես կամայականորեն:
— Դու ինքդ հենց նոր ասացիր այն, ինչը պետք էր ապացուցել: Հիշիր հարցը. «Ի՞նչ է…», (ti esti, was ist…, istoria, episteme, philosopbia): «Ի՞նչ է…»-ն ողբում է քերթության անհետացումը. ևս մի աղետ: Հռչակելով այն, ինչն այնպիսին է` ինչպիսին է, հարցադրումը ողջունում է արձակի (պրոզայի) ծնունդը:
[1] Առաջին անգամ հրատարակվել է Poesia, I, 11, novembre 1988, այնուհետև` Poesie, 50, automne 1989 մեջ, ուր տեքստին կցված է ստորև ներկայացվող գրությունը`
«Իտալական Poesia ամսագիրը, ուր այս տեքստն հայտնվեց 1988 թ. նոյեմբերին (թարգմանված Մաուրիցիո Ֆերրարիսի կողմից), իր յուրաքանչյուր համարը բացում էր che cos’e la poesia ? հարցի պատասխանի փորձով կամ կեղծակերպով (simulacre): Այն վերապահվում է մեռածներին, այս դեպքում` Կաֆկայի Օդրադեկին (l’Odradek de Kafka): Գրելու պահին ապրողը չգիտի մեռածի պատասխանը` այն հրատարակիչների ընտրությամբ դրվում է ամսագրի վերջում:
Իտալերեն հրատարակության ISTRICE (արտասանվում է իստրիչե) բառ և առարկա նշանակող այդ «պատասխանը» բացատրում է երբեմն բառի բառացի իմաստը, տառերով ու վանկերով փոխակերպումը, որը ֆրանսերենում համապատասխանում է herisson [ոզնի]-ն»:
Թարգմանությունը կատարված է ըստ Jacques Derrida. Points de suspension. Entretiens Paris, Galilee, 1992. p.303—308:
[2] «En traversant» ֆրանսերենի բառացի թարգմանոևթյունն է` «կտրել-անցնել»-ը: Մենք նախընտրեցինք այն թարգմանել «հատանցել»:
[3] Par coeur— ֆրանսերենից թարգմանությունն է` 1.սրտով, 2. անգիր: Տվյալ դեպքում նախընտրելի թարգմանությունն է` սրտով/անգիր,զի Դերիդան խաղարկում է բառի երկու իմաստներն էլ:
[4] Նավահետք (գերմ.) — ծանոթ. թարգմ.:
[5] Ոզնի (իտ.) — ծանոթ. թարգմ.:
[6] Ստվարացյալ, թանձրացյալ (գերմ.) — ծանոթ. թարգմ.:
[7] մտքում պահել, անգիր սովորել (իտ.) — ծանոթ. թարգմ.:
[8] Նախազգուշացնել (իտ.) — ծանոթ. թարգմ.:
[9] Զուտ Խոսք -գերմ., ծանոթ.` թրգմ.:
[10] Catachretique- ճարտասանական պատկեր, կերպ, ձև, ծանոթ.` թրգմ.: