***
ծով,
ասա ինձ
ինչ հայացքով է նա քեզ նայում
ինչ ես կարծում՝ ով է մտքին
ինչ հարցեր է նա քեզ տալիս, ծով
երբ նա նստած ափին՝ նայում է ալիքներիդ
նրա այդ լռության մեջ ես կա՞մ
***
դեղին ապակին
լույս ափերի մեջ
դեղինը կապույտին
կապույտը ծովին տուր
ալիքներ
հասնող ափին քաղաքիդ
անցիր
անցիր
կարոտդ ծովին տուր
գցիր ալիքներին այդ «իմ սերը» ու անցիր
***
կպնում եմ և հետ գնում
փակվում եմ լռության գրկում կարծես տողատակ, որ հասկացվել է ուզում, որ ուզում է ապրել լայն հորիզոններում, անդրադառնալ դեպի օվկիանոս ճանապարհ ընկնող ձկների զրույցներից
զարմանալ
թաքուն լսել բոլոր
թաքուն խոսակցությունները սիրո մասին (այո, օվկիանոսներում էլ են բոլոր խոսակցությունները սիրո մասին)
լսել, թե ոնց է լռությունը խախտում միայնությունը իր հնչյունների
տեսնել միացվող ձայների համընկնումները աղմկոտ այս քաղաքի
իմանալ հասարակ տարրերի նախընտրությունը մնալ խոսքերի գրկում
ճանաչել քեզ նորից, ինչպես վաղեմի մի ծանոթի, որին վստահեցիր խոսքդ և միտքդ, որին ասեցիր ուղիղ, որ սիրում ես թռչունների գնալը հարավ,
քանի որ
գտնում ես իմաստը մեկին սպասելու մեջ,
անցնել կտուրներով քաղաքի
նայել վերևից քո քաղաքին
իմանալ, որ դու սիրում ես թռչունների գալը հարավից,
քանի որ մտածում ես, որ տունը նրանց անպայման այս կողմերում է, և նրանք անպայման մեզ մոտ են գալիս տուն, այլ ոչ հակառակը
***
կաթիլ
կաթիլ
ձյուն
ուղիղ դեմքին քաղաքի
լույսեր
թաքուն պախկվող մթից քաղաքի
դու և քո միայնությունը նման զրնգող ձայնին ծիծաղի
թռչուն
տերև
ծով, որ ապրել է ուզում քաղաքիդ ափերին
ծածկել ժպիտդ սառչող ալիքներով
տաքանալ