Քանի որ թվաց, թե օրը սկսվում է այն կետից, որտեղ ինքն էր կանգնած, նա սկսեց քայլել՝ իր հետ տանելով ու տարածելով ջուրը: Երբ մտածեց ժամանակի մասին, մտածեց, որ հիմա ժամանակն է, երբ իր այտոսկրերն սկսեցին ընդգծվել, և այդ ընթացքում ինչ-որ անդառնալիության զգացումով տառապող մի տղա մնաց մեքենայի բաց պատուհանից այն կողմ: Եվ այդ ընթացքում լուսինը ճիշտ իր մատների բարձիկի չափսին էր: Բայց ո՞վ էր գնացողը: Ինչ-որ բան էր՝ մահվան ելքով: Առաստաղից կաթկթում էր կտրված անձրևի անձրևը: Եվ հիմա արդեն աստծո բութ մատը հասնում էր իր ճակատին: Այդ ե՞րբ էր: Բեթմեն դառնալու լավագույն ժամանակը:
«Գիշերն է,- մտածեց,- բայց երբ չկա մեկը, ով կօգնի՝ կարևոր չէ՝ ինչում, դժվար թե հաջողացնես»,- մտածեց:
Պարզապես անսովոր էր, անսովոր էր, որ վերնահարկում հնչող դաշնամուրի ձայնը հասնում էր իրեն: Չնայած՝ չէ՞ որ ինքը հաստատ այստեղ է: Հիմա: Ինքը նստած է: Հիմա: Դեռ չի հանգել եզրակացության, որովհետև կարգին չի էլ մտածել, պարզապես եկել է, որովհետև գրելով իր վայրը՝ վերականգնել է դրա մասին գրողին ու եկել է: «Երանի այս չափազանց երկար տևած ընկճախտը մոնտաժային դանդաղեցված կադրերի պես հետ-հետ գնար ու նորից սկսվեր,- մտածեց,- որովհետև մի տեակ ինձ թվում է, որ ես չեմ սպանել այն մրջյունին, որին քիչ առաջ: Մի տեսակ ես այստեղ այսպես իհարկե նստած չեմ»,-մտածեց: Եվ գավազանով կինը անշուշտ Բեթմենը չէ: Աթոռի ոտքի մոտ ընկած գրիչը վերցրեց գետնից, վերցրեց տետրը, որի թերթերի մեջ դեղձ էր ճզմել հենց այնպես՝ մի բան արած լինելու համար ու գրեց:

Հեքիաթ

«Եթե առավոտյան մեկը վազում է, դու կռահել ես, որ հետ տալու՝ սրտխառնոցից, ուրեմն դու հաստատ արթնացել ես: Արևածաղիկների, խոտի, կանաչու, դու՝ նստած արևի տակ: Ես հասկանում եմ, որ մենք ամենքս, որ մենք բոլորս: Ունենք անհավասար պատկերացումներ ճշմարտության մասին, որ մենք բոլորս վաղուց իրարից մի տեսակ բաժանվել ենք, գլխավորապես քանզի հանդիպել ենք իրար: Ու եթե հոսող ջրի մեջ խրած մատներիդ պաղությունը քեզ չի ստիպում հեռանալ՝ ով իմանա՝ որտեղ հոսող գետի ափից, ապա դու այն հերթականն ես, ում աչքերի բազմապատկվող դատարկությանն է հանդիպել այ այն թփերի մեջ թաքնված, չերևացող, գորշ գորտը:
Հետո 15:03: Հոտառությունը փնտրում է, բառերով փնտրվում է, ես չգիտեմ՝ ինչից ազատվելու և ինչով տաքանալու այդ բանը: Ամառ է: Չէ, ես չեմ լողում ջրի մեջ, այլ կանգնել ու սպասում եմ, իսկ տղամարդը մածուն է ուտում և չի ուզում մտածել այդ մասին: Լրջորեն ամառ է: Կինը բերանից ձեռքի ափի մեջ է դատարկում ձմերուկի կորիզները, տղամարդը անհոգությունից գլուխը պատին է տալիս, իսկ դու դեռ կասկածում ես, որ կարելի է փրկել աշխարհը, այն միակ վայրը, որտեղ հաստատ գոյություն ունես դու»:
«Իհարկե հեքիաթ»,- մտածեց ու ընդգծեց վերնագիրը՝ գրիչով մգացնելով տառերը:
Այժմ: Որտեղի՞ց էր իմացել, որ իր սիրած տղամարդու սիրելիի գույնը նարնջագույնն էր: «Դա մի քայլ աջ կամ ձախ է դեղինից, ուրեմն հիվանդ է»,- մտածեց: Ինչպե՞ս էր իմացել, որ իր սիրած տղամարդը փոխել էր լեզուն իր սիրելիի համար, երբ արդեն վաղուց բաժանված էր նրանից, և ընդհանրապես այդ ինչպե՞ս գիտեր, որ իր սիրած տղամարդը սիրելի ուներ ընդհանրապես: Ուրեմն երևի սիրել էր: Այսչափ իմացություններից հետո էլ ի՞նչ ժխտման կարիք կար ուրեմն: Ուրեմն կարիք չկար:
«Չէ, կարիք չկար»,- մտածեց:
«Իրագործվո՞ւմ, թե՞ իրագործում եք»,- գրեց նորից ու բառի վ տառը մգեցնելիս այժմ հուսահատվեց:
Հուսահատվեց ու նայեց ճիշտ իր դիմաց կախ ընկած հայելու մեջ կախ ընկած իրեն: Ինքն: Չածիլած ոտքերով, երկար, շատ բարակ դիմագծերով՝ երևի նիհարությունից այդպես անհուսորեն դուրս ցցված կամ հակառակը՝ խորապես ներս գնացած աչքերով: Բարակ: Էր: Նա: Էր: Ինքն: Ու անշուշտ շունը, շան չկտրած եղունգը՝ թաթի: Թաթի եղունգները՝ մխրճված իր սպիտակ փորի մեջ: Եվ շունը՝ նույնպես սպիտակ, անդրադարձնում էր լույսը իր վրայից: Ճառագայթում էր հուսահատությունը ճերմակությունից գուցե, և բնից ազատվել էր ուզում: «Նե ուներ լուսնի ամբողջականության մասին իմացությունը և կիսալուսնին չէր հավատում նե»,- մտածեց:
Այժմ: «Ինձ էլ տար: Կտանե՞ս: Կսպասեմ: Եվ ո՞վ կլինի այնժամ մեղավոր, եթե չգաս: Ամեն դեպքում տար: Ինձ էլ: Ես այստեղ եմ, երբ նույնիսկ վստահ չեմ: Եվ փոշին, որը չեմ կարողանում տեսնել, պոկվել է իրերի շատությունից, որոնցով փակվել է արևը, բայց ես վախենում եմ, որ ծաղիկները շատություն կանեն: Այն օր լճի ափին անդառնալիորեն պռատ էի, և բացակայող կողոսկրի հիշողությունը փոշի էր ինձ, և ես էլ փոշի եմ ինձ հիմա: Եվ ուրեմն պիտի իմանայիր: Է: Դժվար: Որ: Ինձ»,- մտածեց:
Կարծես դեղնալույս միջանցքում աղմկող անիվների սայլակով իրեն բերում էին, որովհետև չէր ուզում ասել, որ տանում էին: Այո: Ուրեմն բերում էին սպիտակ սավանի տակ, որ փորից հանեն սրտաձև ունեցող երկաթե վարսակալը, որ չափազանց ինչ-որ բանից կուլ էր տվել պատահաբար:
— Պատահաբար դուք ուսանող չե՞ք: Դեռ զգու՞մ եք ձեր բերանի անկյուններում, դեռ զգու՞մ եք թթվահամը: Ինչո՞վ էիք զբաղված երեկ՝ ինչ ժամի որ ուզեք:
— Հականո՞ւմ եք, ձեր տաք թեյից գալիս է սառնարանի համ: Ողջ բերանումս, իսկ հետո ձեր այդ շոկոլադը, որը կերա, մտածում եմ, որ դրանից գալիս է փոքրիկ Միքայելի համը, ում ախորժակ չունենալու պատճառով կիսատ թողեցի այն օրը:
— Իսկ ձեզ նյարդայնեցնու՞մ է, որ երիտասարդ, դեռ բոլորովին անփորձ բուժքույրերը չափազանց երկար են բռնում ձեր ձեռքը և նույնչափ երկար ձեր ականջի տակ փսփսալով՝ շրթներկների համարներով են փոխանակվում:
«Իհարկե կա տարածություն, միայն թե միայն շնչելու, և այս փոքրությունը նույնպես տարածության տեսակ, և բառն այդ, սակայն, շատ է նվաստանում այնտեղ, չնայած գուցե հակառակը»,- մտածեց:
Եվ այժմ այլևս այն ժամանակը չէր, երբ դեռ ունակ էր նկատելու, որ լուսնի լույսից խոտը պսպղում է գետնին, գիտեր, որ երբ 1-ինը նայում է 2-րդին, 2-րդը կաշկանդվում է 1-ինի ամուսնացած լինելու մասին իմացությունից և այնպես ուզում է ասել՝ Մի:
Գիտեր՝ պատկերային հիշողությունից շուտով կջնջվեր այդ բանը, մեքենան արագ կսլանար: Կհասկանայի՞ն արդյոք, որ սպիտակ գլխարկով հեռացողի ուսին դրված էր բահը, ու ճոճվելով հեռվում՝ հորիզոնին, իր չռված աչքերը չէին պոկվում նրանից, որովհետև ճիշտ նրա տեղում ինքը հեքիաթում էր կառուցել սեփական տունը:
«Եվ որքան բան է մնացել, որ ավելի է ծանրացրել, և որքան ծանր է, այս, հայրիկ»,- մտածեց: Ո՞վ, ո՞վ պիտի հավատա, որ հնարավոր չէ բացատրել, որ ոչինչ չի կատարվում: «Անպտուղ է »,- մտածեց:
Անպտուղ էր: Հետաձգված էր նաև այս անգամ: Տան դուռը՝ նորից բաց: Սեղանին կգտնվեր կապույտ ափսեի մեջ շարված երեք կտոր սև թխվածք, ևս երկուսը ՝ չամիչով, բայց արդեն սպիտակ: Թաթի եղունգները փորի մաշկը կնճռոտեցին, ցավեցրին: Դեմքով նետվեց անկողնու վրա: Հայելի չկար, բայց դա ինքն էր: Ինքն: Ոտքերը չածիլած, կիսաշրջազգեստի վրա հատապտղի հետք, որտեղից վաղը նորից պիտի բողբոջեր դա: Ուրեմն կարմիր հատապտղի հետք էր: Ջարդված էր: Անպտուղ էր: Շան հետ էր:
Նա մտածեց, որ այլևս ինքն է անձրևը: Թափվող: Վրա:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն