Ամեն օր քարշ տալով հոգնած մարմինս գորշ, կեղտոտ փողոցներով` ոտքերս կանգ էին առնում տեխնիկական սարքավորումների փոքրիկ խանութի առջև, ցուցափեղկի ետևի լայն էկրանից ինձ էր նայում խելացնոր ժպիտով, հիացմունքով լի աչքերով մի տղամարդ, որը անհասկանալի նշաններ էր ցույց տալիս, հետո միանգամից միանում էր իմ սիրելի մասը, որի համար էլ ամեն անգամ, աշխատանքի գնալիս, կանգ էի առնում խանութի առջև: Նայելով ժամացույցին և տեսնելով, որ ինը դեռ չկա, հանգիստ շունչ քաշեցի© ժամանակն ասում էր, որ դատարկ հայացքս բավարարելու համար տասնհինգ րոպե դեռ ունեմ: Եվ ահա նույն էկրանին հայտնվեց անդունդի նմանող սև պատկերը, որից սկսեցին ձևավորվել տարբեր գույների ու երանգների շրջանակներ: Ծեփվելով խանութի ապակուն՝ ասես հիպնոսի ազդեցության տակ, խրվեցի այդ գունավոր աշխարհի մեջ: Շրջանակները, թվում է, կլանում էին ամբողջ ներքինս՝ չդիպչելով միայն արագ աշխատող ուղեղիս, ուր այդ մի քանի րոպեների ընթացքում արթնանում էին բազմաթիվ հարցեր, պատկերվում էին դրվագներ անցյալից, իսկ ամենասարսափելին այն էր, որ ես սկսում էի մտածել ապագայի մասին, սկզբնավորվում էր անհասկանալի մի զգացողություն, թե անհրաժեշտ է ինչ որ բան փոխել: Ինձ իրականություն բերեց մարդկանց հոծ զանգվածը, որը բարձր աղաղակելով արշավում էր դեպի քաղաքի գլխավոր հրապարակը: Գլուխս թափ տալով և ընդունելով դեմքիս նախկին, սովոր արտահայտությունը, հայացքս կրկին ընկավ ժամացույցին© սլաքները ցույց էին տալիս, որ պետք է շտապել:
Մտնելով հսկայական շենքը և անտարբեր ողջունելով մուտքի մոտ կանգնած պահակին` ցույց տվեցի անձը հաստատող փաստաթուղթը: Այնուհետև անցնելով «Անձը սահմանող» մոնիտորը, արդեն ավելի հանգիստ քայլեցի դեպի աշխատասենյակ: Փլվելով հարմարավետ բազկաթոռին` միացրեցի համակարգիչը© ինչպես միշտ` ծանուցումներ չկան, իսկ դա նշանակում է, որ որևէ աշխատանք նույնպես չկա: Հորանջելով, քարտուղարուհուց խնդրեցի մեկ բաժակ սուրճ, ապա ձգվելով դեպի հեռակառավարման վահանակը` միացրեցի հեռուստացույցը: Ըստ «Օրակարգի», թույլատրվում էր այն միացնել միայն 2130-ին, սակայն օրակարգի այդ կետը ես վաղուց էի խախտում: Ինչպես նաև բաց էի թողնում վերջին` հաբեր ընդունելու կետը, ինչի պատճառով ուղեղս արթուն էր մնում 24 ժամվա ընթացքում: Բոլոր ալիքներով ցույց էին տալիս այն նույն աղմկոտ զանգվածին, որն իր գոչյուններով ինձ ետ բերեց գունավոր շրջանակների աշխարհից: Այդ հոծ բազմությունը դեմ էր իշխող կառավարությանը` կանխատեսելով երկրի փլուզումը` ժողովրդավարության և խոսքի ազատության բացակայության պատճառով: Նայելով դրվագներին` մեջս գոյանում էին նույն զգացումները` ինչ գունավոր շրջանակներին հետևելու ժամանակ: Նայելով գոոացող բազմությանը` աչքերս լցվեցին արցունքներով: Թվում էր` բոլոր դեմքերը իմն էին, բոլոր գոչյունները իմ ներքին ճնշված գոչյուններն են: Մենք բոլորս էինք ուղևորվում դեպի գլխավոր հրապարակ, սակայն երեկոյան ժամերին այնուամենայնիվ հավատարիմ էինք մնում «Օրակարգի» կետերին: Լսելով քարտուղարուհու մոտեցող քայլերը` ես անմիջապես անջատեցի գոռացող հեռուստացույցը և կրկին հարմար տեղավորվեցի բազկաթոռին: Դեմքիս լուրջ արտահայտությունը ասում էր, որ զբաղված եմ շատ կարևոր աշխատանքային հանձնարարությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձրեցի սուրճը ձեռքին կնոջը, ով նայելով գործնական խստությամբ փայլող աչքերիս, սեղանին դրեց բաժակը և այնպես չքացավ, կարծես չէր էլ ներխուժել£ Այդ հիսնամյա կինը անում էր այն ամենը, ինչ արտաբերվում էր բերանիցս և պահում իրեն այնպես, կարծես ինձնից են կախված իր կյանքի զարգացումները: Ես ընդամենը քսանչորս տարեկան երիտասարդ էի, ով աշխատանքի էր անցել ոչ այնքան օրինական ձևով: Նման պաշտոնի հասնելու համար պետք էր աշխատել պետական հաստատությունում 3-5 տարի: Իսկ ինձ միանգամից ընդունեցին թափուր աշխատատեղ, որովհետև ոչ ոք չէր տիրապետում օտար լեզուների և չէր կարողանում ճիշտ շարադրել միտքը, վերածել այն գրավոր տեքստի: Բոլորը ընդունվել էին աշխատանքի իրենց ծանոթ նախարարների օգնությամբ և ստանում էին բավական բարձր աշխատավարձ: Իհարկե, ինչպես բոլորը` ես նույնպես ստանում էի բարձր ռոճիկ` համարյա ոչինչ չանելով աշխատավայրում:
Խմելով անուշաբույր սուրճը՝ ես կրկին միացրեցի հեռուստացույցը, որտեղ մի աղջնակ, վրդովված, ինչ-որ բան էր ասում՝ ցույց տալով բարձր պահած, բոլոր քաղաքացիներին լավ ծանոթ պաստառը: Միանգամից հասկանալով ինչի մասին է խոսքը, ես մոտեցա պատից կախ մեծ «Օրակարգին», որի նմանը կար ամենուրեք` բոլոր տներում, խանութներում, ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում: Այդ թղթի կտորը մեր կյանքի համակարգումն էր, մեր գոյատևման նշանացույցը: Նրանում ասվում էր©
«Բարձրաստիճան պաշտոնյաների աչալուրջ հսկողության ներքո, ովքեր քաղաքացիներին ընծայում են ազատություն, ապահովում երկրի ներքին և արտաքին խաղաղությունը, օգնում համակարգել քաղաքացիների կյանքի բնականոն ընթացքը, հրամայվում է՝
Արթնանալ 7:00-ին (հետևել հիգիենայի բոլոր կանոններին)
7:30-ին` սննդի ընդունում (նախաճաշ)
8:00-ին` դուրս գալ բոլոր բնակելի վայրերից (ուղևորվել աշխատավայր)
8:30, 9:00-ին` հասնել աշխատավայր (ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթը, անցնել «Անձը հաստատող» մոնիտորը£ Դպրոցականները և ուսանողները պետք է ժամանեն ուսումնական հաստատություններ նույն կարգով)
13:00-ին` երկրի օրհներգի կատարում (բացված պատուհանների և դռների պայմաններում)
15:00-ին` սննդի ընդունում (ճաշ)
18:30-ին` դուրս գալ բոլոր աշխատավայրերից և ուսումնական հաստատություններից
19:00-ին` հանդիպում ընկերների, բարեկամների հետ
20:00-ին` սննդի ընդունում (ընթրիք)
21:00-ին` ժամանել բնակության վայր (անցնելով «Անձը հաստատող» մոնիտորը)
21:30-ին` լուրեր (նայել կես ժամ)
22:00-ին` պատրաստվել քնի (պահպանել հիգիենայի բոլոր կանոնները)
22:30-ին` քնի ժամ (չմոռանալ հաբերի ընդունման մասին)
Ես կարող էի ժամերով նայել նշված կետերին, որոնք սահմանափակում էին իմ կյանքը: Աչքերս թռչում էին մեկ տողից մյուսին` ցանկանալով հասկանալ, թե որն էր կյանքի գաղտնիքն այն ժամանակների, երբ ես իսկապես ազատ եմ եղել: Դա հարց չէր, պարզապես ցանկանում էի վերականգնել գլխումս գոնե ինչ-ինչ հիշողություն: Մտածմունքներից ինձ ետ բերեց բարձր ձայնը, որը բոլորին կոչ էր անում դուրս գալ փողոց: Արագ վրաս առնելով ծանր վերարկուն` դուրս եկա աշխատասենյակից և բախվեցի այլ աշխատակիցների, ովքեր նույնպես վազում էին դեպի ելքը: Արդեն փողոցում, նույն ձայնը բղավում էր` բոլո՛րս դեպի գլխավոր հրապարակ:
Հասնելով նշված տեղը, ես կարծես հայտնվեցի շողշողուն աչքերի օվկիանոսի կենտրոնում, որտեղ, ինչպես ջրում, շնչել անհնարին էր: Հիացմունքով լի դեմքերը սպասում էին նոր իշխանությունների ժամանմանը, որ պիտի բարձրանային նախօրոք պատրաստված բեմահարթակ: Բոլորը շնորհավորում էին միմյանց հեղափոխության հաղթանակի, նախորդ ռեժիմի տապալման կապակցությամբ: Նույն շնորհավորական խոսքերը կրկնեց ժամանած կառավարությունը և հավելեց, որ այսուհետ մենք ենք լինելու տնօրենը մեր երկրի և մեր ճակատագրի: Ոչ ոք այլևս չպետք է ցույց տա անձը հաստատող փաստաթուղթը, չպետք է անցնի «Անձը սահմանող» մոնիտորը: «Օրակարգն» այլևս չէր գործելու, վերանալու էին բոլոր պաստառները և ընդմիշտ մոռացվելու: Վերջում ավելացվեց, որ ամենակարևորը ոչ միայն տոտալիտար ռեժիմի փլուզման հարցն է, այլև մեր ներքին ազատության ձեռքբերումը: Բոլորը չհասկացող հայացքներով իրար նայեցին, հարցնելով՝ ինչի մասին է խոսքը:
— Ներքին ազատություն,- լսվում էր մարդկանց շուրթերից: Ես ինքս էլ սկսեցի մտածել, և ինձ նույնպես այդ արտահայտությունը անհասկանալի և օտար թվաց: Բազմության ետևից ես ևս կրկնեցի բառակապակցությունը, սակայն ի պատասխան տեսա նույն շփոթված դեմքերը: Հանդիպելով մարդկանց չհասկացող արձագանքին՝ նոր քաղաքական ուժը կրկին խոսեց հին կառավարության մասին` արժանանալով զանգվածների այն սկզբնական գոհունակությանը: Մի քանի ժամ դիմակայելով անձրևին ու ցուրտ քամուն, բոլորս հնազանդորեն լսում էինք, թե ինչպես է մեր կյանքը փոխվելու դեպի լավը, սակայն ներքին ազատության մասին ոչ մի խոսք այլևս չարտաբերվեց:
Արդեն գիշեր էր, երբ մտա իմ դատարկ բնակարանը, մրսած մարմինս տաքացնելու և մի փոքր թարմանալու համար բացեցի պահարանում վաղուց մոռացված գինու շիշը: Գլխումս դեռ պտտվում էին վերջին ժամերին լսած քարոզները, ներքին ազատության մասին միտքը հանգիստ չէր տալիս հոգնած ուղեղիս և հոգուս: Աչքերիս առջև սկսեցին ուրվագծվել խայտաբղետ շրջանակները, ես սկսում էի հասկանալ, թե ինչ գորշ կյանքով ենք ամենքս ապրում: Հարցը, թե ինչ բան է ներքին ազատությունը, ինքնաբերաբար անդադար հառնում էր իմ առջև, սակայն ոչ մի խելամիտ պատասխան չէր տրվում դրան: Էությունս ցանկանում էր լինել ազատ, չապրել գրված օրենքներով, սակայն հարցը մնում էր` ինչպե՞ս: Ամբողջ գիշեր այդ հարցը հալածում էր ինձ՝ չթողնելով փակել հոգնած աչքերս: Ես չգիտեի ինչ սպասել վաղվա օրվանից: Արդյո՞ք պետք է գնալ աշխատանքի, գուցե այնուամենայնիվ պե՞տք է կատարել որոշ կետեր «Օրակարգ»-ից® Վախը պատել էր ամբողջ մարմինս և ոչ միայն ինձ: Այդ նույն վախը ես նկատեցի այլ մարդկանց մեջ, երբ մենք առաջին անգամ լսեցինք ներքին ազատության մասին: Եթե մեծամասնությունը ձևացրեց, թե չի լսել, ապա ես շատ լավ լսեցի և չմոռացա, այդ «ներքին ազատություն»- ը շատ արագ իր տեղը գտավ գլխումս, սակայն` վախի հետ միասին, թև թևի տված, ամուսնական անբաժան զույգի նման: Քունը ինձ այդպես էլ չայցելեց, և 7: 00-ին ես սկսեցի իմ ամենօրյա «Օրակարգը»: Աշխատանքի ճանապարհին, ինչպես միշտ, անցնելով տեխնիկական սարքավորումների իմ սիրելի խանութի մոտով, վախը ինձ կրկին պատեց, և ես սկսեցի այնպես վազել, որ նույնիսկ աչքի ծայրով չտեսնեմ գունավոր շրջանակները: Երկրորդ անգամ տագնապի զգացումն առաջացավ, երբ հասա աշխատավայր: Շենքի առջև մարդիկ վառել էին մեծ խարույկներ, ուր նետում էին «Օրակարգի» պաստառները: Մտնելով աշխատասենյակ, ես միանգամից նկատեցի, որ ինձ «կարգավորող» մեծ պաստառը նույնպես չկա: Մոտենալով պատուհանին, սկսեցի հետևել, թե ինչպես են մարդիկ, զայրացած դեմքերով, այրում իրենց վիրավորանքը՝ խաբելով իրենք իրենց: Նստելով համակարգչի առջև, աչքերս հանդիպեցին նամակների, որոնք ծածկում էին ամբողջ էկրանը: Հասկացա, որ դա տարիների ընթացքում կուտակված, չկատարված աշխատանքն է: Պետք էր ամեն ինչ սկսել զրոյից, ոչ միայն աշխատանքը, այլև ամբողջ կյանքը: Կարծես վայրի կենդանի, որը երկար տարիներ փակված է եղել վանդակում, դուրս թռա աշխատասենյակից` շտապելով ազատվել ճնշող ճաղերից: Ոչ ոք չհարցրեց, թե ուր եմ գնում, չկանգնեց ճանապարհիս, ինչը է՛լ ավելի շփոթեցրեց մոլորված կենդանուն: Փողոցը պարուրվել էր վառված թղթերի մոխրով: Մարդիկ վառում էին իրենց անցյալը` չհասկանալով, թե ինչ անել ներկայի և ապագայի հետ: Կարծես կախարդված՝ նայելով կարմիր կրակներին, ես անզգուշորեն բախվեցի իմ հասակակից մի երիտասարդի, ով նույնպես ուշադիր հետևում էր կրակներին: Նայելով նրա սև աչքերին, հայտնաբերեցի նույն վախեցած հայացքը, որը երեկվանից ապրում էր իմ մեջ: Նրա դեմքին տեսնելով նույն հարցերը՝ հասկացա, որ միայնակ չեմ: Ուշադիր նայելով աչքերիս՝ ասես հոգուս մեջ, նա, հուզված, անսպասելիորեն բացականչեց© «Կեցցե՜ հեղափոխությունը», հետո արագ անհետացավ՝ ձուլվելով ամբոխին: Կծկվեցի վերարկուիս մեջ և դանդաղ քայլեցի` մտածելով, թե ինչ է լինելու բոլորիս հետ ապագայում: Համընդհանուր ոգևորությունը պարզապես նախկին իշխանություններից ազատվելու էյֆորիայի արդյունքն էր: Երկար տարիներ բանտարկված ժողովրդին դուր էր գալիս իրեն հաղթանակած զգալը: Սակայն ինքնախաբեությո՞ւն չէր արդյոք£ Ես վերջապես հասկացա, թե ինչ է «ներքին ազատությունը»: Հասկացա, որ «ներքին ազատությունը» հավասար է «ներքին հեղափոխությանը»: Առանց «ներքին ազատության» ոչ ոք չի հասնի որևէ հաղթանակի, չի կատարի իսկական հեղափոխություն:
Ոտքերս իրենք բերեցին ինձ տեխնիկական սարքավորումների խանութի մոտ: Կրկին կանգնելով ապակու առջև` ես տեսա նույն տարօրինակ տղամարդուն: Սկսեցի սպասել, որ, ահա, կհայտնվի սև շրջանակը, սակայն դրա փոխարեն հայտնվեցին գունավոր շրջանակները, ինչից հետո հայտնվեց սև անդունդը՝ կլանելով իմ բոլոր երագները` հեղափոխական ներքին ազատության հետ: