Շուշանն ասաց՝ էս թեման մեր ընկերության ատոմային ռումբն է։
Ես, մենք միշտ գլուխ ենք գովում, որ այս՝ տակավին երիտասարդ տարիքում, ունենք շատ հասուն ընկերություն, որ մարդիկ հիսունից հետո էլ չեն ունենում։ Մենք մեզ ու ընդհուպ շրջապատին հավատացրել ենք, որ մենք նախանձելի ընկերություն ունենք, և յուրաքանչյուր ոք կցանկանար մեր ոսկե խմբի մեջ լինել։ Այս ամենը ճիշտ է հարկավ, հենց այսպես է, ինչպես որ կա, սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի անգամ ինձ, թե ինչ թեմա պետք չի բացել սուրճի և (կամ) հացի սեղանի շուրջ, ես կասեի՝ հայրենիքի։
Ծնյալ օրեն ուղնուծուծով երևանցի լինելն էլ չի խանգարի, որ Սյունիքի դարպասներից զգաս Կապանի ուժը։ Բառով բացատրել, չգիտեմ, կստացվի, թե չէ, ու չգիտեմ՝ Խուստուփի՞ց է, որ էդքան պաշտպանված ես զգում քեզ, թե՞ մինչև առավոտ վառվող լույսերից, որ սյունեցու միշտ արթուն լինելու փաստերից են։ Դժվար չափազանցրած լինեմ, եթե ասեմ, որ ափսոսում ես քնածդ ժամանակը, որովհետև, ախր, էդ լեռներն ու երկինքը էնքան մաքուր են, ոչինչ չի խանգարում քո ու վերևում եղած հոգիների զրույցին։ Երևանից էստեղ գուցե հեռու է, դժվար է, լացելով է (ոչ շատ սիրելի դրոշներ, «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներ, անտեր տներ, անձնագիրդ ստուգող զինվորականներ…), բայց հենց հասար, երկինքը էնքան մոտ է, որ թվում է՝ ձեռքդ պարզես, հասնելու ես։ Մարդիկ, փոքր փողոցները, անընդհատ հանդիպող նույն դեմքերը ինչ-որ հարազատություն են ստեղծում, բաց գիրկ են դառնում, տուն են դառնում՝ վիրավոր, կրակված տանիքով, որտեղ անընդհատ վերադառնալ ես ուզում, որովհետև տնից հեռու ո՞ւր պիտի գնաս, ինչքա՞ն հեռու պիտի գնաս, հոգիդ էստեղ է, անհոգի ինչքա՞ն պիտի մնաս։
Մեր կուրսի Փնջիկը ապրում է Կապան քաղաքի հարակից գյուղերից մեկում՝ Եղվարդում։ Քաղաքական, պատերազմական կամ բախտի զրոյական մակարդակի բերումով այս գյուղը դարձել է սահմանին մերձ, ու Փնջիկենց տնից երևում է, թշնամին դեռ ոչինչ, այն տարածքը, որտեղ սխալմամբ անցել են իրենց անասունները։ Փնջիկի հայրը շատ է փորձել հետ բերել իր անասունները, որովհետև սեպտեմբերին երկու աղջիկ ուսանող պիտի ճանապարհի քաղաք՝ սովորելու։ Ինձ Փնջիկն ասում էր, որ երևի կփոխի հեռակա. ես շատ էի տանջվում էդ մտքից, որովհետև հա՛մ իրեն եմ շատ սիրում, հա՛մ ինքը ընտիր ու սև հումորներ է անում, որ ոչ բոլորի մոտ է իրեն թույլ տալիս (իսկ սա ինքս ինձ հատուկ զգալու նախապայման է, այսինքն` ես մի այնպիսի մեկն եմ, որին կարելի է վստահել «ներսի» հումորները), հետո՝ Փնջիկը միշտ շատ ուշադիր է, ու ես հանգիստ կարող եմ ունեցած-չունեցածս մոռանալ ուզածս լսարանում՝ վստահ լինելով, որ ինքը հաստատ կվերցնի։ Ստացվեց այնպես, որ նրանց անասուններն այդպես էլ չգտան տունդարձի ճամփան, գուցե որովհետև նրանց «օգնեցին» շեղվել։ Գուցե, հաստատ չենք կարող ասել։
Երբ դասերը սկսվում են, ավագը հայտարարում է, որ վարձի զեղչերը ստանալու համար պետք է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, որ պետք չէ ուշացնել։ Մենք շատ անակնկալի եկանք, երբ տեսանք Փնջիկին թղթերով դեկանատ գնալիս։ Փաստորեն Կապանի Եղվարդ գյուղը արդեն համարվում էր սահմանամերձ, իսկ սահմանամերձ գյուղում ապրող ուսանողի ուսման վարձը պետք է զեղչվի։ Փաստորեն այն գյուղը, որտեղ ապրում է մեր կուրսի Փնջիկը, այլևս համարվում է սահմանամերձ, բայց ոչ այդ օրը և ոչ մեր ֆակուլտետի դեկանատում ունեցած թղթերում։
Դասամիջոցին հարցնում եմ՝ ստացվե՞ց։ Ասում է, որ չի ստացվել, որ թղթերում նայել են, ու իրենց գյուղի անունը չի եղել «ցանկում»։ Ասում եմ՝ բա ի՞նչ ես անելու։ Ասում է, որ պիտի Սյունիքի մարզպետարան դիմի ու այնտեղից թուղթ ներկայացնի, որ իր գյուղը նոր տվյալներով համարվում է սահմանամերձ։ Երևանից Կապան ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհը չէ, մեղմ ասած, և դրա համար օրհնյա՜լ լինեն տեխնոլոգիաները՝ նոր ու կյանքը հեշտացնող, որ թույլ տվեցին արագորեն կազմակերպել փաստաթուղթը հասցնելը՝ առանց գնալ-գալու։
Եվ մի քանի օր հետո համապատասխան թուղթը ներկայացվեց համապատասխան դեկանատ. Փնջիկի ուսման վարձը զեղչվեց, մենք ուրախացանք, նույնիսկ շնորհավորեցինք։ Շնորհավորեցինք, որ մի քանի բուռ հող քիչ ունենք, շնորհավորեցինք, որ նրանք անասուններ չունեն, շնորհավորեցինք, որ դեկանատը վավեր համարեց մարզպետարանից բերված թուղթը, շնորհավորեցինք, որ սահմանամերձ լինելը ապացուցել է պետք, որովհետև գուցե խաբողնե՞ր կան։ Գուցե մարդը ապրում է Երևանի կենտրոնում, բայց գնացել ու գրանցվել է գյուղի բարեկամներից մեկի տանը, մարզպետարանում հարց է լուծել և թղթով ներկայացել է դեկանատ՝ ստիպելով զեղչել իր ուսման վարձը։ Գուցե կան այդպիսիները, հաստատ չենք կարող ասել։ Ե՛վ դեկանատը մեղավորություն չունի, և՛ մարզպետարանը չունի, և՛ Փնջիկի հայրը չունի։ Անասուններն են մեղավոր, որ միայն իրենց խոտի մասին են մտածել ու մի քանի քայլ այն կողմ են քոչել՝ նույն խոտը ծամծմելու նպատակով։ Փնջիկն, ամեն դեպքում, նրանց չի մեղադրում։ Ավելի շատ կարոտում է, քան մեղադրում։
Ես էս պատմությունը պատմեցի ընկերներիս, նրանք հուզվեցին, մի քանի օր շարունակ հարցնում էին՝ արդյոք գտա՞ն անասունները, թե՞ չէ։ Ես կարծել էի, թե նրանք, ովքեր հուզվել են էս պատմությունից, երբեք չեն քննարկելու երկրից գնալը՝ իբրև հնարավոր տարբերակ։ Ես սխալվել էի, որովհետև Հայաստանում մնալն ու գնալու մասին չմտածելը արդեն ոչ թե հասկանալի ընտրություն է, ոչ թե բնական է, այլ «անընկալելի» է, «նորմալ» չէ, որովհետև եվրոպական փողոցները սիրուն են, որովհետև էնտեղ պետությունը հզոր է էնքան, որ առողջապահությունն ամբողջությամբ անվճար է, որովհետև այնտեղ ծով կա, գրողը տանի, և այնտեղ պետությունը հոգ է տանում իր քաղաքացու մասին։ Այնտեղ ուղղակի ավելի հեշտ է ապրել, երազանքներ ունենալ գեղեցիկ տան ու մայրամուտների մասին։ Եվ դա բնական է, որ մարդն ուզում է ապահովել իր նվազագույն պահանջմունքը՝ ապահովությունը։
Էս մասին խոսելուց և (կամ), ավելի ճիշտ բառով ասած, գոռգոռալուց հետո, մենք որոշում ենք չբացել այն, բայց երբեք չի ստացվում, որովհետև սա տարակարծության այն դաշտը չէ, որտեղ հարգվում ու ընդունվում են միմյանց կարծիքները։ Ու սա երևի այն թեման չէ, որի մասին արժե գրել։ Սա առհասարակ այն թեման չէ, որից պիտի խոսեին աղջիկները սրճելիս ու զբոսնելիս։ Բայց սա կախված է օդից, տանիքից, մահճակալի վերևից և ամեն վայրկյան սպառնում է պայթել, որովհետև ոնց Շուշանն է ասում.
— Էս թեման մեր ընկերության ատոմային ռումբն է։