Մերրի ՄկրտչյանՈւ իր մորաքրոջ մատները բարակ կլինեն:
17, 17, արագացրու:
— Սպասիր, ատամներս եմ…,- պատասխանեց 17-ը:  -Ահա, վերջացրի` ներս մտնելով հայելուն մոտեցավ, ինչ հետաքրքիր է, առաջին անգամ է այսպես, նորից նույնն է, բայց դեռ երբեք այս օրերին ատամներս չէի լվացել, երևի մեծանում եմ:
— Հացը էնտեղ է, կուտես, տես, թե ուզում ես:
— Չեմ ուզում… — կարող էի չասել`չեմ ուզում, կարող էի պարզապես լռել, կարող էի չասել… դեռ չեմ սովորել… բայց կանցնի, հաստատ կանցնի:
— Գիտե՞ս, դու միշտ ինձ համար ուժեղ կերպար ես եղել,-կոճկելով շորերը շարունակեց 15-ը,- երբեք չէի մտածել, որ ուշադրության պակաս կարող էիր ունենալ: Դե, երեկվա դեպքը, գիտես, եթե ես հազար անգամ ձայն չտայի, 19-ը  ինձ էլ սուրճ չէր դնի, այնպես որ էդպես մի արա, թե չէ… թե չէ, կհիասթափվեմ քեզնից, իսկ դու իմ մեծ եղբայրն ես:

«Բայց հասկանու՞մ ես, կան պաշտպանական թաղանթներ,  ու… ու ուժեղի կերպարը… ուժեղ կերպարը… դա…»
Եվ ձկան աչքերից էլ ավելի վերև նա տեսավ: Հետո լսվեցին ճանճերի չպատճառաբանված գրկախառնությունների տզզոցները, այսպես, եթե շարունակվի այսպես…
Է՛լ ավելի բարձր հասարակություն, բարձր անուն ունեցող կոշիկներով է՛լ ավելի բարձրացավ բարձր, թեև  չէր էլ կարող  բարձրանար ցածր,- ինչ հիմարություն,- մտածեց:
Հետո ինքը տեսավ: Առաջին քայլը հրաժարվելն էր, բայց այդ հրաժարվելու մեջ իր հրաժարվելը շոշափելի կերպով բարձրաձայնելը եղավ: Երկրորդ անգամ նա հասկացավ, որ իր վերջին անգամ չերևալ- չկարողանալը հենց չհրաժարվելն էր: Հրաժարումը կարողություն էր, ունակություն, ինքը չկարողացավ: Ուրեմն դեռ կար:   Հետո դա  ավելի ցածր դաշտ էր: Իրեն արդեն ոչինչն էր հետաքրքրում: Ոչինչը, որ ոչ ոք չէր կարողանում տեսնել, լսել, համտեսել, և որին առավել ևս չէին հավատում: Եթե միայն հավատային: Բայց եթե հավատային, իր ունեցած միակը` ոչինչը, որ ամեն ինչ  էր, բայց ոչ  նույնիսկ զգացմունք այնքան, կկորչեր…
Դրա համար էլ ինքը խաղաղությամբ բացեց թևերը:
1
1
1

Մաղձ: Ուրիշների դիմաց ինքդ քեզ քչփորելուց հետոն: Քիչ մնաց: Շուտով, երբ նորից 5 տարեկան դառնա, կխնդրի հագուստները լվանան փոշեհատիկով, որ լեզու է տալիս… պարանին կախված սավանը: Եվ գիշերը սառնարանի դուռը կիսաբաց կանի` ճշտելու` արդյոք խոսո՞ւմ են լոլիկները: Հետո կցավա ինչ-որ բան, բայց միայն հետո, շատ ավելի հետո ինքը կհասկանա, թե ինչը: Հիմա ուղղակի տատանումն է, երբ ինքը հաստատ 5-ը չէ:
-17,17:

Ախր այնքան է հեշտ է հատակին նայելը: Չէ՞ որ դու նստում ես ոտքերդ իրար հպած ու մեջքդ ծնկներիդ կպած: Ուրեմն երբ մի կողմ տանես ձեռքերդ ու մեջքդ, չգիտես, թե ինչ կառավարումով ետ մղվի, ոտքերդ կհեռացնես իրարից, կերևա հատակը: Այսպես, եթե շարունակվի այսպես…
Ինչ մեծ բան է որ: Հատակն ընդամենը գտնվելու վայրն է, կամ երբ աչքերդ կախ են ընկնում` տեսադաշտ: Այսպես, դե ոչինչ էլ չկա հաստատ… Նորմալ է:

38-ը փակեց աչքերը, թեև չեկավ գրկելու 15-ին, 17-ին, 19-ին: Ժամանակ առ ժամանակ  զգում էր, որ 43-ը իր կողքին չէ: Ձևացնելով իր լիարժեքությունը` նա բացուխուփ էր անում աչքերը, հետո թևերը, հետո նորից ոտքերն ու հետո բերանը: Չախտորոշված իր ընտանեկան պատկանելությամբ նա կծկվում էր բազմոցի մեջ: Ու օրեր եղան, որ  ոչ 15-ը նկատեց նրան, ոչ 19-ը, ոչ անգամ 17-ը:
-Նա:
-Դե, այո, նա…
-Գիտեմ:
-43,43…

-19, ի՞նչ ես ասելու երբ տեսնես նրան, ոչինչ չե՞ս հարցնելու, ոչի՞նչ:
-Չգիտեմ, չգիտեմ: Դա, դա դժվար է,- պատասխանեց 15-ին:
-Իսկ ես, ես որ մի օր բոլորի պես տեսնելու եմ նրան, ես պիտի  հարցնեմ` ինչի՞, ինչո՞ւ է ինքն այսքան բարի..
Ամենադաժան բարիություն:
-Կուլ չգնացող մեղքը ներել զգալու չափ:
— Ծանր:
-Շատ ծանր…
1
1
1

17-ը կանգնեց է՜լ ավելի դատարկ դաշտի մեջ: Ինքը հիշեց վերջին Զատիկը, հետո այն, որ պապը վերջին անգամ չճանաչեց իրեն: Այսպես հարցրեց` դո՞ւ ես:  Իսկ ինքն ուսերը թոթվել սովորեց, հետո անցավ սուրճ առաջարկող կինը: Սուրճ կխմե՞ս, սուրճ կխմե՞ս,- հարցրեց նա բոլորին, իսկ երբ մոտեցավ իրեն, նա արագ շրջանցեց սրահը, ու հայելու մեջ ինքը տեսավ, թե ինչպես սեփական շորը է՜լ  ավելի երկարեց, փակեց բերանը ու էլ ավելի մոտեցավ հայելուն, որ չարտասվեր:  Հիմա  հիվանդությունը չախտորոշվածի տատանմամբ` չիմացվածի ու անտեղյակի ռունգերի տաք շնչի միջից ծորեց.  ու ինքը ժպտաց, որովհետև դեռ «դեռ»-ի մեջ էր: Ու ինքը դա էր, միշտ էլ դա էր եղել`  սեղանի  վրա գլուխը կախող, բոլորի առջև լացող, բայց անտեսված ու ավելին քան դա:
…Ու գիշերը վերմակի տակ հեկեկացող 15-ի ու 19-ինների մեջ նա չկարողացավ ճանաչել իր մորը: Ու ավելի առաջ էլ չկարողացավ հիշել, երբ քնելիս ինքը հաց էր ուզում ու ոչ ոք չտվեց, հետո էլի այն, որ չտվեց, հետո էլի… այսպես, եթե շարունակվի այսպես… Երեխաները չպետք է սփոփեն իրենց ծնողներին,  չպետք է սփոփեն: Ու սա ամենևին էլ այն սրտի ձևը չէ, որը կարելի էր ունենալ  հետո, սա ոչինչ էլ չէ, այնտեղ, որտեղ առանձնապես մեծ չափսերի հասնող բաներ չկան, իսկ ամեափոքրը ոչինչը ինքը
ու 17-ը
ու 15-ը
19-ն ու 38-ը…
ամեն ինչ նախկինում էր: Իսկ  առաջն իրեն հիշեցնել տվող թեթևամիտ տղա, աղջիկ կամ տղա:
— 43-ը հիվանդ է,- անտարբեր ասաց 38-ը ու փակեց աչքերը: Հետո ետ նայեց, հետո առաջ:
Դառնորեն  կրկնեց, որ հիվանդ է: Հեռացավ:
— Չեմ կա…
Ես էլ եմ նույնը զգում մարդկանց հանդեպ,- ուսերը թոթվեց 17-ը:
— որովհետև մոտենալու ձևը…
— Եվ ցանկությունների ուժը,- հիշեցրեց 17-ը:
— մոտենալու ձևը…
— Կյանքը շռայլություն էր աշխարհի համար, առանց այդ էլ շատ էինք, սրտերը` քիչ:
— Այս ամենի մեջ…
— իսկ սրտե…
— Դե, բավական է ընդհատես, -վերջապես բղավեց 15-ը:
— Ու երբ սրտերը կորան, զոհեր ամենևին էլ չեղան, լա-լա-լա-լե, լե-լա-լա,- շարունակեց 17-ը, — ու, նայելով հայելու մեջ, բթամատերով քաշեց կոպերը, հետո վերին շրթունքը քաշեց, հետո ականջներն ու մի լավ զվարճացավ:
— Մի հատ էլ ինձ,- զվարթացավ նաև 15-ը ու մոտեցավ 17-ին:
1
1
1

-19-ը աղոթելու է եկեղեցում մեզ համար, արի գնանք, արի գնանք` քայլենք, հարկավոր է:
— Չեմ կարող:
— Չե՞ս նախընտրում:
— Ոչ, չեմ կարող:
— Ուղղակի չե՞ս կարող:
— Չեմ կարող:
— Ինչի՞:
— Ինչու սկզբից չէիր հարցնում, ինչի,-կմկմաց,- վախենում եմ, հարցրու` ինչի, դե, հարցրու:
— Ափսոս:
— Իսկ ու՞ր ես գնում:
— Դե, եթե չես գալիս:
— Բայց ու՞ր ես գնում:
— Լավ էլ գիտես` Մարբորրո:
— Բայց երեկո է արդեն ու ճանապարհին թունել կա :
— Դու իսկապե՞ս վախենում ես:
— Ըհը:
— Լավ, ինքս կգնամ:
— Չի էլ ուզում իմանալ`ինչի: Դու չես վախենու՞մ:
— Մթի՞ց:
— Չէ, թունելից հետո մթից:
— Ես մեքենա եմ նստելու:
— Դա հենց սարսափելին է:
— Ահ, 17, չեմ հասկանում, ձանձրացրիր արդեն:
— Բայց հասկանո՞ւմ ես, ես, ես էլ տեղ չունեմ շարուանակաբարից… մտնել մեքենայով թունել գիշերը ու դուրս գալը թունելից ու էլի գիշերը, դա սարսափելին է… մտնելուց առաջ ե ս հավատում եմ վերջում լույս,  ելք  մի բան, բայց գիշերով թունելի վերջից ու սկզբից մութ է… ու մեքենան արագ է գնում, ես վախենում եմ չհաղթահարել…
— 17, դու քեզ լավ չես զգու՞մ:
— Չէ, լավ եմ: Ես… ինձ թվում է կանցնի:
— Լավ, եթե կանցնի, ուրեմն հեչ բան է:
— Ոչ, գրողը քեզ տանի, չկա նման ճշմարտություն:
— 17, քո ցավով աշխարհը չի կարող ավարտվել:
— Գիտեմ:
— Ուրե՞մն:
— Ուղղակի այն, որ մի ասա` հեչ բան է, մի ասա այդպես, ես գիտեմ, որ կանցնի, բայց մի ասա, մի ասա, որ հեչ բան է, հետո ինչ` որ կանցնի:
1
1
1

Ինչ-որ շշուկներ  ու վիրավորանքներ լսվեցին: 15-ը շրխկացնելով բացեց դուռն ու անհետացավ մյուս կողմում: Հեկեկալու միակ վայրն այստեղ զուգարանն է` հիշեց 17-ը: Հետո նայեց, թե ինչպես էր բազկաթոռին նստած 38-ը արտագրություն անում 19-ի համար: Տեսավ նրա ցցված երակները: Հիշեց, որ միշտ երազել էր ձեռք տալ տիկին Ս-ի ձեռքերին, երբ նա մի օր սեղանի մյուս ծայրից անձեռոցիկի տուփը դրեց իր դիմաց, որովհետև լացը գալիս էր ու զուգարան չկար: Ու մի օր էլ 17-ը զանգեց հասկանալու` ինչու  է հիվանդ 43-ը:
43-ը պատասխանեց փաղաքշական կարոտով, ասաց, որ լավ է հիմա, և որ կզանգի հետո, որովհետև հաց է ուտում հիմա: Հա, իհարկե, կամ այո, խնդիր չկա:
Նամակաբերը կանգնեց դռան շեմին, խնդրեց բացել դուռը, բայց 19-ը երկար համոզում էր, որ սխալվել է, մինչ հասցեն պնդում էր ուղության  ճշգրտությունը… իսկ 17-ը հրճվում էր ընկճվածությունից` շարունակ բախվելով 15-ի կարմրած աչքերին: Տեսնես` ինչ կլինի հետո, այսպես, եթե շարունակվի այսպես…
Գիշերներ սպասարկող կինը խոցելի էր թվում հեռավորությունից: Ձմռանը նրանք հերթով մոտենում էին  տան պատուհաններին ու սառը ապակիներին էին սեղմում ճակատները:
Կտրելով մրջյունի ոտքերի կեսը, նայելով մի կողմի վրա թեքված էակին` ֆիզիկական հաշմանդամությունը համակերպվող էր, այլ ելք չկար.

-Ինչպե՞ս ես, 17,- հարցրեց 15-ը մի օր:
-Ավարտվեց,- պատասխանեց17-ը:
-Ի՞նչը:
-Գիտե՞ս, դա ցնծության պահ էր, անհասկանալին` հասկանալի: Ես միջակետ էի դրել, թվում էր դեռ շարունակելու եմ, բայց տետրը փակելիս մի պստիկ միջատ հայտնվեց, ճզմվեց միջակետի վերևում: Ու ավարտվեց: Ավարտվեց,  հասկանո՞ւմ ես: Ավարտվեց:
— Չես հաղթահարել,- գլուխը տարուբերեց 15-ն ու հեռացավ:

43-ը վերադարձավ ավելի ուշ:  Հավերժացնելու համար նախատեսված ոչինչ էլ չկար: Միայն պահն էր իր ամբողջության մեջ, և որքան ավելորդ էր դա հասկանալը:

17-ը վազեց լուսնի տակով, քսվեց պատին ու հոգնածությունից քնեց վերելակների տարբեր հարկերում: 19-ը շարունակեց տեսնել միայն առաջը, հաղթելու համար ժպտալ, սիրելու համար ժպտալ, ներելու համար` ժպտալ: 15-ը հավատաց իր  պատրանքներին`  տարածության մեջ տեղավորելով ճշմարտություններ` շարունակ ավելի երջանիկ իր չունեցածով`երբեք չհավատալով եղածին:

Ֆրանսիական ձգվող, լայն առաստաղներ: Անդարձից ներքև տան պատուհանը ամեն օր մի կտոր երկինք է մատակարարում ներս: Աղջիկդ գունատ է,- հաց չի կերել,- պատասխանեց 38-ը, նա արդեն վաղուց դադարել է հավատալ, որ իրար կողք նստած մարդիկ կարողանում են լալ… տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, կրակից հալվեցին տղամարդկանց ակնոցները, ապակիների արյունը ծորաց աչքերից ներս, անդադար թվացող դող էր, կուլ չգնացող ցավ… ոտքով հրելով քեզ դուրս նետեցին, եկան լսելու` ինչ  ես երգում…
1
1
1

Հետո ինքը սկսեց քայլել մայթով: Պապը ասաց` ես այդ մարդը չեմ: Տեսնես` որ մարդու մասին էր խոսքը,- մատծեց ինքը:  38-ը անընդհատ բաց էր  անում դուռը, ինքը անտանելի մրսում էր. ու պայքար կար: Միայն դա էր պակաս: Երբ արթնացավ, ջերմությունն արդեն իջել էր, 15-ը  ժպտաց, հետո արագ անցավ: Ինքը երկար սպասեց 38-ին, բայց 38-ը այդպես էլ չեկավ շնորհավորելու իրեն: Բայց ինքը սպասեց: Հետո սպասեց էլի, որովհետև գուցե 38-ին թվում էր, որ եթե չգա, էլ ինքը չի սպասի, բայց ինքը սպասում էր ու սպասելու էր, թեև որքան նորմալ կլիներ, եթե հոգներ ու դադարեր սպասելուց, հենց դրա համար էլ սպասում էր, բայց ինքը սպասում էր:  Տեսավ, որ տիկին Մ-ի ատամները թափվել են, տեսնես ինչի իր թևնոցի քարերը չի շարում դրանց փոխարեն, չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են:  Տեսավ 19-ին, մտածեց` երբ նա ամուսնանա ու երեխա ունենա, երեխան մեծանա ու սկսի հասկանալ,  իր`17-ի մասին պիտի մտածի, որ մորաքրոջ մատները բարակ են: Տեսավ իր մատներն ու մտածեց`բարակ են:
-17, 17, իմ պստիկ 17:
Ինձ թվում է`մենք բլոճիկներ ենք,- կրկնում էր 17-ը,  երբ դռան ճեղքից մեկ-մեկ նայում էր հեծկլտացող 38-ին, որին հենց նոր հերթական անգամ լքել էր կարճատև ամուսնությունը:-Ես նույնիսկ հեքիաթներ չունեմ` հասկանալու  դրանց անիրականությունը,- մտածում էր նա,-շատ չանցած հոսանքալարերը կճեղքեն ծովերի բաժին դարձած ճայերի հոգիները: Ինձ թվում է, որ տեսնելու համար հարկավոր է երկինք ունենալ: Ահա, թե ինչին եմ ձգտում ես:
-17,17:
-Ինձ թվում է` մենք բլոճիկներ ենք. չէ՞ որ ես ընդամենը պայքարում եմ իմ բոլոր ինքնազգացողությունների դեմ…
Ինձ թվում է`մենք բլոճիկներ ենք, ի վերջո, անչափ հրճվում եմ այդ մտքից` ամեն բան, ամեն տեսակ սեր թողնելով երկնքի հույսին:

Հետո ինքը անցավ 15-ի ու 19-ի միջով: Նետվեց 43-ից դեպի 38-ը, մի վերջին անգամ բացեց իր տետրն ու մատով ջնջել փորձեց միջատի աննշան հետքը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն