***
մեր ոգին իջել
հպարտ լեռներից
և թանձրացել է
կիրճերում անտակ.
մի կենտ Ձնծաղիկ,
Թոնի մի պատառ,
դեռ Պայքարում են
«լեռնագագաթի
Ձյուների համար»…
***
լեռը ժայռին գիրկն առած՝
վարսերն է շոյում,
մանուշակներ են դողում
ժայռի աչքերում…
ծերպե ազդրերն է գգվում
լեռնային քամին՝
ժայռի, որը ուր որ է
փեշը կհանի…
ու կճեղքի կուրծքը տաք
պատնեշը սառցի.
բորբ արևի շնչի տակ
կրքից կհալչի.
կմերձենա տարփանքով
լեռնային լճին.
խուլ ձորերում Արարման
երգը կհնչի…
***
ես այս հարահոս
լեռնային առվի
խոխոջանքն եմ պաղ,
ցողի համբույրն եմ
ձնծաղկի շուրթին,
կապույտ զանգակի
դեղին թախիծը
և այս լեռների
հավիտենության
կուռ հետագիծը…
***
աղջամուղջին, երբ մթի
վերջին շերտն է նոսրանում,
երբ պատառիկը ամպի
լեռան ոտքն է լվանում,
երբ ելնում են իրար դեմ
շամանդաղն ու շողը խենթ,
դառնում երկինք սահող վեմ,
մտնում ամեն ձոր ու ծերպ…
ես նստում եմ մի ժայռի,
լուռ ժայռանում նրա պես
և դառնում եմ լեռների
Արարչական մի սուրբ ծես…
***
թոնը ձորից լեռն է ելնում,
ոնց թշնամու ահեղ բանակ
լեռը կրծքին՝ քերծի տեսքով,
ունի միլիոն սուրսայր դանակ,
որ խոցում են թոնե զորքին,
անում նրան պատառ-պատառ,
մոլեգնորեն զարկում ծերպին
և գլորում անդունդ ի վար…
նահանջում է թանձր թոնը
կարգի բերում, զինում զորքին
պաշարում է գետի հունը
ու գրոհում լեռան կրծքին՝
դիակապտում ծաղիկ ու սունկ,
խեղդում քնած մեղուներին,
տիրում լճին-ջինջ արտասուք
ու հասնում է պաղ ձյուներին…
դղրդում է լեռը մի պահ,
դաշտ է նետում բարկ շողերին,
որ ճեղքում են կուրծքը ագահ
ամենակուլ շամանդաղի…
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
ամպերի հոսքից անջատված ծվեն,
գետից հալածված առվի պատառիկ,
հովիտների մեջ ծառացած մի վեմ,
ծաղկունքից զատված
մի կենտ ձնծաղիկ…
ճերմակագլուխ անգղի հանդիման՝
ժայռագագաթին բազմած
սեգ արծիվ,
որ թշնամին է ամբոխի, անկման,
ու հարատևման գաղտնիքն
իր Ազգի…
ՓԱԽՈՒՍՏ
թողնեմ ժխորն այս ճահճաքաղաքի,
թողնեմ անկումներն ու դավերը մութ,
գնամ ու ձուլվեմ մանուշակների
խոնարհ թերթերին՝
երկնքի պես լուրթ…
գլուխս դնեմ ծերպերի վրա,
դառնամ արցունքը թաց սիզախոտի,
ձնծաղիկների բույրով արբենամ,
քնքշանքը դառնամ
կապույտ զանգակի…
բուժեմ վերքերս գագաթ առ գագաթ,
դառնամ թփի տակ
ժպտացող մի սունկ,
դառնամ ձնահյուսք,
դառնամ սնձի կաթ,
դառնամ եղևնու
կրծքից բխող խունկ…
մոռանամ այն, ինչ պատրանք է եղել,
եղել է խաբկանք՝ Փրկության Ճահիճ.
գնամ Արարչի գաղտնիքը պեղեմ
Նրա տեղապահ Հայոց Լեռներից…