Թախիծներից հյուսված
մի մեծ կաղապար
Կիսամեռ մարմինս առել է
բռի մեջ,
Որոշել է խաբել ու համոզել՝
Հավատը տանիքներ չունի։
Անեզր օվկիանոսի մեջ
խաղաղությունը
Մոռացված պատառիկների
խուրձ է դարձել,
Որոնք կային երեկ,
չեն երևում հիմա,
Կհիշվեն վաղը
ու կարտասվեն…
ու կարտասվեն…
Մանկան պես ջինջ ու
օդի պես խոնավ
Այդ աչքերից
հորդում է շարասյունը
Չափազանցված,
Չմտածված քայլերի
Ու լցնում է հորիզոնները
նոր կարոտի սպասումով.
— Մեր կարոտները
վերադարձներ ունեն.- շշնջում է…
Աշունը եղանակի ձեռքը բռնած
այցի է գալիս
ծաղկած բալենիներին
ու սիրում է նրանց…
Այնքան է սիրում, որ մեռնում են
ծաղիկները նախամրգերի,
Ու բողբոջները ցրտից
կուչ են գալիս
իրենց բներում։
— Խաբեցին,- ասում են,-
էլի շտապեցինք…
Սպասումների ու շուտափույթ
վերադարձների մեջ
Հորիզոնն այնքան հեռացավ,
Որ երկնակամարը կարմիրի
փոխարեն
Սևով ներկվեց,
Կապույտով հերքվեց,
Դեղինով այցի եկավ…
Սպասումներդ
լողում են հանդարտ,
Քայլերիդ հոսանքին
հակառակ են լողում,
որ ցույց տան՝
Նրանց մեջ դեռ մի փոքր
ուժ կա ապրելու…
— Կարոտը սպասման
վայրկյաններ չունի,-
ասաց մի գիշեր
ծերությունն անհաս,-
Քո խենթ ու նվաղ երազի համար
Նա չի ուրանա աշխարհին տհաս։
Նա սիրում է քեզ,
ինչպես անձը իր,
Թաղում է ներսիդ
վայրկյանները սին։
Կախում նա չունի
վերադարձներից
Ու չունի հեքիաթ հեքիաթի մասին։
Կարոտը զուրկ է
տալու պատրանքից։
Նա ագահաբար
խլում է միայն գեղեցկությունդ,
ջահելությունդ,
Ու խելագարված
ժամերդ է խլում…
— Բայց դու կարոտիր,-
ասաց մի գիշեր
Ծերությունը իմ,-
Դու լուռ կարոտիր քեզ
Ու վիշտը քո,
Որ այցս լինի օտար քո շեմին։
Գեղեցկությունդ
պահիր քեզ համար,
Վայրկյաններդ տուր
վերադարձներին։
Կարոտը սպասման
վայրկյաններ չունի.
Դու լո՛ւռ կարոտիր,
Թաղիր սպասելին։
— Թաթախիր ինձ քեզնով,-
Ասաց մի գիշեր մենակությունը։
Սահուն, սլացիկ,
ախորժելի ու ցանկալի…
Այսպիսին երբեք
չի եղել մենակությունը…
Ես գրկեցի նրա գոտկատեղը
Եվ թույլ տվեցի,
որ իր ամբողջ ծանրությամբ
Պարանոցիցս կախվի։
Հաճելի է զգալ,
Որ հենման կետն ես դարձել մեկի,
Կամ՝ կախման…
Հաճելի է,
երբ ձեռքերդ տակնուվրա են
անում մեկին,
որ հանդգնել է
մենակություն կոչվել։
Եվ երբ շշնջում է՝
շրթունքներիդ դիպելով աջ այտը,
իբր նա քեզ հետ իրեն
լիարժեք է զգում,
Հավատա նրան։
Նա քեզ կկտրի աշխարհից,
կտանի ետևից իր,
Բայց ինքը երբեք
միայնակ չի լինի…
Նա ամենասրտակեր պոռնիկն է,
որը կպատահի երբևէ…