Դեպի անքնությունը քո…

կեսգիշերը մի զինվոր է,
պատերազմի ավարտին սպասող…
երազի մեջ երազ, գիշերվա օդը բռնկուն է դառնում,
երբ գիշերը խտանում է նրա մեջ,
և զուգահեռը չի տեսնում երկվորյակին իր…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
տանիքների կավե տրաքոցների ներքո,
քաղաքը ճերմակող աստղ ձեռքիս մեջ,
ձեռքս փոշեկուլն է գիշերվա,
ես տարերք` տափաստանում շիկացող,
ամենակուլ և միատարր,
միթե երգը իմ ճանապարհին է ծնվու՞մ…

գետնանցումի վերում կանգնած, ինպե՞ս լսել
ձայնը հողի,
ինչպե՞ս վարվել ճիշտ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
շտապում էի բոկոտն,
բանալիների անցքերից լցվում ներս,
հեղեղում տներ և ճակատագրեր,
ակոսի մեջ արմատ խրում…
զիգզագվում…
և չէի տեսնում երվորյակին իմ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո,
օդափոխիչների հիվանդ շնչառության ներքո,
մինչև անտառը վերջնական հանգրվանի և
մարդկային կախվածության ձեռնամարտը ունայն,
ես չէի տեսնում երկվորյակին իմ…
մենք քաղաքը արմատախիլ արեցինք,
թերթով փաթաթած մի ծիլ վերցրինք նվազ և
խրեցինք փոսի դատարկության մեջ…

ես շտապում էի…
մենք շտապում էինք դեպի անքնությունն իրար…
այգու մեջ խնձորներ էին տրաքվում մերկ հողին,
տրաքվում էին մինչև ճշմարտացումը ամենի…
տրաքվում էին մեզ ընդառաջ,
ես Աստվածն եմ,
մենք էինք Աստվածը,
…և չէի տեսնում երկվորյակին իմ,
և շտապում էի դեպի անքնությունը քո…

Գիշերային այգին

Գիշերային այգին խորթ քաղաք է լույսի համար
և չես մտնի այնտեղ շքախմբով և աղմուկով
այլ մեն-մենակ պատահաբար պիտի ընկնես տարածքը այդ
կոր միջանցքով անլույս ստվերի

դու չես ապրել սև միջանցքում քո մերկության դասը հյուծվող
անէացող մարմինների շարժումը խորթ
և զրույցի ձայնը կպչուն խլացրել է լռությունը
սև անտառի
քեզ լույս է պետք որ տառն ընտրես և
բառ տպես ընթեռնելի
կոր միջանցքը մթով լեցուն-
քեզ համար չէ…

մենք կպարենք ուրախ պարեր
հախճապակյա երազանքներ
լույս ժամերին

խինդ ու ծիծաղ
գույն ու երանգ այրվող դեղին
ծիծաղ տեղին ու անտեղի
և փուչիկներ միշտ վեր թռչող
վրահաս մթնշաղից հանկարծահաս
կհամակվեն պտտահողմով սև հյուծախտով
և քամին իր գուլ ձայնով անլսելի
հրճվանքի ճայթյուն գունեղ կգլորի
դեպ բազրիքը բազալտակերտ
գիշերն է տիրակալը օրավարտի
և ծնողը գալիք օրվա

Գիշերն ամորֆ թվա՞ց քեզ…
գիշերն ամենասեյսմիկ տարածքն է քաղաքի
գիշերը մարմին է
դև գալարվող
շոշափիր ձեռքերովդ
ձև տուր և
տես
կինը երերաց
մենության մեջ գիշերվա
ձև տուր և
տես
այդ գիշերն է կնոջ մեջ
այգում
կեսփակ բողբոջ – սառցե շերեփին դեմ-հանդիման
միջանցիկ քամի —
կոր միջանցքում սաստկացող
-ես նորեն կգամ
ժամանակի վիհ թանձրացող
-մենակ և ունայն
աչքեր լռության հայելուն սևեռված
-այցելություն չնախատեսված
կրքի արքայություն
-որքան բնական է մահը խենթի
ստրկություն արքաների
-բարով մնաս խեղկատակ…
իմ գիշերվա…

Նոկտյուրն

Մահը միշտ արդարացված է…
սևանում է այն ինչը ճերմակ էր ծնվել
արարվել…
դաշնամուրը քո խաբել է մեզ
հասցրել խլության…
ակնթարթի…

սև ստեղնաշար ամբողջությամբ…
հնչյուն ձայնատ
հինգ տողի մեջ նենգ սավառնող
մի ձայնալար,
որ միշտ ցած է սահում պետք տողերից…
կարմիր ներկվող անցումներից…
մարդը ուրվագիծ է ունայն
կավճի անվարժ շարժում…
անէացում…

աչքի համար ժամն ուշ է դառնում…

ճեղքված մաշկից ներս
մահը միշտ արդարացված է…
անզգույշ անցորդի ճակտագիր…

ճեղքված մաշկը քեզ վազանցող մի ակնթարթ,
թանձր արյուն նուրբ սողացող…
ակնթարթի փեղկից առաջ միշտ մեկը կա

անտես օդում ժպիտ խամրող
անորսալի
օդից ծնվող ծանր մշուշ
որ հղկում է ձյունն առօրյա
ականջիս տակ նոկտյուրն խաղում
սեթևեթում…
սև ստեղնաշար ամբողջությամբ…

Սենյակում

Սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է,
սենյակները երբեք ավարտուն չեն,
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…
հրամցնում…

բանալով փակվող դուռն է երջանկությունը
ավարտվում է իշխանությունը սենյակների…
ավարտվում է իշխանությունը…
ավարտվում է…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում աթոռատեղիի մասին…

մենք շարժվեցինք դեպի լիճը վաղորդյան
ցասումը մեր հագեցնելու համար
շնչառությունը ուրվական է արարում
շնչառությունը մեր հատում է մարմինները դիմահար
մենք մրսում ենք…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում…

ծանոթ տեղանքները նահանջում են,
դիմափոխվում, և փողոցն առօրյա դառնում է օտար
դառնում է նույն ուրվականը փախչող
նահանջող…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և…

ուրվականը ձևափոխվեց լքված կամուրջի
կանաչով ծաղկած լքված շինության
բառը դուրս է գալիս իր ափերից դառնում
շնչառություն
ուրվական
շարժում

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից…

սառույցը մեր հիվանդությունն է
խրոնիկ-անբուժելի
դողերոցք ամառվա կեսօրին
քամուն սովոր քարակամար
քամին նույն ուրվականն է ծանակող
դաժան
անորոշ

ժողովուրդը վազում էր…
և օրերի մեջ հասնում աթոռատեղիին…

սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է…
սենյակները երբեք ավարտուն չեն…
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…

Բազրիքը

մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում…

աչքերն իմ ջրե կոլբաներ անհաստատ
մարմինը կիրք
փշաքաղ ձևվացք
դուռ մաքսանենգ
բայց սեփական
և դիմադրող
քայլին առաջ

երկնաքերը նույն կամուրջն է կենարար
մարդիկ վերից գետ ցիրուցան
մարդիկ վերից – իրական չափի մեջ —
տե՛ս
ինքդ քեզ
և սիրիր ընկերոջդ
ինչպես…
քեզ…

մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք
մեկ գետն էր երևում
մեկ բազրիքը ու զույգ ձեռք

միայն գետն էր երևում…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն