Խոռոչի շեմին սարսափելի է, ով կասի չէ` սուտասան է կամ մտագար: Սակայն եթե խոր մտածես` տան շեմին էլ սարսափ կա, ընդհանրապես` ուզած շեմ զերծ չէ սարսափից: Սակայն եթե էլի մտածես` Խոռոչների շեմերը նաև գայթակղող են, վայելք են ակնարկում, ո՛չ առանց սարսափի, սարսափով հանդերձ` առավել ձգող-կանչող են, առեղծվածային, մազոխորեն հետաքրքիր…
Գնացիր-եկար` չդիմացար, գլուխդ խոթում ես, տասնապատիկ հակակշիռը դրսում կայուն հարմարեցրած` չներքաշի՞ հանկարծ… Խոռոչի ներսում` մութ, քթին խփող գոլ մգլահոտ, մգլահոտը` կարոտախտի երանգներով, կարոտախտը հեռու տանում, օդի տեղ հուզմունք է լցնում թոքերդ, ուռցնում կուրծքդ, ուզում ես էլի ուռչի, ուռչի, ուռչի, նույնիսկ պայթի, որ կարոտախտն ավելի հեռուն տանի, թեև սրանից հեռու էլ ու՞ր, արդեն քարանձավային նախնիների խորոված միսն ես համտեսում, ոջիլ հանում բրդոտ կրծքերից… Սա այն դեպքը չէ, երբ աչքդ պիտի լարես տեսնելու համար, սա չեն տեսնում, սա գիտեն, սա վերապրում են, սա քնքշորեն շոյում են, համոզում` հանում դուրս… Ճիգ, ճիգ, ճիգ… Ահա…
Ահա, քեզ համար սև խոռոչից հանել եմ նրանց,- ջահել ժամանակ ծովի հատակից, հիշու՞մ ես, խխունջ էի հանում, դնում թաց ոտնաթաթիդ, որ ափի ավազն էր փորփրում նրբիկ մատներով` չարաճճի, անհանգիստ© մատներդ ասում էին` էլի, էլի, ավելի մեծը, էլի էի սուզվում, այ եթե սուզվեի` դուրս չգայի, տղմոտ կապտականաչի միջով տեսնեի անհանգստությունդ, տագնապդ, խուճապդ, գուցե սուզվեիր գտնելու, գուցե թողնեիր` գնայիր անտարբեր, հիմա կարևոր չէ, կապտականաչ ջրի այլակերպումները հետաքրքրեցին, մեկ էլ ձեռքս հեռու ջրատակից հանել, շոշափուկի պես մոտ բերել` ոտնաթաթդ շոյելը, իբր ես չեմ, մեդուզան է կամ ութոտնուկը, տեսնեմ կճանաչե՞ս շոյանքս… Հիմա ոտնաթաթդ շագանակագույն լայնքիթ կոշիկի մեջ է` հանգրվանել է հոգնած, մատները չեն շարժվում, քրտնած կպել են իրար, ցավում է ամեն մի մկան, թեթև շարժումից ընդամենը, հազար տարվա հոգնություն է, խեղճ մատներ, տուր լվամ, չորացնեմ, մերսեմ… չէ՞, լավ, տուր պարզապես կոշիկը հանեմ… էլի՞ չէ, ոչինչ չես ուզու՞մ… լավ, լուռ նստեմ կողքիդ, դեմքիդ չեմ նայի, չէ, վերարկուդ հանե՞մ, մազերդ սանրե՞մ, կուզե՞ս` թեյ բերեմ… նրա՞նց… հա, հիմա, արդեն սկսել էի,- ահա, տեսնու՞մ ես, հանեցի, խաղալիք չեն, իսկական են, նայի՛ր, չե՞ս վստահում, դե չէ, իսկապես դուրս քաշեցի, առհասարակ անհնարին է, բայց քեզ համար արեցի, իրենք են, նայի՛ր, ահա` տատիկդ, պապիկդ, եղբայրդ, հորաքույրդ, հայրդ, մայրդ, ընկերներդ, սա էլ գիժն է` հարևան մուտքի Կիկան, խղճում էիր, լուրջ-լուրջ խոսում էիր հետը, որ իրեն գիժ չզգա, ահա, ահա նրանք, ձեռքդ դիպցրու, շոյիր, հարցուփորձ արա` քանի զորում եմ դրսում պահել, Խոռոչն իրենը երկար դրսում չի թողնի, շուտ արա, քանի քնած է, կարոտդ առ, ուր որ է ետ կգնան, կչքվեն, էլ ե՞րբ այսքան ուժ հավաքեմ, որ քաշեմ` բերեմ նրանց քեզ համար: Ջահե՞լ է… Դե հա, ջահել է մամուլիկդ, խոր տեղից հանեցի, ոնց որ աղջիկդ լինի, լավ չի՞, նայիր, կատարյալ գեղեցկուհի, կապտաչ, ցորնագույն մազով… բոլորն են ջահել, որ չտխրես նայելիս, որ չխորշես շոյելիս, հոտ քաշելիս, թող ծեր չլինեն, թող հիվանդ, խեղճ չլինեն, որ լաց չլինես, չմղկտաս, սիրիր նրանց, կոնֆետ տուր, ծաղիկ, իրենք զարմացած են, տեսնում են` նման ես, իրենց տեսակից ես, բայց ով ես` չգիտեն, իրենք անտեղյակ են, դու` տեղյակ, տեղյակի պես շոյիր, համբուրիր, կուզես` կմճտիր, թող զարմանան, ասեն` ո՞վ են այս ծերուկները, ի՞նչ են կպռշկել, հիվանդ են երևի ամ խելագար… Ի՞նչ ես անում, ընտանեկան ալբոմ ցույց չտաս, չասես` էս ես եմ, նրանց գիտակցությունը չի դիմանա, կլռվի-կկախվի… Սպասիր, էլի բան եմ հանել, ահա, տիկնիկներդ են, էս մեկը տանես-բերես` խռպոտ ձայնով «մամա» կասի, աչքի տեղ կոճակով արջուկն է, դո՞ւ ես կարել կոճակը, հա, լավ ես կարել, թելն է անկապ, ուրիշը չգտա՞ր, այսինքն անկապը ո՞րն է, լավ էլ թել է, կանաչով խաչել է արջուկի բիբը… Էլ ի՞նչ հանեմ, որ լաց չլինես, որ քրտնած մատներդ պոկվեն իրարից, որ կնճիռներդ հարթվեն` ժպտաս… դպրո՞ցդ, մանկապարտե՞զդ, տու՞նդ, սենյա՞կդ, ռեսֆե՞դրդ, մատիտնե՞րդ, թանաքամա՞նդ, կարմիր պոչով գրի՞չդ, քաղաքնե՞րը, գյուղե՞րը, դաշտե՞րը, փողոցնե՞րը, ծովե՞րը, գետե՞րը, ամբողջ-ամբո՞ղջը… Ահա, խնդրեմ, ինչ կարողացա` հանեցի, քե՛զ, վայելի՛ր, զբոսնիր, մանկացիր, խաղա, ժամադրվիր, համբուրվիր, կինո դիտիր, հեքիաթի միջից օճառի փուչիկներ ուղարկիր իրականությանը որպես վրեժ…
Շուտ արա, ա՛ռ կարոտդ, ձեռքերս նվվում են լիֆտի քրքրված ճոպանի պես, կխզվեն հիմա, էլ չեմ կարող, դիպցրու մատներդ վերջին անգամ, Խոռոչը տանում է նրանց, Խոռոչն էս կատակները չի սիում, կպատժի… Ե՛տ քաշիր ձեռքդ, արա՛գ, բռնվիր ինձնից, ավելի ամուր, փախա՛նք…
Դղրդաց Խոռոչը, մուտքը լորձապատվել` դողում է,- վիժելու պատրաստ դժոխային հեշտոց,- խուլ ձայներ են ծնվում խորքում, ուժգնանում, մոտ գալիս… Դարձյալ դղրդյուն… Սողուններ, զեռուններ, շնագայլեր, բորենիներ, ագռավներ, անգղներ` դուրս են հորդում խավարից, պատիվ բռնած` շարվում երկաթգծի երկայնքով: Դարձյալ դղրդյուն… Թմբուկ է, բաս է, ռոք է, Խոռոչի պատերը դողում են հաճույքից, ուժգին շչակ, շլացնող լույս` «Slayer»-ի «Diabolus In Musica» գնացքն է շուքընթաց մոտենում ելքին, Diabolus- ն է ելել շրջայցի, ահա, երևաց, Ինքն է շոգեքարշին հեծնած, ծխնելույզը ոտքերի արանքից խոյացրել` ծուխ ու մուր է ուղարկում երկինք, պոզերը ետ գցած, մորուքը տնկած` կճղակներով խթանում է փորը շոգեքարշի, պոչով մտրակում… առա՛ջ, առա՛ջ, նայեմ-տեսնեմ` հո չե՞ն դադարել հոշոտել իրար, հո չե՞ն դադարել թալանել իրար, բանսարկություն սարքել, սուտ վկայություն տալ, ջարդել-ավերել… Կշեռքի իմ նժարը հո չի՞ թեթևացել-բարձրացել… Չէ, փառք, փառք …, ամեն բան կարգին է: «Է՛խ, ինչ լավն ես, ի՛մ գողտրիկ աշխարհ»` երգում է, կճղակները թափահարում, զվարթ շրջում, պտտում մոլորակն ամբողջ, խաղաղված վերադառնում, մտնում խոռոչն իր: «Ամեն բան լավ է, շատ լավ, հոյակապ, շրջայցը կարգ է ավելորդ, իմն է աշխարհն այս, անհանգստանալու պատճառ` չիք»,- ասում է գոհացած, արնակոխ աչքերը ոլորում, խեթում երկինք, ժպտում խորամանկ…
Փակվեց Խոռոչը, վերջ: Դե մի նվնա, ալբոմդ նայիր, հեռուստացույց միացրու, էլի ինչ-որ բան… Փակվեց, ի՞նչ անեմ… Տուկ-տուկ, Սև Խոռոչ… Չէ-չէ, կատակեցի, չբացվես: Էստեղ ենք, շեմին, մոտերքում ենք, տեղ չենք գնում, չենք էլ կարող, ու՞ր գնանք, ինչ կա` էնտեղ է, խորքերումդ: Մի արտասվիր, ճստո: Կուզե՞ս` իմ Խոռոչը բացեմ, կրծքիս վրա, ահա… Նայի՛ր, ինչ դուրս տալ է դուրս տալիս, ոնց որ մազութը` հորատանցքից, սև, խիտ, ընդերքից հետը բերած զրթուզիբիլով, կենդանիների, բույսերի տարրալուծանքով, գենետիկ հագեցածությամբ, սրսփում, գոռում, բառաչում, կաղկանձում, մռնչում, մայում, ֆշշում, խոսում, ոռնում է հորձանքը… Կարթը բեր` որս անեմ միջից…
Սիրում եմ մեր թերթը, սիրում եմ մեր թերթի հեղինակներին խանդելու չափ, ուզում եմ թերթն էնքան հարուստ լինի, ծավալուն, որ իր հեղինակներին միշտ իր էջերին պահի, տպագրի, հոնորար տա, մրցանակներ տա… Էսպես:
Երբևէ չեմ տպագրվել «Գրեթերթում», կարգ է, ինքներս ենք սահմանել` միայն ջահելներին: Սակայն փորձում եմ օգտվել հոբելյանական իրավիճակից ու սպրդել էջ` իրականացնելու հնգամյա երազանքս: