Երբ չգիտեք, թե ինչպես սկսել հեքիաթը, պարզապես նայեք հայելուն: Կտեսնեք հերոսին: Հետո մտածեք մանկության մասին: Մի՛ հիշեք դրվագներ: Մտածե՛ք դրվագների մասին: Դուք կաթ սիրո՞ւմ եք: Իսկ կսիրեի՞ք այն առանց սերուցքի: Ո՛չ: Դուք կասեիք` «Սա ի՞նչ դեղնաջուր է»: Այդ դրվագները նման են կաթի սերուցքին, որի անպիտան ջուրը թափվում է: Մանկության դրվագները բաժանեք մանր քառակուսիների ու շարեք սեղանին: Մեկ հայացքով դուք կկարողանաք հավաքել ձեզ ծանոթ խճանկարը: Մեկ ձեռքով դուք կկարողանաք խառնել այն ու հավաքել բռի մեջ: Մեկ բռի մեջ դուք կկարողանաք հավաքել ձեր մանկությունը: Եվ ահա, երբ դուք արդեն ունեք մեկ բռաչափ մանկություն, լցրեք այն բաժակի մեջ, թափահարեք ու թափեք հատակին: Շոշափեք, քայլեք վրայով ու զգացեք արմատները: Գալարվեք մանկության քառակուսիների վրա ու քաոտիկ լղոզեք դրանք հատակի մակերեսին այնպես, որ ստացվի լիարժեք խճանկար: Ճանաչեցի՞ք: Դա ձեր մանկությունն է` պարզապես առանց արհեստական դասավորվածության: Դեպքերը, ժամանակները, վայրերն ու դեմքերն այլևս ստիպված չեն լինի անշարժ կանգնել ձեր հիշողության լուսաֆորի տակ: Ձեր մանկությունը կսկսի շարժվել, ապրել… Այն կշարունակվի: Եվ ահա, երբ դուք արդեն ունեք շարժվող, քմահաճ, անդաստիարակ ու լկստված… Ազատ մանկություն… Հավերժական մանկություն… Մոռացեք հայացքն ու ձեռքը: Հորինե՜ք…
… Մի կապույտ մոլորակի տանիքին, չորս հարյուր երեսունհինգ միլիոն գույնզգույն ամպերի տակ, ծածկված բազմաշերտ խոտե վերմակներով` քնած էր մի տնակ: Այն տեսնում էր անգույն կատակերգական երազներ` եռաչափ պատկերներով: Քնի ընթացքում այնքան էր ծիծաղում, որ երբեմն շեղվելու համար ստիպված խռռացնում էր: Պայթող ինքնաեռի պես: Խռռացնում էր պայթող ինքնաեռի պես:
Այդ քնկոտ տնակում ապրում էր մի շատ նիհար մայրիկ: Նրա մարմինը նման էր թելից հյուսված թափանցիկ պայուսակի, որ խշխշում էր շարժվելուց: Նա ուներ թափանցիկ ձեռքեր, որոնցով շարունակ գունավոր պահածոներ էր պատրաստում: Իսկ դեմքը նման էր ապակե արևի, բայց փափուկ-տաքուկ, ասես աղվեսի ժպտացող պոչիկ:
Շատ նիհար, թելահյուս մայրիկն ապրում էր մի շատ գեր, ոսկեձույլ հայրիկի հետ: Բնավորությամբ նա սովորական հայրիկ էր` սիրում էր ուտել, քնել ու աշխատել: Բայց քանի որ ամբողջությամբ ոսկի էր, երբ շա՜տ աշխատելուց շա՜տ քրտնում էր, ի տարբերություն սովորական հայրիկների, նրա վրայից քրտինքի փոխարեն ոսկյա անձրև էր թափվում: Տաք կաթիլներն ընկնում էին հատակին ու սառչելով՝ գոյացնում ոսկե պուտիկներ: Պուտիկներն ամենուր էին: Կոկոսե հատակին, նարինջներից պատրաստված մահճակալի վրա, գազարե գրապահարաններից կախված ու նույնիսկ խաղողապատ վարագույրի երեսին, որը թաքցնում էր տնակի սիրտն արտաքին աշխարհից: Շատ գեր, ոսկեձույլ հայրիկն ուներ մի գաղտնիք: Որպեսզի քրտնելուց չնիհարեր, նա ամեն առավոտ խմում էր մայրիկի պատրաստած արևային օշարակը, որը բերանում դառնում էր քաղցրահամ հալվող հրաբուխ և հոսում` արևոտելով ամբողջ մարմինը: Երբ նա դուրս էր գալիս տնակից և կանգնում իր իսկ տնկած գնդաձև պարտեզում, շողում էր այնպես, որ բոլոր հարևանները, որոնք, ի դեպ, սովորական մարդիկ էին, հավաքվում էին շուրջը, ծնկի գալիս ու աղոթում` փառաբանելով նրա արևային էությունը: Բայց նրանք գիտեին ոսկե պուտիկների մասին: Եվ հայրիկի հեռանալուց անմիջապես հետո, իրար հերթ չտալով և բամբասելով, ինչպես բզեզները սոխակների աշխարհում, մեկը մյուսից խլելով` քաղում էին ոսկե պուտիկները: Քաղելիս պատռում էին երկնագույն թփերը, ճզմում մետաքսե ծաղիկների հյութն ու այս ու այն կողմ հրում վարդահյութի ջրվեժներից, երփներանգ ավազից ու նորածին աստղաբույլերից ստեղծված կենդանի ծառերը: Հարևանների հեռանալուց անմիջապես հետո հայրիկը մեկ հայացքով վերականգնում էր իր գնդաձև բնությունն ու օգնում մայրիկին վերարտադրողական հարցերում: Հայրիկը սիրում էր ստեղծագործել:
Շատ նիհար, թելահյուս մայրիկն ու շատ գեր, ոսկեձույլ հայրիկն ապրում էին իրենց չորսամյա ոչ նիհար, ոչ գեր, ոչ անսովոր, ոչ սովորական, ոչ մարդ, ոչ հրեշտակ, ոչ թափանցիկ, ոչ գունավոր երեխայի հետ: Նա ուներ ընկուզաչափ վարդագույն աչքեր, որոնք այնքան մեծ էին, որ կապույտ խորություն էին արտացոլում: Երբ նա ծնվեց, այնքան ճերմակամաշկ էր, որ իրենից ճառագող լույսը շշմեցնում էր արևային մայրիկին ու ոսկեձույլ հայրիկին: Գլուխն ամբողջությամբ ցորենագույն էր, մազերը հասկերի նման ծածանվում էին ծնողների շնչառությունից, իսկ գլխափոսիկում երևում էին կանաչ ծիլերը: Երեխայի մարմինը գրեթե չէր տարբերվում փոքրիկ մարդու մարմնից, բացառությամբ, որ սրտի հատվածում թափանցիկ էր, և կարելի էր մեկ գավաթ նռնուքով (ծիածանի կաթ) վայելել փոքրիկ էկրանից հեռարձակվող սրտի զարկերաժշտությունը, որը թափանցիկ լարով միացված էր ձախ ձեռքի ցուցամատին: Եվ ինչպես գրեթե բոլոր նորածինները, երկու բան կարող էր անել շատ լավ` ի սրտե լացել ու հանկարծակի միզել: Լացելու շնորհիվ երեխային հաջողվում էր տեսնել ծնողներին, իսկ ծնողներին հաջողվում էր տեսնել շատրվանային շոու: Մարմնի բոլոր հատվածներից ցայտող շատրվաններ…
Շողացող երեխան մեծանում էր այնքան արագ, որ մինչ ծնողները հասցրին նրան անուն տալ, նա արդեն մարզանք էր անում առաստաղի վրա, թաքուն խմում էր հայրիկի բաժին օշարակը, հաղթում հարևաններին լումի-դոֆու (անուն գոռոցի` ճատրակի կանոններով) խաղում և մտածում էր… Հեքիաթների մասին: Այսինքն` չորս տարեկան էր: Ծննդյան` խատուտիկներից պատրաստված հսկայական տորթը փչելիս խատուտիկի մասնիկները բարձրանում են օդ և խրվում գունավոր ամպերի մեջ: Երեխան ամեն օր ինքն իր համար նոր անուն էր հորինում և ամեն օր ապրում նոր կյանքով: Մի օր նա Շուֆին էր` չարաճճի սնդիկ, որին հաջողվել էր փախչել կոտրված ջերմաչափից, և որն այլևս ազատ վազում էր հետաքրքրասեր հարևանների քթերի ետևից: Հաջորդ օրը` Չագը, հավատարիմ ձկնկուլ, որ անհույս սիրահարվել էր անապատին: Այնուհետև` Լեմի-Վենի կարուսելը, որ ուներ քրոնիկ գլխապտույտներ ու սրտխառնոց: Չնայած դրան` շարունակ ճոճում ու զվարճացնում էր հարևաններին:
Մի օր բամբասկոտ հարևանները որոշում են բացահայտել շրջակա կախարդանքի գաղտնիքն ու զավթել քնկոտ տնակը:
— Մենք պիտի մի լավ դաս տանք էդ տարօրինակներին: Գիշերը կհավաքվենք գնդաձև պարտեզում ու կսկսենք հարձակումը: Անզեն ժողովուրդը կկանգնի առջևում, զինված բանակը` երկրորդ գծում: Սկզբից կգրոհի ժողովուրդը, կգերեվարի և ինձ մոտ կբերի այդ երեք կախարդներին, որոնցից մեկին ես կհալեցնեմ ու կպահեմ իմ գանձարանում, երկրորդի թելերից պարաններ կսարքեմ ու կկախեմ մահապատժի ենթարկված ստրուկներիս: Իսկ, ա՛յ, կերպարանափոխվող փոքրիկ սրիկան կդառնա իմ հաղթական նախաճաշը… Հահ-հա՜-հա՜: Որից հետո իմ բանակը կջնջի էդ գունավոր, անամոթ անճաշակությունն իմ մոլորակի վրայից,- հայտարարեց կապույտ մոլորակի հրամանատար Ագահեզը:
— Այո՜,- բղավեցին կապույտ մոլորակի բնակիչները` հաջողակ ու ծեր գործարարներ, զինվոր-մարդասպան-հերոսներ, ոտաբոբիկ երեխաներ, քաղցած պարսից փղեր, հիասթափված աստվածներ և այլն, և այլն…
— Բայց չէ՞ որ մենք պետք է բացահայտեինք կախարդանքի գաղտնիքը, ո՛չ թե ոչնչացնեինք այն,- խեղճուկրակ ճչաց մի կաղ գեղեցկուհի:
Բայց ամբոխի չարացած աղմուկը խլացնում էր կաղ գեղեցկուհու ճիչը: Եվ որքան նա կաղեկաղ վազում էր սնկեր հիշեցնող գլուխների վրայով, այնքան ուժգնանում էր տարիների ընթացքում կուտակված քաղցը…
Եվ ահա, երբ լսվեց տնակի խռռոցը, հարևաններն անցան հարձակման: Ժողովուրդը թաքուն շրջապատեց տնակն ու խաբեությամբ դուրս հանեց ցորենագլուխ երեխային, որն այդ օրը դեռ Լեմի-Վենի կարուսելն էր:
— Հե՜յ, Լեմի-Վենի, քանի դու դեռ կարուսել ես, դուրս արի պարտեզ, մի քիչ էլ ճոճիր ինձ, խնդրո՜ւմ եմ,- երեխայի պատուհանի տակ շշնջաց կաղ գեղեցկուհին:
Շողացող երեխային, որ այդ օրը մարդանման կարուսելի տեսք ուներ, կապկպեցին ու մեծ ափսեով մատուցեցին Ագահեզին: Կրակե ջահերով և սուր գործիքներով` բանակի համեմատությամբ անզեն ժողովուրդը ներխուժեց տնակ: Ա՜յ քեզ հրաշալիք… Մարդիկ երբևէ այդքան բնական ու գեղեցիկ տուն չէին տեսել: Մի պահ կանգ առան: Թվում էր, թե նույնիսկ փոշմանել են: Բայց գաղափարն ավելի ուժեղ էր, քան ակնթարթային զղջումը: Ամբոխի մի մեծ հատված ներխուժեց ննջարան, հափշտակեց թելահյուս մայրիկին և ոսկեձույլ հայրիկին: Նրանք այնքան մեծ էին, որ մի քանի հարյուր հոգի պահանջվեց այդ գործողության համար: Մարդիկ արձակում էին մայրիկի մարմնի թելերն, այնուհետև ձիգ կապում, որ ցավեցնեն: Խուզում ու կտրատում էին մարմնի տարբեր հատվածների թելերը: Մայրիկը լալիս էր արևի շողերով: Ոսկեձույլ հայրիկին պառկեցրել էին կոկոսե հատակին ու կրակե ջահերով հալեցնում էին մարմինը: Մնացած մարդիկ ավիրում էին տնակը: Խժռում ու կոտրում էին գազարե պահարանն ու նարնջե մահճակալը, խաղողապատ վարագույրը, որից արդեն գինի էր հոսում, և նույնիսկ կոկոսե հատակը, որի վրա կանգնած էին: Հասան նաև մայրիկի պատրաստած արևային օշարակներին, որոնց մի մասը կուլ տվեցին, իսկ մնացածը ջարդեցին: Պահածոների փշրված ապակին լողում էր արևի մեջ… Այն շատ նման էր մայրիկի դեմքին, որ մի քանի րոպե առաջ ժպտացող ապակե արև էր: Հայրիկն անխնա քրտնում էր, աչքի առաջ հյուծվում ու երազում արևային օշարակի մասին:
Մինչ տնակը խոշտանգվում էր ժողովրդի կողմից, բանակը ռմբակոծում էր գնդաձև պարտեզը: Այն հիշեցնում էր հրդեհից հալվող կտավ, որի ներկերը ծորում էին դեպի անհայտ գունապնակ:
Ագահեզն արդեն վստահ էր, որ հաղթել է, և չարախինդ ինքնագոհությունից սաստիկ քաղց էր զգում: Նա նենգաբար որոշեց վայելել իր հաղթական նախաճաշը` ցորենագլխուկին` խոշտանգված, հազիվ շնչող թելա­հյուս մայրիկի և ոսկեձույլ հայրիկի աչքերի առաջ:
— Ա՛յ, սա ուրիշ բան: Վաղուց էր պետք դաս տալ ձեր տարօրինակ ընտանիքին: Այսուհետ ձեր նմանները տեղ չունեն իմ մոլորակի վրա: Ես ձեզանից պարաններ ու ձուլակտորներ կպատրաստեմ: Բայց հիմա դուք ականատես կլինեք իմ հաղթական նախաճաշին: Հահ-հա՜-հա՜,- ասաց Ագահեզը:
Սակայն, երբ նայեց իր ափսեին, տեսավ, որ շողացող երեխան այլևս փոքր կարուսելի տեսք չուներ: Քանի որ արդեն լուսացել էր, նոր օրվա հետ երեխան կերպարանափոխվել էր: Ագահեզն իր ափսեում տեսավ առյուծի մի հսկայական թաթ: Իսկ մարմինն ապաստանել էր ափսեից դուրս և ամբողջությամբ ճանկերի մեջ առել Ագահեզի մարմինը: Սարսափած Ագահեզը չէր կարողանում թարթել ապուշ կտրած հայացքը: Այդ ընթացքում առյուծ-երեխան իր մյուս թաթով խուտուտ էր տալիս քնած տնակի ոտնատակերը: Տնակը սկսեց անսանձ ծիծաղել ու ընդհատումներով խռռացնել ինքնաեռի պես: Նրա քրքիջը վարակեց բոլորին: Բոլորը հիվանդանում էին ծիծաղավարակով և վախենում մոլորակային ցնցումներ (երկրաշարժ) առաջացնող խռռոցներից: Տնակում գտնվող ժողովուրդն իր գործողություններով գրգռել էր ներսի լորձաթաղանթը: Դա պատճառ դարձավ, որպեսզի տնակը հանկարծակի փռշտա և դուրս շպրտի բոլորին իր լուսամուտներից: Բոլոր գործող անձինք հայտնվեցին գնդաձև պարտեզում…
Գնդաձև պարտեզն օժտված էր զարմանահրաշ հատկությամբ: Այն կարող էր մեծանալ` որքան անհրաժեշտ էր, և տեղավորել իր մակերեսին նույնիսկ մի քանի մոլորակ: Ագահեզը խորամանկելով` բացահայտել էր այդ գաղտնիքը: Այդ պատճառով վստահ էր, որ ողջ մոլորակի բնակիչներն` իրենց զենքերով, կտեղավորվեին այնտեղ: Բայց նա չգիտեր, որ գնդաձև պարտեզն ուներ ևս մեկ հատկություն: Այն կարողանում էր նաև փոքրանալ` հասնելով անտեսանելի չափերի, իր հետ փոքրացնելով նաև պարունակությունը: Այդ հատկության մասին չգիտեր նաև հենց ինքը` գնդաձև պարտեզի հեղինակ ոսկեձույլ հայրիկը: Նա, քրտնած և հյուծված մարմնով, ապշած հետևում էր, թե ինչպես է իր պարտեզը վերածվում փոքրիկ գունավոր գնդակի, որի վրա բազմաթիվ մրջնաչափ մարդիկ ու այլ արարածներ են սոսնձված: Այնուհետև այն ավելի փոքրացավ` դառնալով մեկ բռաչափ, որի վրա գտնվող հարևաններն արդեն փոշեհատիկի չափ էին և իրար չէին տեսնում: Բայց կախարդական ընտանիքի տեսողությունը նկատում էր անգամ մոլեկուլաչափ աշխարհը:
Շողացող ցորենամազիկն իր ձախ ձեռքի ցուցամատով, որը թափանցիկ լարով միանում էր սրտին, օդում պատկերեց բաժակ, վերցրեց այն և մոտեցավ գնդակին: Նա զգուշությամբ պոկեց պարտեզին սոսնձված բոլոր փոշեհատիկ-հարևաններին ու լցրեց բաժակի մեջ: Այնուհետև լավ թափահարեց բաժակն ու պարունակությունը շաղախեց օդում, տնակի վերմակից երեք խոտ քաղեց, թաթախեց իր աչքերի մեջ ու մի քանի վրձնահարված հասցրեց օդում ապաստանած փոշուն, որը դարձավ ևս մեկ գունավոր ամպ` կապույտ մոլորակի տանիքին…
Գնդաձև պարտեզը, քնկոտ տնակն ու կախարդական ընտանիքն ընդունեցին իրենց նախկին չափն ու տեսքը և շուտով ունեցան նոր հարևաններ` նոր Ագահեզ, նոր կաղ գեղեցկուհիներ, ծեր ու հաջողակ գործարարներ, ոտաբոբիկ երեխաներ, քաղցած պարսից փղեր, զինվոր-մարդասպան-հերոսներ ու հիասթափված աստվածներ, որոնք դեռ սիրում էին կապույտ մոլորակն ու իր կախարդական գաղտնիքները:
Ցորենագլխուկն ապրեց շատ, տարբեր կյանքերով, մինչև մի օր նիհար մայրիկը բղավեց.
— Մուլինոֆի՛: Արի մայրիկի մոտ, տղա՛ս:
Զարմացած երեխան ու գեր հայրիկը միաժամանակ շրջվեցին ու միաքայլ մոտեցան նիհար մայրիկին: Նա մի քանի տակ ծալել էր մարմինը, նստել չիլիական պղպեղ հիշեցնող բուխարու մոտ ու իր թելահյուս մարմնով ասեղնագործում էր երևակայական աշխարհի քարտեզը տնակի առաստաղից երբեմն տեղացող ձյան վրա: Երբ ցորենագլխուկն ու հայրիկը նստեցին մայրիկի կողքին, քարտեզը լուսավորվեց ու կենդանացավ:
— Մայլի՛կ, դու ի՞նս էիլ կանզում,- թոթովեց երեխան: Ի դեպ նա, սովորական երեխաների պես քաղցրալեզու էր: Ր-ի փոխարեն ասում էր Լ, Ձ/Ց/Թ-Ս, Ճ-Ծ, Ռ-Ղ, Չ/Ժ-Զ:
— Այո ձագուկս, ես քեզ համար անուն եմ հորինել` Մուլինոֆի, հավանո՞ւմ ես,- ոգևորված հարցրեց մայրիկն ու գրկեց երեխային:
— Բայզ ես Սոլենագլխուկն եմ և ամեն օլ ուլիշ եմ:
— Մուլինոֆին նաև Ցորենագլխուկն է և նույնպես կարող է կերպարանափոխվել: Քո բոլոր կերպարանափոխությունները դո՛ւ ես: Դա էլ քո՛ հեքիաթն է,- ասաց մայրիկը:
— Մայլի՛կ, իսկ ի՞նզ է հեքիասը:
— Դա այն աշխարհն է, որտեղ դու ապրում ես:
— Ո՛զ, մայլիկ, դու սիշտ զգիտես: Հեքիասը աշխալհ զէ, այնտեղ զենք կալող ապլել: Հեքիասը գեղեսիկ պատմուսյուն է: Այն պատմում են… Տատիկնելը… Իսկ ինզո՞ւ ես տատիկ զունեմ:
— Որովհետև ես մայրիկ չունեմ, իսկ դու ունես, ձագո՛ւկս,- երեխային շոյելով շշնջաց մայրիկը:
— Բայզ ես ուզում եմ տատիկ ունենալ: Դու ինզ հեքիաս զե՛ս պատմում, ոլովհետև զբաղվաս ես, իսկ տատիկնելը զբաղվաս զեն լինում ու հեքիաս են պատմում: Տատի՛կ եմ ուզում,- նեղացած բղավեց ցորենագլխուկը:
— Հորինի՜ր: Չէ՞ որ դու լավ նկարում ես: Հորինիր և նկարիր: Կարող ես ուրիշ հեքիաթ էլ հորինել, եթե քոնը չես հավանում: Ահա և կախարդական բաղադրատոմսը,- ասաց մայրիկն ու փոխանցեց երեխային մի հաստափոր գիրք, որ ճիշտ և ճիշտ քնկոտ տնակն էր` պարզապես փոքր չափի:
Երեխան վերցրեց գիրքը և սկսեց ընթերցել. «Ելբ զգիտեք, սե ինզպես սկսել հեքիասը, պալզապես նայեք հայելուն: Կտեսնեք հելոսին: Հետո մտասեք մանկուսյան մասին: Մի՛ հիշեք դլվագնել: Մտասե՛ք դլվագնելի մասին… »:
— Մայլիկ, բայզ դա մեզահասակնելի համալ է, իսկ ես դեղ մանուկ եմ,- տխրեց ցորենագլխուկը:
— Ուրեմն՝ քո գործն ավելի հեշտ է: Դու չպետք է հորինես: Դու պետք է ապրես,- ասաց մայրիկը: Այնուհետև մատիտ ու խոտե վրձիններ տվեց շողացող երեխային, հետո հայրիկի հետ հեռացավ սենյակից` թողնելով ցորենագլխուկին ասեղնագործած, կախարդական քարտեզի մոտ:
Երեխան սկսեց նկարել: Երբ մատիտով նկարված տատիկն արդեն պատրաստ էր, նա որոշեց մտածել հեքիաթի մասին:
— Զուկով զամանակով… Ո՛զ: Լինում է զի լինում… Ո՛զ: Մի հեղավոլ ելկլում… Ո՛զ:
Կալ-զկալ մի Հիմենոմպ Պմոնեմիհ կալ: Նա կախալդական նկալիզ էլ, ով ապլում էլ Վլսնե ալքայուսյունում, իլ վլսին Վոլսինոնի և ղետին Ղետինոնի հետ: Ղետինը ելազում էլ զմուշկնելի մասին: Նա ուզում էլ սահելով ջնջել Վոլսինոնի ավելոլդ հետքելը… Հիմենոմպ Պմոնեմիհը մտասում էլ, ոլ Ղետինոնը կվնասվի և պահում էլ իլենիս զմուշկնելը: Վոլսինոնն ուլախ էլ, ոլովհետև զէլ ուզում, ոլ իլ աշխատանքը ջնջվի:
Հիմենոմպ Պմոնեմիհը մալդ էլ: Մել հալևաննելի պես: Բայզ նա ունել վլսնե մազել, մեզ ախոլզակ ու շաաատ բալուսյուն: Վոլսինոնն իլ հավատալիմ ընկել վլսինն էլ: Նա ունել շնիկի գլուխ և գունավոլ պոզիկ, ոլով նկալում էլ Հիմենոմպի կախալդական բազակնելի վլա: Հետո նլանք կանզում էին Ղետինոնին, ոլը փոքլիկ-փափլիկ ղետին էլ, և միասին այդ բազակնելիս կաղուսում էին նավել ու դլանք դնում կաղամելի օվկիանոսի վլա: Նլանք ապլում էին հենս այդ օվկիանոսի դիմասի շաքալի ավազի, ըըըու, շաքալավազի վլա գտնվող մի մես կախալդական սնդուկում:
— Հե՜յ, ո՞վ ես դու, ցորենամազիկ,- դեպի վեր նայելով հանկարծակի հարցրեց Հիմենոմպը:
Ուրախությունից զարմացած՝ երեխան չէր կարողանում հավատալ, որ իր նկարները` քարտեզի վրա, կենդանացել են: Բոլորը, բացի տատիկից, որովհետև նրան նկարել էր մատիտով: Իսկ քարտեզի վրա կենդանանում էին միայն գույները: Բայց ցորենագլխուկն այնքան էր ոգևորվել իր ստեղծած կենդանի հեքիաթով, որ բոլորովին մոռացել էր տատիկի մասին:
— Ես ցոլենամազիկ, ցոլենագլխուկ,- հանկարծ հիշելով իր անունը,- Մուլինոֆին եմ:
— Ահահահահահահահ, հաահ, հուուհ… Որքա՜ն ծիծաղելի ես խոսում, ուզում եմ քեզ պոնչիկ-մոնչիկ անել: Ըըհըմ, Մուլինոֆի, փաստորեն դո՛ւ ես մեզ հորինել: Ես էլ մտածում էի, թե դու մի պարապ ու ճաղատ բիձուկ ես: Դե ի՞նչ, չե՞ս ուզում հորինածդ շոշափել,- ակնարկեց Հիմենոմպը:
Մուլինոֆին չհասցրեց թարթել իր վարդագույն աչքերը, երբ կանաչ հոսանքով սլացավ դեպի երևակայական աշխարհի քարտեզի միջուկը: Նա հայտնվեց կախարդական սնդուկում, որի կափարիչն անմիջապես բացվեց ու դուրս հանեց Մուլինոֆիին թափանցիկ երկնքի տակ: Նա քայլում էր շաքարավազի վրայով, լողում կարամելի օվկիանոսում ու շրջում նկարազարդ բաժակներից կառուցված նավերով` ծանոթանալով իր հորինած հեքիաթի գաղտնիքներին:
— Օ՜, ինչ գեղեցիկ է, քո գլխափոսիկում ծիլե՞ր են աճում,- հարցրեց Վոլսինոնն ու ծիլեր նկարեց մի կոտրված բաժակի վրա:
Իսկ մինչ Հիմենոմպը, Վոլսինոնն ու Մուլինոֆին շրջագայում էին հեքիաթի տարածքում, Ղետինոնին` փոքրիկ-փափլիկ ռետինին, հաջողվեց փնտրել ու գտնել իրենից պահված չմուշկները: Դրանք քնած էին Հիմենոմպ Պմոնեմիհի գունապնակում: Բայց Ղետինոնը չէր կարողանում սահել չմուշկների վրա: Նա այնքան սայթաքեց, ընկավ ու վնասվեց, որ մարմնից մնաց ուղիղ կեսը: Նա բուժման ու վերականգնման կարիք ուներ: Բայց չէր դադարում մարզվել: Եվ, ի վերջո, սովորեց սահել: Հաջորդ քայլով նա պետք է սահեր Վոլսինոնի ավելորդ հետքերի վրայով` դրանք ջնջելու համար: Բայց որքան էլ փորձում էր, ոչինչ չէր ստացվում: Նա չէր կարողանում ջնջել գունավոր ներկերի և ո՛չ մի կաթիլ: Թվում էր, թե կյանքը կորցրել է իմաստը: Նա հանեց չմուշկներն ու սկսեց զբոսնել Վրձնե արքայության տարածքով: Ղետինոնն այնքան էր հոգնել ու լաց եղել, որ պառկեց քնելու մի սև ու սպիտակ դաշտում: Երբ առավոտյան արթնացավ, նկատեց որ դաշտն իրականում սև ու սպիտակ չէր, այլ պարզապես սպիտակ, իսկ սև հատվածները մատիտի հետքեր էին: Նա հագավ չմուշկներն ու սկսեց ինքնամոռաց սահել մատիտի հետքերով: Դա մի չքնաղագույն գեղասահքի տեսարան էր, ամենաերջանիկ զգացումը Ղետինոնի կյանքում: Որոշ ժամանակ անց հետքերն անհետացան` իրենց հետ տանելով Մուլինոֆիի տատիկին:
Երբ Մուլինոֆին դուրս եկավ իր հեքիաթից և վերադարձավ քնկոտ տնակ, նկատեց որ երևակայական աշխարհի քարտեզից անհետացել էր իր տատիկը: Նրա փոխարեն Ղետինոնի մենապարն էր: Միայնակ ու երջանիկ:
— Մայլի՜կ, մայլի՜կ, ինզո՞ւ ինս մատիտ տվեսիլ, ինզո՞ւ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն