ԴՈՒ ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Կավի նման մի պաղ մարմին
ու այրվող լուսե մի բոց,
որտեղ իշխում է սիրո քամին,
և շրթունքներդ հրե մի ամրոց:
Հրահեղուկ քո աչքերում
ես տեսնում եմ ցոլքեր դաժան,
որ ճնշում են բազալտեպատ
շրջապատը միայնության
ԴՈՒ ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ,
իսկ սրտիս մեջ դու ուժգին ես,
ապակեպատ լռության մեջ
ներխուժում ես արևի պես,
և ձուլվում ես գիսաստղերին`
ՏԱՔ, ՄԱՀԱԲԵՐ,
ԴՈՒ ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՔԵՐՈՒՄ
ու հունցված ես հրաբխի միրաժներից,
դու հրաշք ես ոչ երկրային,
սակայն ահա իմ ձեռքերում
ԴՈՒ ՆՄԱՆ ԵՍ ՓԽՐՈՒՆ ԿԱՎԻ:
ԴՈՒ ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ:
ՏԵՍԻԼԱԺԱՄ
Հրահոսուն տաք հեշտանքով,
ակոսելով մարմինդ բորբ՝
կշոշափեմ երակներդ զմրուխտազօծ,
ու աստղահամ գիշերվա մեջ
արարչագործ շնչառությամբ
ես կհալվեմ տեսիլքի պես
քո կապույտի հորձանքներում:
Կիզիչ կրքի հորդող հրից,
լուսերիզող խենթությունից աներևույթ
կճառագի մերկությունդ ծովածավալ:
Հախճապակե քո կոնքերի խոնավությամբ՝
շիկացնում ես լուսամփոփը աստղափոշի
և ճախրանքով փոթորկածին
կախարդում ես ցայգալույսը ուրվատեսիլ՝
Սեպագրելով Սարդոստայնը Ստվերների:
Հիմա դու էլ ինձ պես
հիշողության տենդից
մութ զնդանում փակված
մռնչում ես մարխե հնչյուններով
և խավարն է քամում
արցունքներդ արծաթ՝
շեփորելով հեռվում
շամանդաղով ծածկված
երգս հրկեզ ու մահաշունչ:
Տե՛ս,
իջնում է,
որպես մաղձոտ մի ստվեր
տխրությունս տարտամ ու հոգեցունց:
երբ կբացվի աղջամուղջը վառման,
կդալկանաս կարոտների ցավից`
մշուշելով ոտնահետքս արնոտ
բաժանումից խարկված ծովափերին: