Զեմֆիրայի հետ ծիծաղելիս…
Մամ, ողջույն, մամ ջան, ինչ դժվար է լավ դուստր լինել:
Հաճախ սիրահարվում է, հաճախ ծիծաղում մոդելների մեծ քթերի ու հարթ մաշկի վրա, ծերությունից չի վախենում (դա նրա` մահն ինքնուրույն ընտրելու հատկությունն է), նա չգիտի (ոչ մեկս էլ չգիտենք) ինչու է ուզում բոլորին դուր գալ, բայց հասկանում է դրա անհնարինությունը: Պետք է լինել այնպիսին, ինչպիսին ԵՍ, ոչ ոքից ոչինչ չխնդրել, խնդրել` միայն չխանգարել, իսկ մենակություն կիսողը լուռ ու բազմագույն ձուկն է, ինքն իր միակ քննադատը, ինքը գիտի ով է, գիտի իր տեղը, իր անելիքը:
Մի՛ս, մի՛ս տուր, նրանք դա են ուզում… Եվ կարող է մերկանալ, բայց դա չէ ի՛ր մերկությունը, այլ դեմքի սիրուն, ժպիտի տաք փոսիկները. իմ դեժավյուն:
Ես իմ երգերի համար պայքարում եմ ինչպես առաջամարտիկ, որովհետև դրանք իմ դիմանկարներն են, ես չեմ ուզում կորցնել դեմքս:
Նրա համր ձուկը. ծփանքի մեջ մենակ ու մենակ չէ:
Զեմֆիրայի կանաչ շարֆն ու նրա անսեռ տեսակն է ինձ դուր գալիս. սև շորերի և տղայական պահվածքի արանքում էնքան ավելորդ ու ամոթխած` խմորի պես լխտիկ-պստիկ ծիծիկները:
Ինչպե՞ս թաքնվել կիթառի գրիֆի ետևում: Ինքն իր դիմանկարն ունի:
Իր ձեռքով երգած.
Իր մեջ են բոլոր բառերը:
Իր մեջ` լռությունը:
Իր ներսում նավերն են, ծովերը:
Քաղաքներն են:
Սերն է ամբողջ
Եվ առհասարակ ինչ ԿԱ:
Ինչ ԿԱ:
ԿԱ:
Չիլինգարյան Ծովինարն ասում է. ես իրան շատ եմ սիրում… հատկապես, երբ սիգարետի ու կոլայի հույսին եմ լինում… մենակ իրա երգերն եմ լսում… ախր ինքը էնքան դուզ ա ցույց տվել էդ հույսը:
Երերացող ոտքերով ուզում է լինել Աստված, բայց դա այնքան պատասխանատու գործ է, տխուր ու միայնակ:
Միայն նա է կարողանում ագռավի տաք սրտխփոց զգալ… սրտին մոտ: Խնդրում եմ, մի մեռիր, թե չէ ես էլ ստիպված կլինեմ:
Այս տիեզերքն` իր սենյակը, որտեղ սերն է… Որտեղ մերկացած սերն է: Դուք զգույշ չեք: Այս հոտած լռության մեջ կմեռնեմ: Դուք զգույշ չեք: Մի խնդրեք, վախենում եմ, չեմ կարող պահել ձեռքերը ձեր: Սակայն: Այս սպիները ձեր մասին չեն, ձեր տխուր աչքերի:
Դուք շաաատ անզգույշ եք:
Ծովիկն էլի կասի. դրա համար միշտ չի, որ սիրում եմ լսել իրան… ժամանակ ա լինում… եղել ա տենց սիրուն ժամանակ… որ էլ Զեմֆիրա չէի լսում: Իհարկե ինքը շատ մեծ երգչուհի ա: Մեր ընգերն ա:
Թափառենք սառը, ցուրտ քաղաքում, քեզ մոտեցնեմ կամուրջներին, դու միայն այդտեղ կշնչես, ու տաք շունչդ գոլորշու պես կտեսնեմ:
Վերջապես նոյեմբեր, սառչում է շուրջանակի, անտեղի վառվում են լույսերը, շարվել են կապտավուն ագռավներն ու եկեղեցու զանգերի ձայներն ականջներիդ մեջ զրնգում են: Հավաքվում է, խոնարհվում, շնորհակալություն ասում, ուզում է տուն գնալ… Էհ, Զեմֆիրչկա, իմ իրականության մեջ տուն գնալը մահվան խորհուրդ ունի («Մարդկանց տուն ուղարկիր»-ի խորհուրդ), ո՞ւր ես կլավիսինի հնչյունների տակ հետքերդ շաղ տալիս, ո՞ւր ես հազար տարի գնում — գալիս Երկրի վրա ու քո ծղրտոցը` աաա աաաաաաաաաաաաաաաաաաաաա:
Հանդիպեցիր Նրան:
Այս անգամ ես մահից առաջ եմ ընկնում, ու նրա երախին մոտ բերում Զեմֆիրային: Նրա ինքնասպանության տեսակը հարազատ է ինձ: Գիտեմ, տեսնում եմ: Նա ուզում է ինձ փոխանցել իմ անավարտ, չհասցրած, կիսատ ինքնասպանությունը: