Քաղաքը այսօր արդեն ընդունել էր իր հոգեմետ դեղերը: Նրա հնությունից բան չէր մնացել, բացի փտած հոտից ու մի քանի հին շենքից: Այսօրվա քաղաքի ընդունած մորֆին ոչ մի կապ չուներ ռոքնռոլլի հետ: Այն ավելի շուտ հիշեցնում էր մահամերձ մարդուն ներարկած թմրանյութ, ցավ չզգալու և ուրախ մեռնելու համար: Ընդհանուր թմրությունը երևում էր ամեն ինչում: ՈՒ քանի որ ոչ ոք չէր մտածում բացի ինձնից, ու քանի որ ոչ ոք չէր ապրում բացի ինձնից, ես դարձա միանձնյա ու ընտրյալ արքա: Ականջներիս մեջ գոռում էր Մորիսոնը.
— Կապույտ ավտոբուսը կանչում է մեզ (The blue bus is callin us):
— Երբևէ ապրած կա՞ս:
— Այսի՞նքն:
— Երբևէ տեսել ե՞ս քեզ հայելու մեջ ու ջարդել այն, իսկ հետո տեղադրել քեզ այնտեղ, որտեղ դու չպետք է լիներիր:
— Իսկ դա պարտադի՞ր է ապրելու համար:
— Դու այսքան տարի եղել ես, բայց փաստորեն չես ապրել: Դու չես հասկացել քեզ, դու չես կարողացել բացահայտել մարդուն, որը կա քո մեջ:
Այսպես ինքս իմ հետ խոսելով որոշեցի գնալ այնտեղ, ուր պիտի գնայի: Իսկ ես պիտի գնայի դեպի Դուռը: Կոնկրետ դեպի որ Դուռը` չգիտեի, բայց ինձ թվում էր, որ անպայման պիտի ճանաչեի այն, ինչպես պիտի ճանաչես մարդասպանին, կամ հիվանդությունը, որ քեզ պիտի սպանի հետո: Կամ այնպես, ինչպես վերջին ֆոտոն, այն ֆոտոն, որը հետո զարդարելու է քո չգոյությունը քո իսկ բնակարանում, քեզ սիրող մարդկանց համար: Այդպիսի բաները պետք է զգաս ու վերջ: Չգիտեմ ինչպե՞ս գնացի ու ու՞ր գնացի, բայց մի տեղ հասա: Ձեռնափայտով մի կիսածերուկ հայտնվեց կարծես ոչ մի տեղից, և ընդհանրապես` եթե հայտնվում են, ուրեմն ինչ-որ տեղից չեն կարող անել դա, եթե տեղը կա, ուրեմն չեն հայտնվում, քայլելով գալիս են, եթե հասկանալի է թե ինչից եմ հիմա խոսում:
— 15 քայլ ուղիղ գնա, աջ թեքվի, 5 քայլ էլ գնա ու կհասնես Դռանը:
— Շնորհակալություն:
50-ին մոտ կույր մարդը քայլեց դեպի ելքը ու հեռացավ, կարծես դեպի ելքը քայլելով կարելի է ուրիշ բան էլ անել: Որոշեցի ստուգել նրա ասածը: Փակեցի աչքերս ու սկսեցի քայլել: 13-րդ քայլին տաք շունչ զգացի ուղիղ դեմքիս, հաստատ տղամարդ էր, ինձնից բարձրահասակ: Հանգիստ քայլեցի կողքով, ինքս իմ հանգստության վրա զարմանալով: Վերջում չդիմացա ու բացեցի աչքերս, միշտ այնքան կամքի ուժ չեմ ունեցել` չվախենալու անհայտությունից: Պտտվեցի, մարդը արդեն չքացել էր: Եթե չքացել էր, ուրեմն հայտնվել էր մի տեղ, եթե հայտնվել էր մի տեղ, ուրեմն այստեղ չէր էլ եղել:
Մի քանի քայլ այնկողմ տեսա Դուռը: Այն բավականին բարձր էր, հին սիստեմով բարձր: Դուռը ինձ հուշեց, որ ներսում ծխել չի կարելի հաստատ: Թեպետ 2 րոպե առաջ էի ծխել, բայց նորից վառեցի: Անհամբերությունից այնքան արագ ծխեցի, որ գլուխս պտտվեց ու աչքերիս դիմաց պատկերը խառնվեց, գունային գամմայի ամբողջական կորուստ: Առաջին սիգարետի էֆեկտ, որ վաղուց չէի զգացել:
Սենյակը ավելի փոքր էր և անշուք, քան Դուռը, միշտ այդպես է լինում: Ներսում կամ ընդհանրապես մարդ չկար, կամ այնքան շատ էին, որ ամբոխ էին դարձել ու մարդ որպես այդպիսին չէր երևում: Համենայնդեպս, լիքը ձայն կար ներսում: Չասեմ վախեցնող, բայց ոչ դուրեկան էր այդ ամենը:
— Անալգին դիմիդրոլով փորձել ե՞ս:- Ձայնը կոնկրետ ինձ էր ուղղված, ես դա զգացի և մեջս ցանկություն առաջացավ անպայման պատասխանելու: Ինչպես մեկ-մեկ ուզում ես տաք ինչ-որ բան լցնել գլխիդ կամ պոկել շրթունքիդ կաշին, մազոխիստական էր այդ ցանկությունը:
— Ոչ:
— Փորձիր, օգնում է:
— Բայց ինչի՞ն:
— Հարցիդ հարցով պատասխանեմ, որովհետև ոչ մի հարց էլ կոնկրետ պատասխան չունի: Հարցի պատասխանը հարցն է: Իսկ դու ինչու՞ ես այստեղ:
— Ինձ տանջում է անքնությունը:
— Սխալ է, ասում եմ հարցին հարցով են պատասխանում, հո դու հիմար չե՞ս:
— Ոչ:
— Չէ, դու հաստատ հիմար ես:
— Ձայնդ կտրիր:
— Ինչպես ձայնս կտրեմ, եթե ես ընդամենը ձայն եմ:
Որոշեցի չխոսել այլևս, դա երևի խելացիության նշան է, այդ չխոսելը: Արագ սկսեցի քայլել սենյակով աջ ու ձախ: Հետո խորացա այն մտքի վրա, որ մարդ չի կարող աջ կամ ձախ քայլել, որովհետև երբ թեքվում ես աջ կամ ձախ միևնույնն է նորից սկսում ես ուղիղ քայլել: Թե աջ ու ձախ քայլես` տեղումդ կմնաս: Փաստորեն կարևորը կուրս ընտրելն է, ընթացքը նույնն է, ինչ էլ ընտրես: Այս մտքերից հետո ինձ թվաց, թե հարբած եմ: Հետո հասկացա, որ եթե ինձ թվաց, որ ես հարբած եմ, ուրեմն ես չափից դուրս սթափ եմ: Հենց նոր հորինածս այս թեզը ստուգելու համար ոչ մի ապացույց չգտա ու հանգիստ շունչ քաշեցի` հասկանալով, որ եթե թեզը ապացույց չունի ուրեմն դրա կարիքն էլ չկա: Դա ուղղակի դառնում է աքսիոմա: Սենյակը լցված էր հազարավոր այսպիսի հակասական մտքերով, որոնք կամաց-կամաց սևացնում էին պատերը: Ես վազեցի դեպի Դուռը, բայց սենյակը դարձել էր քառակուսի ու ոչ մի դուռ էլ չուներ: Երևի դռան մոտ էլ էին ամբոխվել մտքեր ու սևացրել նրան: Ու քանի որ սենյակում ոչ կահույք կար, ոչ պատուհան, ոչ մի կերպ չէի կարող հասկանալ, թե որտեղ է նախկին Դուռը: Մտքերս անընդհատ շատանում էին, սենյակում դառնալով ստվերներ ու ձայներ: Սենյակը մտքերից սևանում էր, բայց չէր մթնում, լուսավոր սև էին մտքերս: Իսկ եթե նրանք չլինեին սենյակում ամենինչ ավելի վախեցնող կլիներ, սպիտակ կլիներ, բայց ոչ լուսատու սպիտակ, այլ խամրած, հեռացող սպիտակ: Մտքերս սև էին, լուսավոր սև, ինչպես ես:
— Այստեղ ծխել կարելի՞ է, — լսվեց մի ձայն:
— Իսկ դու ծխող ե՞ս, — ասաց մյուսը:
— Քեզ ի՞նչ, — ջղայնացած ասաց առաջին ձայնը:
— Իսկ քեզ ի՞նչ, թե ինձ ինչ:
— Աաաաա ես կխելագարվեմ, — բարձր բղավեցի ես ու հասկացա, որ չէի մտածել դրա մասին գոռալուց առաջ, թե չէ այն առանձին կբղավեր: Սա արդեն ինձ դուր չէր գալիս, դրա համար էլ բոլոր մտքերս տանում էին դեպի Դուռը: Որտե՞ղ է այդ Դուռը, ինչու՞ է այդ Դուռը, ինչպիսի՞ն էր այդ դուռը և ընդհանրապես ի՞նչ է դուռը: Հանկարծ այդ սև պատերից մեկը բացվեց ու տեսա բարձրահասակ մի մարդու:
— Ձեր մտածելու ժամանակն ավարտված է:
— Այն կույր մարդն էլ էր այստեղ մտածու՞մ:
— Ի՞նչ կույր մարդ:
— Այն, որ այստեղից դուրս եկավ:
— Չէ դու հաստատ հիմար ես, հարցին հարցով, դու պատահմամբ ես երևի այստեղ, քեզ սխալ են ընտրել: