1845 թվականին գրված «Կարմիր մահվան դիմակը» փոքր պատմվածքի  օգնությամբ Էդգար Պոն կարողանում է ներկայացնել պանդեմիայի ավերիչ ուժը: Պանդեմիայի և մահվան հանկարծակիությունը հանգեցնում է պարտադրված կղզիացման, օտարացման: Թվում է հիվանդության առաջ մարդիկ պիտի հավասար լինեն, բայց պատմվածքի գլխավոր հերոս Պրոսպերոն (որի անունը նույնպես պատահական չէ) փորձում է դեմ գնալ պանդեմիայի օրենքներին: Պրոսպերոն կարծում է, որ հիվանդությունն ու թշվառությունը չեն կարող ներս մտնել դղյակ, եթե ինքն ամուր փակի դղյակի դարպասի դռները, բայց, ցավոք սրտի, պանդեմիայի համար փակ դռներ չկան: Դղյակի դռներն այս պարագայում ասոցացվում են մի կողմից պարտադրված կղզիացման, բանտային իրականության, մյուս կողմից հարստության ու անհասանելիության հետ: Պրոսպերոն փորձում է իրեն անջատել հասարակությունից, բայց երբ համավարակի ալիքը մի փոքր թուլանում է, որոշում է դիմակահանդես կազմակերպել: Շատ հյուրեր են գալիս՝ բոլորը դիմակներով: Նվագախումբը նվագում է, բոլորը պարում ու զվարճանում են: Պալատի հարդարանքը նույնպես ուշագրավ է. բոլոր սենյակները տարբեր գույներով են ներկված, որոնք խորհրդանշում են կյանքի էտապները: Սև սենյակում ժամացույց կա, որը ժամանակի անցողիկության մասին է հուշում, երաժշտությունը մի պահ կանգ է առնում, երբ զարկում է ժամանացույցը, ապա նորից դիմակահանդեսը շարունակվում է: Կարմիր սենյակը նախավերջինն է: Կարմիր գույնը մենք միշտ արյան հետ ենք ասոցացնում: Սևը մահվան գույնն է: Պոն շատ կտրուկ գործողություններով նկարագրում է կարմիր արյան շիթերով մի «Դիմակի», որն անցնում է մարդկանց միջով ու սպանում նրանց: Պրոսպերոն փորձում է բռնել նրան ու հասկանալ ով է նա, բայց նրան հաջողվում է բռնել «նրան» միայն սև սենյակում, որտեղ և մահանում է առանց մահվան իրական դեմքը տեսնելու: Դիմակի տակ «պարոն ոչ ոքն» էր: Ինչպես տեսնում ենք միստիկայի սիրահար Պոն նույնպես հիվանդությունը նկարագրում է որպես անձայն, անտեսք, անմարմին երևույթ: Պոն իր պատմվածքում ցույց է տալիս, որ ընտրյալներ չկան, որ հիվանդությունը չի խնայում ոչ ոքի: Ոչ մի Պրոսպերո չի կարող հաղթել պանդեմիային: Այն գալիս է ու ստիպում մեզ մտածել տիեզերական ու գերբնական ուժի մասին, մահվան մասին, ուժի մասին որը, գուցե, անբացատրելի է, բայց միանշանակ ավելի հզոր է մարդուց: Մարդկանց հաճախ թվում է, որ մահը շատ հեռու է իրենցից, իսկ պանդեմիան գալիս է հիշեցնելու, որ յուրաքանչյուր վայրկյանը կարող է վերջինը լինել:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն