Էնն Սեքսթըն

Ներկայացումը

Ես միակ դերասանն եմ:
Մեկ կնոջ համար դժվար է
մի ամբողջ ներկայացում խաղալ:
Ներկայացումն իմ կյանքն է,
իմ մենակատարումը:
Ձեռքերի հետևից իմ վազելն
ու երբեք չհասնելը.
(Ձեռքերը տեսադաշտից դուրս են,
այսինքն՝ բեմին չեն)
բեմի վրա արածս միայն վազելն է,
վազել հասնելու համար
ու երբեք չհասնել:

Հանկարծ դադարում եմ վազել:
(Սցենարը փոքր-ինչ փոխվում է:)
Ճառեր եմ ասում՝ հարյուրներով,
բոլորն աղոթք են, բոլորը՝ մենախոսություն:
Անհեթեթ բաներ եմ ասում, օրինակ՝
ձվերը չպետք է քարերի հետ վիճեն,
կամ կոտրված բազուկը թևքի մեջ պահեք,
կամ ես ուղիղ եմ կանգնած,
իսկ ստվերս ծուռ է:
Եվ այլն: Եվ այլն:
Դահլիճը սուլում է: Դահլիճը սուլում է:

Չնայած դրան՝ վերջին տողերին եմ հասնում՝
լինել առանց Աստծո նույնն է, թե լինել մի օձ,
որ փիղ կուլ տալ է ուզում:
Վարագույրն իջնում է:
Հանդիսատեսը շտապում է դուրս:
Ներկայացումը վատն էր:
Պատճառն այն է, որ միակ դերասանն եմ,
իսկ մարդիկ, ում կյանքից հետաքրքիր
ներկայացում կստացվեր, այնքան էլ շատ չեն:
Ճիշտ չէ՞:

Անհաղորդության պոետը

Հավանաբար հողը լողում է,
չգիտեմ:
Հավանաբար աստղերը փոքրիկ
թղթե կտրտանք են՝
հսկա մկրատով արված,
չգիտեմ:
Հավանաբար լուսինը արցունքի սառած կաթիլ է,
չգիտեմ:
Հավանաբար Աստված ընդամենը խորունկ ձայն է,
որ լսելի է խուլերին,
չգիտեմ:

Հավանաբար ես ոչ ոք եմ:
Թեև, այո, մարմին ունեմ
ու դրանից չեմ խուսափի:
Կուզեի գլխիցս դուրս թռչել,
բայց անհնար է:
Ճակատագրի տախտակին գրված է,
որ պիտի մարդկային ձևում բանտարկված մնամ:
Քանի որ այդպես է ստացվել,
ուշադրությունը կուզեի իմ խնդրին հրավիրել:

Ներսումս կենդանի կա՝
սրտիս ամուր կառչած
մի հսկա խեցգետին:
Բոսթընի բժիշկներն
արդեն ձեռք են քաշել:
Նշտարներ են փորձել,
ասեղներ, թունավոր գազեր և այլն:
Խեցգետինը դեռ կա:
Այն ծանր է:
Փորձում եմ մոռանալ այն, գործերովս զբաղվել,
բրոքոլի եփել, բացել-փակել գրքերս,
ատամներս մաքրել ու կապել կոշիկներս:
Փորձել եմ աղոթել,
բայց հենց աղոթում եմ,
խեցգետինն ավելի ամուր է կառչում,
ու ցավն ընդարձակվում է:

Մի անգամ երազ տեսա,
հավանաբար երազ էր,
թե խեցգետինն իմ անհաղորդությունն էր Աստծուն:
Բայց ո՞վ եմ ես, որ հավատամ երազների:

Կողպված դռներ

Այս քաղաքում բնակվող հրեշտակների համար,
թեև նրանք անդադար փոխում են իրենց ձևը,
ամեն գիշեր մենք սառը կարտոֆիլներ
ու մի աման կաթ ենք թողնում պատուհանին:
Սովորաբար նրանք բնակվում են երկնքում, որտեղ,
ի դեպ, արցունքներն արգելված են:
Այս ու այն կողմ են հրում լուսինը՝
եփված պալարի նման:
Ծիր Կաթինը նրանց թուխսն է՝
իր բազմաթիվ ճտերով:
Երբ գիշերն իջնում է, կովերը պառկում են,
իսկ լուսինը՝ մեծ ցուլը,
ոտքի է կանգնում:

Սակայն, վերևում մի կողպված սենյակ կա՝
երկաթյա դռնով, որը չի բացվում:
Այն բոլոր տեսակ մղձավանջներն է պարունակում:
Դա դժոխքն է:
Ոմանք ասում են՝ սատանան է դուռը կողպում
ներսից:
Ոմանք ասում են՝ հրեշտակներն են կողպում
դրսից:
Ներսի մարդիկ ո՛չ ջուր ունեն,
ո՛չ հպվելու թույլտվություն:
Նրանք ճաքում են խճաքարի պես:
Նրանք համր են:
Նրանք օգնություն չեն կանչում`
բացառությամբ իրենց ներսում,
որտեղ նրանց սրտերը թրթուռներով են պատված:

Կուզեի բացել այդ դուռը,
ժանգոտ բանալին պտտել
ու ամեն ընկածի իմ գիրկը առնել,
բայց չեմ կարող, չեմ կարող:
Կարող եմ միայն նստել այստեղ՝ Երկրի վրա՝
սեղանի մոտ իմ տեղում:

Հիշում եմ

Օգոստոսի մեկին
անտեսանելի բզեզները սկսեցին
խռմփացնել ու խոտը
կանեփի պես հաստ էր ու ոչ
մի գույնի, ոչ ավելի, քան
ավազը գույն ունի ու
մեր մերկ ոտքերը
բոբիկ էին հունիսի
տասներկուսից ու լինում էին օրեր,
որ մոռանում էինք զարթուցիչդ
լարել ու լինում էին գիշերներ,
որ ջին էինք խմում՝ ջերմ, մտերմիկ,
դոնդողի հին բաժակներից, մինչ
արևը մարմրում էր տեսադաշտից
կարմիր լայնեզր գլխարկի նման ու
մի օր ես մազերս հետ էի հավաքել
ժապավենով ու դու ասացիր,
որ գրեթե նմանվել եմ
պուրիտանուհու ու ամենաշատը
հիշում եմ այն,
որ քո սենյակ տանող դուռը
իմ սենյակ տանող դուռն էր:

Սերը սպանելով

Ես սերասպանն եմ:
Ես իմ ու քո երաժշտությունն եմ սպանում,
որ նորից ու նորից վառվում էր մեր միջև:
Ես ինձ եմ սպանում այնտեղ,
ուր ծնկի եկա քո համբույրից:
Ես դանակներ եմ խրում այն ձեռքերի մեջ,
որոնք երկուսը մեկ դարձրին:
Բայց մեր ձեռքերը չեն արյունոտվում.
այլ խաղաղ պառկած են անարգանքի մեջ:
Ես մեր անկողնու մակույկներն եմ վերցնում
ու ծովը նետում, որ այնտեղ հազան,
ջրախեղդ լինեն, ջրասույզ լինեն դեպի ոչինչը:
Ես խոստումներդ բերանդ եմ
խցկում ու նայում՝
ոնց ես դրանք հետ տալիս դեմքիս:
Մեր ղեկավարած Ճամբա՞րը:
Ես այնտեղ բոլորին գազախեղդ եմ արել:

Հիմա ես մենակ եմ մեռյալների հետ,
ես ցատկում եմ կամուրջներից ցած,
գարեջրի շշի պես ինձ աղբը նետում,
թռչում մի հատիկ կարմիր վարդի պես՝
երկնքում թողնելով
մենության հետքեր,
բայց չեմ զգում ոչինչ՝
չնայած թռիչքին, չնայած ցատկին,
ներսս սնամեջ է,
դեմքս՝ պատի պես դատարկ:

Թաղում կազմակերպե՞նք:
Մեր մարմինները մի վարդագույն արկղի մեջ կդնեին,
այն առաջվա մարմինները,
ու գուցե մեկը ծաղիկներ կուղարկեր,
ու գուցե մեկը կգար մեզ սգալու,
ու մահախոսական կգրվեր,
ու մարդիկ կիմանային, որ մի բան մահացել է,
էլ չկա, չի խոսում, նույնիսկ էլ երբեք
մեքենա չի վարի ու նման բաներ:

Երբ կյանքն ավարտվում է,
այն կյանքը, որի համար ապրում էիր,
ո՞ւր ես գնում:

Գիշերները կաշխատեմ:
Կպարեմ քաղաքում:
Կիզման առիթով կարմիր կհագնեմ:
Ուշադիր կնայեմ Չարլզ գետին՝
իր նեոնային, երկար ոտքերով:
Մեքենաները կսլանան կողքովս:
Ու ճիչ չի լսվի
Էլիս կղզու վրա պարող
կարմրազգեստ կնոջից,
որ պտտվում է,
պարում մենության մեջ,
մինչ մեքենաները սլանում են կողքով:

Թարգմանիչ՝
Ռուզաննա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն