Էքսպրոմտ

պոեզիան փողոցում քայլում է,
վիրաբույժը ձեռնարկ է գրում հերձման մասին
ու պոեզիա է ստացվում,
հավաքարարը քթի տակ պոեզիա է ծնգծնգացնում,
իսկ ազատության հրապարակը պոետների տունն է,
պոեզիան քայլում է քաղաքով ու հաց է հավաքում:

Բիֆուրկացիոն կետ

Գնացին, նստեցին, չքացան
և հիմա,
երբ փորձում եմ գտնել արմատներ
ու կպնել,
ու փլվել են բոլոր գաղափարները,
ու չկա էլ եռանդ տրվելու ընթացքին,
ու չկա նշաձող և խթան,
սեմնագիր են կորցրած հավատները,
ափսոսում եմ
խնամքով գծված արեգակները,
ու հրաշք ստեղծելու ունակ չեմ արդեն:
Հոգնել եմ
սմքած պտուկներ կթել ու չհագենալ,
աղբի գարշահոտության ներքո
համտեսել
քաղցր հեքիաթներ և ուտելիքը հանապազօրյա.
վերջին կաթիլը գանգս կծակի:

Տղեքը

կամակատարի ոգևորությամբ,
մարելով պարտքերը պատվի,
հավաքում են ծերերին ու ջահելներին,
առնում են ձայնը
և քրֆում
ամենավերևի անմեղին:
տղեքը չեն կարող դավաճանել ախպերությանը,
տղեքը չեն կարող
լավություններին երախտամոռությամբ
պատասխանել
տղեքը կապված են բարոյականությամբ.
տուն են սեփականաշնորհել,
ջուր են քաշել, գազ են քաշել, գործ են տվել,
չեն խանգարում
թաղի տաքսի ծառայության,
թաղի խանութի,
թաղի ավտոլվացման կայանի,
թաղի համակարգչային սրահի
աշխատանքներին:
տղեքը չեն կարող խաթրից դուրս գալ,
տղեքը տարբերություն չեն դնում
տղեքը գիտեն, որ տարբերություն չկա
տղեքը գիտեն, որ ով էլ, ում էլ – մեկա:
տղեքը արտագաղթում են,
տղեքը չեն տեսնում հեռանկար:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն