Քիչ գրողների է բախտ վիճակվել ապրել ու ստեղծագործել ինը տասնամյակ: Եվ քիչ ընթերցողներ են կարողացել թեկուզ մի քանի րոպեով հանդիպել ու գրկել իրենց սիրած գրողին: Ռեյ Բրեդբերին այդ եզակի հանճարեղ գրողներից է, ես` անսահման երջանիկ ընթերցողներից:
Այս տարվա օգոստոսի 22-ին լրացավ Բրեդբերիի 90-ամյակը: Ֆանտաստիկ ժանրի ամենաբանաստեղծական արձակագրի ծննդյան օրը մեկշաբաթյա իսկական տոնի վերածվեց: Բրեդբերիական գրական աշխարհի մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ իրականացված միջոցառումները սկսվեցին Լոս Անջելոսի քաղաքապետարանի որոշմամբ, համաձայն որի` օգոստոսի 22-28-ը հայտարարվեց Բրեդբերիի շաբաթ: Առաջին մաղթանքները գրողին հնչեցին Գլենդելի MYSTERY & IMAGINATION գրախանութում, որից հետո մեկ շաբաթ շարունակ քաղաքի տարբեր գրական ակումբներում, UCLA համալսարանի գրադարանում, թատրոններում և կինոթատրոններում տեղի ունեցան ընթերցումներ ու քննարկումներ, բեմադրվեցին որոշ ստեղծագործություններ, ցուցադրվեցին ֆիլմեր: Միջոցառումների մուտքը ազատ էր և նախապես լուսաբանվում էր սոցիալական կայքերում: Բրեդբերին թեև հասկանալի պատճառներով չկարողացավ ներկա գտնվել բոլոր միջոցառումներին, սակայն իսկապես հուզված էր այդչափ լավ կազմակերպված, հոգատար ուշադրությունից:
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես են իրականանում ամենալուսավոր երազանքները:
Լոսանջելեսյան մետրո. հասարակության միջին և ցածր խավ, սևեր, սպիտակներ, մեքսիկներ, ականջակալներով մարդիկ, որ թաքցնում են իրենց հայացքները, փակում բռունցքները, շատ պինդ են բռնում պայուսակ-տոպրակները, մարդիկ` անհանգիստ, մտահոգ, լուռ ու փակ:
Լոսանջելեսյան մետրո. իմ կալիֆորնիական ճանապարհորդության ամենավերջում ես այստեղ եմ… Բայց ոչ մտքով, ոչ հոգով: Իրականում ներսից երգել եմ ուզում ու գոռալ, պատմել ինչ-որ մեկին, գրկել ու թռվռալ.. կիսվել այն հրաշքով, որ պատահեց ինձ, որի հետևից վազեցի ես… Որովհետև քիչ առաջ հանդիպել եմ այն գրողին, ով լցրել է պատանեկությունս գիտաֆանտաստիկ հեքիաթներով, գրողին, ով սովորեցրել է ինձ բացել թևերս անդունդի եզրին կանգնած: Քիչ առաջ ես հանդիպել եմ Ռեյ Բրեդբերիին:
Շրջանցենք այն, թե ինչպես մի լուսավոր երեկո մայրս Բրեդբերիին, թաքնված գանձի պես, փոխանցեց ինձ, թե ինչպես ես մեծացա ու փոքրացա բրեդբերիական աշխարհներում ուրախանալով ու տխրելով… Չեմ պատմում, թե ինչպես իր շնորհիվ գտա ինձ շատ հարազատ ընկեր Արգենտինայում` հիմա շատ մոտիկ ու հեռու..
Պատմեմ, թե ինչպես էի երազում մեր հանդիպման մասին… Եվ այսպես, մի գեղեցիկ օր այցելում ենք հայրիկիս ազգականներից մեկին, ով գեղարվեստական գրքեր է թարգմանում, անգլերենից ռուսերեն: Պարզվում է` Բրեդբերին նրա սիրած հեղինակներից է, ավելին` պատին` շրջանակի մեջ, տեսնում եմ նամակ Բրեդբերիից… Այդ օրվանից երազում էի ես էլ նամակ ստանալ: Հետո մի քիչ էլ մեծացա, անգլերենս բացվեց, ոգևորությունս մեծացավ, համարձակությունս` նույնպես, հասցեն խնդրեցի, հասցեն ստացա:
Նամակը շուտ գրեցի. վաղուց մտքումս էր: Փոխարենը երկար ժամանակ համապատասխան ծրար էի փնտրում: Ի վերջո ուղարկեցի… Չպատասխանեց (ճիշտն ասած, գրածս մի բան չէր. պատանեկան հուզախառն նամակ` իմ գրական փորձերի մասին: Ու լավ-լավ բաներ, որ ստացած շատ կլիներ.. բացառությամբ, որ Հայաստանից էր:
Ամեն դեպքում ես երջանիկ էի մտքից, որ նամակս կստանա…
Ժամանակավոր դադար
ՀԵ՜Յ… ՀԵ՜Յ… ՀԵ՜Յ… Մարին գնում է Ամերիկա!!!!!!!!!!!!!!!!! Ամերիկա՜… Բրեդբերիին գտնելու…
Հասցեն պինդ-պինդ պատրաստեցի, բոլորին-բոլորին պատմեցի ու սպասում եմ օգոստոսին: Ինտերնետում փորփրում էի ու հանկարծ…
“Писатель не живёт по этому адресу, корреспонденция приходит его дочери. Адрес его дома без разрешения писателя или его представителей вам скорее всего узнать не удастся. Из уважения к преклонным годам и состоянию здоровья Брэдбери его домашний адрес никому не сообщается.”
Լացում եմ: Փոքր երեխայի պես շփոթվել եմ, չգիտեմ ինչ անել:
… «Մարդ Ամերիկա գնա, էլի լացի»: Հա, դե լավ ա:
Ժամանակավոր դադար-2
Պատմվածքի դաս ունեմ քոլեջում: Կարդում ենք միատիպ ձանձրալի գործեր: ժամանակակից գրողներ` տեքստի իրենց ուժեղ կառուցվածքով: Երևակայություն չեն շարժում: Հուզում են երբեմն միայն:
Ու վերջապես` երկար սպասված արձակուրդ…
Գալիս եմ Լոս Անջելես: Ինքնաթիռից տեսնելով միատիպ քոթեջների օվկիանոսը` հիասթափվում եմ շատ: Քաղաքը կեղտոտ է և անհոգի:
Մի ամիս հասցեն մտքիս մեջ էր: Բայց Լոսում միայն վերջին օրը կայացավ որոշումը. գտնել այն տունը, ուր ուղարկել եմ նամակս: Արդեն հաշտվել եմ մտքի հետ, որ նա այնտեղ չի ապրում, բայց գոնե տունը տեսնեմ, գոնե աղջկան հանդիպեմ… Բա որ հանկարծ ստացվի` մի բան իմանա՞մ…
«Գանգստերների թաղամաս ա էտ Սանտա մոնիկայի կողմերը: Մթին վտանգավոր ա: Ավանտյուրա ա: Իզուր գնալու եք չլվեք. երեք տրանսպորտ ու կես ժամ ոտով…»:
Հա, ես էլ ավանտյուրիստ եմ.. ու.. ընկերուհուս պետք է հրաժեշտ տայի, ինչը վերածվեց մեկուկես ժամանոց զբոսանքի…
Անհարմար էի զգում: Հոգնել էինք: Բարձրանում էինք ու բարձրանում: Բայց էսքան եկանք` պիտի տեսնենք: Երեխեքին էլ եմ խոսք տվել նկարել տան համարը գոնե…
Զրույց ու խրախուսանքով հասանք:
Դեղին տնակ: Կանգնել եմ: Կանգնել եմ… Մի հատ ֆոտո: Անցանք փողոցը: Աստիճաններով շուտ բարձրանում եմ: Աաաաաա, շշմել եմ. դռան շորի վրա կատուներ են նկարած: Բրեդբերին ախր կատուներ շատ է սիրում…
Դռան զանգը տալիս եմ: Ձայն չկա: «Մարդ չկա»: Չէ, կա՛: Մի երկու անգամ էլ եմ զանգը տալիս:
Մի կին է բացում, հարցնում է.
— Բրեդբերիի հետ հանդիպում ունե՞ք նշանակած:
— Ի՞ՆՉ: Բրեդբերին ԱՅՍՏԵ՞Ղ է ապրում:
Ուզում եմ ասել` դուռը փակի, խառնվել եմ իրար, սպասի ուշքի գամ, նայում եմ ընկերուհուս, քիչ ա մնում թռնեմ եսիմ ուր… Առանց իմ ասելու էլ փակում է. «Մի րոպե սպասեք»:
Մի տղամարդ է իջնում: Պարզվեց խմբագիրն է: Ասեց.
— Աղջիկը կկատաղի, եթե ձեզ ներս թողնեմ:
Հասկանում եմ, բայց տենց ոնց կլինի. ես Հայաստանի գրողների միությունից եմ, ազգականս Բրեդբերիի թարգմանիչն է, ես էլ հատուկ իրա համար եմ եկել հասել… Ժպտում է: «Լավ մի քանի րոպեով»:
Մտնում ենք տուն: Լիքը բաներ կան: Գրքի շապիկի օրիգինալ նկարը շրջանակի մեջ, աջ կողմում սենյակ` մեծ ու փոքր խաղալիքներով. երկրպագուներից են: Կարելի է ժամերով ուսումնասիրել: Օրերո՜վ…
Նեղ աստիճաններով բարձրացանք:
Փոքր սենյակում էր նստած: Լիքը գրքեր, նկարներ, լամպեր:
Իսկ ինքը… մի տեսակ.. հա, մեծ, սպիտակ, լուսավոր.. Նստած էր` ոնց որ թե հաց էր ուտում: Ավելի ճիշտ օգնում էին, որ ուտի… Մտա, փաթաթվեցի, ձեռքս պինդ սեղմեց… Ասացի` ով եմ, խմբագիրը մի քիչ բարձր կրկնեց, պարզվեց բարեկամիս հիշում է:
Հարցրեցի` ինչպես է: Ասաց, որ ուր որ է նոր գիրքը կավարտի: Հիացմունքից ժպտում եմ. այս տարի իննսուն տարեկան է դառնալու… չէ, է, ինքը իր գրքերի տասներկու տարեկան տղան է դեռ…
Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ ինքը տվել է մարդկությանը, խմբագիրը հաստատում է, ինքը ժպտում….
Վայ, վայ ինձ, որ չգիտեի, թե տեսնելու եմ իրեն, որ դատարկաձեռն գնացի, որ գիրք չունեի մոտս… Տետրում ստորագրեց, լուսանկարվեցինք… ոնց կուզեի ամբողջ օրը մնալ… ու էլի երկար:
Ես երջանիկ եմ, շնորհակալ եմ, ումից չգիտեմ, բայց սիրտս, մի տեսակ, երախտագիտությամբ է լցված, գլուխս եռում է, սիրտս արագ խփում…
Հետադարձ հայացք գցելով` ասեմ, որ սուտ են խոսում, թե երազանքին հասնելը դատարկություն է բերում: Նման բան ՉԿԱ: Հավատացե՛ք ձեր երազանքներին, ու կյանքը դրանք ձեր առաջ կբերի: Անհնարին բան չկա: Կա հավատի պակաս: Իսկ մեր երազանքները արժանի են մեզ:
«Աչքերդ բացիր հրաշքի առաջ: Ապրիր` կարծես վերջին տաս վայրկյանդ ես ապրում: Տես աշխարհը: Այն ավելի ֆանտաստիկ է, քան ցանկացած երազ, որի ստեղծման համար դրամ են վճարում: Նախ թռչիր անդունդի եզրից, իսկ թևերդ անպայման ճանապարհին կբացվեն»:
Սա է իմ Բրեդբերին: