Ջերոմ Ք․ Ջերոմի «Երեքը նավակում՝ չհաշված շունը» գիրքը, թեև յուրահատուկ տեղ ունի իմ հոգում, կարդացի միայն վերջերս:

Բանն այն է, որ այս գիրքը լուսահոգի հորս սիրած գրքերից մեկն էր: Միայն իմ հիշելով՝ նա կարդացել էր այս գիրքը երեք անգամ: Ու ամեն անգամ, երբ նա կարդում էր «Երեքը նավակումը», տունը պարբերաբար ցնցվում էր ծիծաղի անզուսպ պոռթկումներից: Ռուսալեզու դեղին-կարմիր հատորիկը, որը կար մեր տանը, ես հաճախ էի վերցնում, փորձում կարդալ, բայց չափազանց պճնազարդ լեզուն վանում էր, ոչինչ չէի հասկանում ու համակերպվում, որ երևի դեռ խելքս չի հասնում դրանից:

Հետո անցան տարիներ, գիրքը շարունակ նշմարվում էր ինչ-որ տեղ հորիզոնում, բայց ձեռքերս դրան այդպես էլ չէին հասնում: Մինչև վերջերս, երբ ես որոշեցի, այդուհանդերձ, ստուգել, թե այդ ինչի՞ վրա էր այդպես հռհռում հայրս: Ես էլ, ի դեպ, ունեմ այդ հատկությունը․ ուշաթափության չափ ծիծաղել գիրք կարդալիս:

«Երեքը նավակումը» պարգևեց ինձ շնչահեղձության աստիճանի երկու ծիծաղներ (գերմանացի դաշնակահարի ու քֆուրչի ձկնորսների դրվագները), մի քանի էնպես ոչինչ ծիծաղներ ու անդադար ժպիտ՝ գրեթե ողջ մնացած հատվածում:

Գիրքը, ինչ խոսք, հնացել է: Ջերոմ Ք․ Ջերոմը նկարագրում է 19-րդ դարի վերջին՝ 1890-ական թվականներին լոնդոնցի երեք ընկերների նավակով ճամփորդությունը Թեմզա գետով: Դե, նավակներ են, թիակներ, պարաններ, թեթև շոգենավեր: Ողջ այդ տեխնիկան բավականաչափ հնացել է, ու պարաններով նավակ քաշելու մասին իրավիճակային հումորներն ու նկարագրությունները հիմա, ինչ խոսք, էդքան էլ հասկանալի ու ըմբռնելի չեն, թեև շատ ու շատ այլ դեպքերում ամեն ինչ կարելի է շատ լավ պրոյեկտել նաև ժամանակակից ու գերժամանակակից թվացող երևույթների վրա:

Հնացած է նաև գրքի տեմպը: Ժամանակները, երբ սրամիտ ջենթլմենը կարող էր ճաճանչափայլ լեզվով երկար-բարակ պատմություններ պատմել՝ համեմելով դրանք զտարյուն անգլիական հումորով, աննկարագրելի չափազանցություններով ու կծու-թթու խոսքերով, անցել-գնացել են: Հիմա գրականության  ու, ընդհանրապես, կյանքի տեմպը բոլորովին այլ է, ու երեք ընկերներն էլ հազիվ թե երկու շաբաթ ազատ ժամանակ գտնեին՝ Քինգսթոնից Օքսֆորդ նավակով ճամփորդելու համար:

Ու սրանով հանդերձ՝ գիրքը հոյակապ է, իսկ ինձ համար՝ կրկնակի, քառակի ու տասնապատիկ հոյակապ, քանի որ կարդալով այս գիրքը, անցնելով Թեմզան ի վեր երեք ընկերների (ու շան) հետ, լսելով նրանց աներևակայելի պատմությունները, ես, իրականում, մի լավ զբոսանքի գնացի հորս հետ, որտեղ մենք միասին կուշտ հռհռացինք, մտքեր փոխանակեցինք ժամանակների փոփոխության մասին, ինչպես նաև համաձայնեցինք, որ գրքերը, իրոք, ամենալավ բանն են, որ պատահել է մարդկության հետ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն