Բլոկադայի 33-րդ օրն է։ 21 օր է` փող չունեմ։ Ստիպված եմ դուրս գալ հյուրատնից, էլ երես չունեմ անվճար մնալու։ Կարող էի արցախցի ծանոթներիս դիմել, հյուրասեր են, կօգնեն, բայց բոլորի դրությունն էլ մի բան չի։
Իմացել եմ, որ էս կողմերում մի լքված, մեկսենյականոց տուն կա։ Տերերն այնտեղ չեն ապրում։ Երիտասարդ զույգ էին։ Ամուսինը 44-օրյա պատերազմում է զոհվել, երկու ամիս անց թշնամու կրակոցից կինն է մահացել։
Թաղումից հետո ոչ ոք էս տանը չի մոտեցել։ Հյուրատան պահակը՝ Վաչիկ ձյաձյան, ամեն կերպ համոզում է, որ չգնամ։ Ասում է, թե անձամբ է տեսել՝ ոնց են ամուսինների ուրվականները տան մեջ թեյ դնում, նստում կլոր սեղանի շուրջ ու զրուցելով խմում անուշեղենի հետ։
Ճամպրուկը թողնում եմ, քայլում եմ դեպի քաղաքի կենտրոն։ Ընթացքում հեռախոսիս նամակ եմ ստանում. մայրս հաշվիս փող է փոխանցել։ Թոշակ է ստացել և խնդրում է, որ գոնե այսօր սննդարար մի բան գտնեմ որևէ ռեստորանում, որովհետև խանութներում բացի պոմելոյից, կարալյոկից, նռից և որոշ յուրահատուկ դեպքերում էլ՝ խոզի մսից, որից անտանելի հոգնել ենք, ուրիշ ոչինչ չկա։
Բանկոմատից գումար ստանալու համար պիտի հերթ կանգնես։ Խոշոր գումար չես կարող հանել։ Առավելագույնը 50 000 դրամն է։ 25 րոպե սառնամանիքին հերթի մեջ սպասելուց հետո հենց այդքան էլ հանում եմ։ Ոտքերս սառցաբեկորներ են։ Հոգնած ու ծանրաքայլ հասնում եմ Վազգեն Սարգսյան փողոց, մտնում եմ Թեյնիկ ռեստորան։ Երեկոներին այս տաքուկ, վանդակավոր սփռոցների միջավայրում եմ թեյում։
Բարի մոտ ծանոթ դեմք եմ տեսնում: Սարոն է։ Հավանաբար նոր է ընդունվել աշխատանքի։ Ինչպե՞ս է հայտնվել Արցախում, ինչո՞ւ այսքան ժամանակ նրան չեմ հանդիպել։ Ինչո՞ւ է այսքան գեղեցիկ։ Շուտով 40 կլինի, բայց մազերը խիտ-խիտ են՝ փափուկ ու խարտյաշ, տեղ-տեղ՝ սպիտակ, մաշկն էլ՝ ճերմակ-ճերմակ, այնքան, որ կապույտ երակները երևում են։ Կանաչ, խոշոր աչքերը թախծոտ, տիպիկ հայկական դասավորվածություն ունեն։ Ծերացող պատանու է նման, որի ներքին ընդվզումն ու անկարգություններն այդպես էլ չեն սանձվել ու, հավանաբար, երբեք էլ չեն սանձվելու։
— Դո՞ւ էլ ես փաստորեն էստեղ,- հարցնում եմ:
— Ինչպես տեսնում ես։
— Մեկ ամսից ավելի էստեղ եմ, քեզ առաջին անգամ եմ տեսնում։
— Բերդաշենում էի։ Լսած կա՞ս էդ գյուղի մասին: Չնայած, որտեղի՞ց լսած լինես, դու բնիկ բիբար կրծող երևանցի ես:
— Լավ, ես աչքիս գնամ։
— Չէ, մի՛ գնա։
— Մնամ, ի՞նչ անեմ։
— Խմի հետս կամ սնկով պիցցա կեր։
— Խմենք, բայց էսօր գիշերը հետս կմնա՞ս։
— Աջուձախ առաջարկո՞ւմ ես։
— Չեմ ասում՝ արի քնենք իրար հետ։ Ասում եմ՝ գիշերն ուղղակի կողքս էղի։ Հյուրատանը չեմ կարող մնալ, մի դատարկ տուն են տվել, բայց առաջին գիշերն էնտեղ մենակ մնալը հեշտ չի լինելու։
— Մի խոսքով, ուզում ես շահագործես։
— Ըհըն։
— Դե լավ, կմտածեմ։
— Բա ի՞նչ ես անում էստեղ։
— Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում եմ աշխատում։ Մոտ մի ամիս առաջ եմ ընդունվել։
— Պարզ ա։ Իսկ ինչի՞ հետ չես գնում։ Մենակ վտանգավոր չի՞։
— Հազիվ եմ աշխատանք գտել։ Ու հետո՝ դժվար պահերին գնալը դավաճանության պես մի բան ա։
— Ծայրահեղացնում ես։
— Բոլորովին։
Սարոն լիբանանահայ է, 2000-ականներին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ 2016-ին, 2020-ին ու 2022-ին կամավոր կռվել է։ Շատ է խմում։ Երևի խմում է, որ մոռանա, թե քանի զինակից ընկեր է կորցրել, քանի թուրք է սպանել, ինչպես է սպանել։ Պատերազմում մարդ սպանելը հե՞շտ է։ Պատերազմում թշնամին մա՞րդ է։
Սարոն անդադար կրկնում է, որ ռևանշ լինելու է։ Ժամերով հերթ կանգնելով, գրպաններդ՝ դատարկ, տան փնտրտուքների պայմաններում նրան հավատալը հեշտ չէ, բայց ասում են՝ անսպասելի, ցավոտ հարվածներն ուժեղ են դարձնում ազգերին, ուրեմն՝ մեր ժամանակն էլ կգա։
«Հավատքդ քեզ կփրկի»,- ասում է Սարոն, ու ես աչքս գցում եմ իր «Jesus» դաջվածքին՝ համարյա ամբողջ թևի երկայնքով։ Մտածում եմ, որ դրա շնորհիվ է ողջ մնացել, ու նրան գրկելու ցանկություն է առաջանում, բայց զսպում եմ ինձ։ Սարոն կարող է  խենթի նման սիրել ու մի օր էլ դաժան, կծու խոսքերով սիրտդ խոցել։ Սարոյի հետ դժվար է։ Սարոն ժայռաբեկոր է։ Սարոն դառն է։ Սարոյին դառնացրել են։
Արդեն կեսգիշեր է։ Նրա սարքած քաղցրանուշ կոկտեյլներից արդեն արբել եմ։ Բարակ անձրև է մաղում։ Շուրջբոլորը խաղաղ է, լապտերիկներով մի քանի անցորդ կա միայն ու մի քանի թափառական շուն, իսկ Երևանում հիմա սրճարանային թոհուբոհն է մոտենում ավարտին։ Սարյանի գինին ու Կալյումեի գարեջուրը այս երեկո քանիսի՞ն են սիրահարեցրել։ Հախվերդյան Ռուբոն էսօր երգե՞լ է քաղաքի մասին իր՝ արդեն մաշված, բայց անբացատրելի ձևով միշտ լսվող գործերը։ Երևանն այնքան է հարբած գինով ու երգերով, որ կորցրել է սթափությունը։ Կամ դիտմամբ է հարբում, որովհետև գիտի՝ եթե շրջափակված է Արցախը, ուրեմն՝ վաղն ինքն է շրջափակվելու։
Ճոճվելով հասնում եմ տաքսուն։ Սարոն ուղեկցում է ինձ։  Կենտրոնից ծայրամաս ենք գնում։ Մութ է։ Դեռ սրճարանում էինք, երբ լույսերն անջատեցին, իսկ ճանապարհին հասկանում ենք, որ ամբողջ քաղաքն է զրկված էլեկտրականությունից։ Դա վերջերս այնքան հաճախ է կրկնվում, որ դարձել է սովորական և ընդունելի։
Արդյոք կա՞ն մարդիկ, որոնք մտահոգ են, թե այս պահին ինչ է կատարվում Արցախում։ Արդյոք կա՞ փրկության հույս, թե՞ սցենարն արդեն նախապես գրված է։ Ապագայի անորշությունը հուշում է՝ «Ապրի՛ր, ասես վերջին օրդ է»։
Մեքենայի մեջ Սարոն՝ առանց վրաս նայելու, ձեռքս բռնում է, սեղմում այնքան ուժեղ, որ թվում է՝ ոսկորներս կփշրվեն։ Հետո անսպասելի համբուրում է՝ այնպես համարձակ ու հուսահատ, կարծես ոչ թե առաջին, այլ վերջին անգամ է համբուրում։ Մի պահ էլ այնքան է տաքանում, թվում է՝ հենց տաքսու մեջ ուզում է սեր անել։ Նրան սթափեցնում եմ։ Վարորդն էլ արհեստական հազում է՝ իր մասին հիշեցնելու նպատակով։
Վերջապես տուն ենք հասնում, հեռախոսի լապտերներն ենք միացնում։ Այնքան հոգնած եմ, որ բազմոցին նստելուն պես ակնթարթորեն քնում եմ։
Երբ արթնանում եմ, զգում եմ՝ խմածությունս դեռ լրիվ չի անցել, իսկ Սարոն չկա։ Աչքս գցում եմ կիսաբաց պայուսակիս՝ 50 000-ը նույնպես չկա։ Դեռ չեմ հասցնում ուշքի գալ, դրսից լսվում են ձիերի սմբակների ձայներ։ Դուրս եմ վազում, տեսնում եմ շագանակագույն ձիեր են՝ անտառից փախած, տպավորություն է, որ շատ սոված են, խոտ են փնտրում՝ որոճալու։
Օդում սավառնող անհանգստությունը նրանց էլ է վարակել։ Վայրի, կատաղի գեղեցկություն ունեն։ Իսկ հեռվում՝ աստղազարդ երկնքի ներքո, ուրվագծվում են արցախյան բարձրանիստ լեռները։ Մի՞թե հնարավոր է լքել այս դրախտը։ Կռվել է պետք՝ խելահեղորեն։ Պայքարել ու խեղդել ներքին, հետո՝ արտաքին թշմամուն։
Նմանատիպ մտքերով ու գիշերային բնապատկերին սիրահարված՝ շրջվում եմ, որ դեպի տուն քայլեմ, տեսնում եմ կնոջ և տղամարդու։ Ուրվականներն են։ Պատուհանի մոտ կանգնած՝ ժպտալով նայում են ձիերին, իսկ հետո հայացքները թեքում են դեպի ինձ։ Մի պահ ես էլ եմ ժպտում իրենց, հետո արագ ու շփոթված բարձրանում եմ դեպի իմ հին հյուրանոցը՝ Վաչիկ ձյաձյային պատմելու։
— Բա որ ասում էի, վրես խնդում էիր,- պատմածիս պատասխանում է Վաչիկ ձյաձյան՝ մտածկոտ պտտելով իր երկար, ալեհեր բեղերը։ Հետո սեղան է գցում, կերակրում, պատվում, խոստանում Սարոյի ջարդը տալ։
Լույսը բացվելուն պես Սարոն զանգում է։
— Էս ո՞ւր ես,- ասում է։
— Դեռ դո՞ւ ես հարցեր տալիս, այ գող ավազակ։
— Էդ գող ավազակդ քո 50 000 դրամը էս գիշեր 3 միլիոն ա դարձրել։
— Էդ ո՞նց։
— Շատ հանգիստ։
— Նորից կա՞րտ ես խաղացել։
— Դե ինտերնետ չկար, որ օնլայն խաղայի։ Համ էլ էստեղ օնլայնը արգելված ա։
— Սարո… դու անուղղելի ես։
— Ե՞րբ ես տուն գալիս։
— Էդ տանն ուրվականներ կան։
— Չկա ոչ մի ուրվական։ Քո պիցցայի սնկերը հալուցինագեն էին։ Հնարավոր ա՝ դրա հետևանքն ա։
— Ես քեզ սպանելու եմ։
— Դու ինձ սիրելու ես։
— Երբե՛ք։
— Վա՛ղը։
— Վաղն՝ ի՞նչ։
— Վաղը մեր պսակադրությունն ա։
— Ո՛չ։
— Այո՛։
— Ո՛չ։
— Շրջափակման վերջը չի երևում, քաղցրիկս։ Դու այլընտրանք չունես։
— Նախ՝ փողս վերադարձրու, հետո՝ թարգի խաղալ, հետո՝ կմտածենք։
— Չի՛ լինելու նման բան։
— Ուրեմն՝ պսակադրություն էլ չի լինի։
— Հեչ էլ լինի… Վրեն, թե չի լինի,- հայհոյում է Սարոն և անջատում հեռախոսը։
Վերադառնում եմ տուն։ Սեղանի սպիտակ սփռոցին դրված սպիտակ ծրար եմ գտնում, մեջը՝ նամակ։
«Արաքս, իրականում չկա ոչ մի 3 միլիոն, ես պարտվել եմ քո 50 000-ը, իմ 150 000-ն էլ հետը։ Գիտեմ, որ հիմար եմ կամ, ավելի ճիշտ, հիվանդ եմ, ու քանի որ էլ չեմ կարող աչքերիդ մեջ նայել, վերադառնում եմ Երևան։ Գնալու ճանապարհը բաց ա։ Էնտեղ պարտք կանեմ, քո գումարը քեզ կուղարկեմ։ Ների՛, եթե կարաս։
Հա, մի բան էլ՝ դու, երևի, չգիտես, որ մինչև մեր առաջին հանդիպումը ես քեզ մի անգամ ցույցի ժամանակ տեսել եմ։ Ուժեղ անձրև էր, հովանոց չունեիր։ Ոտքից գլուխ թաց կանգնել էիր կառավարության շենքի դիմաց։ Ակտիվների շարքում չէիր, բայց հայացքդ ամեն ինչ ասում էր։ Ձեռքիդ թրջված, թղթե պաստառի գրվածքն արդեն վաղուց  ընթեռնելի չէր, իսկ դու համառորեն պահում էիր։ Էդ ժամանակ մտածեցի, որ հենց քո հետ էս գրողի տարած աշխարհում գոյություն քարշ տալն ավելի հեշտ կլինի։ Էլ չեմ ասում՝ ինչքան սիրուն էիր տենց՝ թաց մազերով ու թրջված քիպ զգեստով։ Անտանելի ուզում էի քեզ էդ օրը։ Երևանում կդիմեմ, կանցնեմ պայմանագրային ծառայության։ Կռվելն իմ մոտ ավելի ճիշտ ա ստացվում, քան ապրելը։ Ու ռևանշ լինելու ա, անպայման լինելու ա։ Էդ հաստատ իմացի։ Որովհետև էս բոլոր կռիվներում ինձնից լավ տղերք են ընկել։ Իսկ լավ տղու արյունը հողին ուժ ա տալիս։ Հողն էլ ազգին ուժ կտա»։

Պաշարման 268-րդ օրն է։ Այլևս ոչ մի տեսակի սնունդ կամ պարագա խանութներում չկա։ Մինչև վերջերս նույնիսկ հաց չկար։ Մի քանի օր առաջ միայն սկսեցին տալոններով վաճառել, մեկ անձին՝ կես հաց։ Գազ ու բենզին վաղուց չկա։ Մարդիկ ոտքով են կտրում մեծ տարածություններ։ Տղամարդիկ իրենց ծննդաբերող կանանց ձեռքերի վրա գրկած են հասցնում հիվանդանոցներ։ Ծերերը, երեխաները, հղի կանայք՝ հերթերի մեջ, հյուծվածությունից ուշաթափվում են։
Իսկ թշնամին մի տղամարդու և երեք անչափահաս տղաների է առևանգել։ Անչափահասները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք «անարգել են Ադրբեջանի դրոշը»։
Ասում էին՝ կվերադարձնեն մեր տղաներին, բայց դեռ լուր չկա։ Ամիսներ առաջ էլ հայ ոստիկաններ սպանեցին, այլընտրանքային միակ ճանապարհը փակեցին, անցակետ դրեցին, որևէ ապրանք ներս չեն թողնում, նույնիսկ՝ դեղորայք, ու ոչ էլ՝ Կարմիր խաչին։ Հիվանդները, մնալով առանց անհրաժեշտ բուժման, մահանում են։ Վեց ամիս առաջ միայնակ ապրող մի տարեց տղամարդ, իսկ մեկ ամիս առաջ՝ մի քառասունամյա երիտասարդ սովամահ եղան։
Ամենադաժան դեպքը երկու ամիս առաջ եղավ։ Աղաբեկալանջ գյուղից մայրը ոտքով գնացել էր Մարտակերտ՝ ուտելիք հայթայթելու, վերադարձել էր, երեխաներին տանը չէր գտել։ Նրանց իր հետ չէր վերցրել, որովհետև առավոտյան արդեն այդ նույն ճանապարհը հետը ոտքով անցել էին, հոգնել էին, ոչինչ չէին գտել։ Այս անգամ որոշեց չտանել, չտանջել ու… Պարզվում է՝ իր բացակայության ժամանակ տնից դուրս էին եկել՝ իրեն փնտրելու, երկար քայլելուց հետո մտել էին մի պատահական մեքենայի մեջ, դուռը փակվել էր, չէին կարողացել դուրս գալ ու ջերմային հյուծումից մահացել էին։ Աղջիկը վեց տարեկան էր, տղան՝ երեք։ Նրանց լուսանկարները տեսել եմ, մոռանալ չեմ կարողանում, ուշքի գալ՝ նույնպես։
Իսկ Հայաստանի ղեկավարությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Մենք հերթով սովամահ կլինենք, բայց էդ փաստի հետ չենք հաշտվի։ Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Արցախը եղել է հայկական տարբեր թագավորությունների կազմի մեջ՝ որպես վերջիններիս անբաժան մաս։ Արցախից հրաժարվելը նույնն է, թե ինքնությունիցդ հրաժարվես։ Էնպես որ մենք դեռ էստեղ ենք, հողին՝ պահապան։

Սարոյի հետ կապը պահում ենք։ Իր ֆոտոներն է հաճախ ուղարկում՝ զինվորական հագուստով, ճաղատ։ Էն 50 000-ն իր գնալու հենց հաջորդ օրը հետ ուղարկեց։ Ասում է, որ այլևս չի խաղում, քանի որ ծառայությունը և միջավայրը թույլ չեն տալիս։ Իրեն խոսք եմ տվել, որ եթե խաղալը թողնի, ու ճանապարհները բացվեն, կամուսնանանք։
Երեկոները ես, Վաչիկ ձյաձյան ու ամուսինների ուրվականները թեյ ենք խմում, եթե կապ է լինում, Սարոն էլ է միանում։ Բոլոր դժվարություններին հակառակ՝ չենք դադարում հավատալ, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու…

2023 թ.

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն