Հասմիկ Բաղդասարյանին

Այդ պահին Աստված շոյեց դեմքս, փակվեցին աչքերս: Նա սկսեց երգե՜լ, էլի լսում եմ ուղեղս փայլեցնող ձայնը, կատարումը, որ բխում է ներքինից, բայց հնչում է վերևից:
Հոգևո՜ր:
Ձայնը, նրա ձայնը, որը փաթաթվում է քո ամեն բջիջին, գտնելով հոգուդ լույսը ներթափանցում դռներիցդ ներս: Ու հենց այդ պահին տեղի է ունենում գրկախառնություն ապրեցման հետ: Նրա շուրթերից հնչում են բառերը, միախառնվում տարածությանը, և ես սկսում եմ աչքերով օդում քո պատկերը նկարել, այն ինչ հարկավոր էր նկարել երգվող «Մուգ Նոճիները».
«- Մու՜գ նոճիներ մի՜գապար՝
Ճա՜մփի վերև սիգա՜պար…»
Բացվում են աչքերս, նրա շուրթերից մեղմորեն դուրս են սփռվում արծաթե հնչյունները: Իր երգելու տոնի հետ մեկտեղ վերև են բարձրանում նաև աչքերս: Ու հանդիպում երգչուհու աչքերին: Աստվա՜ծ իմ, ես իմ կյանքում երբևէ նման փշաքաղեցնող հանդիպման չէի եղել… Աչքե՜ր, որոնք սփռվող բառերի հետ տանում էին.
«-Դեպի՜ երկինք հրազա՜յր»…
Այդ աչքերի կուրացնող լույսը աննկատելի էր դարձնում իր սթափեցնող գեղեցկությունը: Էլի եմ գրկախառնվում ապրեցման շնչին: Լուսե աչքերից ջրի նման խաղաղություն էր հոսում, ստիպելով ինձ՝ տրորել ու դուրս շպրտել հոգումս բնակվող բնակիչներին, ովքեր երկար ժամանակ տան վարձը չէին տալիս… Շարունակում եմ արդեն արձագանքի մեջ լսել հարազատ ձայնը.
«- Ե՜ս եմ քո կի՜ն,
Դու՝ իմ հոգի՜ն
Հենա՜վո՜ր …»:
Բնակիչների հետ անվերջանալի թվացող անտանելի կռիվներից մի օր անպայման հետք մնաց: Երգչուհու կյանք տվող աչքերը սեր են կաթեցնում մրմռացող վերքի վրա … Շնշելը դժվարանում է պայքարի պահին, ակամայից աչքերս փակվում են, ուժ չի մնացել: Բայց հեռուների խորքից լսվում է հանդարտեցնող մեղեդին, և նրա ձա՜յնը, որը իմ մեջ կարոտ էր հյուսել իր հանդեպ, լսվեե՜եց.
«- Ո՛վ իմ թևի՜կ,
Տո՛ւր իմ հևի՜կ
Թռչեմ երթա՜մ…»:
Երգը սկսեց ասեղնագործել, վերցրեց ձայնը՝ թելեց հոգուս, զգուշորեն կապ տվեց, ժպտաց ու կարողացավ ստեղծել իր նախշը: Ցավի քարե ծանրությունը հարմար տեղավորվել է ուժասպառ կոպերիս, հազիվ բացվում են ու դեռ չփնտրած՝ գտա նրա ժպիտը, այդ ժպիտը գունավորում է աշխարհը: Զգացի, որ մի ժամանակ ճանաչել եմ «Ժպիտ» անունով մեկին, նույնիսկ ապրել նրա հետ, փորձում եմ մտաբերել, միաժամանակ զգալով, ինչպես է ձայնը շոյում ականջս.
«- Ա՜նսպառ՝
Սրտի՜դ լա՜ր
Հուսա՜տու՜…»:
Սկսեցի դողալ, բայց երգչուհին բռնեց ձեռքերս, գույներ դրեց մեջը, վերցրեց բարակ վրձնաձայնը և սկսե՜ց դեմքիս ժպիտ նկարել, իր գունավորի պես, համադրելով տաք նրբերանգների հետ: Ես կարծես հիշում եմ ինչ տեսք ուներ սպիտակը, ոնց էր այրում կարմիրը… Մի դիրքով քարացած դեմքս շարժվեց, թափվեցին վրայի քարերը: Փոշին խեղդեց: Դժվար էր շնչել: Օդ փնտրելիս գտա նրա ձայնը, որը սկսում էր խենթացնել.
«- Հոգի՜ս շնչեց գարուն- փայլակ հեշտա՜կի»…
Երգչուհին վերցրեց ձայնը ճերմակ փափուկ սրբիչի պես, սրբեց վրայիս փոշին, սրտիցս մաքրեց անցյալի թողած կեղտը, թափեց հոգումս եղած աղբերի փշրանքները: Ինքս ինձ հետ պայքար մոլեգնեց: Արցունքներս կաթկթացին սրբիչի վրա ու խոնավ սրբիչը սահեց ճակատիս վրայով, ուղղվելով սրբելու նաև հմտորեն թաքնված մի քանի կաթիլ արյունը, մեկը՝ սրտիս, մեկը՝ հոգուս, մյուսն էլ ապագայի դռան վրայից… Ես փայլում եմ նրա ձայնի պես, ժպիտի պես շողում, լսում եմ, չեմ հագենում.
«-Ի յանցանա՜ց իմոց մա՜քրեա զիս տէր.
որպէս երբեմն ըզմաքսա՜ւորն և ողորմեա՜»:
Ձուլվում եմ ապրեցման հմայքի հետ, երկնագույն հոգիս հիշում է իր հեղինակին: Նրա մեջ եռացող բարությունը, ինձ հավատացնում է երազում ապրելու իմ կարողությանը, ուժեղ լինելու աներեսի պես: Ես արարվեցի նրա Աստվածային հոգու լույսով, շղարշե մատների հպումով, վեր բարձրացա, կանգնեցի ամուր հողի վրա ու իսկապես շնչեցի…
«- Անկանի՜մ առաջի քո
և խնդրե՜մ զթողութիւն յանցանա՜ց իմո՜ց»:
Լսվում է ձա՜յնը…

Առավոտ

Այտերս ծարավ են, հոգուս սովածությունից դողում եմ մարմնով: Կուզեի ծամել հողն իմ սեփական, որ զգամ արմատներս, կպոկեի մազերս հատ-հատ, կփակեի դեմքս, ետևից կբացվեր նոր դեմք, էն ուրիշը, որ միշտ չկա: Ծանր շնչառությունս տանում է վերև՝ վերանալու:
— Որտե՞ղ,
— Նորաբաց տեղ, ուղեղն անջատելու,
— Ո՞ր երթուղայինն է գնում,
— Մեր մեջտեղում Աստված, մեր ձեռքը բռնած…

Ցերեկ՝ չկամ…

Այսօր արթնացա հոգիս քնած էր մնացել: Հիմար եմ ինձ զգում ու մեծատառով, տեսնես հիմա՞ր ծնվում են, թե՞ դառնում: Մա՜մ, չհասկացվածության շորերս կփոխե՞ս, փոխի ու քնեցրու ինձ, չզգամ ոնց եմ քնում: Ձեռքդ դիր սրտիդ, վրաս հանգստության վերմակ գցիր ու նայի՜ր, թե քնած ժամանակ երկնքում ինչ երկնքություն ա: Հետո էն, որ կպել եմ ուրիշին, փոշի անցել ինձ, էտ հին ու մաշված անցյալի շորերը պատառոտի հետ ուղարկենք, իրենց ապրանքը իր իսկ արտադրողին պետք կգա: Արի տունը վաճառենք գնանք բարության մարզում, ջերմության փողոցի վրա տուն արարենք: Մա՜մ, էնտեղ լավն են մարդիկ, հավատա լավն են…

Երեկո — մարդիկ

Այս լույսի էակների երգի հնչյունների մեջ աղոթք կա: Խոստանում եմ մեր հաջորդ համերգը Աստծո համար ենք տալու: Մենակ ես եմ հասկացել, որ մեր հոգու երգերի բեկ վոկալը Հիսուսն ա ձայնակցում.
— Սրբուհի ջան որտեղի՞ց ես իմացել,- վրդովվեց տիկին Ս.-ն:
— Ես Աստծո մոտ եմ աշխատում:

Գիշեր

Հացի վերջին պատառի պես մնացել եմ ափսեիս մեջ, դու սխալ ես անում, պատառաքաղով մի կեր, գդալո՜վ, փափու՜կ, նու՜րբ…
Սրտիս վիրակապը քանդվեց… Մա՜մ, դու կապիր, հպվի՜ր, փչիր թող չմրմռա:
Մա՜մ, գրկիր ինձ: Մի թող խենթանա՜մ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն