Բայց
Նախ սիրահարվեցի
աչքերիդ փայլին
ծիծաղիդ
կենսուրախությանդ
Հիմա սիրում եմ նաև լացդ
Վախդ կյանքից
անօգնականությունը
աչքերիդ
Բայց վախի դեմ
ուզում եմ օգնել քեզ
քանզի կենսասիրությունս
դեռ փայլում է աչքերումդ
Դու
Այնտեղ որտեղ չկա ազատություն
դու ազատություն ես
Այնտեղ որտեղ չկա արժանապատվություն
արժանապատվություն ես
Այնտեղ որտեղ չկա ջերմություն
մտերմություն մարդկանց միջև
մտերմությունն ու ջերմությունն ես դու
Սիրտն ես անսիրտ աշխարհի
Շրթունքներդ ու լեզուդ
հարցեր ու պատասխաններ են
Քո ձեռքերում և քո գրկում
մի բան կա որ կոչվում է հանգստություն
Քեզնից հեռանալու ամեն անհրաժեշտություն
ուղղվում է դեպի վերադարձ
ապագայի սկիզբն ես դու
Անսիրտ աշխարհի սիրտը
Հավատի խորհրդանիշ չես
ոչ էլ փիլիսոփայություն
ոչ հրահանգ և ոչ սեփականություն
որից կարելի է կառչել
Դու կենդանի էակ ես
կին ես դու
և կարող ես սխալվել կասկածել ու լինել լավը
Անսիրտ աշխարհի սիրտը
Փորձ
Ես փորձեցի
աշխատանքի պահին
փորձել
գործիս մասին մտածել
ոչ թե քո
և երջանիկ եմ
որ փորձս
ձախողվեց
Գիշերային բանաստեղծություն
Ծածկել քեզ
ոչ թե համբույրներով
այլ պարզապես
վերմակով
(այն սահել է ուսիցդ վար)
որ չմրսես երբ քնած ես
Իսկ հետո
երբ արթուն լինես
փակել պատուհանը
գրկել քեզ
և ծածկել
համբույրներով
ու բացահայտել քեզ
Ինչպես է պետք համբուրել քեզ
Երբ համբուրում եմ քեզ
չեմ համբուրում միայն բերանդ
ոչ էլ պորտդ
ծոցիկդ
և այն ինչ համբուրում եմ
Համբուրում եմ նաև հարցերդ
ցանկություններդ
մտածմունքներդ եմ
համբուրում
երկմտանքներդ
ու քաջությունդ
քո սերը իմ հանդեպ
ու ազատությունդ ինձնից
ոտքերդ
որ եկել են այստեղ
ու հեռանում են կրկին
ես համբուրում եմ քեզ
ինչպիսին դու կաս
և ինչպիսին կլինես
վաղը և ավելի ուշ
ու երբ իմ ժամանակը
ավարտվի
Նախքան մեռնելս
Նորից խոսել
կյանքի ջերմությունից
որ որոշները իմանան.
Ջերմ չէ
Բայց կարող է տաքուկ լինել:
Նախքան մեռնելս
կրկին խոսել
սիրուց
այնպես որ ոմանք
ասեն.
Այդպես եղել է
պետք է լիներ:
Դարձյալ խոսել
Երջանկությունից հույսից ու
էլի երջանկությունից
Այնպես որ ոմանք հարցնեն.
Ի՞նչ էր դա
Ե՞րբ նորից կգա:
Բայց թերևս
Իմ մեծ բառերը
չեն պաշտպանի ինձ մահից
և փոքր բառերս ևս
չեն պաշտպանի ինձ մահից
ոչ մի բառ ընդհանրապես
և ոչ էլ լռությունը
մեծ ու փոքր բառերի միջև
կպաշտպանեն ինձ մահից
Բայց թերևս
որոշները
այդ բառերից
և գուցե
հատկապես փոքրերը
կամ պարզապես լոկ լռությունը
բառերի միջև
ոմանց կպաշտպանեն մահից
երբ մեռած լինեմ
Թարգմանությունը գերմաներենից՝ 
Սիրանուշ Փարսադանյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն