Քամին հոսում է՝ հպվելով տերևների շրթունքներին, և քնած ծառը տերևախաբ է լինում, ու ես բացում եմ աչքերս, իսկ դրսում սկսվել է տերևաթափը։

Ու քիմքի ստվերում խմորվում են բառերս, ու իրար բախվելով՝ նոր խմորումներ են առաջանում, ու բառերը ըմբոստանում են ու գրոհում թուղթը, ու գրիչը երբեմն ջնջում է որոշ բառեր, որոնք զոհում են իրենց՝ հանուն հաջորդ բառի, որոնք սպանում են իրար ու իրար միախառնվելով՝ նոր բառ են ստեղծում, քանզի նոր բառը նոր գիրք է։

Խմորումը շարունակվում է, ու նրա խյուսը հյուսի պես թափվում է ցած, ու թուղթը խմորումս խմում է, ու բացելով գիրքը՝ իմ խմորման ձեռքերում հումք է դառնում ձեր խմոր մարմինը, ու նա ձեզ նոր բառերով է հունցում, ու նոր հուն է բացվում ձեր մեջ, ու տանում է ձեզ վար նոր հունը, ու հունվարին թափված տերևները նեխում են ձյան տակ, քանզի ձմեռը ձյունն է մեռնող ու սպիտակ թղթի հավերժ վերադարձը։

Գիշերը հոգնած գլուխս կախել եմ իմ գրած թղթերին ու երբեմն հայացքս բարձրացնելով՝ նայում եմ հեռու՝ այնտեղ, որտեղից պիտի գա սուրհանդակը, որը կբերի ինձ սպիտակ թուղթ՝ որպես ավետիս։

Բարի լուրը դատարկ թուղթն է։

Ես անցնում եմ տառից այնկողմ և փորձում զգալ հնչյունը, որը բառի երաժշտությունն է, ու ամեն բառ արգելք է, բայց ամեն արգելք մի ելք է իր մեջ կրում, ու ես դուրս եմ գալիս բառերից, քանզի ինքս մի ելք եմ, որի միջից դուք դուրս կգաք ու կտեսնեք նոր գրքեր ու նոր հորիզոն, որ մեր հորիզոնից այնկողմ է, քանզի մերը հորինված զոնա է, ու պետք է բանի բանալին ունենալ՝ բացելու ճաղավանդակը ու ճողոպրելու, քանզի ի սկզբանե բանալին էր, և բանալին գրողի ձեռքում էր։

Ձյան տակ բալենին արյունե պտուղներով է արտասվում։

Ես կանեմ այն, ինչ հենց չարեց Չարենցը, ու իմ մասին կասեն. «Երկնեց երկիրը նա իրի, ու նա, իրին նայելով, իրեն տեսավ ու երկնեց նա իրեն՝ որպես մի նոր երկիր»։

Երկնեցի ու հետո քնեցի այդ մռայլ գիշերից հետո, իսկ առավոտյան սենյակումս ես գտա իմ նոր գիրքը՝ «Երկիր Նիրհի», որի էջերից իմ նիհիլը թափվեց դուրս, քանզի նիհիլը դեմ է այս աշխարհին՝ լի հին մտքերով, ու տաղարանը մասնատելով՝ տառարան դարձրի ու դանթեականի տակ դանթածները, կարդալով իմ գիրքը, արթնացան, ու նա իրին մատնեց, ու իրը նրա մատները կտրեց իրենից, ու աստծո որդու գլխավերևում գրեցին «INRI», որը նույն «NAIRI»-ն է՝ առանց արքայի, քանզի արքային խաչեցին փայտե խաչի և «INRI» բառի արանքում ու արքային գամեցին խաչբառին ու բառը խաչեցին, ու առանց Հիսուս արքայի ժողովուրդը անտեր մնաց, քանզի Հիսուսը Ալֆան է՝ արքան, ու «Ա»-ն մեռավ, այդ պատճառով NAIRI-ից հանեցին «Ա» տառը՝ «արքա», ու ավելացրին Հիսուսի «Հ»-ը տառը, որպեսզի միշտ հիշեն իրենց արքային՝ աստծո որդի դարձած, և Նաիրին Նիրհի վերածվեց, ու աշխարհը հավերժ քնեց բառերի քաոսի մեջ, ու մարդիկ կորան խաչբառերի բնակարան-վանդակներում, քանզի ամեն վանդակ մեկ տառի տեղ է, իսկ մեկ տառը դատարկ հնչյուն է, իսկ դատարկությունը չի հնչում։

Ամբոխը խելագարված կռիվ է տալիս հնչյունի համար, բայց ձայն չի լսվում, ու մարդիկ անտարբեր անցնում են կռվողների դիակների կողքով, քանզի դիակը խլացած հնչյուն է, ու այդ պատճառով ես իմ պոեմը խելագարված չեմ գրում, այլ` իմ պոեմը ինքնին խելագրված է, ու միայն այդպես կարելի է գրել, քանզի եթե դեռ գրում եմ, ուրեմն` կռվում եմ։

Չարենցի ծաղիկներով թուրմ եմ պատրաստում, ու օրը ինքն իրեն թրմում է ու մթնում, ու ջինջ նինջի մեջ ջնջվում են բոլոր վեպերը, բոլոր գրողները, բոլոր եղանակները, և սպիտակ թուղթը ծածկում է երևակայությունը, ու այբուբենի բեմից իջնում եմ ես անտառ գրպաններով ու մտնում անտառը, որտեղ ծառերը չեն խոսում, ու չեն խոսում դիակները, ու մի համընդհանուր սպիտակ լռության մեջ քնած է աշխարհը՝ մի երանելի նիրհի մեջ, ու երբեմն քամին շոյում է տերևների շրթունքները, ու քնած ծառը տերևախաբ է լինում, ու տերևաթափը ներկում է մահվան գույներով սպիտակ թուղթը։

Ու այդ սպիտակ թղթի վրա ես իմ նիրհող տառերով գրում եմ.
«Մ.Հ.Ա.Ն.», որը նշանակում է՝ «Մահն անմահ է»։

Դիակների շուրջ մեղմ պտտվում են փաթիլները, որոնք նրանց սերմերն էին՝ նրանց չծնված երեխաները, ու նրանք երջանիկ են իրենց չծնված լինելուց, ու չծնվածության զգացումը մի աննկարագրելի ծնունդ է, որում չկան պարտվողներ, քանզի այդտեղ նիրհն է նազում նզովյալ նազովրեցու։

Երկիրը Նիրհի ապրում է՝ իր մեջ տանելով աստծո որդու դիակի հետ մարդու որդիների հազարավոր դիակները, բայց այդպես էլ չի արթնանում, ու այդ երկրին նայելով՝ ես իմ գիրքն եմ գրում խելագրած, քանզի այստեղ իմ մեջ նիհիլն է հազում, ու ես վազում եմ մեռածների հետևից, որպեսզի նրանց հետ բերեմ, որպեսզի իմ հազից հազարները արթնանան, ու ես միշտ պատրաստ եմ պատ լինել, որին խփելով ձեր գլուխները՝ դուք կարթնանաք, ու ես արթնանում եմ՝ սեփական պատին գլուխս խփելով ու տեսնում, որ պատուհանից այնկողմ ձյունն է թափվում, ու տերևները նեխում են ձյան տակ, քանզի ձմեռը ձյունն է մեռնող ու սպիտակ թղթի հավերժ վերադարձը։
(Հատված
«Ամպուտացված ամպեր» գրքից)
Լուսանկարը` Գագ Մկրտչյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն