Ծուլացած զարկերակի հոգեվարքային վերջին տրոփումներ, տարիներ շարունակ միևնույն շարժումը խոնարհաբար կատարած եսասեր սրտի անզորություն, կծկվելու ուժից որբացող բաղձանք, գոյությունս գեթ մի փոքրիկ րոպեով երկարաձգելու չճաշակվող քաղցրություն, մոտեցող հրաժեշտի վերջին ակնթարթներ. բարով մնաս լույս, այլևս երբեք չենք հանդիպի: Առ Աստված առաքվող հուսալից աղերսանք. գեթ մեկ կծկում, աղաչում եմ, Տեր, թույլ տուր գեթ մեկ փոքրիկ կծկումով ավելի լինեմ այստեղ, որից հավիտյան զրկվելու եմ: Մի վերջին բաբախյուն և տաճարներում քարոզված ճշմարտությունը կպարզվի: Վախ, անհաղթահարելի վախ խորհրդավոր այդ պարզման նկատմամբ, բացահայտում տանող օրերի նվազում ու ժամ առ ժամ հարություն առնող հավատք… ես ապրում եմ հոգեվարքս: Տարիներ տևած ողբերգության մոտեցող վերջին արարված, խոնարհության, ապաշխարանքի և զղջման ուշացած դերեր ու վերջիս հետ վերածնվող առաքինություն. շինծու խաղալու մեկնարկը տրված է: Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնամաքրման հուսալից ցնորք, ավարտվող երազի վեջին տեսարան ու տառապանքով գնվող անմահությո՞ւն: Կամացուկ չքացող երկրային լույս, ժամանմանս սրտատրոփ սպասող երկնային խավար ու մոտալուտ կուրացման գիտակցումից թրջվող աչքեր: Ակնթարթի պես թռած տարիներ ու սպառվելուն մոտեցած ժամանակ, ինձանից որբացող անցյալ, գալիքից որբացած «ես» ու դեպի անվերադարձ առաջ ընկած ժամանակը սողացող շարժում: Չստացված կյանքերի կորսված խորհուրդ. հավիտյան մեկնվող, բայց երբեք չմեկնված առեղծված, հազիվհազ կերտվող տառապալից ավարտ ու խորաններից քարոզված սփոփանքից կառչող աշխարհիկ հույսեր: Քարոզներում ինձ ու քեզ խոստացված լույս և հավետ անկատար խոստում. անթերի հորինված վաղանցիկ պատրա՞նք, երկնայինի դարպասներին փշրվող երկրային երա՞զ, փրկության աստծուն ու աստվածային փրկությունը որոնող տառապյալ հոգի ու տառապանքի ցավից դողացող աղաղակ. Տեր, ես, որ Քեզ կորցրել եմ ողջ իմ կյանքում, անպայման կգտնեմ հոգեվարքումս: Ավարտս կցանկանամ կերտել Քեզ հետ, ներկայությանդ մեջ կտեսնեմ մեղսալից կյանքիս սփոփանքը, գոյությանդ մեջ` անիմանալի վերջիս ձգձգումը: Գուցե չերկարաձգես վերջս, բայց ես կորոնեմ ու ցավերիս թվացյալ մեղմացման մեջ կգտնեմ չկերտված երկարումը: Առանց Քեզ ես անզոր կլինեմ ապրել հոգեվարքս, առանց Քեզ ես անզոր եղա ապրել նաև ողջ կյանքս: Հետո ինչ, որ կարծեցի, թե հորինված ես, բայց սրտիս խորքում ինձանից ծածուկ հավատացի, որ կաս: Ցավում եմ, որ կճանաչեմ Քեզ վերջում…երանի վերջս դարձնեիր մեր ծանոթության սկիզբն, ու ես ապրեի նորից` Քեզ իմ մեջ…
Հոգեվարքում հանկարծ կհիշեմ, որ երբեք չաղոթեցի քեզ համար, իմ խոնարհ ընթերցող, մտածելով, որ դա անելն անօգուտ է. միևնույն է, ինձ չէին լսելու և ավելորդ էին համարելու կեղծավոր աղոթքներս հյուսող արտասանածս ամեն մի բառը, որ մրմնջալու էի վախից կամ էլ հաճոյանալու ծածուկ ցանկությունից դրդված, քեզ չհաճոյանալու, այլ նրան, ով երկնքում է: Բայց կյանքիս մայրամուտին քեզ համար ես կաղոթեմ ջերմեռանդ` աղոթքիս դիմաց սպասելով մեղկությանս չտրվող բժշկմանը: Ուրացած մոտալուտ ավարտս` կաղոթեմ, Նրան ցույց տալու համար, որ բարին ներսումս դեռ չի մեռել, նա էլ ինձ հետ իր հոգեվարքն է ապրում. երկնքից էլի ապրելու արժանավորություն շորթելու փորձեր, խնամքով թաքցված անգոն նորից վորոնելու համար հայթայթվող ժամանակ, ի վերջո առևտուր` հանուն երկրային գոյությանս երկարման, աղոթքի դիմաց ակնկալվող ժամանակ: Ինձ ու քեզ սրտատրոփ սպասող երկնային անօրինակ ու անիմանալի գոյություն. հորինված հավիտենականի փոշոտված էջերին սոսնձված տողեր` խաբկանքը մտովի իրական դարձնելու ամենքիս անարդյունք ջանքերով համեմված: Կարճ ասած, ինքնախաբեություն` հանուն ավերակված սրտի սփոփանքի, հուսալու ու հավատալու հարատևման իղձ և ամենացավալին՝ այլընտրանք չունենալու մեղկություն: Ժամանակավոր կացարանիս նկատմամբ ջերմեռանդության հասած պաշտամունքի ավարտ, ի վերջո հողի վերածվող մարմնիս ուրացում: Շարունակ անտեսված հոգուս ուշացած խնամք, արդեն ապրված կյանքիս խորհրդի որոնման անօգուտ աշխատանք, միտքս հաճախ զբաղեցնող անպատասխան հարցեր, արագ ու անկանոն բաբախող սիրտ: Աստծու հետ ապրած սակավ օրերի ոգեկոչում, արդեն ճաշակված փորձության րոպեների դառնահամ վերհուշ և անօգուտ հրաժարում ինձանում մարմին առած մեղքին երիցս ծառայելուց, պաղատանք հանուն անտրվելի թողության, իմ ու քո աչքերն ամեն օր բացած աստվածային ներման ուշացած գնահատում: «Երանի նրանց, ովքեր սգավոր են, քանզի նրանք պետք է մխիթարվեն». շարունակ անտեսված, բայց հոգեվարքում արժևորվող ճշմարտություն, գիտակցությանը մեխված խոսքեր, քահանայի մոռացված ձայն, անցյալից լսվող աստվածային ճիչ, երբեմնի արհամարհված խոսքի նկատմամբ կարոտ, նորից տաճարում լինելու երազանք ու քայքայվող մարմնի անզորություն, երկինք ուղղված չարացող հայացքս ու անզոր ճիչս. Տեր, չէ՞ որ ցանկանում էի չտեսնել հոգեվարքս, թեկուզ այն մեկ վայրկյան տևեր…
Անթաքույց ու հոժարակամ մոլագարության հասնող վազք՝ արագավազ նյութի ու հաճույքի հետևից, հեշտամոլ սրտի զորավոր ու անսանձելի կիրք, անթաքույց իրեն ձգող վայելք ու հաճույքին խաչված մարմին, դեպի հագեցում արշավող էություն ու զսպման անկատար երազանք: Միայն վերջում կհասկանամ, որ իմաստազրկվեց նաև այս պաշտելի վայելքը, մարմինների շփումից արարված բերկրանքն անդառնալի արժեզրկվեց, երբևէ բաղձալի թվացող տռփանքը հասանելի դառնալուց հետո դարձավ սովորական, ցանկալի հաճույքը` ձանձրալի: Հեշտանք ու փող՝ իմ ու քո ժամանակավոր գոյության հավիտենական մաքառման մոլո՞ւցք, հիմնական նպատակի դիմակով կեղծված շարժո՞ւմ, միմյանց շղթայված նյութի ու հաճույքի դարավոր պայքար անշոշափելիի ու վերացականի դեմ, սրտի ու մտքի հակամարտություն, խղճուկ զինվորիկների վերածված մարդիկ, ռազմադաշտ դարձած հոգիներ, մնայունի տեղ ընկալվող անցողիկ, անվախճանի հետ փոխանակված ժամանակավոր, աճուրդի հանված հավիտենական, ի վերջո ժանգոտման դատապարտվող առևտուր ու կրկին ծանոթ դատարկությունը… Երանի նրան, ում բանականությունը կհաղթի սրտին և էությանը կստիպի հնազանդվել ճշմարտությանը. օր ու գիշեր անկողիններում պաշտվող կյանքի քաղցրությունից մոռացված պատգամ ու հոգեվարքում ծնվելիք անսփոփանք ափսոսանք: Երբեմն էլ հանուն երկրային անկատար արդարության կրած լուռ տառապանք, բախտի, ճակատագրի ու տիեզերքի դեմ անիմաստ ըմբոստացումներ ու անճարակի հնազանդություն: Խոստացված երկնային դրախտ` իբրև հատուցում մեր չստացված կյանքի. անհոգ հալածվիր, փոխարենը քեզ կտրվի արքայություն մտնելու իրավունքը: Տարեց տարի ավելի ևս չիմաստավորվող անիմաստություն ու պայքար` առեղծվածը վորստին հասկանալու համար, բայց նորից նույն դատարկությունը և հարյուրերորդ վերադարձ այնտեղ, որտեղ հասկացա, որ չեմ հասկանում ոչինչ. Ես ապրել եմ կյանքս…
Հոգեվարքում կլսվի ավազի վրա շինված ճակատագրիս կործանման ձայնը` նորից ապրելու հույսի պես համրացող վերջին աղաղակը, ինքնաներշնչումս կհասնի կատարելության, բայց մոտեցող անմխիթար անկումը երկունքի ցավով հավիտենական քուն կծնի երկուսիս համար տիեզերքի միակ գեհենում` ընդերկրայինում, որը, գիտե՞ս, չի այրում, այլ առանց շտապելու հոշոտում է, կլանում միսն ու սառած արյունը, լափում է ինձ ու քեզ` հավերժորեն մեզ խառնելով իրեն: Մի՞թե տառապանքս մշտապես պիտի հողին կարկատեն, հույսերս պիտի դատապարտվեն նեխման, հավատքս պիտի փայտերում բանտեն, մի նոր բնակիչ պիտի ստանա հողաշեն դժողքը, Հադեսի անհյուրընկալ ու ամենակուլ տաճար պիտի մտնի մի նոր դավանող, ևս մեկը պիտի մատնվի անխիղճ որդերի անկուշտ դատաստանին. ահա մեր վերջը…
Մնացողի մեջ աչքերս պիտի նշմարեն կյանքի չընդհատվող հարատևությունը, նրանցից հանդարտ կհոսեն արցունքներիս մեջ ճզմված անզորությունս ու ի վերջո քարից նայող քարացած կարոտ: Ինձանից հետո ինչ-որ մեկը կասի. «Երեկ կար, այսօր չկա: Երեկի ու այսօրվա միջև ընկած հավերժությունն իր ակնթարային զորությամբ գոյության հարցը վճռեց ի օգուտ խավարի: Հիմա անօգուտ են ճիչերն ու ափսոսանքը, անօգուտ է դեռևս հուսալից շոշափումը. նրանում երբևէ եռացող շարժումը մարել է հավիտենապես…»:
Ինձ ցավակից ընթերցող, այսքանից հետո երանի թե երկնքում հանդիպեինք իրար և օրհնեինք այն ճշմարտությունը, որը չցանկացանք ճանաչել…