«Կյանքումս կրկնվող անընդհատ վազքը նման էր պատմվածքի այն պարբերությանը, որն անընդհատ կարդում էի և միշտ նույն տեղից միտքս շեղվում էր,վերադառնում էի` էջը սկսում էի նորից կարդալ, էլի նույն պարբերությունում` նույն միտքը…Երևի բառի ասոցիացիան հեղինակի էներգիայից ուժեղ էր…»
Նառա Վարդանյանի «Փոքր աղջիկ» պատմվածքն ըստ ամենայնի «Կանաչ տետր» պատմվածքի առաջին մասն է: «Փոքր աղջիկ» պատմվածքի մուտքը հանգիստ է, ընթացքին հարմարեցնող, նույնիսկ տրամադրությունն ընդգծող. «Սրտաբանական հիվանդանոցի պատուհանից նայելը տխուր էր», և գրողը բառ առ բառ ցույց է տալիս, թե ինչքան էր տխուր: Չնայած հետագա մտքերի կառույցն այնքան հետաքրքիր պարզ իմաստալից են, որ «տխուր էր»-ը երկու բացատրություն ունի. կամ հերոսն այնքան տխուր է, որ ամեն ինչ գորշ է այդ պահին նրա համար, կամ էլ երևույթներն ու երևությունները ստիպում են, որ հիշես տխրությունդ. «…ապակիների վրայի կաթիլի պես կեղտը, բժիշկների սպիտակ խալաթները (թվում է,թե սպիտակը խաղաղություն է խորհրդանշում, բայց իրականում բժիշկների սպիտակ խալաթները միշտ տագնապի և տհաճության զգացողություն են առաջացնում), հիվանդների անգույն դեմքերը, պատուհանից երևացող տանիքներին թառած ագռավների սև ստվերները»: Ի տարբերություն այս պատմվածքի, «Կանաչ տետրի» մուտքը բուռն է, «շրխկալից»: Հենց սկզբից էլ զգացվում է հեղինակի շտապողականությունը, մի տեսակ արագ-արագ են դեպքերը զարգանում, բառերը վազում են տողերում. «Վազում էի Գևորգի մոտ: Միայն նրան կարող էիասել, որ Շողերին քիթմռութի վրա անհոգ մեռած թողել, եկել եմ իր մոտ օգնություն խնդրելու»,- հերոսն ունի Գևորգի օգնության կարիքն այնպես, ինչպես «Փոքր աղջկա» հերոսը`բժշկի կարիքը: Իրականում բժիշկն ու Գևորգը նման են իրար` երկուսն էլ խենթոտ են, խոսում են նույն ոճով (բառերը չեն կարում իրար)և շատ նման են հերոսուհուն, ով անընդհատ խոսում է նրա (Գևորգի և բժշկի) ծերության մասին` կարծես փորձելով մտքերը դուրս հանել այդ միջոցով. «Գլուխս կախելիս տեսա նրա թափանցիկ մաշկով, լայնացած երակներով ծեր ձեռքը իմ սպիտակ կրծքի վրա: Սև ու սպիտակի, լույս ու մութի պես էր» («Փոքր աղջիկ»), «Ուշադիր նայեցի նրան, ասաց` էդպես ուշադիր չեն նայի ծերացող մարդուն: Մենք երկուսով էինք պայքարում իր ճերմակելու դեմ: Նա երիտասարդության, հատկապես Արմենի հետ մրցելու պատճառով է արագ ծերանում: Չեմ ուզում Գևորգս մահանա: Իմ ջահելությամբ նրանից շեղում եմ, գայթակղում եմ մահին» («Կանաչ տետր»): «Փոքր աղջիկ»-ում ինքն էլ իրեն է փոքր զգում… բժշկի կողքին, իսկ մյուս պատմվածքում արդեն «հաղթահարել» է իր փոքրությունը: «Փոքր աղջիկ» պատմվածքում շատ նուրբ և զգույշ շարադրմամբ մի քանի իրավիճակներում զգացվում է աղջկա փոքրությունը, ինչը նա չի էլ թաքցնում. «Ես նայում էի նրա թիկունքում նստածներին. երևի հայրն էր` տաք ու ծանր ձեռքի ափով շոյում էր որդու գլուխը. հորս կարոտեցի, ուզեցի լացել, ամաչեցի», «Ախր շատ պուճուր աղջիկ ես: Տեսնես էն ժամանակ գիտեի՞, որ մի փոքր աղջկա համար էլ եմ կռվում», «Լսի, դու կարո՞ղ է մեր ջոկատի Շահենի աղջիկն ես: Հաղթանդամ, բոյով տղամարդ էր: Հա՞»: «Չէ, պապաս կոլոտ էր ու նիհար», չէի ստում, բայց սուտ ասելու պես ձայնս դողում էր, որովհետև չէի ուզում նրանց ջոկատից լիներ, որովհետև արդեն ուզում էի գրկի ինձ»: Եթե «Կանաչ տետր»-ում Շողերի մահն է թափառում պատմվածքում, «Փոքր աղջիկ»-ում էլ Լիլիթի մասին հիշողություններն են տեղի-անտեղի խցկվում հերոսի և հերոսուհու միջև, և երկու դեպքում էլ խանգարում են հերոսուհուն. «Անընդհատ Լիլիթին հիշեցնելը ինձ նյարդայնացնում էր» («Փոքր աղջիկ»), «Երևի Շողերի մասին մտածելս մսխել էր կանխագուշակության իմ բոլոր շնորհները» («Կանաչ տետր»): Հերոսը նույն կերպարն է, նույն մարդը` տարբեր իրավիճակներում, տարբեր ժամանակներում, բայց միևնույն արվեստագետոտ խենթն է: Եթե կերպարը «Կանաչ տետր»-ում իր տարօրինակ արարքներով զարմացնում է գրողին («Ձախ շրջվեց: Չտեսավ զարմանքս: Ձեռքերը վեր պարզեց ու սկսեց գայլի նման ոռնալ»), «Փոքր աղջիկ» պատմվածքում ևս շարունակում է զարմացնել` առանց կաշկանդվելու ու զգալու իր տարօրինակությունը («Նայեց ինձ, ես գերեզմանաքարերին էի նայում ու մտածում` բժիշկս խելագար է…»): Հարկ է նշել, որ կերպակառուցվածքային առումով տարբեր են պատմվածքները. «Փոքր աղջկա» նախադասություններն ավելի թեթև են, անցումները` սպասելի` ի տարբերություն «Կանաչ տետր» պատմվածքի, որտեղ ավելի միանգամից է դեպքերի հաջորդականության փոփոխությունը: «Փոքր աղջիկ» պատմվածքում նույնիսկ «երեքությունը» սիմվոլի տեսքով է ներկայացված: Այն հեղինակի համար ամբողջականության, լիարժեքության խորհրդանիշ է. երեքից մեկի պակասի դեպքում էլ ամեն ինչ կկիսվի, որը պարզ չէ, թե գրողն ինչպես «կընկալի ու կմատուցի», քանի որ առայժմ ամեն ինչ ու ամեն ինչը երեքն են. «Ես շատ մոտեցա. կոնքի կորի վրա լրիվ գույները հավաքվել էին` մաշկի ճերմակը, խոտերի կանաչն ու արյան կարմիրը», «Ձեռքը դրեց գլխիս: Հենց այդ պահին սիրահարվեցի. ձեռքի հպումի, անպաշտպան ժպիտի, «փոքր աղջիկ» ասելու պատճառով», «Համ վատ էի, համ երեք թիկունք էի զգում. իմ, բժշկիս, Լիլիթի»…Հետաքրքիր է, որ երկու պատմվածքներում էլ հեղինակ նանընդհատ հիշում է հորը, կարոտում, չնայած որ «Փոքր աղջիկ»-ում հայրը. «…պատերազմում էր մահացել, իր անունով դպրոց էլ կա»: Ի տարբերություն վերոնշյալ պատմվածքի, «Կանաչ տետր»-ում կարծես հոր իրական կերպարը բնութագրած լինի, այնքան տեսանելի, ռեալ ու շոշափելի է նկարագրել: Հայրը, իմանալով, որ աղջիկը պատմվածքներ է գրում, իր գրած բանաստեղծությունների կանաչ տետրն է տալիս աղջկան. «Սրանք կարող ա քեզ պետք գան: Կարաս օգտագործես հոդվածներիդ մեջ (ինքը պատմվածքներին միշտ հոդված էր ասում): Բառերը սովորական են, դու, եթե ուզես, փոխի».- այնքան բնական է ամեն ինչ, յուրաքանչյուր բառ, նույնիսկ մտածողությունը: Սակայն պետք է նշենք, որՆառայի պատմվածքների բառերը նույնպես սովորական բառեր են, բայց դրանցում ամփոփված միտքն արտասովոր է… «Փոքր աղջիկ» պատմվածքում բժշկի կերպարը խորհրդանշական է, և իրականում պարզ չէ` ինչ բժշկի մասին է խոսքը: Այսինքն` հերոսուհու համար նա իրոք բժիշկ է, բայց ոչ բժիշկ` մասնագիտությամբ, քանզի կերպարն ավելի շատ արվեստագետի, գուցեև գրողի («Դու ինձ հրաշալի բաներ տեսցրիր, գրել եմ») հատկանիշներով է օժտված, քան բժշկի: Բժիշկը բժիշկ է հերոսուհու համար միգուցե այն պատճառով, որ հերոսուհուն շատ բան է ցույց տալիս, փորձում նրան շեղել առօրեականությունից, այսինքն` բուժում է աղջկան («Համոզված էի, որ դա ինձ համար է ասում, որովհետև հասկանում է, որ ես զգում եմ իր մարգարե լինելը, հակառակ դեպքում` չեմ հավատա, որ կարող է բուժել»): Իրականում բժիշկը տղամարդ է, ում սպասել ու գտել է հերոսուհին: Սպասել, քանի որ «… մերկ կրծքիս տակի սպին տեսավ, նրանք ծանոթ էին իրար»,- այսինքն` բժիշկը չի իմացել, որ ինչ-որ մեկի սրտում սպի է թողել, աղջիկն էլ չի իմացել, որ սպին հենց նրա հետքն է:Պատմվածքի ավարտը զարմանալի հակադրությամբ է ներկայացված. մեղմ զգացողություններին գալիս են փոխարինելու դատարկ զգացողությունները. «Դռանը հենված նայում էի կանաչ գուլպաներիս. նա էր հագցրել… այն զգացողությունն ունեի, թե էլի մեջքիս այն դատարկությունն ու հոգնությունն է».- այստեղ ինչ-որ խաղ կա, որի կանոնների պարզաբանումը այդպես էլ մնում է դեռևս գրվելիք պատմվածքների տողերում փնտրել…«Կանաչ տետր» պատմվածքում իրավիճակները տարօրինակ երկիմաստ են «ցուցադրվում», հիշենք թեկուզև սկիզբը, որտեղ զգացողություններն էին խառնված և որտեղից էլ ընթացք են առնում հետագա «միքս»-երը: Օրինակ, երբ հերոսուհին տաքսու վարորդի վրա գոռում է, որ վերջինս զգույշ լինի, քանի որ ագռավ է տրորել, վարորդն էլ ի պատասխան ասում է. «Քուր ջան, շատ ռոմանտիկ ես, տղամարդու սև տրուսիկ ա, խի ես խառնվել իրար»: Այսինքն` կամ աղջիկն այլ աչքերով է նայում իրերին, կամ էլ ուղղակի հոգեվիճակ է` շփոթված, լարված ու շտապող մարդու: Այս պատմվածքում, կարող ենք ասել, հեղինակային ոճն ավելի ընդգծված է, որը «տրվում» է նույնիսկ փոքրիկ նախադասություններում. «Ես էլ էի մեղքս գալիս», «…երևի ավելի տխուր բան չկա, քան հորդ գրած բանաստեղծությունները չհավանելը», «չհուսահատվել էր պետք», «ախր, ինչի՞ց էի էէէ՜ վախենում», «…մահվան հետ ապրած մի օր», «Չէ՜…էէ՜… ու մտքումս ոտքերս գետնին խփեցի»… Հետաքրքիր ձևով նման են Գևորգ-բժիշկն ու հերոսուհին. նման են իրենց «տարօրինակությամբ», երկուսն էլ կտրված են աշխարհից և ունեն իրենց առանձին աշխարհը, ապրում են զգալով, իրերին նայում են ապակե հայացքներով և սիրում են սիրել. «Զանգում եմ Գևորգին` սեր ջան, երազումս իբրև դագաղում ինձ փորի վրա են պառկեցնում: Գևորգը էլի հուսահատ է` իմ երազում էլ մեջքիս մրջյուններ էին ման գալիս, գուցե իմ երազը քո երազի մեկնաբանությունն է: Խանդեց»…Գևորգը բանաստեղծական աչք ու մտածողություն ունի, բայց միաժամանակ նա տղամարդ է` հասուն ու կայացած, «խորամանկ», ով չի մոռանում ու զլանում հերոսուհուն ասել. «Տես լուսինն ինչ սիրուն է, ոնց որ տուտուզիկդ լինի թփերի մեջ չիշիկ անելիս»,- բայց այս պարագայում պետք չէ առանձնացնել` այսինքն` հերոսը ոչ թե գրող և տղամարդ է, այլ` գրող տղամարդ: «Կանաչ տետր»-ը շրջում է պատմվածքի ամբողջ տարածքում. վերնագիրը դեռ «չմոռացած»` գալիս է կանաչ տետրի իմաստի բացատրությունը, որը, սակայն, ամբողջովին չի բացապարզվում, քանզի վերջում նոր միայն ամփոփվում է և՛ կանաչ տետրի իմաստը, և՛ «Կանաչ տետր» պատմվածքի իմաստը. «Բոլոր ծանր, դժվար բաները տանում են հենց այդ ուրվագծված պատկերը, որը շատ պատկերների պես զեղչված է. աղջիկը հոր ուսերին նստած` վերադառնում է մանկապարտեզից: Եթե ես այն ժամանակ կարողանայի կռահել հորս ուսերի բեռի ծանրությունը… նրա համար այդ նշանակությունը: Հենց այս թերացմանս մեջ է հորս առաքինությունը` ներկայացնել ինձ բացարձակ բան, ինքն իր` իմ հեղինակը…ես` իր չստացված անհա-ջող, կանաչ տետրի բանաստեղծությունները»:

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն