2005-ին մեկ տարով տեղափոխվեցի Մոսկվա` ուսումս շարունակելու: Կարճ ժամանակում ընտելացա նոր քաղաքին ու ընկերացա համակուրսեցիներիս հետ: Մեր կուրսում շատ ուսանողներ կային Միջին Ասիայից: Հայ ընկերս նրանց բոլորին անխտիր ուզբեկ էր ասում` ղազախներին, ղրղզներին, տաջիկներին: Ուզբեկ էր ասում նաև ղազախուհիներին, ղրղզուհիներին ու տաջիկուհիներին: Տաջիկուհիներից մեկի անունը Դիսլուզ էր, մյուսինը` Լայլո: Դիսլուզի հետ չհաջողվեց մտերմանալ, նա ավելի ավանդապաշտ ու կրոնական անձնավորություն էր, քան Լայլոն: Լայլոն, ծանոթանալուց հետո, հաջորդ օրերին հետաքրքրվում էր իմ հայրենի քաղաքով: Նրա ստերիոտիպերը հայերի մասին զվարճացնում էին ինձ: Հիմար չէր, պարզապես մեզնից ամենափոքրն էր և իր ասածները սովորական մանկական միամտություն էին հիշեցնում:
Մոսկվան ազատ էր դարձրել նրան, մենք հաճախ էինք համակուրսեցիներով գարեջուր խմում, երբեմն լինում ակումբներում: Օրըստօրե մտերմանում էի հետը, նրա կենսուրախությունն ու լավատեսությունը կյանքի նկատմամբ թեթևություն էր հաղորդում ինձ: Հաճախ ինձ փիլիսոփայի տեղ էի դնում ու սկսում փիլիսոփայել: Լայլոն նրբանկատ էակ էր, հաճախ բավականին խելոք բաներ էր ասում: Ճիշտ է, միշտ չէի խոստովանում նրա իմաստությունը, երբեմն նույնիսկ ծաղրում էի: Լայլոն դրանից չէր նեղանում:
Ադրբեջանականի հիշեցնող Լայլոյի առոգանությունն ինձ մի քիչ ետ էր պահում նրանից: Առոգանությանն ընտելանալուց հետո, արդեն ոչ մի խնդիր չկար: «Պետրոսյանն իմ ամուսինն է», «Մենք շուտով կամուսնանանք»,- ամեն անգամ բարձրաձայն ասում էր լսարանում: Սկզբում կարմրում-ամաչում էի, ինչը նրան խիստ զվարճացնում էր: Զվարճանալու համար շարունակում էր իր կատակները: Բայց երբ արդեն դրան էլ ընտելացա, նա դադարեց կատակել, էլ հետաքրքրություն չկար:
Լայլոյին հայերին ես ներկայացնում էի որպես հարուստ մշակույթ ունեցող ազգ: «Իսկական հայ եմ ես, այ գանգիս կառուցվածքին նայիր»,- ասում էի ես: Մերթ լուրջ, մերթ ծիծաղելով, լսում էր հայերի մասին պատմությունները: Մի անգամ նա Սայաթ-Նովայից խոսեց: Պարզվում էր` զրույցներս ապարդյուն չէին, ամեն հանդիպումից հետո մտնում էր ինտերնետ ու հետաքրքրվում հայկական մշակույթով: Բոլոր գրողներից նրան ամենաշատը Սայաթ-Նովան դուր եկավ: «Դու չգիտես, թե Սայաթ-Նովան ինչքան է մեր պոետներին նման»,-ասաց նա:
Շարունակում էի հայությանը ներկայացնել որպես ամենահին մշակույթ կրող ազգ: Մի օր նա հոգնեց ու ասաց. «Դե լավ, հերիք է, մերոնք էլ ասում են, որ Ադամ ու Եվան տաջիկներ են»: Ես կատաղեցի, բայց չարտահայտվեցի: Շարունակեցի հայության մասին դասընթացներս, փոխելով տակտիկաս: Այս անգամ օտաերկրյա հեղինակների գրքեր էի բերում, որոնք գրել էին հայերի մասին: «Այո, այո, ես կկարդամ, բայց արի մի տեղ նստենք»,- աղերսագին դեմքով առաջարկում էր նա: Քամուն տրվելով, շարժվում էինք ծանոթ ու անծանոթ վայրերով, չափչում քաղաքի տարբեր մասերը: Ճիշտ է, մետրոն մեզնից շատ փող էր խլում, բայց Լայլոյի հետ արժեր ժամանակ անցկացնել:
Մի քիչ հասուն լինեի, կհասկանայի, թե այս ամենն ուր է տանում: Պատանու ու աղջնակի միջև նման ընկերություն գոյություն ունենալ չէր կարող: Աղջիկները հենց այնպես տղային նման վերաբերմունք ցույց չեն տալիս, դա սրտի թելադրանք էր: Արբեցնող էին Լայլոյի հետ զբոսանքները: Մտքովս չէր էլ անցում դա սեր անվանել, ճիշտն ասած, մինչ օրս չգիտեմ` դա սե՞ր էր, սիրահարվածությո՞ւն… Այդպես անցնում էին օրերս, ավելի շուտ` մեր օրերը: Վախենում էի, թե ինչ էի անում, չգիտեմ: «Բայց ես ու տաջիկուհի՞»,- մի օր մտածեցի ես: Ինչ կասեն ընկերներս, ծնողներս և այլ ու այլն… — չէ՞ որ տաջիկները…
Գլորվում էին օրերը, ավելի շուտ` սահում էին:
Մի օր զգացի, որ Լայլոյի մոտ ինձ իսկական տղամարդ եմ զգում: Նման էին այն Ադամին, որին ընտրել էր Եվան: Վանում ու վանում նման մտքերը, «ես ու տաջիկուհի» միտքը սարսափելի էր: Չէ՞ որ ես հայ եմ, պիտի ունենամ իսկական հայ զավակներ, զտարյուն… Չէ՞ որ դրանով կդավաճանեի իմ գեներին…
***
Ուսման վերջին ամիսն էր, փակ պատուհանից նայում էինք դիմացի լքված ծառուղուն: Նա ինձ այնքան մոտ էր կանգնած, որ ծոծրակիս զգում էի շնչառությունը:
— Հիմա ի՞նչ:
— Ոչինչ, գնալու եմ կարիերա սկսեմ հայրենիքում:
— Դու նման չես բոլոր հայերին, նրանք հիմնականում հետ չեն գնում…
— Դու էլ նման չես…
— Ուզում ես ասել` ավելի կրթված եմ, լավ եմ սովորում…
— Քեզ նման աղջկա դժվար թե hայրենի քաղաքում հանդիպեմ… Բայց ես փալաս եմ, կներես…
-Գնու՞մ ես…
— … Այո՛… գնում եմ…