Ռուսաստաններում անկապ, աննպատակ մի քանի տարի թափառելուց հետո նոր վերադաձել էի Հայաստան` ինքս էլ չիմանալով` ինչի համար. ոչ հորողբերս էր մեռել, ոչ էլ քեռիս լավ գործ էր խոսք տվել… Ամբողջ օրը թախտը գրկած` մտածում էի է՛լ քաղաքականության, է՛լ Հայաստանի ու Ղարաբաղի, է՛լ ցեղասպանության, մեր կողքի շենքի արիստոկրատ քայլվածքով նանարիկի, տնեցիների նյարդային բջիջները մաշեցնող իմ ներկայի ու անհույս ապագայի մասին: Մի խոսքով, բացի կոնկրետ գործից, ամեն ինչի մասին ու էդ օրն էլ սովորականի պես պառկած էի թախտին, երբ ներս մտավ Մամիկոնը… Մանկության ընկեր էր Մամիկոնը, ավելի ճիշտ` դասընկեր, ով այդ օրը զրկվեց որևէ կերպ ընկեր կոչվելու իրավունքից, բայց դարձավ այն մարդը, ով գոնե ժամանակավորապես իմաստավորեց իմ Հայաստանում գտնվելը. համ բարձրագույն ընդունվեցի, համ գրազով հինգ հարյուր դոլար փող կրեցի, վրադիր էլ, որպես բոնուս, ստացա իմ ընկեր Շուռին` իր պլանային տնտեսությունով հանդերձ…

Մի տասը տարի կլիներ, որ իրար չէինք տեսել: Նստեցինք, հաց-մաց, կոֆե, գարեջուր, մեկ էլ մի քանի բաժակից հետո էս Մամիկոնը` բա դե ես բարձրագույն ավարտած տղա եմ, ես որ չեմ կարում նորմալ գործ գտնեմ, դու որտեղից պիտի գտնես: Մի պահ մտածեցի` երևի ընդհանրապես երկրի ծանր վիճակն է ուզում նկարագրել, բայց հետո զգացի, որ էս ստորն ինձ է ուզում ցածրացնել, իբր տեսեք-տեսեք ես դիպլոմով տղա եմ, իսկ դու ինչի՞ ես հասել քո կյանքում…

Հենց էս նուրբ համադրությունը գարեջրից արդեն մզզացող ուղեղս հաշվարկեց, Ռուսաստանից հետս Էրևան եկած կատաղությունս ակտիվացավ, ու քիչ էր մնում արդեն մի հատ հասցնեի Մամիկոնի քիթ ու բերանին… Բայց վերջին պահին մտածեցի` դե լավ, ես սրա քթից ուրիշ ձև կբերեմ ու սկսեցի ուղղակի խոսեցնել, սկզբում` առանց որոշակի նպատակի: Ես ասում եմ` իբր մեր օրերում ի՞նչ մի մեծ բան է բարձրագույն ընդունվելը, Մամիկոնը` թե ինչի՞, ամեն մարդ չի կարող… Ես ասում եմ` երբ մտքիս դնեմ, քաղաքի որ ինստիտուտն ուզեմ, կընդունվեմ… Ինքն էլ` բա չես կարող… Զգացի, որ էս կացինը մի քիչ շատ է իրեն երևակայում, ու իր հոգնած կրթությունն էլ շատ է բարձր գնահատում, բայց ոչ թե որպես հենց գիտելիքների պաշար, այլ մի տեսակ ուրիշների նկատմամբ առավելություն ունենալու իրավունք, որն ամրագրված է դիպլոմով, ու հիմա երբ ես ասում եմ թե բարձրագույն կրթության մեջ ոչ մի արտակարգ բան չկա, էն էլ Հայաստանում, որ էսօր շնից շատ դիպլոմավորներ կան, ովքեր հինգ կոպեկի խելք չունեն, սա իրեն ահավոր վատ է զգում, կարծես իր միակ առավելությունը ոտքի տակ են գցում… Մտածեցի` լավ է, որ էս սրիկան ուրիշ, ավելի լուրջ առավելություններ չունի, թե չէ չգիտեմ ինչեր կաներ, ամեն դեպքում մի քիչ էլ հոգու հետ խաղացի ու անսպասելի ասեցի` արի գրազ գանք, որ չորս ամսից (էդքան էր մնում ընդունելության քննություններին), առանց դասախոսի մոտ պարապելու, ընդունվեմ Էրևանի մի ինչ-որ պետական ինստիտուտ… Էս խեղճ հայվանն էնքան բորբոքված ու կատաղած էր, որ իներցիայով ձեռքը մեկնեց, թե արի, ինչի՞ վրա… Փող էր պետք: Հինգ հարյուր դոլար կապեցինք, ու ես սեպտեմբերի 1-ին դարձա Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժնի ուսանող… Հետո էլ մտածեցի` ընդունվել-ընդունվել եմ, խոսակցականս մի քիչ մեղմեմ, քիչ հայհոյեմ, քիչ, ոչ թե բոլորովին, որովհետև մեր օրերում առանց հայհոյելու` ոնց որ առանց ձեռքերի, հայերենի բառապաշարս էլ հարստացնեմ, իսկը մամայի ուզած տղան կդառնամ… Թող մի քիչ էլ մերս հպարտանալու առիթ ունենա… Մտածեցի ու արեցի: Ճիշտ է, սկզբնական շրջանում ոսկեղենիկ հայերենով խոսողները, ինչպես իրենք են ասում, բռնազբոսիկությունից խլշկոտում էին, քյառթու ընկերներիցս մեկն էլ ծնունդիս ժաբո նվիրեց, իսկ երկու կողմն էլ միասին ինձ մեղադրեցին խոսակցականն ու ոսկեղենիկը իրար խառնելու և այդպիսով խորը անհամապատասխանություն և հակագեղագիտական ինչ-որ ֆարշ ստեղծելու մեջ, սակայն, մեղմ ասած, ես խորը թքած ունեի, քանի որ մտածում էի, որ ժամանակի ընթացքում կհարմարվեն, ուստի համառություն ցուցաբերեցի և շարունակեցի խոսել երբեմն ցցուն գրականով, երբեմն էլ «կայնած» խոսակցականով` ընթացքում, իհարկե, չմոռանալով աստիճանաբար շտկել երկուսի էլ սուր անկյունները:

Բայց մինչ այդ` սեպտեմբերին, ուսանողականս դրեցի գրպանս, և քանի որ դեռ կատաղած էի Մամիկոնի վրա, չնայած նրա դրդմամբ, բայց իմ շնորհքով ուսանող էի դարձել, և հետո ինչպես միշտ փող էր պետք, կագնեցի նրանց շենքի բակում: Մամիկոնը համ հինգ հարյուր դոլարս տվեց, համ էլ քիթը կպավ գետնին… Իսկ դրանից մի քանի օր անց մտերմացա կուրսի միակ բանակից զորացրվածի` արտաշատցի Շուռի հետ, ով, այնուհանդերձ, ինձնից փոքր էր տասնմեկ, թե տասներկու տարով:

Մի օր էլ որոշեցինք, որ մեր ծանոթության կենացը պիտի կարգին ուռենք, և հենց նույն օրը ես ու Շուռը ճամփա ընկանք Արտաշատ, ավելի ճիշտ` Արտաշատի շրջանի Կ գյուղը: Ինչպես բոլոր գյուղերում, Կ գյուղում էլ գյուղամեջ կար, գյուղամեջում` գյուղապետարան, ակումբ ու Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, բայց մի բան էլ կար, որ մինչ այդ Հայաստանի ուրիշ գյուղերում չէի տեսել:

Երեկոյան ժամը վեցի-յոթի կողմերն էր, որ ես ու Շուռը գյուղամեջի կանգառում իջանք ավտոբուսից: Դա ուղիղ այն պահն էր, երբ գյուղացիք, հոգնած ու վառված Արարատյան արևից, դաշտերից վերադառնում էին գյուղ: Կանայք, շա՜տ մեծահասակներն ու շա՜տ փոքրահասակները ցրվում էին տներով, իսկ մնացածը կամաց-կամաց հավաքվում էին գյուղամեջի պուրակում, և չորս-հինգ հոգանոց խմբերով դիրքավորվում հուշարձանի ու նրա շուրջը սփռված բազմաթիվ եղևնիների շվաքում: Քիչ անց պլանի յուրահատուկ հոտը տարածվեց շրջակայքով մեկ: Մի խոսքով, այսպիսի խմբակային պլանքաշություն կյանքում չէի տեսել: Ցեցն ընկավ մեջս, ու Շուռին ասում եմ` մի բան արա` մենք էլ անմասն չմնանք էս արարողությունից: Շուռն էլ, թե` ախպեր, անելու բան չկա, գնա, խմբե­րից մեկի մեջ մտի, բարևի ու սուսուփուս սպասի: Ասում եմ` ո՞նց գնամ-կանգնեմ. էդ մարդիկ ոչ ինձ ճանաչում են, ոչ էլ երևի կվստահեն, գոնե դու էլ արի, որ իմանան իրար հետ ենք: Շուռը, թե` ես հիմա չեմ ուզում, համ էլ էս կողքի տանը մի փոքր գործ ունեմ, մինչև դու մի հատ ֆսսաս, ես արագ մտնեմ, դուրս գամ: Զգացի, որ Շուռը ուզում է գյուղամեջի խանութ մտնել, մի փոքր պատրաստություն տեսնել ու ձեռքի հետ էլ ուզում է դուխս փորձել, մտածեցի` ինչ լինում է, թող լինի ու քայլեցի հենց ամենամոտ կանգնած խմբի ուղղությամբ: Արևից սևացած դեմքերով չորս հասուն տղամարդ, միայն գլխով կամ կես բերան պատասխանեցին բարևիս ու առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու` իրենց մեծ, իսկական աշխատանքից կոշտացած ձեռքերում վարժ պտտեցնելով պլանի նուրբ կասյակը, փոխանցեցին ինձ, այնքան արագ, որ ես նույնիսկ չհասցրեցի օգտագործել հեշտությամբ նոր միջավայր ինտեգրվելու իմ հմտությունները, որոնցով ներքուստ այնքան հպարտանում էի: Մի խոսքով, հո պլան չէր, թույն էր, հենց առաջին ծխից բռնեց: Աչքս չհասցրեցի թարթել, կրկին կասյակը ֆռաց ինձ: Երկրորդ ծուխը կոշտ գնդիկի պես կոկորդս քերելով կուլ տվեցի, ու գլուխս հաճելիորեն ծանրացավ ուսերիս վրա, բերանս չորացավ, և միայն այսպիսի դեպքերի համար նախատեսված հատուկ նշանակության ժպիտը, օդում սահելով, եկավ ու դիմակի պես նստեց դեմքիս: Երրորդը… Չորրորդից խելամտորեն հրաժարվեցի` միայն հասցնելով մտածել, որ անծանոթ տեղ եմ ու անծանոթ պլան է, որ էս գյուղացիք էդ պլանը ծխախոտի տեղ են ծխում ու արդեն սովոր են: Հետո եկավ Շուռը` մի տոպրակ գարեջուր ձեռքին, ու մենք քայլեցինք նրանց տուն: Կարծեմ հաց կերանք, ու Շուռը, մի քանի շիշ գարեջուր վերցնելով, ասեց, որ հիմա ինքն էլ է ուզում պայծառանալ, ես բան չասեցի, որովհետև արդեն չգիտեմ որքան ժամանակ էր` չէի խոսում: Տնից դուրս եկանք, Շուռը փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեց իրենց տնամերձով, ցույց տվեց իր ցաքուցրիվ քոլերը, որոնք էդքան էլ խնամված չէին, հետո ցույց տվեց ցանկապատի տակ արդեն խնամքով կողք կողքի շարված և մանրամասն մշակված 5-6 քոլ ու ասեց, որ պապայի քոլերն են, և որ դրանք ամեն երեկո պարտադիր ջրվում են շաքարաջրով, վերջում էլ ավելացրեց, որ ավելի լավ է շուտ հեռանանք, թե չէ պապան կարող է մտածել, թե աչք ունենք իր քոլերի վրա, իսկ դա համարվում է ոտնձգություն մասնավոր սեփականության նկատմամբ և պատժվում է գեղական օրենքի ամենայն խստությամբ: Հետո մտանք բակում գտնվող հավաբունը:

Ահագին լայնարձակ հավաբուն էր, նույնիսկ հիմնական մասին կից, մի փոքրիկ սենյակ էլ կար` քարուքանդ ու մութ խորշերով, որոնցից, որքան ես հասկացա, նույնիսկ հավերն էին խույս տալիս` չնայած ոչ մի արգելք այդպես էլ չնկատեցի: Մի խոսքով, մի տեսակ անհասկանալի էր այդ հավաբունը, մասնավորապես այդ առանձին սենյակը. պլանն էր խորացրել, թե իրոք անհեթեթ էր, բայց ես այդպես էլ չհասկացա դրա առանձին լինելու նպատակահարմարությունը: Մանավանդ, որ Շուռը ձեռքի հետ հավերի կերամանը կուտ լցրեց, հետո էդ նույն կերամանից մի մասը կրկին հավաքեց ու տարավ-լցրեց առանձին սենյակի ուղիղ կենտրոնում գտնվող կերամանի մեջ, այն դեպքում, երբ այդպես էլ չնկատեցի, որ որևէ հավ սենյակից սենյակ անցնելու խնդիր ունենար: Ամեն դեպքում երևի պլանն էր ստիպել այդքան խորանալ, որովհետև մի պահ լսեցի Շուռի ձայնը, ով թափ էր տալիս ուսս ու ասում` էս վա՞տ ես, ախպերս: Իսկույն ուշքի եկա, ոչ թե Շուռի ձայնից, այլ մի տեսակ արժանապատվության զգացումից, որ չլինի թե հանկարծ Շուռը մտածի, իբր ինձ բերեց երկու ծուխ պլանով վատացրեց, հետ ուղարկեց: Սակայն մինչ կպատասխանեի Շուռին, հանկարծ մտածեցի, որ ես պիտի խիստ գրական հայերենով խոսեմ, որովհետև չգիտես ինչու ինձ թվաց, թե ինչ-որ ակնոցավոր լիլիպուտ, ավելի ճիշտ` գաճաճ, ինձ հետևում է, և եթե ինձ բռնացնի որևէ ոչ հայերեն խոսք արտաբերելիս, իսկույն կկանչի իր նման բազմաթիվ այլ գաճաճների, և նրանք կսկսեն ինձ տանջել.

-Շուռ ջան, ամեն ինչ ճշգրիտ է… Իրոք ես ինձ լավ եմ զգում… Ուղղակի մի փոքր խորասուզվել էի, բայց հիմա լավ եմ… -վերջապես խոսեցի ես և Շուռի զարմացած հայացքի ներքո բացեցի դիմացս դրված շշերից մեկը: Սառը գարեջուրը թարմացրեց ու մի փոքր թեթևացրեց անտանելի ծարավս:

-Չէ, ախպերս, ճիշտ ես անում, որ գարեհյութ ես խմում… Թող փոխի ուրիշ կայֆի…- հոգատար, բայց մի տեսակ թաքնված ծաղրանքով ասեց Շուռը:

Մտածեցի` ինչպես ցրեմ իմ վատ լինելու տպավորությունը և որոշեցի, որ ամենահարմար եղանակը զրույցի բռնվելն է:

-Շուռ ջան, մի բան հարցնեմ, եղբայր… Ինչու՞ են ասում, որ հավերը հիշողություն չունեն… Ինձ միշտ հետաքրքրել է այդ հարցը…

Շուռը մի տեսակ հոնքերի տակից նայեց ինձ, կարծես փորձեց հասկանալ` մուղամ եմ բռնում, թե ուղղակի վիճակս է էդպիսին, բայց երևի ավելի հակվելով երկրորդին, պատասխանեց.

-Ախպեր, չգիտեմ ինչի են ասում, բայց, որ հիշողություն չունեն, հաստատ ա… Տատս հավերի ձու ածելու տեղը միշտ մի հատ պինգ-պոնգի շառ ա դնում, որ տեղը չմոռանան, ուրիշ տեղ ձու չածեն…

-Ախպեր, ո՞նց… Կարող ա պատահի հավերը մոռանա՞ն ու ուրիշ տեղ ձու ածե՞ն… Ախպեր, դրանք լրիվ հավ են…

Երբ մի կերպ հանգստացա շնչահեղձ անող հիվանդագին ծիծաղից, Շուռը, սառած ժպիտը դեմքին, նախանձով նայում էր ինձ, ուստի նրա հաջորդ հայտարարությունը բոլորովին էլ զարմանալի չէր.

-Ախպեր, չէ, սենց չի լինի… Դու տժժում ես, ես կողքից նայում եմ… Սպասի ես էլ ֆսսամ, որ իրար հասկանանք…

Շուռը ելավ տեղից ու պատի խորշերից մեկից ինչ-որ փաթեթ հանեց, ապա մոտեցավ և հենց այն փայտյա արկղից, որտեղ հավերն էին ձու ածում և որտեղ հավ հավերի համար Շուռի տատը պինգ-պոնգի շառ էր դնում, մի պլաստմասե շիշ հանեց ու եկավ, նստեց իր տեղը: Հետո փաթեթից մի պտղունց պլան լցրեց ասեղով ծակծկած փայլաթղթի… Էլի ակնոցավոր լիլիպուտին հիշեցի…. ֆոլգայի կտորի վրա, դրեց շշի բերանին ու վառեց: Ապա շշի տակ գտնվող փոքրիկ անցքը մոտեցրեց բերանին և, որքան ուժ ուներ, սկսեց քաշել: Ֆոլգայի վրա ծխացող պլանը բորբոքվեց, ու թանձր ծուխը լցվեց շշի մեջ, իսկ էնտեղից էլ` ուղիղ Շուռի թոքերը: Շուռը, որքան կարողացավ, ծուխը պահեց թոքերում, հետո չդիմացավ, փռթկաց ու հազաց` հազի մեջից խռպոտ ձայնով ինձ առաջարկելով.

-Ախպեր, բուլբուլատր անե՞ս… Տես, թե կայֆդ ուզում ա թողի, վրից մի հատ դագոնկա արա…

Մի խոսքով, բուլբուլատրով դագոնկա էլ արեցինք ու խորացանք: Հարևաններից մեկը զլել էր Առտո Թունջին, ու ես հանկարծ գլխի ընկա, որ էդ տղուն հասկանալու համար ամենաքիչը պիտի ուռած լինես: Հավերն էլ երաժշտությունից մի տեսակ խլշկոտեցին ու տակտի տակ եգիպտական ոճով գլուխները հետ ու առաջ անելով և իրենց թմբլիկ հետույքներն օրորելով, սկսեցին դես ու դեն քայլել հավաբնում: Հանկարծ նկատեցի, որ էս հավաբնում մեկի տեղը երեք աքլոր կա, բայց չհասցրեցի Շուռին հարցնել` ինչու՞, որովհետև սկսվեց ամենահետաքրքիրը. հավերի ռիթմիկ շարժումներն էին պատճառը, թե աքլորներն էին չափազանց ղզղնած, մութ մնաց, բայց աքլորները հանկարծ կանգեցին ամեն մեկը մի անկյունում, հետո մեկն անսպասելի նետվեց կենտրոնում խմբված հավերի մեջ ու սկսեց աջ ու ձախ շինել էս հավերին: Հավերը, մի կերպ ուշքի գալով, իրենց գցեցին երկրորդ աքլորի մոտ, բայց էս մեկն էլ հենց իր պատի տակ դրեց ու հերթով սկսեց շինել սրանց, սակայն մինչ հավերը մի բան կձեռնարկեին, երկրորդը, բավարարելով իր անասնական կրքերը, սրանց քշեց երրորդի մոտ: Մի խոսքով երրորդն էլ իր նախորդներից ետ չմնաց, ու ես արդեն ուզում էի մտածել, որ վերջ էս դաժան, բայց ահագին դիտարժան օրգիային, մեկ էլ հանկարծ առաջին աքլորը ձեն տվեց պատի տակից, ու էս հավերը հավ-հավ կչկչալով վազեցին սրա մոտ… Էլ չասեմ, թե առաջինն էս անգամ ինչ անհավանական դիրքերով շինեց սրանց, բայց քանի որ կայֆս աստիճանաբար թողնում էր, ես էլ զգում էի, որ էս հավերն անհույս են, ու էս աքլորները մինչև իրենց սատկելը սրանց հերթով շինելու են, մի տեսակ հետաքրքրությունս կորավ… Ոչ մի նոր բան… Ոչ մի նոր միտք… Ոչ մի նոր աքլոր…

Հանկարծ Շուռը, ում աչքերը կարմրել, փոքրացել-դարձել էին… կարևոր չէ ինչ, հարցրեց.

-Ախպեր, դու էլ տեսա՞ր…

-Ի՞նչը, Շուռ ջան…

-Աքլորներին…

-Խի՞, դու էլ էիր տենու՞մ… Արա, էս ի՞նչ վատ ենք Շուռ, իմ արև, քո արև…

-Հա, ախպեր, կամ մենք ենք վատ, կամ էս հավերը… Մեր հավաբնում աքլոր չկա… Մեր աքլորն էրկու օր առաջ սատկել ա, հլը թազեն չենք բերել…

-Կամ էլ չուժոյ աքլորներ էին, ախպեր… Հարմար պահ էր, եկան, մի հատ հավերի վրով անցան, թռան…

-Հաստատ, ախպեր… Մեր աքլորը տենց դաժան չէր անի… Հո մի օրվա համա՞ր չեն էդ հավերը…

Շուռը մի պահ լռեց, հետո գարեջրի շիշը մի շնչով կես գցեց ու հանկարծ շարունակեց.

-Ախպեր, հիշու՞մ ես, որ բանակ ծառայում էինք, ամբողջ զորամասը հավաքեցին-բերեցին Էրևան…

-Հա, ախպեր, հիշում եմ… Բա հիշու՞մ ես, որ տանկերը կոխել էին հրապարակ, մեզ էլ դատախազության դեմի սադում` վրանների մեջ էին պահում… Ախպեր, ծառայության մեջ միշտ էլ հավեսով եմ եկել Էրևան, բայց էդ միակ անգամն ա, որ Էրևան գալուս համար փոշմանել եմ… Բայց էդ խի՞ հիշեցիր…

-Եսիմ, ախպեր… Ցույցի վախտ մի հատ պառավ անիծեց… Ասեց` ասեղը դնես, հովին նստես…

-Հա, ի՞նչ անենք…

-Հետո էլ ասեց` հավերդ որձակի կարոտ մնան…

-Ախպեր, բայց էդ ինչ վրեդնի պառավ ա եղել… Ասա` մենք ի՞նչ մեղավոր ենք, որ դատվեինք, դու՞ էիր պերեդաչի բերելու…

-Լավ, ախպեր, պառավի մերն էլ լացի էս գիշեր… Բա հիշու՞մ ես` կատաղած ժողովուրդը ոնց էր պռոսպեկտն ավիրում…

-Ախպեր, չէ, պռոսպեկտը չէին ավիրում… Ազգային ժողովի շենքն էին ավիրում…

-Տո չէ, այ ախպեր, պռոսպեկտն էին ավիրում… Հաստատ բան եմ ասում…

-Այ ախպեր, ես եմ զորքի մեջ եղել, ինձ ես ասու՞մ…

-Վայ, հորս արև, կարո՞ղ ա ես էլ բոչկա էի գլորում… Ես էլ էի ծառայում…

-Մի րոպե, հըլը Շուռ… Դու ո՞ր թվի բան ես ասում…

-2008 թվի…

-Ախպեր, բա ես 96 թվի բան եմ ասում… Վայ, հորս արև, Շուռ, էս Էրևան հարուր տարի ա բան չի փոխվե՞լ… Լից, Շուռ, մի քիչ էլ պլան լից էդ ֆոլգի վրա…

-Առ, ախպերս, առ դագոնկա արա… Էս պլանը աչքիս հավի կայֆ ա տալիս…

Շուռը ևս մի պտղունց պլան լցրեց ֆոլգայի վրա, մի անգամ էլ հերթով համբուրվեցինք բուլբուլատրի հետ, հետո… Հետո աքլորները տնկեցին իրենց կատարները… Հավերը հավ-հավ կչկչացին… Պինգ-պոնգի շառերը շառ-շառ թռվռացին… Խորշերն ավելի մթնեցին ու սկսեցին չերևալ… Հետո առանձին սենյակն էլ անհետացավ… Հավաբնի պատերը քանդվեցին, ու ես ու Շուռը հայտնվեցինք ոչ մի տեղ… Հետո արդեն ուշ էր..

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն