Մեծերը միշտ մեծացնում են, փոքրերը` միշտ փոքրացնում, ու ոչ մի վատ բան չկա փոքր լինելու մեջ, ու ոչ մի լավ բան չկա մեծ լինելու մեջ։ Միջին լինելու մեջ էլ ինքնին ո՛չ լավ, ո՛չ վատ բան չկա, չնայած նրանք միջակացնում են, բայց դե միջակներ են Բիթլերը, միջակներ են Ռոլլինգները, միջակներ են մեր սիրած գրողներից շատերը։ Վատ բան կա չիմանալու մեջ, ձևացնելու մեջ, ինքդ քեզ մեծ կամ փոքր պատկերացնելու մեջ, երազանքի մեջ, խաբեության մեջ։ Դոստոևսկին երբեք չէր կարող հավատալ, որ իր հետ տեղի ունեցածը հասարակ դիպված է, խորամանկ հնարք, պատահար, որի մտահղացումը ծագել է ցարի հիվանդ օգնականների երևակայության մեջ, ու նա դա պիտի բացատրեր որպես Աստծու փնտրտուք ցավի ճանապարհով․ որպես վերին արտի ցորեն, որպես մեծ՝ նա մեծացնում էր։ Իսկ ահա մի մսավաճառ, տեսնելով սոված երեխայի աչքերը, նրանց մեջ չի տեսնում խեղճություն, նրանց մեջ չի տեսնում Աստված, չի ունենում ո՛չ քրիստոնեական խիղճ, ո՛չ աթեիստական ատելություն դեպ անարդարության մասշտաբներ, այլ՝ տեսնում է վտանգ իր նոր կտրած մսերի համար, նա փոքրացնում է արհավիրքը, կտրատում, մանրացնում, որ իր փոքր հոգում դա տեղավորի որպես դիպված, անիմաստ դեպք, որից առաջ ամեն ինչ նույնն էր, ու որից հետո ոչինչ չի փոխվելու։ Դոստոևսկին, իհարկե, գիտեր, ու նրան ես չէ, որ պիտի բացատրեի, որ մթության մեջ ռեժիսորը վախն է, նա գիտեր դա, մինչև մթությունը կպատահեր իր հետ, ինչպես բոլորս գիտենք, մինչև մթությունը մեզ հետ էլ չպատահի։ Հետո երևի շատ պայծառ օրերին նա մտաբերում էր իր այդ գիտելիքը, բայց արագ հեռացնում էր ուղեղից, որովհետև նրա հետ կատարված այդ մեկ մթությունը այնքան ուժեղ էր, որ դրա մասին հիշողությունն անգամ նրան ծնկի էր բերում ու աղոթել տալիս կամ գցում գետնին ընկնավորության հերթական նոպայով։ Ուժեղ լույսի ժամանակ էլ ռեժիսորը երազանքներն են։ Ես էլ գիտեմ այս երկու ճշմարտության մասին, ավելի ճիշտ՝ գիտեի, մինչև ինձ հետ էլ չկատարվեց խավարումը։ Ո՛չ ինտելեկտը, ո՛չ տաղանդը և ո՛չ էլ գրել-կարդալն է բացահայտում մարդու իրական չափերը, և հենց խավարումը կամ մեծ մթությունն են բացում մարդուն։ Դրանից հետո կյանքը T-աձև խաչմերուկ է, որտեղ հայտնվում ես ոչ մի տեղից, ընդհանրապես հայտնվել հնարավոր է ոչ մի տեղից, որովհետև եթե գիտես՝ որտեղից, ապա չես հայտնվում, այլ քայլում, գալիս ես և ունես հիշողություն ճանապարհիդ մասին։ Այս խաչմերուկում հայտնվում ես ու գնում ես կա՛մ աջ, կա՛մ ձախ, կա՛մ ուղիղ․ կա՛մ մեծ ես ու մեծացնում ես, կա՛մ փոքր ես ու փոքրացնում ես, կա՛մ միջին ես ու միջինացնում ես։ Մարդը, ի վերջո, լույսի հաղորդիչ է, հարթ ապակի կամ ներս ու դուրս ցցված կողմերով լրիվ կլոր ոսպնյակ, ինչպիսիքով մենք փոքր ժամանակ վառում էինք մորեխ, վառում էինք խոտ կամ գրում մեր անունները ծառերի վրա, փորագրում էինք վառելով, կարելի կլինի ասել՝ փորավառում էինք։ Էդ ծառերը դեռ կան մեր բակում, դրանք մեր փոքրության արձաններն են, ու մենք արևը փոքրացնում էինք, որ ցավեցնեինք ծառերին, որ ինքներս զգայինք մեր ներկայությունը կամ մեծությունը, այնինչ՝ մենք փոքրացնում էինք արևը, կենտրոնացնում մեր հավաքող էգոիզմի վրա, այնինչ՝ արևը մեծ էր ու մեծացնում էր, աճեցնում էր ու սնում էր թե՛ մեզ, թե՛ խոտին, թե՛ մորեխին, թե՛ ծառին։

Սև խոռոչում հայտնվելով՝ դու կրկնվում ես անընդհատ ու կրկնության մեջ փոքրանո՞ւմ ես, թե՞ մեծանում․ ահա այսպիսի հարց ես կուզեի ուղղել որևէ ֆիզիկոսի, որը եթե փոքր ֆիզիկոս լիներ, կհակաճառեր ինձ ու կպատմեր գիտական ինչ-որ տաֆտալոգիա այն մասին, որ ես չգիտեմ, թե ինչ է սև խոռոչը, ու իմ հարցը անիմաստ է։ Նա կփոքրացներ իմ հարցը ու կդարձներ այն սփյուռի տեղեկատուի մակարդակի խնդիր։ Իսկ մեծ ֆիզիկոսը ժամերով կխոսեր հետս ու կմեծացներ իմ միտքը։ Ուրեմն՝ մեծերն էլ, փոքրերն էլ սև խոռոչներ են, որոնց հետ շփման մեջ մտնելիս անընդհատ տարածվում ես նրանց մեջ կրկնվելով ու մեծերի դեպքում՝ գնալով մեծանում ես ու մեծացնում, փոքրերի դեպքում՝ փոքրանում ու գնում վերացման, մոռացման։ Իսկ միջինների դեպքում կրկնվում ես այնպես, ինչպես կաս, ռեալիստորեն, կյանքն, ինչպես որ է, դու, ինչպես որ ես, թեկուզ լինես Բակունց ու թեկուզ կիսատ թողնես վեպդ «Կյորես», մեկ է, կգտնվի մեկը, որը չի տեսնի պատկերը, չի զգա խորությունը, չի ունենա Բակունցի վեպը, կկարդա չստացված գործ, կունենա փոքր կյանք, կունենա կարմիր-կապույտ-ծիրանագույն, բայց չի ունենա դրոշ, կունենա ծննդավայր, բայց չի ունենա հայրենիք։ Մեծերը որոշակի աուտիկություն ունեն․ անտառներում տեսնում են ծառ, իսկ ծառի մեջ՝ անտառներ։ Ի վերջո, մարդը տեսածի, լսածի, զգացածի, հոտոտածի, համտեսածի, ապրածի ու վերապրածի ամբողջությունն է մեկում, իսկ մարդու գործը մեկնումն է, որը սիլոգիստական նյութ է, համանուն բառ, մեկի դեպքում՝ հեռացում, մյուսի դեպքում՝ բացատրություն, իսկ միջինի դեպքում՝ բացատրություն՝ հեռանալով խնդրից։

1 Մեծերը միշտ մեծացնում են, փոքրերը՝ միշտ փոքրացնում, սա ես դեռ հասկացել եմ 16 տարեկանում, երբ ո՛չ փոքր էի, ո՛չ մեծ, ո՛չ էլ միջին, երբ մի խումբ ինտելեկտուալների համար կարդում էի իմ գրած տափակությունները, որոնց ինքս չէի հավատում։ Ինտելեկտը ինքնին մեծության նշան չէ, խելքը՝ ևս, հմտությունը՝ առավել ևս։ Մեծությունը երևում է միայն ու միայն իմ նկարագրածով ու միայն ու միայն այսպես։ Ես հանդիպել եմ մեծերի, որոնք գովում էին իմ գործերը, որովհետև չէին կարող հավատալ, որ իրենք կարող են լսել միջին գործ, անհարմարություն էին ապրում միայն այն մտքից, որ իրենց հետ կարող է փոքր կամ միջակ բան պատահել, ու անկախ իրենցից՝ մեծացնում էին իմ գործերը ու մեծացնում էին այն ամենը, ինչի կողքով անցնում էին, ինչի հետ առնչվում էին։ Իսկ փոքրերը լրիվ հակառակը․ չհասկանալով ոչ մի մեծ բան, չընդունելով ոչինչ՝ նրանք փոքրացնում էին ամեն ինչ, հասցնում իրենց մակարդակի, դրոշի մեջ գույներ էին փնտրում, հայրենիքի մեջ՝ իրենց, բայց ոչ երբեք իրենց մեջ՝ հայրենիք։

Շարունակելով T-աձև խաչմերուկի մասին միտքս՝ կասեմ, որ այդպիսի մի խաչմերուկի մեջտեղում ենք հայտնվել ազգովի, սերունդով։ Եվ հիմա ընտրության պահն է, ակամա ընտրության, ի սկզբանե քո մեջ դրված ընտրության, ու քանի որ մինչ այս կատարած բոլոր ընտրություններդ բերել են քեզ այստեղ, դու չես կարող վստահել ընտրության ոչ մի չափորոշչի, ոչ մի փորձի, ու ընտրությունը կարծես կատարվում է լրիվ ինքն իրեն։ Հենց այսպիսի պահերին է որոշվում սերնդի, սերնդով իսկ ազգի հարցը։ Կարո՞ղ էինք մենք չլինել այդ սերունդը, հիմա արդեն ափսոսանք է, ոչ թե հարց, կարո՞ղ էր արդյոք այս խաչմերուկը չհայտնվել մեր առաջ այսքան անդառնալիորեն ու անսպասելի, երևի կարող էր, երևի կարող էինք։ Բայց ստացվեց այն, ինչ որ ստացվեց․ լրիվ ամորֆ, ինքն իրեն չգտած սերունդը ընդամենը մի քանի տարվա մեջ դառնալու է կոնկրետացած ու իրեն գտած սերունդ, որովհետև եթե առաջ կարող էիր խոսել ընդհանուրի մասին, ապա հիմա պիտի խոսես կոնկրետի մասին, հորինես նոր լեզու, գտնես նոր հերոսների, մեծանաս կամ փոքրանաս, մեծացնես կամ փոքրացնես, գնաս աջ կամ ձախ, կամ գնաս ուղիղ ու միջակացնես, ու ոչ մի վատ բան չկա փոքր լինելու մեջ, ու ոչ մի լավ բան չկա մեծ լինելու մեջ։ Միջին լինելու մեջ էլ ինքնին ո՛չ լավ, ո՛չ վատ բան չկա, լավ բաներն էլ անցել են, վատ բաներն էլ անցել են, մնացել է T-աձև խաչմերուկը ու մի ամբողջ սերունդ դժբախտ մարդ, որովհետև շատ հաճելի է ու երջանկաբեր չկանգնել ընտրության առաջ՝ գիտակցելով, որ ընտրությունդ էլ քեզնից կախված չէ։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն