Մարիամ Կարապետյան

Պապիկը մի կտոր արև գտավ ու ծառը բարձրացրեց քեզ: Նա ծառ է մշակում քեզ համար և պտուղներ է քաղում: Ինչ-որ գանգուր բան կա այդ ամենի մեջ: Խոպոպներ, որ աչքերիդ են հասնում, և հեշտ ճկվող ոլորան: Ծառուղին այն տեղն է, որտեղ բոլոր ճանապարհները շարվում են մեկ գծով, և պարտադիր չէ, որ կրկնվեն բոլոր ճանապարհները: Դա բոլոր բառերի հնարավորությունն է` լինելու նույն տեղում:
Աշխարհը պապիդ ապրումի պաթոսի և տատիդ ապրումի ամփոփման մեջ: Տարածել աշխարհը, ավելի հեռու սփռել` առանց սուրալու ու հայտնվելու: Աստվա՛ծ ի՛նչ սիրուն է, և որ պիտի անցնի, և անցնելու առիթներն ու կաթիլները…
Փոքրիկ, արևային բերան: Պարզում ես առարկաներն ու հրամայելու պես պահանջում՝ բացի՛ր: Դու ամեն ինչից ինչ-որ ավել մի բան ես ակնկալում: Նույնացող շրջանակներ մարդկանց… Դու կարծում ես, որ ամեն բան կարող է բացվել: Ուրեմն ի՞նչ կարելի է բռնել մեկ ձեռքով…
Անունների ու բացակայությունների համեմատություն: Անունների ու լռությունների համեմատություն:
Երբեմն մեզ մնում է միայն լուսաբացը: Հատկապես այն ժամանակ, երբ զգում ես` այդտեղ ինչ-որ միտումնավորություն կա: Երբ ամեն ինչ ասված է, նորից խաղաղության գործառույթն է հիշվում: Եվ լռությունն արժանիք չէ: Միակ հնարավորությունն է:
Ինչպե՞ս է դադարում ժամանակը: Ես տեսնում էի նրա ստվերը, թեև միայն ոտնաձայնն էի լսում: (Ամեն ինչ պայմանականությամբ այստեղ կապվում է խաղաղության հետ: Անընդհատ ինքն իրեն գիտակցող լեզու): Սովորական մարող տատանումների նման: Սովորական տրոփներից առաջ այն մտնում է աչքերիդ մեջ և երկա՛ր նայում է հայելուն, որ տեսնի իրեն: Եվ այդտեղ, անշուշտ, չափազանցություն կա: Փոխադարձ չներում: Եվ անշուշտ, դա մինչև վերջ չի տևելու: Կեսից դու գուցե սկսես չփնտրել քո գեղեցկությունը, և կեսից գուցե նա էլ չի ուզի մենակ մնալ: Երազանքի վիտրաժներ` նուրբ չափազանցություններով…
Եվ արդյոք այս ամբողջ կրկնությունը նորից կարող է գեղեցիկ լինել: Էսթետիկականության այս մղումը, որ իր մեջ է առնում, և ես, որ ափիս մեջ եմ առնում գլուխդ, և այս ամբողջ պայմանականությունը համեմատությունների… Եվ այսօր որտե՞ղ արժե այլևս ստեղծել նոր տեքստ բառերով: Գուցե պոեզիայի մեջ միայն, որտեղ գեղեցիկ են ձևերը… Նոր տեքստ` ապա գեղեցկության համար միայն: Ամեն բան գործիքից է կախված, այստեղ այդ կախվածությունն էլ գեղեցիկ է: Խորհրդածելու մղող դիրքեր, որ կարող են ընդմիջվել ժամանակներով:
Շունչը խաղաղությունից առաջ և հետո և ընթացքում: Դա այն պահն է, երբ տարածում ես ձեռքերդ ու թոթափում քունդ, որ այնքան լավն է, հանուն արթնության, որ այնքան լավն է: Թռիչքն է, պարզ, մարդկային տպավորությունը ժպիտից:
Եվ անտեղի, գուցե անհեթեթ գեղեցկություններ, որ եթե չչափազանցնես, գուցե ոչինչ են: Բանավորություն, որ գրավոր բառերի ձև ունի: Փնտրված ամպոտություն հոգեպարարության… Եվ ինչքա՛ն ուշ է ձևակերպվում չափազանցությունը: Եվ գուցե որպես պարզ լեզվական նմանություն` չափազանցության ձևակերտվելն է միտքդ գալիս: Դա ճանապարհ է գուցե, գուցե տեղաշարժվող մի բան է: Եվ շատ հնարավոր է, որ նա չգա: Եվ դու գրեթե վստահ ես, որ այդպես էլ կլինի: Մեկը կարող է չհասկանալ, որ պարզապես պիտի գրկեր քեզ… Տարածություններ սարքել, վերապահելի տարածություններ չգրկելուց…
Եվ որտե՞ղ է չափազանցության ճշգրտության սահմանը, և կարո՞ղ է այն ինչ-որ բան տալ քեզ: Աֆորիստիկ սեղմումներով չափազանցություններ… Տարաժամերի թնջուկ… Ամեն ինչ անսահմանորեն լրացնելի է: Կարևորը, որ մեջքդ մի տեղ հենված լինի:
Մի վերջին հուսահատություն, որ չի լինի առանց չափազանցության:
Ինչպե՞ս ես դու լուծում կյանքիդ առաջին տարօրինակությունները:
Որ հորաքրոջդ աղջկա նման փոքրիկ աղջիկներ էլի կան, նշանակում է` «Անի» կոչվում են բոլոր փոքրիկ աղջիկները: Որ քեռու նման մեքենա ունեցողներ էլի կան, նշանակում է` բոլոր մեքենա ունեցողները քեռի են: Բոլոր երիտասարդ աղջիկները մորաքրոջդ նման Նարե են: Մարդիկ լինում են ևս չորս տեսակի` ապերներ, պապիներ, տատիներ, ձաձաներ: Դու մարդկանց բաժանում ես ըստ տարիքների, սեռի ու գործի: Մարդկանց անունները տեսակների անուններ են: Մեկն են միայն պապան ու մաման:
Եվ ամեն անգամ նոր կերպ կդրվի կարոտի հարցը:
Երբ կան բառերը, ստեղծվում են նաև դրանք արտասանելու հնարարավորությունները: Բոլոր լիցքավորվող բաները, նաև գալուստները, որ կարոտում են գրելուն: Ի սկզբանե է Բանն: Արժեք է նաև հնարավորությունը, որ երբեք չի իրականանա:
Խաղաղությունը` մենավոր փողոցի հնարավորություն…
Արժանի՛ դարձրու ինձ իմ լույսին, Տե՛ր, և թող ես չսահմանեմ իմ լույսը: Խաղաղության հրճվանքը տուր, Տե՛ր, հետզհետե աճող խաղաղության` իմ գործերի ու օրերի համար: Խաղաղության, որ հետզհետե կազմավորում է ինձ: Ցողուն, որ մտնում է ցողունի մեջ: Եվ հնոտիքի հետ վարվելու մեղմությունը: Եվ ժպիտը` առանց զարմացնելու: Եվ զարմանալու բազմացող ձևը:
Բարձրանալ ու բացվել, որ քո լեզվով դեռ մեկ են` բա՛ց:
Եվ դու միայն գնդակներից է, որ բացվել չես պահանջում: Մեկ էլ քարերից, որ ջրերը չըփացնելու համար են:
Ինչպես են շոյելուց հետո նույն դիրքին դառնում քո մազերը, և դու, որ սովորում ես իմ աչքերի դիրքերից:
Արևային շրջանակներ խաղաղության շուրջ:
Ամփոփումը: Նեղացող ամփոփումը մի վերջին պահից առաջ:
Բազմաձայնության կառուցումը լեզվիդ ուրիշ հնարավորությունների մեջ` բառերից դուրս:
Չափազանցությունը նույնացող տարբերությունների…
Կերպերի խախտվող սահմաններ` աչքերի վերադարձող դիրքերի համար:
Խաղաղությունը` սոսկ ներունակություն:
Խաղաղության մասին մտորումը, որ միշտ չափազանցության հետ է:
Համերը յուղի պես տարածող չափազանցություն:
Չափազանցության երեսները: Հաջորդող դեմքեր, որ անշարժության են փոխվում խաղաղության մեջ: Թերթվող ներկայությունների շերտերը:
Մտորումը, որ ավելացնում ենք առարկաներին:
Մի շատ սովորական բան. ես կարոտում եմ քեզ, երբ դու քնած ես:
Սենյակից սենյակ տեղափոխվող ձայն:
Հիշել արթնությունը: Առավոտյան աչքերի հետ բացվող այգի: Առաստաղի տակ պտտվող քամիներ: Պտտվելը քեզ համար դեռ միայն պտույտ է սեփական առանցքի շուրջ:
Մի պտույտ էլ` հանուն գեղեցկության: Բարի պտույտ մեզ, ձագո՛ւկ, պտույտ` քո ձևով, առավոտը ներս առնելուց առաջ և հետո:
Ու նորից քո քչքչոցի, ուրեմն` սիրո համար…

*Մեսրոպի հետ առաջին զրույցը` «Էսսե խաղաղության մասին կամ զրույց Մեսրոպի հետ», տե՛ս http://granish.org/mariam-karapetyan-essay/ հասցեում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն